ՇՈՒՇԻ. ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ 19 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅ-ԱԶՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ (ԹԱԹԱՐԱԿԱՆ) ԵՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԿՌՈՒԱԽՆՁՈՐԸ

Այսօր, մայիսի 9-ին, համայն հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում եւ սփիւռքում տօնում է Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձը: Հայկական ազատամարտի դրօշը Սարդարապատից ու Բաշ Ապարանից յետոյ այնքան հպարտ չէր ծածանուել, ինչպէս ծածանուեց Շուշիի ազատագրման օրերին: Շուշին աւելին էր, քան` միայն ռազմական յաղթանակ: Շուշին յաղթանակ էր ոչ միայն հակառակորդի, այլ նաեւ պարտութիւններով լի սեփական անցեալի դէմ: Տարեդարձները, մանաւանդ` Շուշիի նման փառահեղ յաղթանակները, ունեն ճակատագրական նշանակութիւն ողջ ժողովրդի կեանքում: Բայց պէտք է նաեւ իմանալ այդ յաղթանակների հետեւում թաքնուած, յաճախ չպատմուող, երբեմն ողբերգական պատմութիւնները, անցեալը:

Քսաներորդ դարի ընթացքում Շուշին երեք անգամ հրկիզուել ու աւերուել է: 1905-1906 թթ., երբ Պաքուից մինչեւ Երեւան, Թիֆլիսից մինչեւ Գանձակ ու Նախիջեւան մոլեգնում էին հայ-թաթարական (ազրպէյճանական) բախումները, Շուշին չխուսափեց ազգամիջեան սպանդից:

Հայերն ու ազրպէյճանցիները (մինչեւ 1926 թուականի խորհրդային մարդահամարը կոչուել են Կովկասի թաթարներ կամ թուրքեր) պատմութեան ընթացքում պատերազմել են երեք անգամ` 1905-1906 թուականներին, երբ ցարական Ռուսաստանի մաս էին կազմում, 1918-1920 թուականներին, երբ գոյութիւն ունէին Հայաստանի առաջին հանրապետութիւնն ու մուսաւաթական Ազրպէյճանը, եւ 1991-1994 թուականներին` անկախութեան վերանուաճման առաջին տարիներին: Բոլոր երեք բախումների ընթացքում Շուշին հիմնական կռուախնձորն էր, քաղաքին տիրացողը յաղթում էր պատերազմում:

Շուշին հիմնադրուել է 18-րդ դարի առաջին տասնամեակներում, քաղաքի կարգավիճակ ստացել` 19-րդ դարի կէսերին: Երեք կողմերից շրջապատուած լինելով խորը, դժուարանանցանելի կիրճով, այս բերդաքաղաքը կարեւոր ռազմական նշանակութիւն է ունեցել: 18-րդ դարի կէսերին, օգտուելով Արցախի հայ մելիքների միջեւ ծագած ներքին խժդժութիւններից, թուրքական քոչուոր ցեղերի առաջնորդ Փանահին յաջողւում է հիմնաւորուել Շուշիում: Նա իրեն հռչակում է խան, Ղարաբաղը` խանութիւն:

19-րդ դարի առաջին տասնամեակներում Շուշին, ինչպէս եւ ողջ Արցախը, ցարական Ռուսաստանի մաս էին կազմում:

Մօտ հարիւր տարի` մինչեւ 20-րդ դարի սկիզբը, Շուշին զարգանում էր հիմնականում խաղաղ պայմաններում: Ունենալով նաեւ մահմետական բնակչութիւն` պարսիկներ, քրտեր, թաթարներ ու թուրքեր, Շուշին գերազանցապէս հայկական էր ու հայաբնակ` իր վեց եկեղեցիներով ու մի քանի  վարժարաններով, ողջ Անդրկովկասում յայտնի թատրոնով: Հայկական մշակութային ժառանգութիւնից բացի, այսօր էլ պահպանուել են նաեւ մահմետական ճարտարապետական յուշարձաններ: Դրանց թւում են 19-րդ դարի վերջերին կառուցուած եւ մինչեւ այսօր կանգուն պարսկական երկու մզկիթները:

Հարիւր տարի առաջ Շուշին Անդրկովկասում մեծութեամբ հինգերորդ քաղաքն էր եւ առաւել յայտնի էր որպէս մշակոյթի, արուեստի, գրի, գրչութեան ու թատրոնի քաղաք: Այնտեղ տպագրուել է 19 անուն հայկական թերթ, հայ դասականների տասնեակ հատորներ: Եթէ այն տարիներին Երեւանում եւ Ալեքսանդրապոլում (Գիւմրի) բնակչութեան թիւը մօտ 30 հազար էր, ապա Շուշիում` շուրջ 40 հազար:

Հայ-թաթարական առաջին բախումների ընթացքում` 1905-1906 թթ., ինչպէս յիշատակում են ժամանակի թերթերն ու պատմիչները, Շուշին գրեթէ ամբողջութեամբ հրդեհուել է: 1905 թ. օգոստոսին բռնկուած բախումները շարունակուել են երեք օր: Հայերը Շուշիի հայկական թաղամասում կրակի են մատնել թաթարների տները, նոյնն արել են թաթարները հայերի տների հետ, որոնք թաթարական թաղամասում էին. շուրջ 400 տներ եւ խանութներ հրդեհուել են: Հայկական Ագուլեցոց եկեղեցին գրաւուել եւ պղծուել է` վերածուելով թաթարների ռազմական յենակէտի:

Դաշնակցական գործիչ Միքայէլ Վարանդեանի տեղեկութիւններով` «Անդրկովկասի որեւէ գաւառում հայ-թուրքական (թաթարական) ընդհարումն այնքան կատաղի եւ արիւնահեղ չեղաւ, ինչպէս` Ղարաբաղում եւ նրա մայրաքաղաք Շուշիում»:

Իտալական ծագումով բրիտանացի գրող եւ ճանապարհորդ Լուիճի Վիլլարին իր նշանաւոր «Կրակ եւ սուր Կովկասում» գրքում գրում է. «Սեպտեմբերի 2-ին մահմետական ղեկավարները սուրհանդակ են ուղարկում հայերի մօտ, եւ, վերջապէս, ռուսական եկեղեցում տեղի է ունենում խաղաղութեան խորհրդաժողով: Թաթարները եւ հայերը հրապարակաւ գրկախառնւում են եւ երդւում` պահել յաւերժական բարեկամութիւն: Բանտարկեալները փոխանակւում են, սպաննուածների եւ վիրաւորների թիւը հասնում էր մօտ 300-ի, երկու երրորդը թաթարներ էին, քանի որ հայերն աւելի լաւ էին կրակում, ունէին աւելի լաւ դիրքեր»:

Հայ-թաթարական խաղաղութիւնը պահպանուեց մօտ տասը տարի: Ռուսական կայսրութեան փլուզումից եւ նրա կազմից Անդրկովկասի անջատումից յետոյ հայերն ու թաթարները վէճերը լուծելու նպատակով կրկին դիմեցին զէնքի: Եթէ հայ-թաթարական առաջին բախումների ընթացքում, կարելի է ասել, որ կողմերից ոչ մէկը չյաղթեց, ապա 1918-1920 թուականների պատերազմում յաղթանակը թաթարների կողմն էր:

Հայկական պատմագրութիւնը նշում է, որ այս շրջանում Անդրկովկասում հաստատուած բրիտանացիները ամէն ինչ անում էին, որպէսզի Ղարաբաղն ու Զանգեզուրը մուսաւաթական Ազրպէյճանի մաս կազմի: Սա, անկասկած, ճշմարտութիւն է, բայց կայ նաեւ մէկ այլ ճշմարտութիւն, որի մասին հայերը չեն սիրում խօսել ու գրել: Պատմութիւնը, սակայն, պէտք է իմանալ ամբողջովին, որքան էր այն դառը լինի: Այն ընթացքում, երբ բրիտանացիները փորձում էին Ղարաբաղը ենթարկել Ազրպէյճանին, արցախահայութիւնը բաժանուել էր երկու մասի: Գաւառների հայ բնակչութիւնը լսել անգամ չէր ուզում Պաքուին ենթարկուելու մասին ու զէնքը ձեռքին կռւում էր մահմետական խմբերի դէմ, մինչդեռ Շուշիի քաղաքային բնակչութեան մի մասը կողմնակից էր Ազրպէյճանի հետ լեզու գտնելու եւ նրա կազմում մնալու տարբերակին:

1918թ. ուշ աշնանը Զանգեզուրում գտնուող զօրավար Անդրանիկն իր յարձակումը դէպի Շուշի յետաձգեց ոչ միայն այն պատճառով, որ բրիտանացիները դէմ դուրս եկան, այլ նաեւ որովհետեւ Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարեանից եւ Ղարաբաղի փարթիզանական ղեկավար Սոկրատ բէկ Մելիք-Շահնազարեանից առաջարկութիւն ստացաւ գործողութիւնը յետաձգել տասն օրով` թաթարների հետ լեզու գտնելու համար:

1918-1920 թուականների ողջ ընթացքում Հայաստանն ու Ազրպէյճանը պայքար էին մղում Ղարաբաղն ու առաջին հերթին նրա մայրաքաղաք Շուշին իրենց ենթարկելու համար: Նախ բրիտանացիների եւ ապա պոլշեւիկների օգնութեամբ Ղարաբաղը դրուեց Խորհրդային Ազրպէյճանի կազմի մէջ: 1920 թ. մարտին տեղի ունեցաւ Ղարաբաղի հայերի ամենամեծ կոտորածը. երեք օրերի ընթացքում հայկական Շուշին աւերուեց ու հրդեհուեց, հազարաւոր անզէն հայեր սրի քաշուեցին:

Ջարդից վեց տարի անց Շուշի է այցելում գրող Մարիետա Շահինեանը: Վերադառնալով Մոսկուա` Շահինեանը գրեց. «Չի մնացել ոչինչ, որ կեանք յիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռութիւնն էր: Այդքան սարսափելի լռութիւն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե՛ք: Այստեղ 1920թ. մարտին երեք օրուայ ընթացքում հրդեհի ու աւերի են ենթարկուել 7000 տներ եւ մորթուել են, տարբեր թուեր են ասում, մէկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` աւելի քան 12 հազար հայեր»:

Խորհրդային իշխանութեան հաստատման առաջին տասնամեակներում Շուշին մնում էր աւերուած ու գրեթէ անբնակ: Երբ կազմաւորուեց ԼՂԻՄ-ը, Խորհրդային Ազրպէյճանի ղեկավարութիւնը մարզի վարչական կենտրոն դարձրեց Ստեփանակերտ գիւղը, թէեւ Մոսկուայի որոշմամբ Շուշին պէտք էր լինէր ինքնավար մարզի վարչական կենտրոնը: Հէնց Խորհրդային Ազրպէյճանի կազմում գտնուելու տարիներին էր, որ Շուշին դարձաւ հիմնականում ազրպէյճանաբնակ:

Նախքան 1992-ի մայիսը Լեռնային Ղարաբաղում ազրպէյճանական ամենամեծ բնակավայրը հէնց Շուշին էր: Քաղաքն ունէր մօտ 15 հազար բնակչութիւն, որից հազիւ երեք հազարն էին հայեր: Բայց նրանք ստիպուած էին եղել իրենց տները թողնել 1988-ի սեպտեմբերին, քանի որ բերդաքաղաքը վերածւում էր ազրպէյճանական ռազմական ամրութեան, որտեղից պատերազմի սկսուելուց յետոյ ամէն օր ռմբահարւում ու աւերւում էր Ստեփանակերտը: 1992-ի յունուար-ապրիլ ամիսներին Շուշիից Ստեփանակերտի վրայ արձակուած ռումբերից սպաննուել է 111 խաղաղ բնակիչ, աւելի քան 300-ը վիրաւորուել է:

Մինչեւ 1992 թուականը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մայիսի 9-ը տօնւում էր Երկրորդ աշխարհամարտում ֆաշական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միութեան տարած յաղթանակի օր: 1992 թ. ի վեր մայիսի 9-ը տօնւում է նախեւառաջ Շուշիի ազատագրման օր: Այդ օրը յատկապէս տօնական է Լեռնային Ղարաբաղում, քանի որ եթէ աշխարհասփիւռ հայութեան համար դա հերոսութեան, արժանապատուութեան ու յաղթանակի օր է, ապա արցախցիների համար Շուշիի ազատագրումը նշանակում էր Ստեփանակերտի եւ շրջակայ հայկական գիւղերի վրայ հակառակորդի ռմբահարութիւններին վերջ դնելու գործողութիւն:

1992 թ. Շուշիի ազատագրումով կեանքն աւերուած Ստեփանակերտում դարձաւ աւելի ապահով, մարդիկ դուրս եկան նկուղներից:

Շուշիի ազատագրումից յետոյ, փոխանակ այն բնակեցուէր, քարուքանդ արուեց: Այո, որքան էլ ցաւալի ու ամօթալի լինի, պէտք է համարձակութիւն ունենալ եւ գրել, որ քաղաքը աւերեցինք ու թալանեցինք մենք` հայերս: Ազատագրումից յետոյ Շուշին գրեթէ չէր աւերուել, քանի որ քաղաքում մարտական գործողութիւններ տեղի չէին ունեցել: Կռիւներն ընթացել էին հիմնականում քաղաքի մերձակայքում, եւ արդէն 1992 թ. մայիսի 7-ին ազրպէյճանցի վերջին զօրամիաւորումները, զգալով անխուսափելի պարտութիւնը, հեռացել էին քաղաքից:

Ազատագրումից յետոյ Շուշին մե՛նք աւերեցինք ու այսօր, միլիոնաւոր տոլարներ ներդնելով, փորձում ենք այն վերականգնել: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոններից մէկի ընթաքցում հանգանակուած գումարները ուղղուեցին Շուշիի վերականգնմանը: Ազատագրումից 19 տարի անց պէտք է ընդունել, որ բաւականին աշխատանքներ կատարուել են, յատկապէս` վերջին երեք-չորս տարիներին: Կարող ենք ասել, որ Շուշին վերջապէս վերածնւում է: Բայց այս մասին մանրամասն կը գրեմ մէկ տարի անց, երբ տօնենք քաղաքի ազատագրման 20-ամեակը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES