Հայկական Ինքնութեան Փնտռտուքներով` Դէպի Սեբաստիա

ԱՆՆԱ ՄՈՒՐԱՏԵԱՆ

Hetq_p-1«Քանի՞ հայ կայ աշխարհում,- հարցնում է Պոլսի բնակիչ, իսլամադաւան հայ Շերեֆ Քարթալն ու լսելով պատասխանն` ասում. ես ու իմ ընտանիքն այդ 13 միլիոնի մէջ ենք»:

50-ամեայ Շերեֆի ինքնութիւնը հայկական է. նա իրեն ու իր  երկու որդիներին հայ է համարում, սակայն Պոլիսում թաքցնում է իր հայ լինելը, մինչդեռ հարազատ Էզպիտար գիւղում բոլորն էլ գիտեն, որ Քարթալները թէպէտ մահմետական, սակայն հայ են:

«Ես կեաւուր եմ, կեաւուր հայ», կատակով ասում է Շերեֆի միջնեկ եղբայր Շէնել Քարթալը` նկատի ունենալով, որ ինքն այդ բառին այլեւս նշանակութիւն չի տալիս: Բայց այն, որ հայ լինելը մինչեւ հիմա էլ Թուրքիայի գաւառներում վտանգաւոր է, ակներեւ է դառնում հէնց այն փաստից, երբ ինձ խնդրում են չասել ազգութիւնս, եւ ներկայացնում են որպէս ամերիկացի լրագրող:

Աքընճըլարում եմ, Քարթալ եղբայրների հայրական գիւղում, որի հին անունն Էզպիտար է: Քարթալների համար իրենց գիւղը մինչեւ հիմա էլ Էզպիտար է, իսկ իրենք` Հայրապետների ժառանգորդները:

Հայրապետների տան սենեակներից

Հայրապետների տան սենեակներից

Էզպիտարը Սեբաստիայի` այժմ Աքընճըլար անունով 17 գաւառակներից մէկն է, բաղկացած է 30 մանր ու մեծ գիւղերից: Շերեֆ Քարթալի հետ երկար ուղեւորութիւն ենք կատարում Պոլիս-սեբաստիայ ապա երթուղայինով` Սեբաստիայից մօտ 150 քմ դէպի հիւսիս-արեւելք ընկած Աքընճըլար: Ճանապարհին, երբ մի պահ երթուղայինը կանգնում է, Շերեֆը, մատնացոյց անելով գաւառակների անունները կրող ցուցանակները, ասում է. «Սրանք բոլորը հայկական գիւղեր ու բնակավայրեր են»:

Միմեանց են յաջորդում Զարա, Կիւրիւն, Իշխան, Սուշեհրի (Էնտերես), Եշիլ-Եայլա (Փիւրք) գաւառակներն ու գիւղերը, որտեղ Ցեղասպանութիւնից առաջ հայկական բնակչութիւնը եղել է գերակշռող: Եղել են, ասում է Շերեֆը: Այժմ, սակայն, չեն, որովհետեւ բոլոր այդ գիւղերում եւ բնակավայրերում ոչինչ այլեւս հայկական չէ, ու հայկական ներկայութիւն գտնելու համար պէտք է «մանրադիտակով զինուել»: Այդպիսի մի նշան Էզպիտարի տներից մէկի հիմքում ընկած հայերէն արձանագրութիւններով մի քար է: «Եկեղեցու քարերից մէկն է»,- ասում է Շենել Քարթալը:

Եկեղեցիներ բնականաբար չկան: Միակը Աքընճըլարից 15 քմ դէպի հարաւ-արեւմուտք ընկած Կէօլիւճէ գիւղում, հին անունը` Ապանա, ճակատագրի կամքով պահպանուած սուրբ Պօղոս-Պետրոս եկեղեցու աւերակներն են, որոնք վերածուել են աղբանոցի:

Պօղոս-Պետրոս եկեղեցու աւերակները

Պօղոս-Պետրոս եկեղեցու աւերակները

«Զբօսաշրջիկ է, թուրքերէն չգիտի»,- դուրս եկած գիւղացիներին ինձ կարճ ներկայացնում է Շէնելի աւագ որդի Եատիկեարը, մինչ կը լուսանկարէի եկեղեցու կանգուն մնացած մի քանի պատերն ու խորանները:

Շերեֆ Քարթալի հետ ծանօթացայ անցեալ տարի` իսլամացուած հայերին նուիրուած առաջին խորհրդաժողովում, ու ծանօթացայ նրա գերդաստանի պատմութեանը: Իսլամացուած հայերի մասին ուսումնասիրութիւնների համաձայն, Քարթալների ընտանիքը կարող է դասուել ծպտեալ հայերի շարքին:

Հայրապետների տան բակում

Հայրապետների տան բակում

Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն իր «Իսլամացուած հայերի խնդրի շուրջ» աշխատութիւնում իսլամացուած հայերին բաժանում է երկու խմբի` ծպտեալ հայեր, որոնք, թէկուզեւ քօղարկուած, սակայն ունեն հայկական ինքնագիտակցութեան որոշակի տոկոս եւ ձգտում են պահպանելով այն` փոխանցել իրենց սերունդներին, եւ` հայերի սերունդներ, որոնց նախնիները բռնի իսլամացուել են, նրանց գերակշիռ մասը գիտի իր հայկական ծագման մասին, սակայն աւելի քիչ են պահպանել ազգային-կրօնական սովորոյթների տարրերը:

Շերեֆի համար շատ կարեւոր է իր հայ լինելն ու հողը: Իրենց պատկանած հողը, որը Ցեղասպանութեան ժամանակ նրանցից խլել են, նրանք աստիճանաբար նորից յետ են գնում: Շրջակայքում պտտուելիս, մատնացոյց անելով այս կամ այն դաշտը, Շերեֆը հպարտօրէն նշում է, որ դրանք այժմ պատկանում են իր եղբօրը: Շենելը համարւում է Աքընճըլարի թուով երրորդ ունեւոր ընտանիքը, իսկ Հայրապետները ժամանակին նոյնպէս եղել են Էզպիտարի հարուստ ընտանիքներից մէկը:

«Այս հողը, այս դաշտերն իմ եղբօրն են»,- այս կամ այն դաշտի կողքին մեքենան կանգնեցնելով ու իրենց ընտանեկան հողի յետնապատկերին շարունակաբար լուսանկարուելով` հպարտօրէն նշում է Շերեֆը:

Քարթալ եղբայրներն իրենց պատկանող հողում

Քարթալ եղբայրներն իրենց պատկանող հողում

Յետոյ իրիկնանում է, ու գնում ենք Էզպիտարով պտտուելու: Աքընճըլարն այժմ մօտ 3000 բնակչութիւն ունեցող գիւղաքաղաք է, որը հեռաւոր հայկական գիւղի հետ, որտեղ մօտ 100 տարի առաջ մարդկանց խարոյկի վրայ վառել ու կոտորել են, ոչ մի աղերս չունի: Շենելը պատմում է, որ գիւղի հայկական գերեզմանները չկան, ու դրանց տեղում տներ են կանգնած:

Աքընճըլարի կենտրոնական մասում գտնւում է միակ հայկական տունը` Եղիայի որդի Սեֆեր Հայրապետի տունը, որտեղ էլ ծնուել են նրա հինգ զաւակները` երեք որդիներ Շերեֆը, Շենելն ու Շիրինն ու երկու դուստրերը: Այն դեռեւս վստահ կանգնած է. փոքր, նեղլիկ ու ցածր առաստաղներով սենեակներ, խոհանոց եւ սանհանգոյց, իսկ առաջին յարկում պատի մէջ փորուած օճախն է, որի շուրջ նրանք հաւաքուել ու լսել են իրենց գերդաստանի պատմութիւնը: Շէնելը, սակայն, տան որոշ հատուածներ վերածել է պահեստի պէս մի շինութեան, իսկ ինքը դրանից քիչ հեռու կառուցել է չորս յարկանի մի շէնք, որի երեք յարկերը բնակարան են` նախատեսուած իր երեք որդիների համար, իսկ առաջին յարկում էլ խանութ-պահեստ է:

Հայրապետների տան սենեակներից

Հայրապետների տան սենեակներից

Երկրորդ յարկում գտնուող բնակարանում, որտեղ ապրում է Եատիկեարը կնոջ եւ երկու երեխաների հետ, իտէալական մաքրութիւն է. կօշիկները պէտք է հանել հէնց շքամուտքին, եւ տանը բոլորը ոտաբոպիկ են: Բոլոր իրերը դասաւորուած են թանգարանային խնամքով եւ ունեն իրենց ճշգրիտ տեղը:

Սկսում ենք զրուցել Հայաստանից, դեսից-դենից: Իմացածս կիսատ-պռատ թուրքերէնով քիչ ու միչ պատմում եմ Հայաստանից, իսկ իրենք հարցնում են. Հայաստանում թուրքերէն իմացող աղջիկ կա՞յ: Շենելի երեք որդիներից միայն Եատիկեարն է ամուսնացած: «Մեր նման յոյնի հետ»,- ասում է Շերեֆը: Նկատի ունի` մահմետականացուած յոյնի: Շենելի երկու որդիներն ամուրի են, սակայն արդէն ամուսնանալու տարիքն է:

Շերեֆն ու Եատիկեարն իրենց հողում

Շերեֆն ու Եատիկեարն իրենց հողում

«Կ՛ուզէի՞ր տղաներդ հայ հարս բերէին»,- հարցնում եմ, ու հոգսաշատ Շենելի դիմագծերը հետզհետէ բացւում են, ու փոքրիկ մի ժպիտ սրտի ներսից կամացուկ ծնւում ու տարածւում է դէմքին: Իսկ Շերեֆն անմիջապէս վրայ է բերում. «Հայ աղջի՜կ, փահ»: Նկատի ունի` հայ աղջիկը մուրա՛զ է, մուրա՛զ: Սելիմը` Շենելի փոքր որդին, լուռ եւ երանելի ժպիտով համաձայնւում է:

Շենելն աչքերը շողացնելով հարցուփորձ է անում Հայաստանից, հայ աղջիկներից, մտածում է, թէ հայ աղջիկն, ախր, իրենց գիւղը չի գայ: Յետոյ էլ լեզուի հարց կայ: Ասում եմ, որ Ցեղասպանութիւնից յետոյ Կարսի կողմից Գիւմրիի ու Ախալքալաքի կողմերում հանգրուանած գիւղերում մեծերը մինչեւ հիմա թուրքերէն են խօսում, ու փոքրերն էլ քիչ ու միչ գիտեն:

Խօսակցութիւնն ընդհատւում է, երբ մօտենում է Շենելի աշխատողներից մէկը` ծնունդով Թոքաթից Ճեմալը, որը քորշակ-Փորիչով վարում է նրանց հողերը: Եատիկեարը, որ մինչ այդ աշխուժ զրուցում եւ ժպտալով քննարկում էր Հայաստանից հայ հարս ունենալու հնարաւորութիւնները, իսկոյն խոժոռւում է ու աչք-ունքով նշան անում, որ թեման փակեմ:

Անցնում ենք այլ խօսակցութիւնների, երբ պարզում եմ, որ խորովածի համար 7 քիլոկրամ միս են գնել. գնում ենք Հայրապետների հայրական տան բակում խորոված կամ, ինչպէս իրենք են ասում, «շիշ-քեպապ» ուտելու: Ցածր սեղանի շուրջ, որի վրայ աստիճանաբար լցւում են հաց, հիւթեր, միրգ եւ պարզ ափսէներ, հաւաքուած են ընդամէնը 5 տղամարդ. Շերեֆը, Շենելը, նրա երկու որդիները, Ճեմալն ու ես: Կանայք ու երեխաները Պոլսում էին: «Կը գրես 5 տղամարդով 7 քիլոկրամ միս կերան,- ծիծաղելով ասում է Շենելը,- բայց սա մենք չենք,- աւելացնում է,- Ճեմալը ճանավար է»:

Հայրապետների տան բակում

Հայրապետների տան բակում

Ճեմալը բարեսիրտ արտաքինով ու ժպտերես անձնաւորութիւն էր, Շենելի աշխատողը, սակայն նրա մօտ խուսափում են արտասանել անգամ հայ բառը, թէպէտ Քարթալներն այս գիւղի միակ մարդիկ են, որոնք բացէ իբաց ասում են, որ հայ են: Շենելն ասում է, որ իրենց գիւղում եւս մի քանի ընտանիքներ կան, որոնց մասին բոլորը գիտեն, որ հայեր են, սակայն իրենք կտրականապէս ժխտում են իրենց հայ լինելու մասին լուրերը: Նրանք մզկիթներում ամէն օր աղօթում են: Շենելը, թէպէտ մահմետական է, սակայն մզկիթ չի գնում, ասում է, որ դա իրեն չի հետաքրքրում, ու դրա կարիքը չունի:

Եկեղեցու քար` գիւղի բնակիչներից մէկի տան հիմքում

Եկեղեցու քար` գիւղի բնակիչներից մէկի տան հիմքում

Քարթալների նման շրջակայ գրեթէ բոլոր գիւղերում ու գաւառակներում էլ մէկ-երկու ընտանիքներ կան, որոնք ընդունում են իրենց հայ լինելն ու այդ մասին բացէիբաց ասում:

12 հազար բնակչութիւն ունեցող Զարայում ապրող դարբին Համբարես Քիւմիւրճիւն եւս հայ է, իր խօսքով` Զարայի միակ հայը: Նա պատմում է, որ Ցեղասպանութիւնից առաջ Զարայում շատ քիչ թուրքեր են եղել, բնակչութեան մեծամասնութիւնը հայեր են եղել, իսկ վաճառականներն ու արհեստաւորները բոլորը հայեր են եղել, սակայն հիմա նրանք չկան:

Համբարես Քիւմիուրճիւ

Համբարես Քիւմիուրճիւ

«Սակայն այստեղ բազմաթիւ ծպտեալ հայեր կան,- ասում է նա,- նրանց որդիները չգիտեն, որ իրենց ծնողները հայեր են, բայց ես գիտեմ, որ այսինչի հայրն ու պապը հայեր են եղել»: Համբարեսի երկու որդիների կանայք թուրքեր են: Ասում է, որ սիրել են ու սիրով են ամուսնացել, երրորդ որդին արդէն նշանուած է, դարձեալ` թուրքի հետ: Ինքն էլ արդէն երկու թոռ ունի` աղջիկ եւ տղայ:

Սակայն ի տարբերութիւն Քարթալների` Համբարեսը նաեւ քրիստոնեայ է, անձնագրում կրօնական պատկանելութեան մասում գրուած է քրիստոնեայ:

Արեւմտեան Հայաստանի` ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող բազմաթիւ հայկական ինքնութիւն ունեցող մարդկանց կենցաղն ու իրենց հայ լինել-չլինելու մասին մօտեցումներն հասկանալու համար խորը ուսումնասիրութիւններ են անհրաժեշտ: Կարճ ուղեւորութեան ընթացքում հանդիպեցի մարդկանց, որոնց կարելի է դասակարգել չորս խմբի. մարդիկ, որոնք բացէիբաց ասում են, որ իրենք հայ են, եւ նրանց անձնագրում գրուած է քրիստոնեայ, մարդիկ, որոնք թէպէտ մուսուլման են, սակայն իրենց հայ են զգում եւ կենցաղավարութիւնում պահպանում են հայկական որոշ աւանդոյթներ, բայց կախուած դէպքից եւ տեղից` թաքցնում են իրենց հայ լինելը, մարդիկ, որոնք կտրականապէս ժխտում եւ թաքցնում են իրանց հայկական արմատները, թէպէտ շրջապատում բոլորն էլ գիտեն, որ նրանք հայեր են, եւ մարդիկ, որոնք ունեն թուրքական ինքնութիւն, սակայն նրանց հիմնականում տատերը եղել են հայեր:

Իմանալով, որ հայկական ինքութեամբ մարդկանց եմ փնտռում, Սուազում ինձ մօտեցաւ ծնունդով Կանգալ գաւառակից 21-ամեայ մի երիտասարդ` Սեզար Չոպանն ու ասաց, որ իր մայրական տատը հայ է եղել: «Իմ հայրը թուրք է,- ասում է նա,- իսկ երբ մայրս 4 տարեկան էր, նրա մայրը մահացել է, ու բոլորն ասում էին, որ նա հայ էր»:

Սեզարի ինքնութիւնը թուրքական է, սակայն իր խօսքով նա ներքին մտերմութիւն է զգում հայերի հետ: Նա ասում է, որ Քանկալում երկու հայ ընտանիք կայ, որոնց հետ իր ընտանիքը շփւում է: «սակայն այստեղ (նկատի ունի Սուազում, այսինքն` նահանգում) Պոլսի եւ Անգարայի նման չէ, ժողովրդավարութիւն չկայ, ու մարդիկ թաքցնում են իրենց ով լինելը»,- ասում է նա:

Պոլսի միջազգային կազմակերպութիւններից մէկում աշխատող մի թուրք աշխատակից, որը չցանկացաւ ներկայանալ, ասում է, որ իր մայրական տատի մասին յայտնի է, որ 13 տարեկան հասակում նրան տուել են թուրք ընտանիքի խնամակալութեանը:

«Մայրս մի քանի տարի առաջ միայն սկսեց խորհել այդ մասին ու մեծ վիշտ է ապրում, թէ ինչու, երբ տատս կենդանի էր, նրան երբեք չտուեց այդ հարցը, թէ ի՛նչ պատճառով են նրան տուել թուրք ընտանիքին»,- ասում է նա:

Նրա մայրը, որն արդէն մեծահասակ է, մի քանի տարի առաջ որդուն խնդրել է տանել իր մօր գիւղը, որտեղ նա եղել էր ընդամէնը մէկ անգամ, իսկ որդին` երբեք: Խօսքն Արեւմտեան Հայաստանում գտնուող Էրզնճան (Երզնկա) գաւառի Քեմահ գաւառակի, ներկայում` Եուճուպելէն կոչուող գիւղի մասին է, որի հին անունը եղել է Ուսքիւպուրթ: Նա պարզել էր, որ գիւղի հայկական անունը Ոսկեպար է:

«Մայրս գլխի էր ընկնում, որ իր մայրը հայ է, ու մենք գնացինք այնտեղ` հարց ու փորձ անելու եւ որոշ տեղեկութիւններ պարզելու,- պատմում է նա,- ոչ մի փաստական տուեալ, բնականաբար, չյաջողուեց գտնել, մենք զրուցեցինք մարդկանց հետ, եղան մարդիկ, որոնք ժխտեցին, թէ այնտեղ հայեր են ապրել, սակայն եղան մարդիկ, որոնք ասացին, որ Ցեղասպանութիւնից (նա օգտագործում էր Ցեղասպանութիւն բառը) առաջ տեղի բնակչութեան մեծամասնութիւնը հայեր էին: Մենք այլեւս երբեք չենք կարող պարզել, թէ արդեօ՞ք իսկապէս տատս հայ է եղել, սակայն միակ ապացոյցը, որով կարելի է ենթադրութիւն անել, այն է, որ մայրս պատմում է, որ երբ ինքը փոքր է եղել, տատս ձու է ներկել»:

Վաղ առաւօտեան, մոլլայի ձայնից արթնանալով, խորհում եմ այս ամէնի մասին, երբ Շերեֆը ձայն է տալիս, որ գնալու ժամանակն է: Անցնում ենք նորից կանաչ ու խնամուած դաշտերի միջով: Շուտով Եատիկեարը զանգում է` ասելով, որ տանն եմ թողել տեսախցիկի: Մինչ նա կը բերէր, կանգնած ենք Հայրապետներին պատկանող մի դաշտի եզրին:

«Այստեղ օդը շատ մաքուր ու ջինջ է,- ասում է Շերեֆը,- որովհետեւ այդ դաշտերում հայի հոգի է թեւածում»:

Ճանապարհորդութիւնը դէպի Սեբաստիա հնարաւոր է դարձել «Հրանդ Տինք» հիմնադրամի ճանապարհորդական դրամաշնորհի աջակցութեամբ:

«Հետք»

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )