Մարդը` Միայնակ, Անկրկնելի…

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԵԱՆ

Ցաւով եւ խոր ափսոսանքով լսեցի Աբրահամ Ալիքեանի մահուան լուրը, մի բանաստեղծի, որն իր մէջ միացնում էր մեր բանաստեղծութեան դասական եւ նոր ժամանակները, ստեղծում իւրօրինակ մի կամուրջ վաղուց արդէն մեր կորած անցեալի եւ անվերջ փնտռուող, բայց երբեք չգտնուող ներկայի միջեւ, մի մարդու, որն անցաւ 20-րդ դարի ազգային (եւ համամարդկային) սարսափների, տառապանքների եւ աբսուրդի միջով, ապրեց աշխարհի տարբեր վայրերում (Լիբանան, Հայաստան, Մոսկուա), ամէն տեղ մնալով օտար ու անհաղորդ, չհամակերպուելով սեփական ճակատագրի եւ իրեն պարտադրուած իրականութեան հետ:

1947 թուականին նա հայրենադարձուեց Լիբանանից, բայց ստալինեան հրէշաւոր մագիլների մէջ յայտնուած Սովետական Հայաստանը չէր կարող նրա համար իրական հայրենիք դառնալ, առաւել եւս` նրա համար չէր կարող հայրենիք դառնալ Մոսկուան, որտեղ նա ապրեց մի քանի տասնամեակ, իսկ Լիբանանը, ուր նա վերադարձաւ իր կեանքի վերջին շրջանում, արդէն ինչ-որ չափով մոռացել էր նրան, լաւ չէր ճանաչում իր նախկին «երիտասարդ բանաստեղծին»` նրա հանդէպ մնալով սառն ու անտարբեր: Այսպիսին էր Աբրահամ Ալիքեանի կեանքի ուղին, որը յամենայն դէպս շատ չէր տարբերւում իր սերնդակից, օժտուած եւ ազնուասիրտ սփիւռքահայ այն բազմաթիւ բանաստեղծներից, արուեստագէտներից եւ մտաւորականներից, որոնց ճակատագրի ձեռքը ցրեց աշխարհի տարբեր մասերում, ինչպէս բանաստեղծը կ՛ասէր` «ամէն տեղ օտար ու անխնդում»:

Միակ վայրը, ուր նա կարող էր գտնել ինքն իրեն, իր «հայրենիքը», իր կեանքի ներքին իմաստն ու բովանդակութիւնը, իր տեղն ու նպատակը, բանաստեղծութիւնն էր` բառերի, ռիթմերի, պատկերների եւ իմաստների «մտաւոր աշխարհը», որը կարող է փոխարինել կեղծ եւ անհաստատ իրականութեանը, յաճախ լինելով աւելի իրական` քան բուն իրականութիւնը: Դա մի աշխարհ է, որը երբեք չի դաւաճանում մարդուն, պայմանով` որ մարդը ինքը չդաւաճանի նրան: Աբրահամ Ալիքեանը չդաւաճանեց նրան, նրա հոգեւոր ներքին զարգացումը, կենսափորձը եւ գիտելիքների հսկայ աշխարհը (համաշխարհային գրականութեան լաւագոյն գիտակներից մէկը, որին երբեւէ ես հանդիպել եմ) յուշում էին նրան, որ դաւաճանելով բանաստեղծութեանը, այլեւս չի լինի ինչ-որ մի բան, որին կարելի է դաւաճանել. այսպէս ասած` դա սահմանն է, մարդու ներքին ազատութեան վերջնագիծը (եթէ նման վերջնագիծ գոյութիւն ունի):

Նրա բանաստեղծութիւնն իր մէջ կրում է աշխարհ նետուած մարդու ճակատագիրը, նոյնիսկ լեզուական նախահիմքերն ու շառաւիղները կորցրած, օտար ու վտարանդի հոգու խորհրդանիշներն ու պատկերները: Մի կողմից` Մեծարենցի սրբազան սիմվոլիզմը, միւս կողմից` Վարուժանի ռոմանտիկ նէոկլասիցիզմը, մի կողմից` դասական բանաստեղծութեան հոգեկան վեհութիւնը, միւս կողմից` ժամանակակից աշխարհի դաժան ու անմարդկային դէմքը, մի կողմից` հոգու ազատութեան երազը, միւս կողմից` ճակատագրի վերանհատական դատավճիռը, մի կողմից` բառերի սէրն ու մտերմութիւնը, միւս կողմից` լեզուի օտարումը: Այս բոլորը (ի հարկէ` ոչ բոլորը) կազմում են Աբրահամ Ալիքեանի բանաստեղծական աշխարհի ներքին կառուցուածքը, նրա բանաստեղծական էութիւնը, որի գլխաւոր յատկանիշը թերեւս բարձր կուլտուրայի եւ մարդու անհատական-բնական ձայնի ներդաշնակութիւնն էր, նրանց անբաժանելի համաձուլուածքը, այն, ինչը նա թողնում է Աշխարհին:

Հասկանալի է, ինչը մնում է` մնում է, դա ինքը արուեստն է, ստեղծագործութիւնը, ժամանակի հոսքից դուրս բերուած արժէքը, որն արդէն պատկանում է բոլորին (ովքեր դա ցանկանում են), բայց խնդիրն այն է, որ գնում է մարդը, նա` ով անկրկնելի է, եզակի, միայնակ, որին ոչ ոք չի կարող փոխարինել, որի տեղը ոչնչով չի կարելի լցնել, այն` ինչը այժմ ինձ ցաւ ու ափսոսանք է պատճառում:

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )