Ճիմ Թորոսեանի Մահուան Քառասունքին Առիթով

Ալեքսանդր Թամանեանէն եւ Ռաֆայէլ Իսրայէլեանէն ետք, հայկական ճարտարապետական աւանդները շարունակող եւ վերաթարմացնող քանի մը ականաւոր ճարտարապետներէն մէկն է Ճիմ Թորոսեանը: Ան շուրջ քառասուն օրեր առաջ առյաւէտ բաժնուեցաւ մեզմէ, սակայն իր ազգին կտակեց ստեղծագործական այնպիսի վաստակ մը, որ ո՛չ միայն իր անունը պիտի անմահացնէր, այլ նաեւ պատիւ կրնայ բերել որեւէ ժողովուրդի` թէ՛ որակով, եւ թէ քանակով:

Ճիմ Թորոսեան ծնած է 1926-ին, Երեւան: Մասնագիտական կրթութիւնը կը ստանայ Երեւանի ճարտարագիտական հիմնարկին մէջ, զոր կ՛աւարտէ 1944-ին: Ան իր ստեղծագործական կեանքին ընթացքին վարած է Երեւան-Նախագիծ հիմնարկի արուեստանոցի ղեկավարի պատասխանատու պաշտօնը: Իրագործած է բազմաթիւ յուշարձաններ ու ճարտարապետական կառոյցներ, որոնցմէ են` Երեւանի քաղաքապետարանի շէնքը, Հրեշտակապետաց եկեղեցին, Էջմիածնի մկրտարանը եւ այլն: Ան ունեցած է նաեւ մանկավարժական բեղուն եւ արդիւնաւէտ գործունէութիւն: Իր արժանաւոր ուսանողներէն միջազգային համբաւի տիրացած գեղանկարիչ Եուրոզ (Եուրի Գէորգեան) ոչ միայն երախտագիտութեամբ կը յիշէ իր ուսուցիչ-վարպետին անունը, այլեւ բարձր կը գնահատէ անոր մանկավարժական դերն ու նշանակութիւնը սերունդ պատրաստելու նուիրական գործին մէջ:

Ճիմ Թորոսեանի ստեղծագործական կեանքին մասին որոշ գաղափար մը տալու համար ստորեւ կը ներկայացնենք անոր այլ արժանաւոր ուսանողներէն մէկուն` ճարտարապետ Պետրոս Ապաճեանի վկայութիւնը:

Մ. Ծ.

 

Յիշողութիւններ Ուսուցչիս Մասին

Ճիմ Թորոսեան (ձախէն աջ երկրորդը)՝ շրջապատուած մտաւորականներով

Ճիմ Թորոսեան (ձախէն աջ երկրորդը)՝ շրջապատուած մտաւորականներով

Ճարտարագիտական բարձրագոյն հիմնարկի ճարտարապետական բաժնի առաջին դասարանում լսարան մտաւ  բարձրահասակ, համակրելի, գեղեցիկ կեցուածքով մի երիտասարդ եւ  փոքր ինչ ռնգային, հաճելի պարիթոնով ասաց. «Ես ձեզ պատմելու եմ իտալական վերածնունդի ճարտարապետութեան մասին»: Ինչպէս հարկն է առաջին տարին, մենք պատրաստել էինք  տետրեր եւ մատիտներ` դասախօսութիւնը սղագրելու համար, բայց մեզ վիճակուած չէր օգտագործելու դրանք: Առաջին իսկ խօսքերից հմայուած  եւ կախարդուած յայտնուեցինք  իտալական վերածնունդի հրաշալի իրականութեան մէջ: Այդ երիտասարդը Ճիմ Թորոսեանն էր: Նա իր նկարագրութիւններում կարողանում էր ճարտարապետութեան օրինակները համեմատել մոցարթեան երաժշտութեան հետ: Չսահմանափակուելով ճարտարապետներով` նա պատմում էր իտալական վերածնունդի նկարիչների, քանդակագործների, բանաստեղծների, գրողների մասին, հատուածներ էր արտասանում Տանթէից: Ճիմ Թորոսեանի արտիստիզմը եւ գիտելիքների լայն դիապազոնը, մեզ բոլորիս ընդմիշտ կապեց իր անձնաւորութեանը հետ: Ամբողջ ուսանողութիւնը կարծես սիրահարուած էր իրեն: Բարձր լսարանների աղջիկները գալիս էին լսարանի դրան բացուածքից թաքուն տեսնելու նրան:

Մեր առաջին ուսումնական նախագծի, ինչպէս նաեւ հետագայ գրեթէ բոլոր աշխատանքների ժամանակ ինձ բախտ վիճակուեց աշխատել նրա ղեկավարութեամբ: Առաջին անգամ, երբ նրան ցոյց տուեցի իմ արած նայիւ եւ միօրինակ էսքիզները, նա ասաց.

– Պետրո՛ս, պատկերացրու, թէ որտեղ է նախատեսւում կառոյցը. անտառի եզրին, լերան ստորոտում, ճանապարհի խաչմերուկում, գետի ափին, քաղաքային բանուկ փողոցի վրայ եւ այլն, այդ բոլորը քեզ կը թելադրեն ստեղծուելիք շէնքի կերպարը եւ ճարտարապետական ձեւերը:

Դա ես ընդունեցի որպէս ճարտարապետութեան առաջին կանոնը, այն է` կառոյցը պէտք է` լինի միջավայրի ծնունդը եւ նրա մասնիկը:  Նա իր զրոյցների ընթացքում մեր գիտակցութեանն էր հասցնում, որ ճարտարապետութիւնը մարդկային ցանկացած գործունէութեան համար միջավայր ստեղծելու արուեստն է, որը կարող է իրականացնել ոչ միայն կառոյց, շէնք, կոթող, այլեւ` հրապարակ, պարտէզ, ամփիթատրոն եւ այլն:

Ճիմ Թորոսեանը մեզ դասաւանդեց նաեւ ժամանակակից ճարտարապետութեան պատմութիւն: Մինչ այդ նա եղել էր Ամերիկայի Միացեալ Նահանգներում, որտեղ ծանօթացել էր ժամանակակից մեծագոյն ճարտարապետներից մէկի` Միս Վան Տեր Ռոէի հետ: Իր դասախօսութիւնների կենդանի եւ անմիջական ձեւը շատ աւելի ուսանելի եւ տպաւորիչ էր, քան կը լինէր եթէ մեզ հաղորդուէին չոր փաստեր ճարտարապետութեան օրինակների մասին: Հակառակ միւս առարկաների, մենք անհամբերութեամբ սպասում էինք այս դասախօսութիւններին:

Համալսարանից յետոյ մեր ծանօթութիւնը եւ կապը երբեք չի ընդհատուել: Ես կարիք էի զգում, ժամանակ առ ժամանակ լինել իր ղեկավարած արուեստանոցում, որտեղ տիրող ստեղծագործական բարձր մթնոլորտը հրապուրում էր բոլորին: Այդ արուեստանոցից աճեցին եւ դուրս եկան բազմաթիւ փայլուն ճարտարապետներ`  Ռոմիկ Ջուլհակեանը, Իզայ Չօլախեանը, Լեւոն Էլոյեանը, Գէորգ Արամեանը, Մկրտիչ Մինասեանը, Օլեգ Շոկորեւը, Ասլան Մխիթարեանը, Լեւոն Ղալումեանը, Ռոմիկ Մարտիրոսեանը, որոնք իր հետ իրականացրեցին Երեւան քաղաքի բազմաթիւ լաւագոյն ճարտարապետական գործեր:

Մի անգամ, յիշում եմ, հաւանաբար 70-ական թուականներին. «Երեւաննախագիծ» հիմնարկում մինչեւ ուշ երեկոյ աշխատելուց յետոյ,  դէպի տուն էի ուղեկցում մեր արուեստանոցի ճարտարապետ  Ժաննա Մեշչերեակովային: Այդ ժամին աւտոբուսի կանգառի մօտով տուն էր գնում Ճիմ Թորոսեանը: Մեզ տեսնելով` մօտեցաւ: Մի փոքր զրուցելուց յետոյ հարցրեց. «Պետրո՛ս, իսկ դու ի՞նչ ես անում»: Հաւանաբար նկատի ունէր, թէ ինչի՛ վրայ եմ աշխատում: Ես կատակով պատասխանեցի, որ Ժաննային տուն եմ ուղեկցում: Նա ընդունելով կատակը` ասաց, թէ ինքն է Ժաննային  ուղեկցելու: Մենք կատակով շարունակեցինք վիճել: Ժաննան  հաշտեցրեց մեզ, երկուսիս հրաւիրելով իր տուն թէյ խմելու: Այդ անմոռանալի երեկոյին ուսուցիչը այնպիսի հրաշալի պատմութիւններ պատմեց մեզ` իր Իտալիայում ապրած տասը ամիսներից, այնպէս կենդանի եւ գունեղ նկարագրեց Իտալիայի մեծ ու փոքր քաղաքները, մարդկանց եւ, միջավայրը,  որ կարծես արդէն եղել էինք այնտեղ:

Շատ տարիներ յետոյ ինձ վիճակուեց մի քանի անգամ լինել Իտալիայում: Կարծես  թէ այնտեղ ամէն ինչ. Ֆլորենցիայի նեղլիկ փողոցների վրայ բարձացած, Սանթա Մարիա Տէլ ֆիորէ եկեղեցու, արտաերկրային թուացող գմբէթը, Անունցիատայ հրապարակի Պռունելեսքիի կամարաշարը, Փալացօ Մետիչի Ռիքարտին, Փոնթէ վէկիօ կամուրջը վաղուց արդէն տեսել եմ իր հետ միասին եւ իր աչքերով:

Տարիների ընթացքում մեր կապը իմ ուսուցչի հետ աւելի ջերմացել եւ մտերիմ էր դարձել: Վերջին տասը տարիներին ես աշխատում էի  Մոսկուայում եւ յաճախ լինում էի Խորհրդային Միութեան, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ,  Ռուսաստանի Գեղարուեստի ակադեմիայի ակադեմիկոս, Նիքոլայ Նիկողոսեանի արուեստանոցում: Մեծ քանդակագործը եւ արուեստագէտը ջերմ ու խանդաղատանքով էր վերաբերւում իր վաղեմի ընկերոջ` Ճիմ Թորոսեանին: Նրանք միասին Երեւանում իրականացրել էին Միքայէլ Նալբանդեանի, Եղիշէ Չարենցի, Գիւմրիում Աւետիք Իսահակեանի յուշարձանները, որոնց համար ստացել էին պետական մրցանակներ: Մեծ քանդակագործը պատմում էր իրենց համատեղ աշխատանքների մասին. այն մասին, թէ ինչպէս ամէն անգամ միասին փորձում էին հասնել  քանդակի եւ ճարտարապետութեան լիակատար միասնութեան եւ միջավայրի լաւագոյն համապատասխանութեան:

Ես ամէն տարի երկու անգամ Մոսկուայից գալիս էի Երեւան եւ առաջինը այցելում էի իմ ուսուցչին, սկզբում արուեստանոցում, իսկ հետագայում իր տանը: Պէտք է ասեմ, որ այդ տունը, Թամանեանների եւ Ռաֆայէլ Իսրայէլեանի տների հետ միասին, ինձ համար եղել են ու կը մնան պարզութեան եւ կատարելութեան օրինակներ, որտեղ տիրում է հոգու ազնուականութեան եւ արուեստի բարձր, այլուր բացակայող, մթնոլորտ:

Ինձ համար անմոռանալի յունուարեան, զարմանալիօրէն տաք մի օր մենք նստել էինք իր բնակարանի պատշգամբում եւ վայելում էինք տիկին Մարգոյի հիւրասիրութիւնը:  Ուսուցիչը խօսեց Էջմիածնում  իր կառուցած Հրեշտակապետաց եկեղեցու մասին, եւ երբ ես ասացի, որ ծանօթ եմ միայն նախագծին եւ տաճարը տեսել եմ հեռուից, նա առաջարկեց անմիջապէս գնալ եւ տեղում տեսնել: Մենք տղայիս մեքենայով գնացինք Էջմիածին: Ճանապարհին նա պատմեց տաճարի տեղի ընտրութեան մասին, թէ ինչպէս  վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդը տարել է դէպի այդ տեղը, եւ  ոտքը դնելով ասել է.  «Այստեղ պէտք է լինի»: Երբ ինքը կարկամած լռել է, վեհափառը ասել է. «Ի՞նչ է, տեղը չես հաւանում», ինքը պատասխանել է. «Հազարամեակներ Էջմիածնի հողի վրայ ուրիշ տաճար չի կառուցուել, միթէ այդ պատիւը ինձ է տրուելու»:

Վարպետը շինարարութեան ընթացքի մասին խօսելիս անընդհատ յիշատակում էր Գագիկ անունով մէկին: Միայն հետագայում ես իմացայ, որ Գագիկ Գալստեանը այս եկեղեցու  միանձնեայ բարերարն է եւ եկեղեցին իր շինարարական կազմակերպութեան միջոցով կառուցել է հիմքից մինչեւ վերջին քանդակը: Նա, ճարտարապետի պատմածով, անտրտունջ կատարել է ընթացքում առաջացած բոլոր փոփոխութիւնները, որոնք բերում էին նիւթական եւ դրամական գերածախսերի: Այդ նա արել էր ընդառաջելով եկեղեցին կատարելութեան հասցնելու ճարտարապետի ցանկութեանը: Յետոյ ես իմացայ նաեւ, որ պարոն Գալստեանը հանդիսացել է Ճիմ Թորոսեանի վերջին տարիների բոլոր կառոյցների շինարարը (Երեւանի քաղաքապետարանի շէնքը, Էջմիածնի մուտքի կոթողը, բաց խորանը, մկրտարանը եւ այլն):

Երբ տեղ հասանք, վարպետը հաճոյքով ցոյց տուեց մեզ իր եկեղեցին, որը չհակասելով եկեղեցու աւանդական կանոններին` անշուշտ նորութիւն է հայկական եկեղեցաշինութեան մէջ եւ տարբերւում է դասական օրինակներից: Թերեւս այդ պատճառով, ոմանց հասկանալի չէ եւ այնքան էլ դուր չի գալիս: Բայց շատ շատերին, ըստ եկեղեցում աշխատող տիկին Ազնիւի ասածի, հիացմունք է պատճառում: Այդ հրաշալի օրը մենք այցելեցինք նաեւ իր եւ Ռ. Ջուլհակեանի հեղինակած տաճար-մկրտարանը: Այդ եւս ես համարում եմ մեր ճարտարապետութեան գլուխգործոցներից մէկը: Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդը այս երկու տաճարները համարում է իր հայրապետութեան զարդը:

Ան բազմակողմանի հետաքրքրութիւններ ունէր: Բոլորին յայտնի են Իտալիայում եւ այլուր արուած նրա հրաշալի ջրաներկ եւ կրաֆիք աշխատանքները: Գիտէր եւ սիրում էր դասական երաժշտութիւնը: Կեանքի ամենանշանակալից եւ երջանիկ դէպքերից մէկը համարում էր ռուս մեծ երգահան Փրոքոֆեւի  հետ իր պատահական հանդիպումը եւ շարունակուած ծանօթութիւնը:

Ճիմ Թորոսեան եւ Մովսէս Հերկելեան

Ճիմ Թորոսեան եւ Մովսէս Հերկելեան

Ճիմ Թորոսեանը ունէր մտաւորականներից եւ տաղանդաւոր արուեստագէտներից բաղկացած մտերիմների եւ համախոհների մի շրջանակ, ինչպիսիք են` ճարտարապետ Սարգիս Գիւրզադեանը, Լեւոն Գէորգեանը, նկարիչներ Յակոբ Յակոբեանը, Բագրատ Գրիգորեանը, Սարգիս Մուրադեանը գրող ու հրապարակախօս Վարդգէս Պետրոսեանը, ինչպէս նաեւ լաւ ընկերներից ուսանող այժմ` ծանօթ արուեստաբան, Մովսէս Հերկելեանը եւ այլն,  որոնք  կիսում  էին  իր  հայեացքներն  ու  համոզմունքները:  Մեծ  բարեկամութիւն  էր

հաստատուել Պարսկաստանում ապրող նշանաւոր ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի եւ վարպետի միջեւ:

Ուսուցիչը բոլորի նկատմամբ անփոփոխ մեծահոգի էր, միշտ  պատրաստ` օգնելու իրեն դիմողին: Ունէր որոշակի կարծիք մարդկանց մասին, բայց ես երբեք չեմ լսել նրա կողմից ոեւէ մէկի հասցէին ասուած վատ խօսք:

Երբեք չէր մոռանում իր մեծ ուսուցիչներին` Կարօ  Հալաբեանին, Գրիգոր Աղաբաբեանին, Ռաֆօ Իսրայէլեանին: Այս վերջին երկուսի հետ ես եւս, երջանկութիւն եմ ունեցել շփուելու: Նա աստուածացման հասնող ջերմութեամբ էր խօսում նրանց մասին:

Մեր վերջին հանդիպումների ժամանակ ցաւով տեսնում էի, որ վարպետը օրից օր թուլանում է: Աչքերը գնալով աւելի ու աւելի վատ էին տեսնում: Մարդու սիրտը ճմլւում էր, երբ աչքերին մօտեցնելով փորձում էր նայել որեւէ գծագրի վրայ: Ցաւալի եւ յուզիչ էր տեսնել, թէ ինչպէս է շարունակում աշխատել վարպետը: Առանց իր աշակերտ Էրիկ Օհանեանի օգնութեան` նա այլեւս գծագրերը չէր կարողանում աւարտել:

Մեր ուսուցիչը ճանաչուած ու սիրուած էր ոչ միայն Հայաստանում: Նա ճարտարապետական եւ գեղարուեստի միջազգային մի քանի ակադեմիաների անդամ էր: Երկարատեւ ու ջերմ ընկերական կապեր ունէր Մոսկուայի շատ ճարտարապետների. Փլաթոնովի, Ապտուլլայ Ահմեթովի, Քրասիլնիքովի հետ եւ այլն: Վերջինիս եւ Գէորգ Արամեանի հետ նախագծել էր Երեւանի նոր կրկէսի շէնքը: Յատուկ, գրեթէ ընտանեկան բարեկամութիւն ունէր Վրաստանի ճարտարապետներ Թամազ Թեւզածէի, Փաթիաշուիլիի, Վախթանգ Դաւիթայայի հետ: Վրացի ճարտարապետները հայ արուեստակիցներին ուղղուած իրենց ցաւակցութեան մէջ, նշելով  Ճիմ Թորոսեան ճարտարապետի միջազգային մեծութիւնը,  արեւելեան անմիջականութեամբ եւ պոռթկումով ասում էին «Դուք դեռ չէք զգում, թէ ի՛նչ էք կորցրել»:

Նա ունէր իր մտերիմներին միայն յայտնի, մի վերջին նուիրական ցանկութիւն, այն է, Վան քաղաքում կառուցել եկեղեցի: Այդ գաղափարը վեհափառի կողմից ջերմօրէն ընդունուել եւ խրախուսուել էր: Դժբախտաբար այդ նախագիծը չաւարտուեց:

Այսօր Ճիմ Թորոսեանի աճիւնը, ըստ արժանւոյն, ամփոփուած է հայկական պանթէոնում,  մեր ազգի մեծերի կողքին:

ՊԵՏՐՈՍ ԱՊԱՃԵԱՆ

 

 

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )