Ցեղին Ցաւի Եւ Ցեղին Ուժի Բանաստեղծը

Առանձնայատուկ ճակատագիր էր նախասահմանուած Ատոմ Եարճանեան-Սիամանթոյին` բանաստեղծի եւ մարտիկի, զոհի եւ հերոսի, նահատակի եւ առաքեալի: Նրա պոետական շքեղ հանճարը սնուեց Ակն գիւղաքաղաքի արուեստային մթնոլորտում, իր բաժին մի ումպ երջանկութիւնը նա ապրեց հայրենի եզերքում, եւ խանդավառ պատանու լուսաւոր-թափանցիկ անուրջները մի նոր բնապաշտ-սիրերգակ էին խոստանում մեր գրականութեանը, ինչպէս իր հանճարեղ հայրենակիցը` Միսաք Մեծարենցը: Սակայն հովուերգական ներշնչանքի քնարը թրատուեց եաթաղանի շեղբով, հոսեցին մեծ ջարդի արեան վարար գետերը, եւ ազգի վիճակը ծանրացաւ տպաւորապաշտ հոգու վրայ… Նա այլեւս երբեք չպէտք է մոռանար կոտորածի դժոխային տեսարանները, մահուան տեսիլները պիտի անընդհատ հալածէին նրան` քնած թէ արթմնի, հայոց ողբերգութիւնը, անցնելով նրա զգայուն սրտի միջով, կախաղանի օղակի պէս պիտի կախուէր նրա գլխավերեւում` հայրենիքում թէ օտար ափերում, ուր առատաբուխ ծլարձակում էին նրա քնարերգութեան արիւնաթերթ ծաղիկները:

«Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ,
Քու լայնանիստ պատերըդ իրարու վրայ կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի…
Զքեզ եզերող պարտէզիդ ծաղկըներուն վրայ»:

Սիամանթոն ծանր է վերապրում իր ժողովրդին պատուհասած աղէտը, անլուր տառապանքը` անբարոյ աշխարհին յիշեցնելով նրա չհատուցած բարոյական պարտքը եւ հրապարակաւ թքնելով մարդկութեան չեղած արդարութեան ճակատին…

Ցեղին ցաւի հետ, սակայն, նա պիտի բանաստեղծէր ցեղին ուժը, բորբոքէր պայքարի, մաքառումի, ազատագրական կռուի հուրը, եւ պոետ-զինուորի իր առնական խօսքը պիտի պայթէր որպէս «ատելութեան ճիչ, ու յոյսին ու յաղթութեան ու խենթութեան ճիչ»: Ոչ թէ մատաղացու գառան հեզութեամբ մորթուող ժողովուրդ, այլ հոգեվարքի անյուսութեան մէջ անգամ յոյսի մոմեր վառող ըմբոստ հայորդիներ` «Արարատներէն կերտուած» ազատամարտիկներ: Այստեղ է, որ բանաստեղծն ու զինուորը մի են ու միաձոյլ, գոյապայքարի առաջին խրամատում` գրչով ու զէնքով մարտնչելու ցեղին փրկութեան համար.

«Դուրս եկուր, անցեալէդ գիտակից եւ վաղուան համար ահաւոր»:

Այստեղ է, որ Սիամանթոն խրոխտ հնչեցնում է հայրենի հրաւէրները` խտացնելով հայ ժողովրդի ողջ իմաստութիւնը եւ իր պոեզիայով կամրջելով մի վիթխարի մշակոյթ` Գողթան երգերից մինչեւ Նարեկացի, մինչեւ Չարենց եւ հեռուները գալիքի:

Երգը եւ աղէտը:
Երգը եւ սարսափները:
Երգը եւ ցաւը:
Երգը եւ պայքարը:

«Ես երգելով կ՛ուզեմ մեռնիլ»ը Սիամանթոյի կտակը չէ՞, արդեօք: Տեսնես` ի՞նչ էր մտածում այս ասպետ հոգին` «եւ իմաստուն, եւ մարգարէ, եւ բանաստեղծ», Այաշի չարչարանաց ճանապարհին, եւ գիտէ՞ր, արդեօք, որ իր երգը հայոց յաւերժութեան իւրատեսակ հիմն է դառնալու…

2003

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )