«Ազրպէյճանը Միացեալ Նահանգներում Միլիոններ Է Ծախսում Ազդեցութիւն Գնելու Համար». «Տը Նիւ Եորք Թայմզ»-ը

New-York-Times_Cash-2Միացեալ Նահանգներ առաջատար թերթերից «Տը Նիւ Եորք Թայմզ»-ը Միացեալ Նահանգներում տեղակայուած «ուղեղային» կենտրոններում քարիւղային փողերով ազդեցութիւն գնելու շուրջ Ազրպէյճանի կառավարութեան ջանքերի մասին պատկերաւոր տեղեկատուական յօդուած է հրապարակել:

Ինչպէս հաղորդում է «Արմէնփրէս»-ը` վկայակոչելով «Ազատլիք»-ը, «Ամերիկայի Ձայն» ռատիոկայանի կողմից ազրպէյճաներէն թարգմանուած նիւթում ցուցադրուել է Ազրպէյճանի կառավարութեան լոպիիստական գործունէութիւնն անդրադարձնող 13 փաստաթուղթ:

Ստորագրուած պայմանագրերում հաստատւում է, որ լոպիիստական ընկերութիւնը Ազրպէյճանի կարեւորութիւնը Միացեալ Նահանգների համար մեծացնելու նպատակով վճարովի ծառայութիւններ է մատուցում: Նշւում է, որ Ուաշինկթընում գտնուող «Տի. Սի. Այ. Կրուփ» եւ «Փոտեսթա Կրուփ» լոպիիստական ընկերութիւնների հետ պայմանագրերն ստորագրել է Միացեալ Նահանգներում Ազրպէյճանի դեսպան Էլին Սուլէյմանովը:

«Արտասահմանցի ներկայացուցիչ» խորագրի տակ, «Տի. Սի. Այ. Կրուփ»-ի հետ դեսպան Սուլէյմանովի ստորագրած պայմանագրում լոպիիստական ընկերութիւնն իր վրայ է վերցնում Ազրպէյճանի դեսպանատան համար հասարակական կապերի եւ մամուլի ռազմավարութեան վրայ աշխատելու, այդ թւում` Միացեալ Նահանգներու մամուլում շփումներ ստեղծելու եւ յաճախորդի համար կարեւոր հարցերի մասին Միացեալ Նահանգների մամուլում յօդուածներ հրապարակելու գործում օգնելու պատասխանատուութիւնը: Ընկերութիւնը նաեւ խոստանում է Միացեալ Նահանգների «ուղեղային» կենտրոնների եւ քաղաքական կարծիքի առաջնորդների հետ ստեղծուելիք յարաբերութիւններում լուսաբանել Միացեալ Նահանգների համար Ազրպէյճանի ռազմավարական նշանակութիւնը եւ պաշտօնական Պաքուի կողմից կարեւորուող հարցերը:

New-York-Times_Azer-lobbyՄիացեալ Նահանգների արդարադատութեան նախարարութեանը ներկայացուած գրանցման փաստաթղթում «Տի. Սի. Այ. Կրուփ» յայտնում է, որ իր լոպիիստական գործունէութեան մէջ ընդգծելու է ուժանիւթի եւ անվտանգութեան բնագաւառներում Միացեալ Նահանգների համար Ազրպէյճանի կարեւորութիւնը: Ամերիկեան թերթն ուշադրութեան է հրաւիրում ազդեցութիւն գնելու շուրջ «ուղեղային» կենտրոնների հետ առեւտրի մէջ մտած «Աթլանթիք Քաունսըլ» վերլուծական կենտրոնի գործունէութեանը, որի առաջատար նուիրատուների թւում է նաեւ Ազրպէյճանի պետական քարիւղի ընկերութիւնը` «Սոքար»:

Թերթը նշում է, որ Ուաշինկթընում գործող մի շարք վերլուծական կենտրոններ վերջին տարիներին ձեռնարկներ են կազմակերպել, որոնք կենտրոնացած են եղել ազրպէյճանցի լոպիիստների կողմից որոշ թեմաներ առաջ տանելու վրայ: Դրանց թւում է «Աթլանթիք Քաունսըլ» կազմակերպած ձեռնարկը, որի ընթացքում կարեւորուել են «Ազրպէյճանի համաձայնեցուած ջանքերը` որպէս ՕԹԱՆ-ի գործընկեր իր նշանակութիւնը ցոյց տալու նպատակով»: Ձեռնարկը մասնակիցներից Պրենտա Շեֆըրը, այդ թւում` արտաքին գործերի նախարարի օգնական Էրիկ Ռուպինն ու «Աթլանթիք Քաունսըլ» նախագահ Ֆրետերիք Քեմփէյը ընդգծել են Կովկասում Եւրոատլանտեան ռազմական դաշինքի համար Ազրպէյճանի կարեւորութիւնը:

Յօդուածում տեղ է գտել նաեւ դեսպան Էլին Սիւլէյմանովի` «Փոտեսթա»-ի խմբի ղեկավար Էնթընի Փոտեսթայի հետ ստորագրած համաձայնագիրը, որն ուժի մէջ է մտել 2014 թուականի յունուարի 1-ից: Այդ համաձայնագրով վերջինս պէտք է քարոզի Ազրպէյճանի դիրքորոշումը բազմաթիւ հարցերի շուրջ, որի համար Պաքուն պէտք է ամսական 50 հազար տոլար փոխանցի նրա ընկերութեանը եւ փակի բոլոր լրացուցիչ ծախսերը:

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )