Ինչո՞ւ Է Նալբանդեանը Դժգոհ ՕԹԱՆ-ից

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

KT_nalbandianՍեպտեմբերի 4-5-ը Կալէսում անցկացուած ՕԹԱՆ-ի գագաթաժողովի եզրափակիչ յայտարարութեան մէջ Հարաւային Կովկասում առկայ հակամարտութիւնների կարգաւորման վերաբերեալ դիրքորոշման մէջ առաջին անգամ տեղ գտան ձեւակերպումներ, որոնք էականօրէն տարբերւում էին Դաշինքի` նախորդ նման փաստաթղթերում արձանագրուածներից:

Եթէ նախորդ եզրափակիչ յայտարարութիւններում Հիւսիսատլանտեան դաշինքն ընդգծում էր միայն հարաւկովկասեան երեք պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը յարգելու կեցուածքը` կատարելապէս անտեսելով ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ Հելսինքեան եզրափակիչ հռչակագիրի միւս առանցքային` ազգերի ինքնորոշման սկզբունքը, ապա Կալէսում ստորագրուած փաստաթղթում այս կապակցութեամբ արուել է կարեւոր որոշակիացում:

Վերոնշեալ մտքի ձեւակերպումից յետոյ, մասնաւորապէս նշւում է. «Այս պարունակում մենք կը շարունակենք աջակցել Հարաւային Կովկասում, ինչպէս նաեւ Մոլտաւիոյ Հանրապետութիւնում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ուղղուած ջանքերին` հիմնուելով յիշեալ սկզբունքների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ Հելսինքեան եզրափակիչ հռչակագիրի վրայ»: Այս լրացումն էական է յատկապէս Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման պարունակում, ոչ միայն այն առումով, որ խօսում է Դաշինքի կողմից հակամարտութեան նկատմամբ աւելի հաւասարակշռուած դիրքորոշում ցուցաբերելու մասին, այլ նաեւ այն պատճառով, որ փաստացի արձանագրում է հակամարտութիւնը ԵԱՀԿ Մինսքի խմբի ձեւաչափից չհանելու անհրաժեշտութիւնը, ինչն ինքնին հարուած է խնդիրն այդ ձեւաչափից հանելու, միջազգային այլ հարթակներ տեղափոխելու` թուրք-ազրպէյճանական անթաքոյց ծրագիրներին:

Այս իմաստով Կալէսում որոշ իմաստով բեկում է տեղի ունեցել: Այն արժեւորւում է յատկապէս ուքրանական ճգնաժամի խորապատկերին, երբ թւում էր, թէ Խրիմի ինքնորոշման հանրաքուէն չճանաչելու, Արեւելեան Ուքրանիայում քաղաքացիական պատերազմի հասցրած անջատողականութեան պատճառով Դաշինքը պէտք է աւելի կոշտ դիրքորոշում արտայայտէր տարածքային ամբողջականութեան սկզբունքը պաշտպանելու հարցում:

Թէ ո՞րն էր ՕԹԱՆ-ի դիրքորոշման փոփոխութեան պատճառը, թողնենք մի կողմ: Էականն այն է, որ, չնայած Կալէսում արձանագրուած այս նկատելի մարտավարական յաջողութեանը, Հայաստանի  արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը քննադատեց ՕԹԱՆ-ի եզրափակիչ յայտարարութեան այդ հատուածը` որակելով այն «ընդհանրացուած եւ ընտրովի մօտեցում», որը վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին, տարածաշրջանային կայունութեանը եւ անվտանգութեանը:

«Դա նպաստում է նրան, որ Ազրպէյճանը աւելի եւ աւելի է կտրւում իրականութիւնից եւ իր ռազմատենչ հռետորաբանութեամբ ու քաղաքականութեամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգաւորման` միջազգային հանրութեան մօտեցմանը», ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Նալբանդեանի այս յայտարարութիւնը հայաստանեան փորձագիտական որոշ շրջանակների մօտ ցնցում է առաջացրել` հիմք տալով պնդելու, թէ կա՛մ արտաքին գործերի նախարարն է կատարեալ անպատշաճ, կա՛մ էլ այն աւելի շատ ուղղուած է յայտարարութեան հիմնական թիրախի կարգավիճակում յայտնուած Ռուսաստանի շահերի սպասարկմանը, քանի որ փաստաթղթում խօսւում է առաջին հերթին հէնց Ռուսաստանի կողմից միւս երկրների նկատմամբ հնարաւոր թշնամական արարքներ կանխելու անհրաժեշտութեան մասին:

Իրականում, սակայն, Նալբանդեանի յայտարարութիւնը` հիմնական շեշտադրումների առումով, ոչ միայն տեղին էր, որքան էլ տարօրինակ թուայ, առհասարակ, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան վերջին շրջանի գործողութիւնների կամ աւելի ճիշդ անգործութեան խորապատկերին, այլեւ հիմնաւորուած: Եւ դա ունի առաւել քան պարզ` հէնց յայտարարութեան բնագրից բխող բացատրութիւն:

Խնդիրն այն է, որ, ըստ էութեան, ՕԹԱՆ-ն այս յայտարարութեամբ ոչ թէ խօսում է Հելսինքեան եզրափակիչ հռչակագիրի երեք յայտնի սկզբունքների համահաւասարութեան եւ համարժէքութեան մասին, այլ ակնյայտօրէն ազգերի ինքնորոշման իրաւունքը դիտարկում է տարածքային ամբողջականութեան սկզբունքի պարունակում կամ ներքոյ:

Ուշադրութիւն դարձնենք` հարաւկովկասեան երեք երկրների տարածքային ամբողջականութիւնը յարգելու մասին սկզբունքային ձեւակերպումից յետոյ յայտարարութեան մէջ նշւում են «այդ պարունակում», ապա նաեւ «հիմնուելով յիշեալ սկզբունքների» բառակապակցութիւնները, որից յետոյ միայն խօսւում է Հելսինքեան եզրափակիչ հռչակագրի սկզբունքների եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան հիման վրայ հակամարտութիւնները կարգաւորելու անհրաժեշտութեան մասին: Եթէ աւելի պարզ ձեւակերպելու լինենք, ապա ՕԹԱՆ-ն ասում է, որ հակամարտութիւնների կարգաւորումը, հաշուի առնելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, դիտարկում է երեք երկրների, այդ թւում` նաեւ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան պարունակում:

Այս իմաստով` երկու ձեւակերպումների միջեւ առկայ ակնյայտ տրամաբանական, պատճառահետեւանքային կապն անտեսելը, մտքերը միմեանցից կտրելը եւ համոզելը, թէ տարածքային ամբողջականութեան շեշտադրման մասին միտքը չի արտայայտւում հակամարտութիւնների կարգաւորման շրջանակում, պարզ ձեռնածական աճպարարութիւն է: Որ Դաշինքն իսկապէս հակամարտութիւնների կարգաւորման հարցում, գոնէ այս պահին, նախապատուութիւնը տալիս է պետութիւնների տարածքային ամբողջականութեանը, հաստատւում է Սկովտիոյ առաջիկայ անկախութեան հանրաքուէի կապակցութեամբ ունեցած` Դաշինքի վերաբերմունքից: Մեծն Բրիտանիայի վարչապետ Տէյվիտ Քամերոնն օրերս նշել է, թէ ՕԹԱՆ-ի անդամ որոշ առաջնորդներ գագաթաժողովի ընթացքում իրենց անհանգստութիւնն են արտայայտել Սկովտիոյ անկախանալու հեռանկարի կապակցութեամբ:

Ինչեւէ, Նալբանդեանի յայտարարութեան տողատակում «ռուսական հետք» գտնելը` գոնէ արտաքուստ, կարծես թէ հիմնաւորուած չի թւում, որովհետեւ Նալբանդեանն իր դժգոհութիւնն արտայայտել է փաստացի ոչ թէ ընդհանուր յայտարարութիւնից, այլ միայն դրա այն հատուածից, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը, թէեւ, հաշուի առնելով այս կառոյցի վերջին տարիների աշխատելաոճը, ոչինչ բացառել չի կարելի: Այլ խնդիր է, որ շեշտադրումներն անելով ընտրողական վերաբերմունքի վրայ` արտաքին գործերի նախարարը չի ուզում նկատել կամ աւելի ճիշդ բարձրաձայնել նաեւ ՕԹԱՆ-ի դիրքորոշման մէջ տեղի ունեցած թէեւ թոյլ, բայց կարեւոր փոփոխութիւնը, որը դիւանագիտական դաշտում աշխատելու եւ Դաշինքն աւելի կառուցողական հարթութիւն տեղափոխելու առիթ է տալիս:

Նալբանդեանին կարելի է քննադատել սրա համար, այն բանի համար, որ չեն կարողացել հասնել փաստաթղթի նախագծում ազգերի ինքնորոշումը տարածքային ամբողջականութեան հետ որպէս լիարժէք համահաւասար սկզբունքներ ճանաչելուն, բայց` ոչ այն բանի համար, որ այդ գնահատականներով նա փաստացի ՕԹԱՆ-ից աւելի հաւասարակշռուած մօտեցում է ակնկալում: Մնում է հաւատալ, որ Նալբանդեանի դժգոհութիւնը բխում է Կալէսում արձանագրուած փոքրիկ դիրքային յաջողութիւնը զարգացնելու ցանկութիւնից:

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )