Ինչպէս Եւ 100 Տարի Առաջ

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

AA_gen-1AA_gen-2

 

 

 

Մարդկութիւնը ախտամերժութիւն ձեռք չի բերել ցեղասպանութիւնների նկատմամբ: Պատճառները բազմաթիւ են, այդ թւում նաեւ այն, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը` հայերի նկատմամբ, ոչ բոլորն են, այսպէս ասած, «ապացուցուած համարում», եւ բազմաթիւ երկրներ զուտ քաղաքական, նաեւ տնտեսական պատճառներով հրաժարւում են ընդունել ակնյայտ փաստերը: Այնքան ժամանակ, մինչեւ միջազգային յարաբերութիւններում չգործեն որոշակի բարոյական կանոններ, այլ շարունակեն գործել միայն քաղաքական եւ տնտեսական հաշուարկներ, ցեղասպանութիւնները կրկնուելու են: Եզիտիները շատ հին ազգ են կամ կրօն են` այստեղ կարծիքները տարբեր են, բայց դա տուեալ դէպքում էական չէ:

Եզիտիների ժամանակագրութեան մէջ հիմա 86-րդ դարն է` դա քաղաքակրթութեան մի շերտ է, որը մարդկութիւնը պարտաւոր է պահպանել: Բայց նրանք, ովքեր հիւսիսային Իրաքում զինում են եւ թեւ են տալիս ծայրայեղականներին` Սէուտական Արաբիան, Թուրքիան, որոշ ժամանակ նաեւ` Միացեալ Նահանգները, խորապէս անտարբեր են քաղաքակրթութեան հանդէպ եւ հետապնդում են դարձեալ իրենց տնտեսական եւ քաղաքական շահերը:

AA_gen-3AA_gen-4

 

 

 

Ես չեմ հաւատում, որ մի խումբ կրօնական մոլագարներ իրենք իրենցով կարող են ծանր սպառազինութիւն օգտագործելով պատերազմ վարել, տարածքներ նուաճել եւ մի ամբողջ ժողովրդի` եզիտիների, ինչպէս նաեւ` ասորիների, քրիստոնեայ արաբների ցեղասպանութիւն իրագործել: Այն, ինչ կատարւում է այսօր Իրաքի հիւսիսում, ի հարկէ, պետութիւնների աշխարհաքաղաքական խաղի մի մասն է: Բայց հազարաւոր սպաննուած խաղաղ եզիտիների ու ասորիների, քրիստոնեաների կամ շիա մահմետականների հարազատների համար, տեղահանուած եւ սարերում սովից կոտորուող մարդկանց համար այդ խաղերը դարձել են քիչ է ասել ողբերգութիւն` իսկական դժոխք:

Ամերիկացիներն ու եւրոպացիներն այս հարցում դրսեւորում են հիմնականում ծայրայեղ երեսպաշտութիւն, շնականութիւն, լաւագոյն դէպքում` անտարբերութիւն: Իսկ մե՞նք` հայե՞րս: Հայաստանում հասարակական տրամադրութիւններին հետեւելով` դժուար է եզրակացնել, որ մեզ առանձնապէս հետաքրքրում է մեր օրերի ցեղասպանութիւնը, որ այստեղ մարդկանց սիրտը ցաւում է դժոխային տառապանքներ կրող մարդկանց համար:

Մինչդեռ պատմութեան ընթացքում, նաեւ Արցախի պատերազմում եզիտիները հանդէս են եկել որպէս մեզ բարեկամ, դաշնակից ազգ: Գումարած դրան` մեր երկրում ապրում են ազգութեամբ եզիտի աւելի քան 35 հազար քաղաքացի (2011 թուականի մարդահամարի տուեալներով): Հասարակութեան անտարբերութիւնն, այդպիսով, բաւականին զարմանալի է:

Իրաքի հիւսիսից ստացուող լուսանկարներն ու տեսագրութիւնները խիստ յիշեցնում են ինձ այն լուսանկարները, որոնք կան Երեւանի Ցեղասպանութեան թանգարանում: Ցեղասպանութիւն իրականացնող ցեղերը,  կարծես թէ, տարբեր են, բայց ոճն ակնյայտօրէն նոյնն է: Ինչպէս եւ` աշխարհի հզօրների փարիսեցիութիւնը:

«Առաւօտ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )