Բանաստեղծութիւններ

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ

Հայ Լեզու

Շնորհակա՜լ եմ, լեզո՛ւս, որ բերանիս մէջ մանկուց
Ամրան պաղուկ տանձի պէս քե՛զ դրեց բախտը բաշխիչ.
Շնորհակա՜լ եմ, լեզո՛ւս, որ քեզնով են կուց առ կուց
Ուսուցիչներըս ծերուկ մատուցել խինդ ու թախիծ:

Շնորհակա՜լ եմ ամէն գրքից գրիչ նուաստի,
Որ քեզ բերեց ու քեզնով` մրրիկի համ, աղի խանձ,
Ինչպէս շիշն այն ամրափակ, ուր արկածեալ նաւաստին
Իր կտակն է խցանում, յանձնում ծովին ու մարդկանց:

Շնորհակա՜լ եմ, լեզո՛ւս… բոլոր, բոլո՜ր նրանցից,
Ով մի բերան սիւք փչեց կաղամախիդ գեղուղէշ,
Ով մի ընձիւղ խնամեց, ով նեցուկեց գէթ մի ցից,
Ով ուխտ կապեց, հովացաւ ու օրհնանքն իր քեզ ուղղեց:

Շնորհակա՜լ եմ, լեզո՛ւս… Վրադ փչած մէն մի սիւք
Փոշեհատերն է վանել իմ ապագայ սաղարթի,
Իմ հանքի մէջ է հնչել բահի ամէն սկրթուք,
Եւ ծնունդի՛ս սատարել ամէն օրհնանք ու զարթիք:

Դու փայլել ես, որ ես ի՛նձ խորաչափեմ աննկուն,
Չանտեսելով յատակիս թափանցիկ խիճը անգամ,
Դու հնձել ես, ամբարել, լցրել մարագ ու նկուղ,
Որ ես օտար խոզանի հասկաքաղին չմնամ:

Ու այնքան լայն ես կտրել, կարել, սփռել ծիրանիդ,
Որ նեղ, վտիտ ուսերից եդեմօրէն սահելով,
Ցուցադրում ես արեւին մերկութիւններ իրանի,
Որ ծածկւում են շտապ թզենու նուրբ տերեւով:

Արա այնպէս, հա՛յ լեզու, որ կակաչի արտի պէս
Քե՛զ զգենայ ամէն հայ կիրակնօրէն վայելուչ,
Արա այնպէս, որ ես էլ մինչեւ վերջին, հուսկ րոպէս
Գէթ քղանցքըդ ունենամ աչքիս, շուրթի՜ս տանելու:

Երբ Որ Ծովը Փոթորկուի

Ուսուցչապետիս` Լեւոն Շանթի յիշատակին,
աշակերտական խոնարհութեամբ

Սէ՛ր իմ` հրա՜շ
…………….դարիւ-դարիւ
Գետակներ են բոլոր տարին վազում Սեւան:
Օ՜, ինչպէ՜ս են իրենց հունին հաւատարիմ
Ջրերն այս հին` ճիշդ ի՛նձ նման, ճիշդ քե՛զ նման:

Սակայն մի՞թէ մտացածին
Ցնորքներ են ու տրոփներ սովորութեան
Վերադարձներն իմ քեզ, շուրջըդ, միշտ քո անձին:
Գետ ու լճի արդեօք դաշի՞նքը լռելեայն:

«Գրքային են արդէն հիմա
Սէրն ու բոլոր սիրոյ երգերն, ինչպէս Սաֆֆոն:
Կատարւում է մի սոսկալի Հիրոսիմա
Հոգիներում, ուր սէրն հիւանդ է սարսափով…»:

Դու լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես դու:
Ձա՞յնն է դարի, թէ՞ ճչիւնը մի ռոբոտի:
Գուցէ իրօք դեռ մեզ, ինչպէս մի համեստ տուն,
Օրօրում են հովուերգական հով ու բարդի:

Գուցէ իրօք մե՛նք էլ, մե՛նք էլ
Հոգոցներ ենք մի վաղեմի գրքից թռած,
Որ դիպուածի շունչն է անշուշտ փոշեզրկել,
Ինչպէս անյուշ դամբարանում պեղուած դրամ:

Սակայն ի՜նչ փոյթ:
……………………..Թո՛ղ, որ հեռուից
Հաւաքեմ քո դէմքից ստուերը կարօտի,
Ցանեմ շուրջըդ ժպիտ ու շող, որ քեզ ներուի
Ամէ՛ն քմայք` ամէն հմայք օտարոտի:

Թո՛ղ, որ այս հին, հի՜ն քերթուածով
Աղօթեմ ես մէգ ու մութի մէջ անփարատ,
Որ չտեսնեն խանդաղատանքըս բրածոյ,
Որ չտեսնես, թէ ինչպէ՜ս եմ դողում վրադ…

Արեւային Ժամացոյց

Արեւայի՜ն ժամացոյց մայրավանքի ճակատին,
Որ զգում ես շողն անգամ ամպի տակից սլացող`
Ժամերն ո՞ւր են դարերի, որ անցան ողբ ու լացով,
Ո՞ւր է շուքը սլաքիդ գիշերուայ մէջ խաւարտչին:

Որտե՞ղ է պահն այն գոնէ, երբ որ վարպետը հմուտ
Գնդասեղով ամրացուած որպէս հսկայ մի թիթեռ
Փորագրեց քեզ: Իսկ այնժամ արդեօք նշե՞լ ես մի տեղ,
Միջօրէ՞ էր իր կեանքում, թէ՞ մխացող մայրամուտ:

Արեւայի՜ն ժամացոյց մայրավանքի ճակատին,
Ո՞ր րոպէն էր յաւերժի, երբ առաջի՛ն անգամ դեռ
Արեւի հետ, քե՛զ նման, ժամադրուե՜ց մեր հոգին…

 

 

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )