Ինչպէ՞ս Ստեղծել Ժողովուրդ. Ազրպէյճանական Ինքնութեան Ձեւաւորման Խնդիրը 20-րդ Դարում

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

Մուսաւաթական խորհրդարանի Ա. նիստը` Գանձակի մէջ

Յետխորհրդային տարածքի բնակիչներից շատերի յիշողութեան մէջ թարմ է Ազրպէյճանի մայրաքաղաք Պաքուի վերաբերեալ խորհրդային դարաշրջանում յայտնի բնորոշումը` «միջազգային քաղաք»: Խորհրդային Պաքւում, իրօք, բնակւում էին տարբեր հաւատքների եւ ազգութիւնների մեծ համայնքներ, ինչը նկատելի էր նաեւ նախախորհրդային` ցարական շրջանում: 1913թ. «Մարքսիզմը եւ ազգային հարցը» յօդուածում Ստալինը Պաքուն բնորոշում էր որպէս «ժողովուրդների խճանկար»:

Բայց միջազգային բնորոշումը կարող է ունենալ նաեւ մէկ այլ, թաքնուած ենթատեքստ. միջազգային, ըստ էութեան, նշանակում էր նաեւ «ոչ ազրպէյճանական»: Պաքուի միջազգային դիմագիծը գալիս էր այն պատմական եղաշրջումից, որով անցել էր ապշերոնեան տարածաշրջանը: Այստեղ առանցքային տեղ ունի այն հանգամանքը, որ ազրպէյճանցի ժողովրդի ձեւաւորման գործընթացը, սկսուելով 20-րդ դարում, ընդհուպ մինչեւ դարավերջ, ըստ որոշ չափորոշիչների, դեռ չէր աւարտուել: Ուստի, խորհրդային Պաքուն չէր կարող լինել ազրպէյճանական քաղաք այն պարզ պատճառով, որ ազրպէյճանցի հասկացութիւնը դեռ անաւարտ, «խմոր» վիճակում էր:

Շահումեան

1918 թ. հռչակուած մուսաւաթական Ազրպէյճանի առաջին մայրաքաղաքը Պաքուն չէր, այլ Գանձակը (Գեանջա), որը մայրաքաղաք հռչակուեց 1918թ. մայիսի 28-ի անկախութեան հռչակագրից յետոյ: Ընդ որում, մուսաւաթականների իշխանութիւնը չէր տարածւում Գանձակը (Գեանջա) մերձակայ բնակավայրերից շատ հեռու` հաշուի առնելով, որ դէպի հարաւ եւ արեւմուտք Հայաստանն ու Արցախն էին, իսկ արեւելքում, մօտ 150 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Գեոյչայից մինչեւ Պաքու, յեղափոխական Ստեփան Շահումեանի իշխանութիւնն էր: Պաքուն, ուր հայկական եւ քրիստոնէական ներկայութիւնն աւելի ընդգծուած էր, քան մահմետականը, ոչ մի տրամաբանութեամբ չէր հանդիսանալու մուսաւաթական երկրի մայրաքաղաք: Եւ դժուար է ասել, թէ ինչպիսին կը լինէր Պաքուի կարգավիճակը Խորհրդային Միութեան կազմում, եթէ 1917թ. նոյեմբեր-1918թ. սեպտեմբեր ժամանակահատուածում Պաքուի կոմունայի ղեկավար Շահումեանը կարողանար յետ մղել երիտթուրք Նուրի փաշայի առաջնորդած իսլամական բանակի յարձակումները եւս մօտ մէկ ամիս: Նուրին գրաւեց Պաքուն սեպտեմբերի 15-ին, իսկ հոկտեմբերի 30-ին կնքուած Մուտրոսի պայմանագրի 11-րդ կէտով օսմանեան բանակը սկսեց նահանջել Կովկասից, Կարսից, Արտահանից: Ընդ որում, որ օսմանցիները յետ են քաշուելու` յայտնի էր արդէն սեպտեմբերից. Արամ Մանուկեանի օգնական եւ Երեւանի պարէտ Արշօ Շահխաթունին գրում է, որ սեպտեմբերին, այցելելով Երեւան, այս մասին գաղտնի խօսակցութեան ժամանակ Արամին յայտնել էր Կարսում թուրքական կայազօրի հրամանատար Խալիլ փաշան: Այսպիսով, օսմանեան բանակը Պաքուն գրաւեց Կովկասում գտնուելու վերջին ժամանակաընթացքում:

26 կոմիսարներու գնդակահարութիւնը

Պատմութիւնը «եթէ»-ներ չի ընդունում, սակայն պատմութիւնը որոշակի տրամաբանութիւն ունի: Միանգամայն հաւանական է թւում, որ Նուրի փաշայի Ապշերոն չհասնելու դէպքում թերակղզին աւելի ուշ դառնար ոչ թէ Ազրպէյճանի, այլ Խորհրդային Ռուսաստանի մասը` որպէս ֆիզիքական շարունակութիւն Տաղստանի երկրամասի, եւ հաշուի առնելով, որ տեղում արդէն գործում էր դէպի Ռուսաստան կողմնորոշուած Պաքուի կոմունան, որի 26 կոմիսարներից, ի դէպ, միայն մէկն էր մահմետական: Թերեւս, պակաս կարեւոր չէր նաեւ, որ Ռուսաստանն ինքը քարիւղի կարիք ունէր եւ մէկ դարից աւելի արդէն իշխել էր Ապշերոնում:

Այսպիսով, 1918թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին երիտթուրք պարագլուխները գծեցին այն խառնարան-տարրալուծարանի սահմանները, որի տարածքում յաջորդող մօտ մէկ հարիւրամեակում պէտք է ձուլուէր ազրպէյճանցի մակնիշի ժողովուրդը:

Կուլակ

Առաջ անցնենք մինչեւ 1939 թ.: Ստալինեան կուլակը ցեղային առումով նոյնքան խայտաբղէտ էր, որքան Խորհրդային Միութիւնը, եւ 1934-ից սկսած` Ներքին գործերի ժողովրդական «կոմիսարիատ»-ը, (ՆԳԺԿ) Խորհրդային Միութեան իշխանութիւնների համար ամենամեայ զեկոյցներ էր պատրաստում ազատազրկուած քաղաքացիների ցեղային պատկերի վերաբերեալ: Ընդհուպ մինչեւ 1939թ. (!) ՆԳԺԿ զեկոյցներում բացակայում էր «ազրպէյճանցի» ցեղանունը: Այս ցանկում հնարաւոր էր հանդիպել անգամ ճափոնցիների կամ քորէացիների, սակայն ոչ ազրպէյճանցիների:

Ռուս պատմաբան Վիքթոր Զեմսքովը 1991թ. հրատարակած «Կուլակ. պատմական եւ ընկերաբանական տեսանկիւն» յօդուածաշարում ներկայացնում է Կուլակում եւ ազատազրկման այլ վայրերում արգելափակուած քաղաքացիների ցեղային կազմը: Հետազօտողի յօդուածը, պարզորոշ ցոյց է տալիս, որ «ազրպէյճանցի» եզրը առաջին անգամ տեղ է գտել միայն 1940 թ., իսկ նախորդ տարիների մասին Զեմսքովը նշել էր. «ազրպէյճանցիների վերաբերեալ տեղեկութիւններ չկան»` յաւելելով, որ մինչեւ 1939 թ. ազրպէյճանցիներին գրանցում էին «այլ ժողովուրդներ» սանդղակի ներքոյ:

Ռուսական կայսրութեան Պրոքկաուզի եւ Եֆրոնի 43 հատորանի հռչակաւոր հանրագիտարանում (19-րդ դարավերջ – 20-րդ դարասկիզբ) «ազրպէյճանցի» ցեղանունը չկայ: 1913թ. «Մարքսիզմը եւ ազգային հարցը» յօդուածում Քոպա-Ճուղաշվիլի-Ստալինը 11 անգամ յիշատակում է կովկասեան թաթարներին, բայց ոչ մի տեղ չի գրում «ազրպէյճանցի»: 1917թ. նոյեմբերի 20-ին Արեւելքի մահմետականներին ուղղուած կոչում Լենինը նոյնպէս չի յիշատակում ազրպէյճանցիներին, այլ գրում է «Կովկասի թուրքերի եւ թաթարների» մասին: Նոյն ժամանակաշրջանում ամերիկեան մամուլում ազրպէյճանցիներին անուանում էին «թարթար». «Նիւ Եորք Թայմզ»-ը Պաքուի հայերը ոչնչացւում են» յօդուածում կիրառում է «հարար» տարբերակը:

«Սպիտակպահակազօրային» հրամանատար Անտոն Տենիքինն իր յուշագրութիւններում մուսաւաթական Ազրպէյճանն անուանում է արհեստական երկիր` անունից սկսած:

Պաքուի նաւթահորերը 20-րդ դարասկիզբին

1926թ. Խորհրդային Միութիւնում տեղի ունեցաւ առաջին մարդահամարը: Հաշուառուած ազգութիւնների թւում կրկին չկան «ազրպէյճանցիները»: Մարդահամարի արդիւնքները նշում էին այնպիսի ժողովուրդների մասին, ինչպիսիք էին` եաքութները, մորտովացիները, պուրեաթները, վայնախները, փերմեակները, բայց` ոչ ազրպէյճանցիները: Ցանկում տեսանելի է «թուրքեր» ցեղանունը, որի անուան տակ մասամբ արձանագրեցին այն, ինչ հետագայում կոչուեց ազրպէյճանցի: 1929 թ. Թիֆլիսում լոյս տեսած «Անդրկովկասը թուերով» վիճակագրական պաշտօնական տեղեկատուում կրկին բացակայում է «ազրպէյճանցի» ցեղանունը: 1936 թ. յունուարի 21-ին, Քրեմլինում ընդունելով Խորհրդային Ազրպէյճանի պատուիրակութեանը` Վեաչեսլաւ Մոլոթովն Ազրպէյճանում բնակուող ժողովուրդների մասին նշում է` «ռուսներ, հայեր եւ թուրքեր»: Ազրպէյճանցիներ բառը Խորհրդային Միութեան կառավարութեան ղեկավարն այդ շրջանում դեռ չգիտէր: «Հռչակաւոր Պաքուի քարիւղից օգտուեցին ոչ միայն ռուս, հայ եւ թուրք դրամատէրերը, այլեւ օտարները: Ցարական տիրապետութեան շրջանում Ազրպէյճանը եւ նրա թուրք ազգաբնակչութիւնն ապրում էին ճնշուած»,  յայտարարել էր այն ժամանակուայ Խորհրդային Միութեան «Ժողկոմխորհ»-ի նախագահը (վարչապետը): Ուշագրաւ մէջբերում կուսակցական ղեկավարներ Միրճաֆար Պաղիրովի եւ Հիւսէյն Ռախմանովի հետ հանդիպմանը Խորհրդային Միութեան ծանր արդիւնաբերութեան նախարար Սերգօ Օրճոնիկիծէի նոյն օրուայ ելոյթից. «Այսօր սարսափով եմ յիշում 1920թ. մայիս ամսին մեր Շուշի մտնելու դրուագը: Գեղեցկագոյն հայկական քաղաքը քանդուել էր, հիմնովին քարուքանդ եղել: Ջրհորներում կանանց եւ երեխաների դիակներ տեսանք»: Օրճոնիկիծէի խօսքը մէջբերում է նոյն թուականի փետրուարին Պաքւում հրատարակուած «Էտեպիյաթ կեզեթի» թերթը:

Օրճոնիկիծէ. «Շուշին հայկական է»

Նկատենք, որ մահմետական պատուիրակութեան հետ հանդիպմանն Օրճոնիկիծէն Շուշի բերդաքաղաքը յստակ կոչում է հայկական: Իր խօսքում Օրճոնիկիծէն մի տեղ, այնուամենայնիւ, գործածում է ազրպէյճանցի բառը, եւ նոյն նախադասութեան մէջ նշում է «Ազրպէյճանի թուրքերի» մասին: Ըստ էութեան, «ազրպէյճանցի» այս փուլում նշանակում էր «Ազրպէյճանի բնակիչ», սակայն չէր արտայայտում ցեղային պատկանելիութիւն, ինչպէս, օրինակ, կովկասցի կամ ասիացի բառերը չունեն ցեղային իմաստ:

1939-ից աստիճանաբար սկսւում է այն անցումային ժամանակաշրջանը, երբ ազրպէյճանցիների մասին որպէս ցեղ խօսում էին Խորհրդային Միութեան որոշ պետական ատեաններում, մինչդեռ այլ հիմնարկներում ազրպէյճանցի հասկացութիւնը դեռ տեղ չունէր: Ինչպէս նշուեց, 1939 թ. ՆԳԺԿ զեկոյցներում ազրպէյճանցի ցեղանունը բացակայում էր, սակայն նոյն տարուայ մարդահամարում, ի տարբերութիւն 1926 թ., արդէն կային ազրպէյճանցիները: Այս իրարամերժ վիճակը շարունակւում է եւս մօտ տասը տարի:

Մասնաւորապէս, 1944 թ. եւ 1947 թ. վիճակագրութեան մասին նշելով` Զեմսքովը նկատում է, որ ազրպէյճանցիների թիւը կուլակ ճամբարներում մի քանի անգամ զիջում էր հայերին եւ վրացիներին: «Մեր կարծիքով, պատճառն այն է, որ ժողովուրդների ցանկում նշուած էին նաեւ թուրքեր: Ազրպէյճանցիները եւ թուրքերը թրքախօս ժողովուրդներ էին, եւ կուլակ վիճակագիրները, ըստ երեւոյթին, այս երկու ժողովուրդների կալանաւորների զգալի մասին հաշուառել են որպէս թուրքերի», գրում է նա:

Նիզամի

Նորայայտ ազգի ձեւաւորման գործին յատկապէս ընթացք տուեց Անդրկովկասեան Սոցիալիստական Հանրապետութեան քայքայումը 1937թ.: Այսպիսով, Ազրպէյճանը դարձաւ միութենական հանրապետութիւն, որը, ի տարբերութիւն Վրաստանի եւ Հայաստանի, չունէր պատմութիւն, եւ որի համար շտապ պէտք էր առանձին պատմութիւն հնարել: Օրինակ, նոյն շրջանում, 1938-41թթ., յանկարծ պարզուեց, որ ազրպէյճանցի է միջնադարեան բանաստեղծ Նիզամին: Վերջինիս կենդանութեան օրօք եւ յաջորդած մօտ 800 տարիների ընթացքում որեւէ աղբիւր նրա ազգութիւնն այդպէս չէր բնորոշել: Նիզամին իր բանաստեղծութիւններում երբեւէ չէր գրել Ազրպէյճանի կամ ազրպէյճանցիների մասին, թէեւ, ինչպէս նշում է հետազօտող եւ լրագրող Արիս Ղազինեանը, առնուազն մէկ քառատողում անդրադարձել է Հայաստան աշխարհին.

Անապատը հատելով`
Շտապում էի դէպի անապատը այն,
Շտապում էի բարձր դաշտավայրը,
Անունը` Հայաստան:

Խորհրդային պատմագիտութիւնը յայտարարեց, որ պարսիկները գողացել էին բանաստեղծին ազրպէյճանցիներից, իսկ Խորհրդային Միութեան Գիտութիւնների ակադեմիայի Պաքուի մասնաճիւղը վերաշարադրեց միջնադարեան պատմութիւնը մօտաւորապէս այնպէս, ինչպէս աւելի ուշ վերաշարադրեցին Արցախի եւ ողջ Հայաստանի պատմութիւնը: 1930-ականների վերջերին Խորհրդային Միութիւն-Թուրքիա յարաբերութիւնների վատթարացման պայմաններում ազրպէյճանցիների «թուրք» կոչուելը դառնում էր անցանկալի, եւ Ստալինը վճռել էր, որ Կովկասի թուրք-թաթարների համար պէտք է մի նոր եւ տարբերուող անուն մտածել: Այդպէս երեսունականների վերջից իր ծնունդի մասին աշխարհին յայտարարեց Երկիր մոլորակի ամենաերիտասարդ ժողովուրդը` ազրպէյճանցին:

20-րդ դարում ազրպէյճանցի ազգի արագացուած եւ արհեստական եղափոխութեան վերաբերեալ եւս մէկ ուշագրաւ փաստ է ազրպէյճանական այբուբենը: 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին կովկասեան թաթարներն օգտագործում էին արաբատառ այբուբենը, որը կիրառւում էր մուսաւաթական եւ խորհրդային Ազրպէյճանում մինչեւ 1929թ.: Այդ իսկ պատճառով Խորհրդային Միութեան առաջին զինանշանի վրայ կարելի էր տեսնել արաբական տառեր, ինչը «Բրոլետարներ բոլոր երկրների, միացէք»-ի ազրպէյճանական տարբերակն էր: Մուսաւաթականներից է փոխառուել մերօրեայ Ազրպէյճանի պետական դրօշը, որի վրայ, կարմիր շերտի ֆոնին նկարուած է ութանկիւն աստղ: Ութ անկիւնների խորհուրդն իրականում հէնց «Ազերպայճան» բառի արաբական ութ տառերն էին: president.az նախագահական կայքը մանրամասնում է պետական դրօշի երեք գոյների իմաստը, բայց լռում է աստղի թեմայի շուրջ: Ութանկիւն աստղի մասին լռում է նաեւ պետական դրօշի մասին ազրպէյճանական օրէնքը: Մոլորակի ամենաբարձր դրօշներից մէկը Պաքւում կանգնեցնելով հանդերձ` Ազրպէյճանը, հաւանաբար, չի ցանկանում յիշել իր արաբատառ ոչ վաղ անցեալի մասին:

 

Թաթարներու տառատեսակներու փոփոխութիւններ:

Մուսաւաթական Ազրպէյճանի արաբատառ այբուբենը

 

 

 

 

 

 

Լատինատառ ազրպէյճաներէնի մշակումը սկսուեց մուսաւաթականների հանրապետութեան օրօք եւ մինչեւ 20-ականների վերջը մասնակի, իսկ 1929-ից` վերջնական շրջանառութեան մէջ մտաւ: 1933 եւ 1938թթ. լատինատառ այբուբենը փոփոխութիւնների ենթարկուեց, իսկ 1939 թ. հաստատուեց կիւրեղեան տարբերակը, որը հետագայում նոյնպէս երկու անգամ վերափոխուեց (1947թ. եւ 1958թ.): 1991թ. Ազրպէյճանը նորից անցաւ լատինատառի, իսկ 1992թ. լատինատառ այբուբենը նորից մէկ անգամ վերափոխուեց, մասնաւորապէս` աւելացրին …. տառը, որով գրւում է ապշերոնեան (իշ)խանական տոհմի առաջին տառը`…. liyev:

Այսպիսով, նախորդ դարի մօտ 65 տարիների ընթացքում ազրպէյճանական այբուբենը փոխուել է 8 անգամ, միջինացուած` 8 տարին մէկ յաճախութեամբ: Յիրաւի, «Կինես»-ի մրցանիշերի գրքին արժանի ցուցանիշ:

Քորնէլ. «Ովքե՞ր էք դուք: Ազրպէյճանցինե՞ր, ազերինե՞ր, թուրքե՞ր…»:

Ուշագրաւ է, որ ռուսաստանաբնակ ազրպէյճանցիների շրջանում դեռ շարունակում են կիրառել կիւրեղեան տարբերակը, տպագրւում են թերթեր, մասնաւորապէս Տաղստանում:

Բնութագրական է «Ազրպէյճանը անկախութիւնից ի վեր» գրքի հեղինակ Սվանթէ Քոռնելի արտայայտութիւնը` արուած 2011թ. յունուարի 13-ին Ուաշինկթընի Ճոն Հոփքինզի համալսարանում: Դիմելով դեսպան Եաշար Ալիեւին` նա բացագանչել էր. «Ովքե՞ր էք դուք: Ազրպէյճանցինե՞ր, ազերինե՞ր, թուրքե՞ր…»: Շփոթահար դեսպանը կարճատեւ լռութիւնից յետոյ պատասխանել էր` ազրպէյճանցիներ:

Փաստը, որ Ազրպէյճանի եւ ազրպէյճանցիների մասին գրքի հեղինակն այդպէս էլ չկարողացաւ հասկանալ, թէ ի՛նչ ժողովրդի հետ գործ ունի, ի հարկէ, չափազանց խօսուն է:

 

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
Միացեալ Նահանգներում Հայաստանի
Հանրային հեռուստատեսութեան թղթակից

«Գլոբուս» վերլուծական հանդէս,
թիւ 3, 2013

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )