Նոպելեան Գրականութեան Մրցանակի Դափնեկիր

Ներկայացրեց` ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆԸ

AK_Naipaul2001 թուին Նոպելեան գրականութեան մրցանակը, որի դրամական հատուցումը 943.000 տոլար էր, պարզեւուեց մի հարցայարոյց գրողի` Վ. Ս. Նէյփոլին, որ ծնուել է 1932 թուին, Թրինիտատ կղզում: Այդ կղզին Քարայիպեան ծովի հարաւում Վենեզուելայից 15 քիլոմեթր հեռաւորութեան վրայ է գտնւում: Նրա ծնողները հնդիկ էին:

Նէյփոլը 1950թ. մի կրթաթոշակ է վաստակում եւ անցնում է Անգլիա ուսանելու համար եւ վերջնականապէս այդտեղ է հաստատւում: Օքսֆորտ համալսարանը աւարտելուց  յետոյ, նա սկսում է գրել անգլերէն եւ անգլերէնի արձանագրութեան ամենայայտնի վարպետներից մէկն է դառնում: Նշանաւոր են նրա վիճելի մեկնաբանութիւնները ներկայ զարգացող Աշխարհի մասին:

Նէյփոլը այս դարավերջի գրականութեան առաջին Նոպելեան մրցանակը ստացաւ «շնորհիւ այն գործերի, որոնք մեզ պարտադրում են նշմարել եւ ճանաչել գաղութացման բոլոր այն դէպքերը, որոնք մեզանից թաքուն էին մնացել», ասում է շուէտական ակադեմիայի պետը, ապա աւելացնում` «նա գրականութեան ծովագնաց է», քանի որ նա տարիների ընթացքին այցելել եւ ուսումնասիրել է գաղութային երկրները, նրանց պատմութիւնը եւ համապատասխան գործեր է հեղինակել:

AK_Naipaul2Չնայած, որ 1950թ.-ից ի վեր Անգլիա է հաստատուել եւ թագուհու կողմից ասպետացել է  «Սըր» տիտղոսով եւ Տէյվիտ Քոհընի եւ ուրիշ անգլիական գրական մրցանակների է արժանացել, սակայն Վ. Ս. Նէյփոլը իրեն ներկայացրել է «առանց երկիր ունեցող մի դիտող»: Նա ինքն իրեն տեսնում էր «առարկայական, անկողմնակալ ճշմարտութիւնը որոնող մի անհատ, որ զուրկ է քաղաքական եւ գաղափարախօսական օրակարգից»: Նա մի հարցազրոյցի ընթացքին ասել է. «Բրիտանիան մի ուրիշի բնապատկերն է… ես ինքս իմ գրողն եմ եւ իմ գործը ցոյց է տալիս, որ ես ամբողջովին անջատուած եմ ուրիշ երկրներից…»: Ծագումով հնդիկ լինելով` նա  իրեն օտարական է զգում թէ՛ Թրինիտատում եւ թէ՛ Անգլիայում: Այս «օտարական» լինելու փորձառութիւնը նա օգտագործել է իր որոշ վէպերի մեջ:

Իր սկզբնական գործերի համար Նէյփոլը օգտւում է Ուեսթ Ինտիայի միջավայրից: Օտար երկրներ այցելելուց յետոյ, նա իր գրութիւնները տարածում է Ափրիկէի եւ Ասիայի գաղութների եւ մահմետական համայնքների վրայ: Շուէտական ակադեմիան գնահատում է Նէյփոլի իւրայատուկ եւ մշտական ոճը, մասնաւորապէս գնահատում է նրա ինքնակենսագրական վէպը «ժամանակի առեղծուածը», ուր հեղինակը նկարագրում է Թրինիտատից Անգլիա եկած մի հնդիկի կեանքը: «Նէյփոլը այս գրքում «խուզարկում» է Անգլիայի եղելիութիւնը մի մարդարանի (antropologist) նման, որ ուսումնասիրում է մինչեւ հիմա չհետազօտուած մացառուտում բնակուող ցեղերը»: «Այս գործի հեղինակը ցոյց է տալիս հին գաղութների դանդաղ փլուզումը», ասում է ակադեմիան:

Շուէտական ակադեմիան խոյս է տալիս անդրադառնալուց Նէյփոլի աւելի վիճելի գործերին, ինչպէս` նրա քննադատութիւնը իսլամական արմատականների, որ մէջբերուած է «Հաւատացեալների միջեւ` մի իսլամական ուղեւորութիւն» գրքում:  Այդ գիրքը հրատարակուել է 1979թ.-ին, իրանական յեղափոխութեան ընթացքին: Մի քննադատի կարծիքով, հեղինակը այդ գրքում փորձում է իսլամը գործածել մի շեշտուած հակակրանքով:

Չնայած տարիներ շարունակ Վ. Ս. Նէյփոլը Շուէտական ակադեմիայի թեկնածուների շարքի մէջ էր, սակայն այս տարուայ ընտրութիւնը, ինչպէս խոստովանեց ակադեմիայի պետ Հըրէյսը Էնկտահլը, քաղաքական բնոյթ է կրել եւ որոշ չափով կապ է ունեցել Նիւ Եորքի Աշխարհի առեւտրի շէնքերի կործանման հետ: Նա այդ առթիւ ասում է. «Ես չեմ կարծում, որ այս ընտրութեան համար մենք բուռն բողոք կը ստանանք իսլամական երկրներից: Եթէ նրանք ուշադրութեամբ կարդան Նէյփոլի ճամբորդական գրքերը կը տեսնեն, որ նրա կարծիքը իսլամի մասին շատ աւելի նրբերանգ է «նրա ոչ արաբ իսլամական երկրների մասին գրած գրքերում (ինչպէս, օրինակ, իր «Հաւատքի միւս կողմը» գրքում) հեղինակի դիրքորոշումը իսլամի հանդէպ աւելի դրական է», ասում է ակադեմիան:

AK_Naipaul1Նէյփոլը մի դիւրագրգիռ, տաքարիւն բնաւորութիւն ունի: Նա յայտնի է իր աղմկալի վէճերով եւ առանց դրդումի յարձակումներով` ուրիշ հեղինակների, նոյնիսկ իր գործերի եւ կամ անհատների վրայ: Օրինակ, նրան մի անգամ հարցնում են` «Ինչո՞ւ որոշ հնդիկ կանայք մի կարմիր խալ են դնում իրենց ճակատին», նա պատասխանում է` «Նրանք ուզում են ասել, որ իրենց գլխի մէջ խելք չկայ…»: Նէյփոլը նոյնպէս սովորութիւն է դարձրել յարձակուել յայտնի հեղինակների վրայ` մեռած կամ կենդանի: Մի անգամ Չարլս Տիքընզի մասին ասել է, որ` «նա մահացաւ ինքնածաղրերգութեան պատճառով»: Նա վերջերս յարձակուել է Է. Էմ. Ֆոսթերի «Մի ուղեւորութիւն դէպի Հնդկաստան» գրքի վրայ` դրան համարելով «Մի կեղծիք, մի լրիւ տխմարութիւն…»: Նա Ֆոսթերին հայհոյում է միասեռականութեան պատճառով եւ յետոյ ասում է, որ «Ժամանակ չունի Սալման Ռուշտի»-ին կարդալու համար»:

«Նա մի հարցայարոյց անհատ է, նա երբեք ետ չի քաշում իր բռունցքի հարուածները», ասում է իր նախկին խմբագիր Տիանա Աթիլը, ապա շարունակում է. «Նա մի հանրածանօթ դէմք է դարձել, եւ մարդիկ կարծում են, որ միայն իր անհատի պատճառով է, որ նա Նոպելեան մրցանակի է արժանացել, բայց դա իր անհատի պատճառով չէ, մրցանակը իրականում իր գրքերին է տրուել»:

Նէյփոլը 45 տարուայ ընթացքին 26 գիրք է գրել, որոնց պատճառով նոյնչափ բարեկամ է շահել, որքան թշնամի: Այդ գրքերից 12-ը խմբագրել է Աթիլը, որ այդ առթիւ ասում է. «Մենք ոչ մի ուղղում չէինք կատարում նրա գրքերի մէջ: Նա յստակ կերպով գիտէ որտեղ ստորակէտ եւ որտեղ միջակէտ է պէտք: Մենք միայն ստուգում էինք, որ տեսնենք` գրաշարը ամէն ինչ ճի՞շդ է շարել… նա մի կատարելագործ գրող է…»:

Նէյփոլի առաջին գիրքը, որ յաջողութիւն ձեռք բերեց, տպուել է 1959 թուին «Միկուել փողոց» խորագրով, որի դէպքերը տեղի են ունենում Թրինիտատ կղզու մայրաքաղաքում: Դա մի տղայի պատմութիւնն է, որ մեծանում, ինքնապահ է դառնում, ապա արտասահման է գնում ուսանելու համար: Նա ասում է, «Ես նրանց թողեցի եւ շտապ գնացի դէպի սաւառնակը… յետ չնայեցի, միայն տեսնում էի առջեւս ընկած մի շուաք, որ գաճաճի նման պարում էր…»:

1961-ին լոյս է տեսնում նրա «Մի տուն պարոն Պիսուասի համար» գիրքը, որ շատերի կարծիքով, Նէյփոլի գլուխ գործոցն է: Պատմութիւնը ցոյց է տալիս, թէ ինչպէ՛ս մի Պրահմինի հնդիկ` Մոհունս Ֆիսուանսը, ամէն գնով ուզում է իր անհատականութիւնը եւ անկախութիւնը ձեռք բերել, դրա համար նա աշխատում է իր սեփական տունը ունենալ: Պիսուասը որոշ չափով հեղինակի հօր բնօրինակն է: Պիսուասը ծննդից ի վեր մի դժբախտ մարդ էր, բայց նրա կեանքի միակ նպատակը իր սեփական տուն ունենալն էր: Հեղինակը այս վէպի մէջ խառնում է զաւեշտը եւ պաթոսը, ապա ցոյց է տալիս, թէ ինչպէ՞ս Պիսուասը տարբեր գործեր կատարելով` պայքարում է իր նպատակին հասնելու համար:

1960-ից մինչեւ 1970-ը Նէյփոլը այցելում է Հնդկաստան, Ափրիկէ, Իրան, Փաքիստան, Մալեզիա, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներ:

Իր գրական ծովագնացութիւնը» սկսում է իր «Միջին անցք» գրքով, որը մի պտոյտ է Քարայիպեաններում, ապա նա անցնում է Հնդկաստան, որի մասին գրում է երկու վէպ` «Մի խաւարած հողատարած» եւ «Հնդկաստան` մի վիրաւոր քաղաքակրթութիւն», որոնց մէջ նա նկարագրում է հնդկական հողը, որ խոցուած է իսլամական նուաճումով եւ բրիտանական տիրապետութեամբ…

Եօթը ամիս Իրանում, Փաքիստանում, Մալեզիայում եւ Ինտոնեզիայում շրջագայելուց յետոյ, նա 1981-ին գրում է իր «Հաւատացեալների մէջ մի իսլամական ճամբորդութիւն» գիրքը: Նէյփոլը այս գրքում գրում է, որ` «Իսլամական արմատականութիւնը մի քաղաքական անապատ է, որ ոչինչ չշնորհեց իր հետեւորդներին: Նրանք ուզում են վերադառնալ վերացականից դէպի իրականութիւն եւ նորից տոհմական  պատերը բարձրացնել…»: Նէյփոլը մի ուրիշ տեղ ասում է, որ «Նոր իսլամը սրբացրել է զայրոյթը հաւատքի համար, քաղաքական զայրոյթը, որ կարող է մէկը միւսին նմանուել»: Այս գիրքը խիստ կերպով քննադատուել է մահմետականների կողմից` որպէս մի նեղմիտ եւ կանխամտածուած տեսակէտ իսլամի մասին:

Նէյփոլի վերջին ճամբորդական գիրքը տպուել է 1998-ին` «Հաւատքի միւս կողմը` իսլամական շրջապտոյտներ դարձի բերուած ժողովուրդների մէջ» խորագրով: Այս գրքում հեղինակը նկարագրում է իր ճամբորդութիւնները ոչ արաբական երկրներում, ինչպէս` Իրան, Ինտոնեզիա, Փաքիստան եւ Մալեզիա: Նէյփոլը փորձում է հասկանալ իսլամական հաւատքի արմատական մոլեռանդութիւնը, ապա ասում է. «Հաւանօրէն ոչ մի կայսերապաշտութիւն չի եղել արաբների եւ իսլամի նման»: Իրանում նա խօսակցում է Իրաքի դէմ պատերազմած նախկին զինուորների հետ, որոնք իրենց հիասթափութիւնն էին արտայայտում եւ ասում էին, որ իրենք շահագործուել էին մոլլաների կողմից:

Նէյփոլը Ափրիկէ այցելելուց յետոյ գրում է իր «Մի ոլորան (bend) գետի մէջ» գիրքը: Սա մի յոռետեսական վէպ է Ափրիկէի մասին, որտեղ հեղինակը ներկայացնում է մարդկային այլասերումը: Պատմութիւնը տեղի է ունենում մի երկրում, որ շատ նման է Զայիրին եւ կամ Ուկանտային: Սալիմը` պատմողը, մի մահմետական է, որի ընտանիքը հնդիկ վաճառականներ էին եւ հարիւրաւոր տարիներ Ափրիկէյում էին ապրել: Սալիմը մի խանութ է հիմնում մի քաղաքում, դրա գետի ոլորանի մօտ եւ մեծ յաջողութիւն է ձեռք բերում: Սակայն նա զգում է, որ ապագայ չունի մի երկրում, որի ցմահ նախագահը «Մեծ մարդն» է: Այստեղ էլ գլխաւոր հերոսը մի օտարական է: Նա գիտակցում է, որ իր կեանքի ընթացքը համարեա իր վերջին է հասնում, ի վերջոյ նա իր ամէն ինչից ձեռք պիտի քաշի, բայց ոչ մի տեղ չկայ գնալու համար: «Ափրիկէն քաղաքակրթութիւն չունի» ասել է Նէյփոլը: Այսպէս, պատմութիւնը կիսատ է մնում: Այս գրքի առթիւ Հերեք Ուալքոթիը` Ուեսթ Ինտիայի բանաստեղծը, որ 1992 թուին Նոպելեան մրցանակ ստացաւ, գնահատել է Նէյփոլի իւրայատուկ ոճը, ապա` աւելացրել. «Եթէ նրա վերաբերմունքը եւ իր նողկալի փոքրիկ ծաղրանքները… նեկրերի փոխարէն, օրինակի համար, հրեաներին ուղղուած լինէր, որքան մարդիկ նրան կը գովէին իր անկեղծութեան համար…»:

Իր վերջին գիրքը` «Մի կեանքի կէսը» հրատարակուել է 2001-ին: Գլխաւոր հերոսը Ուիլի Շատրանն է, որ ծնուել է Հնդկաստանում, ապա անցել է Լոնտոն: Նա ընկնում է Լոնտոնի Պոհեմական միջավայրի մէջ, մի գիրք է հրատարակում եւ ամուսնանում է Անայի հետ` մի կին, որ ափրիկեան խառնուրդ ունէր, ապա իր կնոջ հետ անցնում է Ափրիկէ: Իր կնոջ նահանգում Ուիլիի համար խնդիրներ են յարուցւում: Նա որպէս մի «պրահմանի» որդի մի «անտիաչելիի» հետ էր ամուսնացել: Ուիլին ապստամբում է իր հօր եւ նրա խորհուրդների դէմ, չնայած որ նրա հանդէպ մեծ յարգանք ունէր եւ սրտի խորքում նրան համակարծիք էր: Իր կնոջ` Անայի երկրում, ուր գաղութային սիստեմը խախտուել էր, Ուիլին այդտեղ էլ նոյնպէս մի «օտարական» էր: 18 տարուց յետոյ նա որոշում է իր կնոջից բաժանուել` իր իսկական ինքնութիւնը գտնելու համար: Նա մի կէս կեանք, մի շուաք կեանք էր ապրել… սակայն հեղինակը չի ասում, թէ Ուլիին ի՞նչ է պատահում: Ուիլիի գոյութենապաշտ փնտռտուքը  շարունակւում է, իր պատմութեան մնացածը կիսատ է մնում…

Ուլիի որոշումը նման է ամերիկացի գրող Փոլ Թհերուի որոշման, որ խախտում է իր տասնամեայ ընկերութիւնը Նէյփոլի հետ եւ 1998-ին իր «Աըր Վիտայի շուաքը» գրքում մի աններելի յարձակում է գործում իր վաղեմի ընկերոջ վրայ: Թհերուն, որ հաւանօրէն մերժուել է Նէյփոլի կողմից, անդրադառնում է, որ դուրս է եկել Նէյփոլի շուաքից եւ իրեն անկախ եւ ազատ է զգում: Թհերուն Նէյփոլին իր ուսուցիչն էր համարում, բայց այդ բարեկամութիւնը խզւում է եւ Թհերուն իր գրքում մեղադրանքների տեղատարափ է թափում նրա վրայ: «Ես հիանում էի նրա տաղանդով,- ասում է Թհերուն,- մի որոշ ժամանակից յետոյ ոչնչով չէի հիանում: Վերջում սկսեցի զարմանալ նրա տաղանդի վրայ լրջօրէն զարմանալ եւ կասկածել դրա վրայ, երբ ես տեսնում էի, որ կարդալու ժամանակ ես բաց էի թողնում նրա վերջին գրքերի էջերը: Նախկինում ես կ՛ասէի, որ մեղքը իմն է, սակայն հիմա ես գիտեմ, որ նա կարող է մի մոլագար լինել` թէ՛ իր անցեալում տպուած գրքերում եւ թէ՛ իր կեանքում»: Ապա աւելացնում է, որ իր նախկին ընկերը եւ խորհրդականը մի ագահ եւ ախտաբանօրէն մի սնոպ եւ վայրագ մարդ է»: «Գուցէ այդպէս է. եթէ այդպէս է, նա առաջին յայտնի գրող չէ, որ վայրագ է: Ընդհանրապէս դիւրալի մարդիկ շատ բան չեն անում մեր գրական աշխարհի համար» ասում է քննադատ Ռոպերթ Հուկը…

Այսպէս, քաղաքական ազդեցութիւնները մի կողմ թողնելով, որպէս եզրակացութիւն` պիտի ասել, որ բացի իր իւրայատուկ եւ բարձրորակ ոճից, Վ. Ս. Նէյփոլը արժեւորւում է իր այն գծերով, որոնք ներկայացնում են հին գաղութները եւ գաղութային ղեկավարման դանդաղ փլուզումը:»

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )