Ազրպէյճանը Քաղում Է Ազրպէյճանցի Զինեալների Հարցում Վարած Քաղաքականութեան Պտուղները

«Ռազմ.ինֆօ»

azzԱզրպէյճանցի զինեալների` Սուրիայում կռուելու եւ սպաննելու խնդիրն արդէն իսկ դուրս է եկել զուտ սուրիական հակամարտութեանը միջամտելու շրջանակներից` վերհանելով Ազրպէյճանում ծայրայեղ իսլամական կազմակերպութիւնների պառակտիչ գործունէութիւնը, ինչի վկայութիւնը իսլամական երկու խմբաւորումների սպառնալիքներն են` ուղղուած Ազրպէյճանի իշխանութիւններին:

Ազրպէյճանում գործող «Անտառային եղբայրներ» եւ «Ճէյշուլլահ» («Ալլահի բանակ») ծայրայեղ իսլամական խմբաւորումները յունուարի 28-ին սպառնացել են Ազրպէյճանի իշխանութիւններին` նրանց դէմ «ժիհատ» (կրօնական սուրբ պատերազմ) սկսել: Նման յայտարարութեան պատճառը թերեւս վերջին շրջանում Ազրպէյճանի պատկան մարմինների, կրօնական առաջնորդների, հասարակական ու քաղաքական գործիչների դիրքորոշման փոփոխութիւնն է Սուրիայում կռուող ազրպէյճանցի իսլամական զինեալների հարցում: Նրանք միաձայն կոչ են անում հեռու մնալ Սուրիայում պատերազմելուց, չլսել իսլամական յորդորները, չմիանալ նրանց, քանի որ Սուրիայում սպաննուելով` «շեհիտ» (կրօնի նահատակ մարտիրոս) չեն դառնայ, իսկ Սուրիայի պատերազմը բնաւ «ժիհատ» չէ: Ազրպէյճանը կիրառում է «շեհիտ» բառը զուտ քարոզչական նպատակներով: Իրավիճակի լրջութեան մասին են վկայում յայտարարութիւնները, որ Սուրիայից յետ վերադարձած զինեալները պատժուելու են օրէնքի ողջ խստութեամբ, եւ սա թղթի վրայ չի մնացել, յայտնի են ձերբակալութիւնների կայացած փաստեր:

Եւ ահա այս իրավիճակում հնչող սպառնալիքները, եթէ դրանք իրական համարենք, կարծես արգասիք են 2012-2013-ին Ազրպէյճանի պատկան մարմինների` Սուրիա մեկնող եւ Սուրիայից վերադարձող իսլամական ազրպէյճանցիների հարցն անտեսելու:

 

«Ճէյշուլլահ». գործունէութիւնն ու նպատակը

Դեռեւս 2001-ին Միացեալ Նահանգների իշխանութիւնները «Ճէյշուլլահ» ընդգրկել էին այն ահաբեկչական խմբաւորումների շարքում, որոնց անդամներին պէտք է անյապաղ արտաքսել Միացեալ Նահանգներից: Ազրպէյճանի Ազգային անվտանութեան ծառայութեան տուեալներով, 1996-ից գործող «Ճէյշուլլահ»-ի վերջնանպատակն է Ազրպէյճանում պետական համակարգի արմատական փոփոխութիւնը, այն իսլամական պետութեան վերածելը: Խմբաւորումը սերտ կապեր ունի «Քայիտայի»  հետ, ստանձնել է մի  քանի ահաբեկչութիւնների, այդ թւում 1998-ին Ազրպէյճանի «էքսթրասենս»-երի միութեան նախագահ Էթիպար Էրքինի ու նրա երկու որդիների սպանութեան պատասխանատուութիւնը:

Համագործակցութեան եզրեր ունենալով չեչեն գրոհայինների եւ Շամիլ Պասայեւի հետ` 1998-ին «Ճէյշուլլահ»-ի զինեալների մի մասը Չեչենիայի տարածք է ներթափանցել` կապեր հաստատելով թուրք զինեալների «Իսլամի ֆիտայիներ» կազմակերպութեան հետ, որի օգնութեամբ էլ 1999-ի յունիսին փորձել է Պաքուի օդակայանից Մի-8 ուղղաթիռ առեւանգել:

Հետաքրքիր է, որ այս խմբաւորման առաջնորդի եւ անդամների դատավարութիւնն աւարտուել է դեռեւս 2000 թուականի օգոստոսի 28-ին. առաջնորդ 23-ամեայ Մուպարիզ Ալիեւը դատապարտուել էր ցմահ, իսկ 12 անդամները` 7-13 տարուայ ազատազրկման: Ազատազրկման ժամկէտները, ինչպէս տեսնում ենք, արդէն լրացել են, այսինքն այս խմբաւորման անդամներն ազատութեան մէջ են, բացի այդ ընկերային կայքէջերում միմեանց հետեւից բացւում են խմբաւորումը եւ առհասարակ ծայրայեղ իսլամը քարոզող էջեր:

Կարեւոր է նշել, որ դեռեւս 2013-ի փետրուարի սկզբից սկսեցին լուրեր շրջանառուել, որ «Ճէյշուլլահ»-ի զինեալներն Ազրպէյճանի տարածքում աշխուժ քարոզչական գործողութիւններ են ծաւալել, ցանկանում են համալրել իրենց շարքերը եւ համակիրներ են փնտռում ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլեւ ՏԻՄ շարքերում, մամուլում, ուժային կառոյցներում:

«Ճէյշուլլահ»-ի զինեալներն ազրպէյճանական մամուլի փոխանցմամբ մասնակցում են Սուրիայում ընթացող մարտերին:

 

Աջակցութիւն իշխանական շրջանակներում

Միւս կողմից, եթէ հաւատանք վերջին հրապարակումներին Ազրպէյճանի ռազմական, քաղաքական համակարգերում որոշ պաշտօններ զբաղեցնում են հէնց իսլամական «ուահապ»-ները, որոնց գաղափարախօսութիւնը մօտ է «Ճէյշուլլահ»-ի նպատակներին: Չի բացառւում, որ հէնց այս պաշտօնեաներն են ֆինանսապէս օգնում իսլամական կազմակերպութիւններին: Այս յայտարարութեամբ հանդէս է եկել Ազրպէյճանի հոգեւոր առաջնորդ, այսպէս կոչուած «Կովկասի մուսուլմանների վարչութեան» նախագահ, շէյխ ուլ իսլամ Ալլահշիւքիւր Փաշազատէն:

Ազրպէյճանական «Մուսաւաթ» կայքի տուեալներով` Պաքուի քաղաքապետի որդի Իսրաֆիլ Ապութալիպովը եւ նախկին պաշտօնեաներից մի քանիսի որդիները եւս, որոնք ունեն սեփական գործարքներ, ծայրայեղ իսլամականներին նիւթական նշանակալից օգնութիւն են ցոյց տալիս: Փաստօրէն, իսլամիստներն աջակցութիւն ունեն նաեւ բարձրաստիճան պաշտօնեաների շարքերում, ինչն անհնար է դարձնում պետական մակարդակով ծայրայեղ իսլամի դէմ միասնական ճակատով հանդէս գալը:

 

«Անտառային եղբայրներ»

«Անտառային եղբայրներ»-ն ազրպէյճանական խմբաւորում չէ, գործում է 2007-ից: Այն աշխուժ է հիմնականում Տաղստանի տարածքում: 2008-ի օգոստոսին Ազրպէյճանի Ազգային անվտանգութեան ծառայութեան վկայութեամբ, ահաբեկչութիւն է իրականացրել «Ապու Պեքր» ազրպէյճանական մզկիթում: 2008-ին Ազրպէյճանի յատուկ ծառայութիւնները մի շարք գործողութիւններ են ձեռնարկել խմբաւորման անդամներին ոչնչացնելու ուղղութեամբ[2]:

Հաշուի առնելով Ազրպէյճանում ծաւալած գործունէութունը` այս խմբաւորման սպառնալիքն Ազրպէյճանի իշխանութիւններին իրատեսական է հնչում, սակայն կասկած է յարուցում, թէ ինչո՞ւ են 2 խմբաւորումներ նոյն օրը հանդէս եկել միեւնոյն կոչով: Հաւանական է, որ նրանց նպատակներն ու շահերը համընկել են:

 

Սուրիա զինեալների հոսքի դէմ պայքարելու պատճառները

Մի կողմից Թուրքիային սիրաշահելու նկրտումներից ելնելով, միւս կողմից Արեւմուտքի հակաասատական տրամադրութիւններին սատարելով` Ազրպէյճանը երկար ժամանակ լռում էր Սուրիա իր տարածքից ներթափանցած ազրպէյճանցի մեծ թուով զինեալների մասին: «Ծայրայեղ իսլամական» եւ «ուահապական» բնորոշումները կիրառւում էին միայն Ազրպէյճանի ուժային կառոյցների կողմից հիմնականում ազգային փոքրամասնութիւններին ճնշելու ու նրանց ձերբակալութիւններն արդարացնելու նպատակով: Ժամանակ առ ժամանակ էլ Ազրպէյճանն այս որակաւորումները կիրառում էր նաեւ Իրանին ու Սէուտական Արաբիային մեղադրանքներ յղելու հարցում:

Ստացւում է` Սուրիայում կռուող ազրպէյճանցի զինեալների թեման իրականում խորը շերտեր ունի, եւ վերհանում է Ազրպէյճանում միջկրօնական խնդիրներ, որոնք հմուտ կերպով սքողւում էին: Ազրպէյճանն իր ներսում աճեցնում է ահաբեկչական իսլամական տրամադրութիւններ, դրանք արմատախիլ անելու լուրջ քայլեր տեւական ժամանակ չի ձեռնարկել, ընդ որում` մինչ օրս չկայ թէ՛ ոչ պաշտօնական, թէ՛ առաւել եւս պաշտօնական վիճակագրութիւն, թէ հիմնականում Թուրքիայի տարածքով Սուրիա մեկնող ազրպէյճանցի զինեալներից քանի՞սն են յետ վերադարձել, քանի՞սն են սպաննուել, քանի՞սն են պատրաստւում մեկնել: 2012-ին եւ մինչեւ 2013-ի կէսերն ազրպէյճանական իշխանամէտ մամուլը խթանում էր նման գաղափարների տարածումը` Սուրիայում զոհուածներին ներկայացնելով որպէս «շեհիտներ» իսկ Սուրիայի զինեալ ահաբեկիչներին բնութագրելով որպէս «մոճահիտներ» (կրօնի համար մարտիկ):

Ներկայումս փորձեր են արւում լրջօրէն պայքարելու ազրպէյճանցիների` դէպի Սուրիա հոսքի դէմ, քանի որ Սուրիայից հետ եկած իսլամական զինեալների առկայութիւնն Ազրպէյճանում կարող է խթանել ինչպէս միջկրօնական բախումներ, այնպէս էլ յանցաւորութեան աճ, իսկ զինեալների շարքերում ազրպէյճանցիների ու Ազրպէյճանի քաղաքացիների առկայութեան հանգամանքը վկայում է Սուրիայի ներքին հակամարտութեան կողմերից մէկին սատարելու մասին, ինչն էլ բնաւ դրական չի անդրադառնայ Սուրիայի հետ յարաբերութիւնների վրայ: Բացի այդ, իր ներսում ահաբեկչական խմբաւորումներ ունենալու փաստն ինքնին դրական ազդեցութիւն չի թողնում Ազրպէյճանի միջազգային վարկանիշի վրայ: Չի կարելի բացառել, որ թեման լծակ կը դառնայ դրսից Ազրպէյճանի վրայ ներազդելու համար թէկուզ հէնց Արեւմուտքի ձեռքերում:

Այնունամենայնիւ, այս հոսքի դէմ պայքարն արդիւնաւէտ չի լինի, եթէ չչէզոքացուեն բուն պատճառները: Ի մի բերելով ազրպէյճանական մամուլի, ընկերային կայքէջերու եւ ֆորումների քննարկումներում, ինչպէս եւ փորձագէտների հնչեցրած տեսակէտները` ազրպէյճանցիները Սուրիա են մեկնում սոցիալական կարիքից դրդուած, յաճախ` ընտանիքներով, քանի որ Պաշար Ասատի կողմնակիցների դէմ կռուելու դիմաց գումար են ստանում: Առաջնային դրդապատճառների շարքում են նաեւ ծայրայեղ իսլամական գաղափարներից տոգորուած սրբազան «ժիհատին» մասնակցելու ձգտումները. հէնց այս հարցում էլ կարեւոր դեր ունեն կրօնական կազմակերպութիւնները եւ հաստատութիւնները:

Որպէս պատճառ նշւում է, որ` «ազրպէյճանցիները չեն ստանում իշխանութիւնների կողմից տարիներ շարունակ խոստացուած պատերազմը յանուն Ղարաբաղի վերադարձի, ուստի կռուելու ունակութիւնները կիրառելու համար այլ տեղ են փնտռում, իսկ ամենայարմարը Սուրիան է: Սա իրականութիւնից հեռու պնդում է, քանի որ նոյն յաջողութեամբ «կռուելու ունակութիւնները սպառելու» ձգտող ազրպէյճանցին կարող է զինծառայութեան անցնել առաջնագծում, որտեղ լարուածութեան աստիճանը երբեմն պատերազմական իրավիճակից հեռու չէ:

Եւ վերջապէս, զինեալների եւ նրանց գործունէութիւնը խթանող իսլամական կազմակերպութիւնների առկայութիւնն Ազրպէյճանի տարածքում հերթական անգամ վկայում է` դեռեւս 1992-1994 թթ. արցախեան պատերազմի թէժ շրջանում ազրպէյճանցիները դիմել են չեչեն գրոհայինների եւ թուրք զինեալների օգնութեանը: Այս օգնութիւնն անհետեւանք չի մնացել. հէնց այդ տարիներից Ազրպէյճանում տարածուած իսլամական գաղափարները պարարտ հող են ստեղծել զինեալների նոր խմբաւորումների եւ տեղական կրօնական կազմակերպութիւնների ստեղծման համար:

 

Եզրակացութիւն

Կարող ենք եզրակացնել, որ Ազրպէյճանում հասարակական-կրօնական դաշտն առաջիկայում միտում ունի պառակտուելու իսլամականներին դէմ եւ կողմ դիրքորոշում որդեգրած հակադիր ճամբարների, ինչը վերջնահաշուարկում կարող է յանգեցնել միջկրօնական հակասութիւնները խորացմանը: Առանցքային է այն հանգամանքը, որ իսլամականներն ալիեւեան վարչակարգ եւ պետականութիւն հասկացութիւնները չեն ընդունում, բնականաբար չեն ենթարկւում Ազրպէյճանի սահմանադրութեանը եւ օրէնքներին: Այս պարագայում իսլամականների մարտական փորձը որքանով որ կարող է կիրառուել «իշխանութիւնների խոստացուած, Ղարաբաղի համար մղուող ազրպէյճանական պատերազմում», այնքան էլ ներքին լարուածութիւն ստեղծելու հարցում` ֆինանսական կայուն հենքի ձեռքբերման եւ նպաստաւոր պայմանների ի յայտ գալու դէպքում:

Ներկայիս Ազրպէյճանը հրատապ խնդիր ունի լուծելու. այն է` ծայրայեղ իսլամական գաղափարախօսութեան վտանգների չէզոքացումը ներպետական հարթակներում, քանի որ այդ գաղափարների ու դրանց կրողների` սեփական շահերի համար կիրառելը ներկայ դրութեամբ սպասուած արդիւնքներ չի բերում:

 

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )