Կարս-Ախալքալաք Երկաթուղին. Թուրքիան Եւ Ազրպէյճանը Խորացնում Են Հայաստանի Մեկուսացումը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Շուրջ մէկ տարի յետոյ շահագործման կը յանձնուի Հայաստանը շրջանցող եւ մեկուսացնող հերթական նախագիծը` Կարս-Ախալքալաք երկաթուղին, որով միմեանց հետ կը կապուեն Ազրպէյճանն ու Թուրքիան: Կարսից մինչեւ Ախալքալաք երկաթուղու երկարութիւնը 105 քիլոմեթր է, որից 76 քիլոմեթրը Թուրքիայի տարածքում, 29 քիլոմեթրը` Վրաստանի: Վրացական հատուածում երկաթուղին անցնում է բացառապէս հայկական գիւղերի տարածքով: Կարս-Ախալքալաք հատուածը կառուցւում է 2008 թուականից, երբ Թուրքիայի, Վրաստանի եւ Ազրպէյճանի նախագահների մասնակցութեամբ տրուեց այդ նախագծի մեկնարկը Կարս քաղաքում:

Հիմնարկէքի օրը ես Կարսում էի: Դա 2008-ի յուլիսի վերջերն էր: Նախագահներ Ապտիւլլա Կիւլը, Միխայիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը խօսում էին այս նախագծի պատմական կարեւորութեան մասին, որ այդ երկաթուղով միմեանց հետ կապուելու են ոչ միայն Ազրպէյճանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղիները, այլ Եւրոպան է կապուելու Հարաւային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հետ: Նախօրէին ես հնարաւորութիւն էի ստացել Կարսի քաղաքապետարանում հարցեր ուղղել Ապտիւլլա Կիւլին: Թուրքիայի նախագահը, ինչպէս իւրաքանչիւր թուրք պաշտօնեայ, ասաց, որ Հայաստանն էլ կարող էր մաս կազմել տարածաշրջանային տնտեսական եւ ուժանիւթի նախագծերին, եթէ լուծում տրուի ղարաբաղեան հակամարտութեանը:

Այդ օրերից անցել է մօտ վեց տարի: Մի քանի օր առաջ ես ուղեւորուեցի Ջաւախք` տեսնելու, թէ ի՛նչ ընթացք ունի երկաթուղու շինարարութիւնը: Երկաթուղին Թուրքիայի տարածքից Վրաստան է մտնում հայկական Կարծախ գիւղի մօտ: Ի դէպ, առաջիկայում հէնց Կարծախ գիւղի մօտ բացուելու է վրաց-թուրքական երրորդ սահմանադուռը: Կարս, Արտահան, Անի եւ Արեւմտեան Հայաստանի քաղաքներ մեկնող հայ ուխտաւորները աւելի շատ կ՛օգտուեն այս նոր անցակէտից, քանի որ այն աւելի մօտ է Հայաստանին: Այսպէս, Երեւանից մինչեւ Կարս ճանապարհը կը կրճատուի շուրջ 200 քիլոմեթրով:

Կարս-Ախալքալաք երկաթուղու վրացական հատուածում առաջին կայարանը լինելու է հէնց Կարծախում: Ճամբեզրին վահանակի վրայ մի պաստառ կար, որի վրայ նկարուած էր այդ կայարանի պատկերը: Կայարանի շէնքը, սակայն, դեռ չի կառուցուել: Ընդհանրապէս, երբ անցայ երկաթուղու երկարութեամբ, իմ մօտ տպաւորութիւն ստեղծուեց, որ շինարարութեան աւարտի հետ կապուած դժուարութիւններ կան: Գուցէ խնդիրը կրկին կապուած է ֆինանսաւորման հետ: Նախապէս ասւում էր, որ շինարարութիւնը կ՛արժենայ 420 միլիոն տոլար: Շինարարութեան ընթացքում այդ թիւը ակնյայտօրէն աճեց` անցնելով 600 միլիոն տոլարի սահմանը:

Կարծախ գիւղից յետոյ նորակառոյց երկաթուղին անցնում է հայկական Պոզալի, Սուլտա, Վաչիան բնակավայրերի հարեւանութեամբ` միանալով Ախալքալաք-Թիֆլիսի երկաթուղուն: Աւելի քան հարիւր տարի առաջ կառուցուել եւ մինչեւ վերջերս գործել է Ջաւախքի կենտրոն Ախալքալաքը Վրաստանի մայրաքաղաքին կապող երկաթգիծը: Կարս-Ախալքալաք նորակառոյց երկաթուղին չի մտնում Ախալքալաք, այլ անցնում է քաղաքից մօտ 10 քիլոմեթր հեռաւորութեամբ: Նորակառոյց, սակայն դեռ չաւարտուած Ախալքալաք միջազգային երկաթուղային կայարանը գտնւում է հայկական Ջիգրաշէն գիւղից ոչ հեռու:

Ինչպէս այս, այնպէս էլ միւս հայկական գիւղերում մարդիկ պատմեցին, որ շինարարութեան ընթացքում տեղի աշխատուժը գրեթէ չի օգտագործուել: Քանի որ շինարարութեան գումարը տրամադրել են ազրպէյճանցիներն ու թուրքերը, նրանք էլ որոշել են, թէ ովքեր պէտք է աշխատանք ունենան:

Ախալքալաքի «Նոր ակունք» թերթի խմբագիր Մելս Թորոսեանը, ինչպէս ջաւախահայերի մեծամասնութիւնը, կարծում է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղին վտանգելու է Պաթումի եւ Փոթիի նաւահանգիստների ամբողջ ծանրաբեռնուածութեամբ աշխատանքը: «երկաթգծի կառուցումը որքան կապուած է Հայաստանի շրջափակման հետ, նոյնքան էլ ուղղուած է Վրաստանի դէմ: Շինարարութիւնից սկսած` մրցոյթները շահում են ազրպէյճական ընկերութիւնները, հայերը շատ ցածր են վարձատրւում», ասում է Թորոսեանը:

Կարս-Ախալքալաք երկաթուղին զուտ հակահայկական ծրագիր է, նպատակ ունի ամբողջութեամբ Հայաստանը մեկուսացնել արտաքին աշխարհից, ասում է Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանը:  «Սա իսկապէս զուտ քաղաքական նախագիծ է: Նախ մինչեւ Հայաստանի շրջափակման հարցին հասնելը ասեմ, որ թուրքերն ու ազրպէյճանցիները երբեք չեն թաքցրել իրենց յաւակնութիւնները ցամաքային  սահման ունենալ Ջաւախքի տարածքում: Թուրքիայի նախագահը վերջերս յայտարարեց, որ իրենք իրենց մահմետական եղբայրների հետ ցամքային սահման պէտք է ունենան, եւ ամենակարճ ճանապարհը դա Ջաւախքի տարածքն է: Բացի Կարս-Ախալքալաք երկաթգծից, Ջաւախքի հիւսիսային հատուածով անցնում է Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթամուղը: Դեռ նաւթամուղը կառուցելու ժամանակ Փաքիստանից էին անգամ բերում բանուորներ, բայց չէին ընդգրկում տեղի ժողովրդին: Նոյնն արուել է Կարս-Ախալքալքի դէպքում, չնայած կարող է թուով մի քանի հոգի հայ մարդիկ աշխատած լինեն», ասում է Գաբրիէլեանը:

Ախալքալաքի նորակառոյց կայարանից մինչեւ Թիֆլիս եւ Պաքու երկաթգիծ գոյութիւն ունի: Որոշ հատուածներում այն վերանորոգման կարիք ունի, առաջին հերթին` Ախալքալաք-Մարապտա (Թիֆլիսից ոչ հեռու) 160 քիլոմեթր երկարութեամբ հատուածում:

Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման անհրաժեշտութեան մասին առաջին անգամ բարձրաձայնուեց 1993-ին, երբ Թուրքիան` ի համերաշխութիւն Ազրպէյճանի, փակեց Կարս-Գիւմրի երկաթգիծը: Եթէ Հայաստանի ու Ազրպէյճանի եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ խնդիրներ չլինէին, ապա Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման անհրաժեշտութիւն չէր լինի, քանի որ Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ երկաթուղային կապ գոյութիւն ունի, այն է` Պոլիս-Անգարա-Կարս-Գիւմրի-Թիֆլիս-Պաքու:

Ախալքալաքի «Վիրք» կուսակցութեան համահիմնադիր Դաւիթ Ռստակեանը Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագիծը համարում է բացառապէս քաղաքական: «Դրա նպատակն է թուրքական աշխարհի երկու մասերը` Թուրքիան եւ Միջին Ասիան կապել իրար», ասում է նա:

Ջաւախքի հայութիւնը վստահ չէ, որ կարողանալու է օգտուել Կարս-Ախալքալաք երկաթուղուց: Հայ-ազրպէյճանական այսօրուան թշնամութեան պայմաններում դժուար է պատկերացնել, որ Ախալքալաքի կայարանից հայերը յատկապէս` Հայաստանի քաղաքացիները, որոնք կը ցանկանան հասնել Կարս կամ Թուրքիայի այլ քաղաք, կը նստեն մի գնացք, որը դուրս է գալիս Պաքուից, եւ որի վակոններում կը լինեն ազրպէյճանցիներ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )