Թուրքիայի Ներքաղաքական Ճգնաժամը Կարող Է Տեղափոխուել Ազրպէյճան. Կը Կրկնօրինակի՞ Ալիեւն Էրտողանին

ԼԵՒՈՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Թուրքիայում վերջին շրջանում ընթացող ներքաղաքական զարգացումները վերաճում են ներքաղաքական ճգնաժամի: Նախորդ տարի դեկտեմբերին Թուրքիայում սկսուած ձերբակալութիւններով սկիզբ առաւ վարչապետ Էրտողանի ու Ֆեթհուլլահ Կիւլենի միջեւ բացայայտ դիմակայութիւնը, որը գնալով աւելի է սրւում: Ընթացող զարգացումները ցոյց են տալիս, որ Էրտողանի կառավարութիւնը եւ յատկապէս անձամբ Էրտողանը այդ դիմակայութեան եւ հակամարտութեան մէջ յայտնուել են բաւական բարդ մի իրավիճակում, երբ նոյնիսկ մեծանում է կասկածամտութիւնը, անվստահութիւնը մերձաւոր շրջապատի նկատմամբ:

Բացի այդ, Թուրքիայի պետական, անվտանգութեան ու դատական համակարգում Կիւլենի հետեւորդների կամ կիւլենականների ներթափանցումը տարիների ընթացքում վերածուել է ցանցային լծակի, ինչով հնարաւոր է դառնում ազդել ներքաղաքական գործընթացների վրայ, առաւել եւս բաւական բարդ մի իրավիճակում դնել հէնց վարչապետ Էրտողանին: Դեռեւս Էրտողանին չի յաջողւում քանդել իր ու իր կառավարութեան համար դեռեւս սպառնալիք ներկայացնող «խորքային կծիկը»: Էրտողան-Կիւլեն հակամարտութեան բացայայտ փուլը թեւակոխել է «հեղինակազրկման պատերազմի» շրջան, երբ մէկը միւսի հետեւից հրապարակւում են թէ՛ Էրտողանի եւ թէ՛ Կիւլենի գաղտնի հեռախօսային զրոյցները: Սրանք ցոյց են տալիս, որ անվտանգութեան համակարգում կիւլենականների դերը բաւական մեծ է, իսկ կառավարութիւնը մեծ հաշուով չի կարողանում լիարժէքօրէն վերահսկել անվտանգութեան մարմիններին: Մի խօսքով, զարգացումները դեռեւս առջեւում են, որոնք լրջօրէն կը սասանեն Էրտողանին ու նրա կառավարութեանը: Բացայայտումները կը շարունակուեն:

Էրտողան     Ալիեւ

Էրտողան                                                                                                                                                         Ալիեւ

Թուրքիայում կիւլենականների դէմ Էրտողանի արշաւն ու հակագործողութիւնները մի տեսակ ստուերում են մի կարեւոր հանգամանք: Այն, որ նոյն կիւլենականները ազդեցութիւն են ձեռք բերել եւ տարածում են ստացել Ազրպէյճանում: Թուրքիայում կիւլենականների դէմ արշաւը կարող է տեղափոխուել այդ երկիր: Իսկ ի՞նչ կը լինի, եթէ Էրտողանը, Թուրքիայում հակակիւլենական արշաւի հետ մէկտեղ պահանջի Ազրպէյճանի իշխանութիւններից` նաեւ Ազրպէյճանում հաշուեյարդար տեսնել կիւլենականների հետ: Ին՞չ կը լինի, եթէ Ալիեւն անցնի գրոհի կամ փորձի Ազրպէյճանում կրկնել Էրտողանին…

Նախ անդրադառնանք Ազրպէյճանում կիւլենական շարժմանը: Ազրպէյճանի անկախացումից յետոյ կիւլենական շարժումը սկսեց աշխուժօրէն ներթափանցել այդ երկիր եւ բաւական արագ կարողացաւ այնտեղ հիմնել իր բջիջները` տարբեր հաստատութիւնների անուան ներքոյ: Դա պայմանաւորուած էր նախ եւ առաջ երկրի նախկին նախագահ Հ. Ալիեւի բարեացակամ վերաբերմունքով, քանի որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան ղեկավար եղած ժամանակ կիւլենական շարժումը նրան բաւական լուրջ օգնութիւն էր ցուցաբերում: Նորանկախ Ազրպէյճանի իշխանութիւնների համար այդ շարժման գործունէութիւնը դիտարկւում էր որպէս կարեւոր գործօն Թուրքիայի հետ յարաբերութիւնների զարգացման համար` յատկապէս կրթական-մշակութային նախատիպի համաթեքստում: Ներկայում էլ այդ շարժումն ամենաշխուժներից է Ազրպէյճանում եւ շարունակական ազդեցութեան մեծացման միտումներ ունի:

Կիւլենական շարժման գործունէութիւնը Ազրպէյճանում, կարելի է ասել, քօղարկուած է եւ այն ուղղակի հակամարտութեան չի գնում շիական կրօնական համակարգին ու աշխարհիկ վարչակարգին: Շարժման գործունէութեան հիմքում դրուած է դանդաղ ու փափուկ գործունէութեան սկզբունքը, ինչն աւելի արդիւնաւէտ է: Կիւլենական շարժման մեծ օրակարգը Ազրպէյճանում պետական ու կրթական համակարգում տարածուելն է, ազդեցութեան ձեռքբերումը:

Ազրպէյճանում կիւլենական շարժումը լայն տարածում է գտնում յատկապէս քաղաքային բնակչութեան շրջանում` շնորհիւ իր լաւ կազմակերպուած կրթական, լրատուական ու գործարար կազմակերպութիւնների եւ դրանով իսկ այն իր հնարաւորութիւններով առանձնանում է միւս իսլամական ուղղութիւններից, որ փորձում են ազդեցութիւն ձեռք բերել այդ երկրում: Այն նաեւ ի տարբերութիւն այլ իսլամական ուղղութիւնների` ուղղակիօրէն կամ բացայայտ չի ներգրաւուում Ազրպէյճանում կրօնի տեղի ու դերի վերաբերեալ քաղաքական սուր քննարկումներին:

gulen-c_G1

Կիւլեն

Կիւլենականութիւնն Ազրպէյճանում ունի մի կարեւոր առանձնայատկութիւն: Այն բաւական զգուշաւոր եւ յարաբերական կրաւորական է գործում զուտ կրօնական տեսանկիւնից` խուսափելով բացայայտ առճակատման մտնել աշխարհիկ կարգերի ու շրջանակների հետ, քանի որ իշխանական վերնախաւն իրեն նոյնպէս համարում է աշխարհիկ: Չնայած, հէնց ազրպէյճանական մի շարք հրապարակումներ են եղել, որոնք փաստում են, որ դա միայն արտաքուստ է եւ շարժման օրակարգը կրօնական է, քան առաջին հայեացքից է երեւոմ: Նոյնիսկ որոշ ազրպէյճանցի փորձագէտներ նշում են, որ այդ շարժումն Ազրպէյճանում ցանկանում է շիիզմը փոխարինել սիւնիական ուղղութեամբ, այն էլ` թուրքական: Չնայած ազրպէյճանական իշխանութիւնների կողմից կիւլենականների դէմ գործադրուող սահմանափակ ճնշումներին` Ազրպէյճանում այն գնալով աւելի է ընդլայնում իր գործունէութիւնը կարեւորագոյն ոլորտներում: Ըստ ազրպէյճանական զանգուածային լրատուամիջոցների` շարժման հետ ուղղակի կամ անուղղակի կապի մէջ են Ազրպէյճանի բարձրաստիճան պաշտօնեաներ, պատգամաւորներ, յայտնի լրագրողներ ու կրթութեան ոլորտի ներկայացուցիրներ:

Չնայած նախկինում կիւլենական շարժումը Ազրպէյճանի իշխանութիւնների համար որպէս այդպիսին սպառնալիք չի ներկայացրել երկրում իսլամական արժեհամակարգի տարածման ու աշխարհիկ կարգերի տեսանկիւնից, ներկայում իրավիճակն այդ առումով կարող է փոխուել:

Այդ շարժումն Ազրպէյճանում քաղաքական լուրջ գործօնի վերածուելու հնարաւորութիւն ունի, եւ դա էլ անհանգստացնում է ալիեւեան քլանին: Հաւանական է, որ միւս խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ արդէն այդ շարժումը աւելի շատ քաղաքական կշիռ ձեռք կը բերի եւ այդ միտումը գնալով կ՛աճի: Կիւլենական շարժման քաղաքական ռազմավարութիւնը աւելի է պարզ դառնում 1999 թ. Ֆ. Կիւլենի կողմից արուած յայտարարութիւնից, որտեղ ներկայացրեց Թուրքիայում իսլամականութեան իր տեսլականը` նշելով, որ շարժման անդամները պէտք է աննկատ ներթափանցեն պետական համակարգ, ճիւղաւորումներ տան, մինչեւ որ հասունանայ իշխանութեան լծակները ձեռք բերելու յարմար պահը: Ըստ Կիւլենի` վաղաժամ քայլեր անելը կարող է կործանար լինել այնպէս, ինչպէս դա եղաւ Ալճերիայում, Սուրիայում եւ Եգիպտոսում: Տուեալ պարագայում, Ազրպէյճանում եւս կիւլենական շարժումը չի կարող լինել զուտ կրթամշակութային շարժում, այլ ուղղակի քաղաքական օրակարգը կախուած է ժամանակի ու միջոցների համատեղումից` Ազրպէյճանում հասունացնելով դրա բազային հիմքերը:

Ալիեւի վարչակազմը կարող է գնալ կտրուկ գործողութիւնների կիւլենական շարժման ազդեցութիւնը կասցենելու ուղղութեամբ եւ դրա նախանշաններն առկայ են: Մի կողմից Ալիեւի վարչակարգը ցանկանում էր հաշուեյարդար տեսնել նաեւ կիւլենականների հետ, սակայն հասկանալով, որ դա ուղղակի կը վտանգէր Թուրքիայի հետ յարաբերութիւնները, էական գործողութիւնների չէր գնում: Ներկայում իրավիճակը փոխուել է, Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները կարող են լրջօրէն անհանգստացնել Ալիեւին:

Հաշուի առնելով այն հանգամանքը, որ զուտ կրօնական գաղափարախօսութեան տեսանկիւնից շարժումը որոշակիօրէն կրաւորական է Ազրպէյճանում, նշանակում է, որ նրա ռազմավարութիւնը քաղաքական նպատակների վրայ է կառուցուած: Դա կարող է լինել քաղաքաբնակների շրջանում իր կրթական-քարոզչական հաստատութիւնների միջոցով մտաւորական սերուցքի աճեցման ու քաղաքական-պետական համակարգում նրանց ներդրման միջոցով հասնել Ազրպէյճանի կառավարող ընտրանիի վրայ լուրջ ազդեցութեան: Մնացեալ դէպքերում, ըստ Ազրպէյճանում կիւլենական շարժման գործունէութեան դիտարկման. անիմաստ ու անպտուղ են դառնում հսկայական ներդրումներն այդ երկրում կիւլենականների կողմից:

Ուստի, Ազրպէյճանում կիւլենական շարժման օրակարգը, կարելի է ասել, աւելի շատ քաղաքական է, քան կրօնական: Թուրքիայում Էրտողան-Կիւլեն հակամարտութեան թէժ շրջանում իշխանութեանը մօտ կանգնած թուրքական որոշ պարբերականներում Ազրպէյճանի պետական ու անվտանգութեան համակարգում, գործարարական ոլորտում կիւլենականների տարածման վերաբերեալ հրապարակումները բնաւ պատահական չէին եւ ազրպէյճանական իշխանութիւններին ուղղուած յստակ ուղերձներներ էին: Թուրքական պարբերականներից մէկը գրել է, որ ինչպէս եւրոպական, այնպէս էլ կիւլենական դպրոցներ ունեցող այլ երկրներում իրաւապահներն անցնելու են գործողութիւնների: Ազրպէյճանն այս առումով առաջնայիններից կարող է լինել: Այն, որ ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ Ազրպէյճանում կիւլենականները կիրառել են այսպէս կոչուած կիւլենական «ինքնութեան քօղարկումը», լուրջ բարդութիւններ է առաջացնում: Թուրքական իշխանութիւնների հրահրմամբ կամ ուղղակի յանձնարարութեամբ ազրպէյճանական իշխանութիւնների գործողութիւնների ձեռնարկումը Ազրպէյճանում կիւլենականների դէմ բաւական ցաւոտ է լինելու Ալիեւի վարչակարգի համար: Այնպէս ինչպէս Թուրքիայում կիւլենականները պահուստային տարբերակով պատրաստուել էին այս օրուան, այնպէս էլ դա արուել է Ազրպէյճանում: Այսինքն` քաղաքական օրակարգի ձեւաւորման համար ստեղծուել են անհրաժեշտ նախադրեալները` բեմագրային տարբեր գործընթացների համար:

«Հեղինակազրկման պատերազմը», որ կիրառւում է ներկայում Էրտողանի դէմ, երկար ժամանակ պատրաստուած գործողութիւն է, որը գործի է դրուել անհրաժեշտութեան պահին: Նոյնը կարող է պատրաստուած լինել եւ ամենայն հաւանականութեամբ էլ այդպէս է, ալիեւեան վարչակազմի դէմ: իսկ Ալիեւի կողմից Ազրպէյճանում կիւլենականների դէմ հաշուեյարդարը առաջնահերթօրէն կը տեղափոխուի հէնց այդ դաշտ, ինչը կը դրսեւորուի Ալիեւի ու ազրպէյճանական վարչակազմի դէմ բազմաթիւ վարկաբեկիչ բացայայտումներով, որոնք կարող են հարուածի տակ դնել Ալիեւի առանց այդ էլ գոյութիւն չունեցող հեղինակութիւնը ներքին ու արտաքին մակարդակներում:

Հաւանականութիւնը մեծ է, որ Թուրքիայի ներքաղաքական արդի գործընթացները տեղափոխուեն Ազրպէյճան: Իսկ Ազրպէյճանում նրանցից յետոյ կիւլենականների քաղաքական օրակարգը գնալով առաւել կազմակերպուած բնոյթ կը կրի` կիրառելով դեռեւս «ինքնութեան քօղարկման» մեթոտը: Ազրպէյճանում հակակիւլենական գործողութիւները կարող են սպառնալ Ալիեւին ու նրա վարչակազմին, իսկ Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից գործողութիւններ չձեռնարկուելու պարագայում այն վերածուելու է ազրպէյճանական ներքաղաքական գործընթացներում լուրջ գործօնի:

 

(Փանորամա)

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )