Թուրքիայի Բնակչութիւնն Աճում Է. Ոչ` Թուրքերի Օգտին

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Turk-HabitationՀայաստանեան լսարանը որոշակի մտահոգութեամբ է ընդունում վերջին տարիներին Թուրքիայում բնակչութեան մշտական աճի վերաբերեալ վիճակագրական տուեալները` ընդունելով, թէ թուրքերի թիւը շարունակաբար զգալի աւելանում է:

Վերջին 2-3 տարիներին մեր արեւմտեան հարեւանի բնակչութիւնն աճում է միջինը 1 միլիոնով: Այս աճը, սակայն, մեծ հաշուով պայմանաւորուած չէ  թուրքերի բազմանալով, այլ մեծապէս, թէեւ ոչ ամբողջապէս կապուած է հարեւան երկրի քիւրտ  բնակչութեան աւելանալու հետ:

Այս ամէնը լաւ պատկերացնելու համար դիմենք քարտէսի օգնութեանը, պաշտօնական ու ոչ պաշտօնական տուեալներին եւ թեմայի վերաբերեալ մեր գիտելիքներին:

Թուրքիայի վիճակագրական ծառայութիւնը 2014 յունուարին յայտարարեց, որ Թուրքիայի բնակչութիւնը 76,667,864 մարդ է: 2012-ի համեմատ այս թիւն աճել է 1,040,480 հոգով: Թուրքիայի բնակչութեան 50,2 տոկոսն արական սեռի ներկայացուցիչ է, 49,8 տոկոսը` իգական սեռի: Թուրքիայի բնակչութեան միջին տարիքը 30,4 է, ինչը 2012-ի համեմատ բարձր է 0,3-ով: Թուրքիայում բնակչութեան թուով առաջատարը Պոլիս նահանգն է (14,1 միլիոն), որին հետեւում են Անգարան (5,5 միլիոն) ու Զմիւռնիան (4,6 միլիոն):

Սա որոշ տուեալներ` ընդհանուր պատկերացում կազմելու համար, իսկ հիմա փորձենք ըստ Թուրքիայի նահանգների պատկերացնել, թէ ո՞ր ցեղային խմբի մօտ է ժողովրդագրութեան շեշտակի աճ եւ միջին տարիքի ցածր ցուցանիշ գրանցւում: Վիճակագրական ծառայութեան տուեալներից պարզ է դառնում, որ Թուրքիայում ծնելիութեան ամենաբարձր ցուցանիշն ու ամենաերիտասարդ բնակչութիւնը երկրի հարաւարեւելեան շրջաններում են, որոնք մեծ մասամբ քրտաբնակ են: Բնակչութեան միջին տարիքով ամենաերիտասարդ նահանգներն են Շըռնաքը (18,7), Ուրֆան (19) եւ Աղրըն (Արարատեան նահանգ) (19,7),  որոնք ունեն հիմնականում քիւրտ բնակչութիւն, իսկ Ուրֆայում ապրում են նաեւ մեծաթիւ արաբներ:

Իսկ ահա, այսպէս ասած, թուրքաբնակ նահանգներից մի քանիսն առաջատար են բնակչութեան «ծերութեամբ»: Այսպէս, Սինոփում, Պալըքեսիրում ու Էտիրնէյում բնակչութեան միջին տարիքը 37-38 է, ինչը Թուրքիայի ամենաբարձր ցուցանիշն է: Եւ մինչ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրտողանը վերջին տարիներին շարունակում է իր երկրի քաղաքացիներին (ի հարկէ, իր կոչերը ոչ բացայայտ հասցէագրելով թուրքերին) յորդորել «առնուազն երեք երեխայ ունենալ», նրա կոչը կարծես արձագանգ է ունենում Թուրքիայի քիւրտ քաղաքացիների շրջանում:

Թուրքաբնակ նահանգներում բնակչութեան «ծերացմանը» քրտաբնակ շրջանները հակադրում են բաւական երիտասարդ բնակչութեամբ, ինչը ցոյց է տալիս, թէ վերջին տարիներին որքան բարձր է ծնելիութեան մակարդակը քրտերի շրջանում:

Այսպիսով, պէտք է արձանագրել, որ թէեւ Թուրքիայում բնակչութիւնը շարունակաբար աճում է, սակայն հիմնականում դա լինում է ոչ թուրքերի օգտին, իսկ աւելի յստակ` գերազանցապէս քիւրտ բնակչութեան շնորհիւ:

Ըստ տարբեր պաշտօնական եւ ոչ պաշտօնական տուեալների, Թուրքիայում քրտերի թիւը հասնում է մինչեւ 20 միլիոն մարդու, որը կազմում է մեր արեւմտեան հարեւանի ամբողջ բնակչութեան շուրջ 25 տոկոսը, իսկ այդ տոկոսը շարունակում է աճել ու աճել: Ի հարկէ, բաւական բարդ է յստակ իմանալ Թուրքիայում բնակուող քրտերի թիւը, քանի որ տասնամեակներ շարունակ նրանք մարդահամարներում եւ պետական վիճակագրութիւններում որպէս թուրք են նշուել, ինչպէս եւ պահանջում է Թուրքիայի սահմանադրութիւնը:

Այնուամենայնիւ, քրտական բնակչութեան սոյն ժողովրդագրական պատկերի պահպանումն ապագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել  թուրքերի եւ ընդհանրապէս Թուրքիայի համար: Ներկայ կշռոյթով քրտական բնակչութեան «մասնաբաժինը» շարունակելու է աճել Թուրքիայի բնակչութեան մէջ, իսկ այդ դէպքում քրտական հարցն աւելի սուր բնոյթ է ընդունելու եւ դամոկլեան սրի նման կախուելու է Թուրքիայի Հանրապետութեան վրայ:

Քիւրտ բնակչութեան շարունակական աճը ներկայիս Թուրքիայի արեւելեան եւ հարաւարեւելեան նահանգներում պէտք է որ հետաքրքրի նաեւ հայերին, չէ՞ որ  հայկական պատմական տարածքներն այժմ հիմնականում բնակեցուած են հէնց քրտերով, որոնց թիւը միայն ու միայն աւելանում է Արեւմտեան Հայաստանում:

«Թրքագիտական Փոսթալ»

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )