ԱԼԵՒԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ (Բ.)

Ընդհանուր առմամբ քեմալական սեկուլեարիզմի թուլացումը 1990-ական թուականներին երկու հակասական գործընթաց առաջացրեց ալեւիների համար: Նրանց նկատմամբ խորացան ճնշումները սիւննի արմատական քաղաքական ուժերի կողմից, բացի այդ, ինչպէս արդէն նշեցինք, որոշակի ազատականացումը Թուրքիայում թոյլ տուեց ալեւիներին ձեւաւորել կրօնական խմբեր, կատարել ալեւիական ծէսեր երկրի խոշոր քաղաքներում,  հասարակական վայրերում: Եւ չնայած կրօնական հարցերի նախարարութիւնը շարունակում էր ալեւիական գիւղերում մզկիթներ կառուցելու քաղաքականութիւնը, սկսեցին կառուցուել նաեւ ճեմեւիներ, հնարաւորութիւն տրուեց ստեղծել հասարակական կազմակերպութիւններ եւ միութիւններ, որոնք տարածուեցին Թուրքիայի տարածքով մէկ: Ալեւի մտաւորականները եւ համայնքի ղեկավարներն սկսեցին զբաղուել ալեւիների ինքնութեան պարզաբանմանը եւ ծագմանը վերաբերող խնդիրներով, աւանդոյթները, պատմութիւնը լուսաբանելով: Ամբողջ երկրի տարածքով մէկ բացուեցին ալեւիական միութիւններ, փորձեր արուեցին ստեղծել հասարակական գործունէութիւն ծաւալող կազմակերպութիւններ, որոնք սակայն, առկայ ճնշումների պատճառով մինչեւ վերջերս գրեթէ չէին կարողանում աշխուժ գործունէութիւն ծաւալել: Դրանց անդամները կամաւոր հաւաքուած ալեւիներն էին երկրի տարբեր շրջաններից: Հարկ է նշել միայն, որ կառուցուած ճեմեւիները պետութեան կողմից դիտարկւում էին որպէս զուտ մշակութային օճախներ, իսկ միութիւններն ու կազմակերպութիւնները ոչ թէ ալեւիական, այլ` հասարակական:

Վերջին տարիներին ալեւիները, ունենալով յստակ ձեւաւորուած պահանջներ, աւելի աշխուժացրին պայքարը թուրքական պետութեան կողմից իրենց իրաւունքների ճանաչման համար:

Ալեւիների առաջին եւ ամենակարեւոր պահանջը պետութիւնից իրաւահաւասարութիւնն է` որպէս Թուրքիայի Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ: Նրանք պահանջում են ընդունել եւ յարգել իրենց կրօնական պատկանելիութիւնը, ճանաչել ալեւիականութիւնը որպէս իսլամից առանձին կրօն եւ ոչ թէ իսլամի տարբերակ, ինչպէս յաճախ մեկնաբանում են պետական գործիչները: Այս պահանջն իրականութիւն դարձնելու համար ալեւիները ջանք չեն խնայել հանրապետական Թուրքիայի գոյութեան ողջ պատմութեան ընթացքում: Այս խնդրի լուծմանն են ուղղուած աշխարհի տարբեր երկրներում բնակուող գրեթէ բոլոր ալեւիների գործողութիւնները:

Ալեւիները պետութիւնից պահանջում են նաեւ վերացնել դպրոցներում կրօնի պարտադիր դասերի անցկացումը, որոնց ժամանակ ուսուցանւում եւ քարոզւում է միայն սիւննիականութիւն, իսկ իսլամի ուսուցիչները դասերի ընթացքում ստիպում են դպրոցականներին նամազ անել: Յայտնի են դէպքեր, երբ նամազ չանելու համար դպրոցականները ենթարկուել են ծեծի:

Օրինակ` 2007թ. Ռամատանի ընթացքում Պոլսի դպրոցներից մէկում ուսուցիչը ծեծի էր ենթարկել մի ալեւի աշակերտի` ծոմի ընթացքում նրան ուտելիս տեսնելով: Այս կապակցութեամբ մեծ աղմուկ բարձրացաւ, բազմաթիւ հրապարակումներ եղան թուրքական եւ արտասահմանեան մամուլում: Բազմաթիւ ալեւիական կազմակերպութիւններ իրենց բողոքի ձայնը բարձրացրին, մի շարք պատգամաւորներ յայտարարեցին երեւոյթի անընդունելի լինելու մասին:

Այս խնդրի լուծումը ալեւիները տեսնում են կրօնի դասերն ընտրովի դարձնելու մէջ, ինչպէս նաեւ պնդում են, որ դպրոցներում դասաւանդուի ալեւիականութիւն:

Յաջորդ պահանջը, որ ներկայացնում են ալեւիները, կապուած է կրօնի հարցերով նախագահութեան գործունէութեան հետ:

Նրանք ցանկանում են, որպէսզի վերացուի նախագահութիւնը, քանի որ նրա գործունէութիւնը հիմնականում նպատակաուղղուած է Թուրքիայում սիւննիականութեան տարածմանը եւ ամրապնդմանը բնակչութեան շրջանում: Սակայն, կարծում ենք, որ աւելի նպատակայարմար եւ իրագործելի կը լինէր նախագահութիւնից պահանջել` իր հովանաւորութեան տակ առնել նաեւ ալեւիներին, քան նրա գործունէութեան դադարեցումն ընդհանրապէս: Երբեմն մի շարք ալեւիներ ցանկութիւն են յայտնում մասնակցել նախագահութեան աշխատանքներին, ինչը, սակայն, մերժւում է սիւննիների կողմից:

Իսլամական հոգեւոր արարողութիւնները եւ կրթութիւնը թուրքական կառավարութիւնն իրականացնում է կրօնական հարցերի նախագահութեան միջոցով, որը կարգաւորում է երկրում գրանցուած 77 հազարի հասնող (այլ տուեալներով` 85 հազար) մզկիթների աշխատանքը եւ նրանց իմամների` աշխատանքով ապահովման հարցը: Նրա հովանաւորութիւնից դուրս են մնում ալեւիները, որոնք թէեւ համեմատաբար ազատ դաւանում են իրենց կրօնը եւ կառուցում ճեմեւիներ, սակայն դրանք չունեն որեւէ իրաւական կարգավիճակ` որպէս պաշտամունքի վայրեր, եւ պետութեան կողմից դիտւում են որպէս մշակութային տներ: Սա եւս ալեւիների պահանջներից մէկն է` տալ ճեմեւիներին իրաւական կարգավիճակ, որտեղ կը կարողանան կատարել ծէսեր, եւս վերցնել դրանք պետական խնամակալութեան տակ, քանի որ ալեւիները եւս, Թուրքիայի միւս բոլոր քաղաքացիների նման, պետութեանը վճարում են հարկեր, որոնք, սակայն, նպաստում են մզկիթներ կառուցելուն եւ սիւննիզմի տարածմանը:

Պետութիւնն ալեւիական գիւղերում շարունակում է կառուցել մզկիթներ, որոնք, սակայն, հիմնականում չեն ծառայում իրենց նպատակին, թէեւ ունեն նշանակուած իմամներ եւ  պահպանւում են պետութեան կողմից: Նախագահութեան հիմնական նպատակն իսլամի միանման մեկնաբանումն է,  որի արդիւնքում իրենց մուսուլման համարող ալեւիները կը յաճախեն մզկիթներ: Այդ պատճառով սեպտեմբերի 12-ից յետոյ ստեղծուած ռազմական վիճակի` ալեւիական գիւղերում մզկիթներ կառուցելու քաղաքականութիւնը լայն աջակցութիւն է գտնում սիւննի իսլամականների կողմից:

Ալեւիները ցանկանում են իրենց մասնակցութիւնն ունենալ Թուրքիայի քաղաքական կեանքում` պաշտօնապէս ճանաչուած ալեւիական միութիւնների եւ կուսակցութիւնների միջոցով: Այդ պատճառով նրանք պահանջում են պետութիւնից ճանաչել ալեւիական միութիւնները եւ կազմակերպութիւնները, քանզի աջակցելով այլ կուսակցութիւններին` ամէն անգամ իրենց խաբուած են համարում,  ինչպէս, օրինակ, վերջին ընտրութիւնների ժամանակ, երբ ալեւիներն աշխուժօրէն աջակցեցին ԱԲԿ-ին, սակայն, յաղթանակած կուսակցութիւնը ոչ մի կարեւոր պաշտօն նրանց չյանձնեց: Անգամ վարչական պաշտօններում, ինչպէս Պոլսի նահանգային կառավարական կազմն է, խուսափում են ալեւիներ նշանակել:

Պահանջներից մէկն էլ պետութեան կողմից Սեբաստիայում գտնուող «Մատըմաք» հիւրանոցը որպէս թանգարան ճանաչելու հարցն է, քանի որ, ինչպէս արդէն նշեցինք, 1993թ. յուլիսին Սեբաստիայում տեղի ունեցած ողբերգութիւնը խոր հետք է թողել ալեւիների շրջանում:

Վերոնշեալ պահանջներն իրականացնելու նպատակով ալեւիները ջանք չեն խնայում` դիմելով ցանկացած քայլի, որն օրէնքի սահմաններում կարող է հասցնել իրենց նպատակին:

Վերջին տասնամեակների ընթացքում թուրքական իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն ալեւիների նկատմամբ եւ յատկապէս վերոնշեալ բախումներն էլ աւելի արմատականացրին ալեւիների պայքարն իրենց իրաւունքների համար, եւ երկարատեւ լարուած լռութիւնից յետոյ 2008թ. նոյեմբերի 10-ին Անգարայում,  Թուրքիայի պատմութեան նորագոյն շրջանում առաջին անգամ, ալեւիները կազմակերպեցին հանրահաւաք, որին մասնակցում էր երկրում բնակուող ալեւիական համայնքի մօտ յիսուն հազար ներկայացուցիչ, որոնք հանրահաւաքի միջոցով իրենց պահանջներն իշխանութիւններին ներկայացնելու նպատակով մայրաքաղաք էին ժամանել երկրի տարբեր շրջաններից: Հանրահաւաքը պաշտօնապէս կազմակերպուած էր «Ալեւի-պեքթաշիների ֆետերասիոն»ի կողմից:

Հանրահաւաքի մասնակիցները ներկայացրին իրենց խնդիրները` հիմնականում շեշտադրելով երկրում ալեւիական համայնքի գոյութեան եւ նրա ներկայացուցիչների իրաւունքները ճանաչելու պահանջները: Յատկանշական է, որ մասնակիցներն անընդհատ բղաւում էին «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կը մնայ» խօսքերը:

Անհրաժեշտ է նշել, որ այս հանրահաւաքը ոչ բոլոր ալեւիների կողմից ընդունուեց խանդավառութեամբ: Օրինակ` ալեւիական հասարակական կազմակերպութիւններից մէկի` «Ճեմ Վագֆ»ի ղեկավար Իզեթթին Տողանն այս առիթով յայտարարեց. «Մենք չենք աջակցում այն ալեւիներին, որոնք կազմակերպել են հանրահաւաքը, քանի որ նրանք փորձում են ալեւիականութիւնը ներկայացնել որպէս իսլամից առանձին դաւանանք: Նրանք չեն ընդունում Ալլահին, Մարգարէին եւ Քուրանը որպէս իրենց Աստուած, Մարգարէ եւ Գիրք»:

Ալեւիների անցկացրած հանրահաւաքը թուրքական իշխանական օղակներում եւս արժանացաւ տարաբնոյթ վերաբերմունքի: Պետնախարար Սայիտ Եազըճըօղլուն մասնաւորապէս նշեց. «Ալեւիների պահանջը,  այն է` դադարեցնել կրօնի հարցերով նախագահութեան գործունէութիւնը, ծայրայեղութիւն է»:

Իսկ կրթութեան նախարարը ողջունեց ալեւիների քննադատութիւնը դպրոցական դասագրքերում ալեւիականութեան մասին տեղեկութիւններ զետեղելու վերաբերեալ:

Վարչապետի նախկին խորհրդական,  Թուրքիայում իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) ներկայացուցիչ Ռեհա Չամուրօղլուն ասաց, թէ հանրահաւաքը կազմակերպուած էր ոչ թէ ալեւիների պահանջները ներկայացնելու, այլ ԱԲԿ-ական կառավարութեան հեղինակութեանը հարուածելու նպատակով: Իսկ աւելի ուշ աւելացրեց, թէ առաջին գործը, հաւանաբար, կը լինի ալեւիական աղօթատեղիներն օրինականացնելը, սակայն այդ հանգամանքի հետ կապուած` կան որոշ հակասութիւններ սահմանադրութեան հետ, եւ ամէն դէպքում դրանք դժուար կը լինի լուծել:

Անկախ այն հանգամանքից, թէ ինչպէս ընդունուեց ալեւիների բազմահազարանոց հանրահաւաքը ԱԲԿ-ական կառավարութեան կողմից, մի բան յստակ է. ալեւիները վերջապէս դուրս եկան «ստուերից» եւ բացայայտ ներկայացրին իրենց պահանջները:

2009 թ. ալեւիների պահանջները քննարկելու եւ դրանց լուծում տալու նպատակով ԱԲԿ անդամների ջանքերով կառավարութիւնը որոշեց պատրաստել վերոնշեալ բոլոր խնդիրների լուծումը պարունակող փաստաթուղթ` ալեւիական միութիւնների առաջնորդներին հրաւիրելով մասնակցել այդ առիթով կազմակերպուելիք հանդիպումներին:

Այդ նպատակով 2009թ. յունիս եւ 2010 թ. յունուար ամիսների միջեւ ընկած ժամանակահատուածում կազմակերպուեցին եօթ տարբեր քննարկում-սեմինարներ, որոնց ընթացքում քննարկուեցին ալեւիների պահանջները:

Շարունակուող քննարկումների խորապատկերին 2009թ. նոյեմբերի 8-ին Պոլսում ալեւիական միութիւնները կազմակերպեցին հանրահաւաք` «Յանուն հաւասար քաղաքացիութեան իրաւունքի» նշանաբանով, որին մասնակցում էր աւելի քան 200 հազար ալեւի: Հանրահաւաքի ընթացքում ալեւիական երեք մեծ կազմակերպութիւնների` Հաճի Պեքթաշ Վելի միութեան, Փիր Սուլթան Ապտալ մշակութային միութեան եւ Ալեւի- պեքթաշիների ֆետերասիոնի նախագահները ելոյթ ունեցան` քննադատելով կառավարութեան մտայղացումն ալեւիական սիմփոզիումների վերաբերեալ: Նրանք առաջ քաշեցին նոյն պահանջները, ինչ նախորդ տարի տեղի ունեցած հանրահաւաքի ընթացքում` պնդելով, որ ԱԲԿ առաջնորդները փորձում են ալեւիականութիւնը յարմարեցնել իրենց սեփական գաղափարներին:

Սակայն նմանատիպ բողոքի ցոյցերը չխոչընդոտեցին կառավարութեան ձեռնարկած քննարկումների անցկացմանը, եւ 2010թ. յունուարին աւարտուեցին ալեւիական խնդիրների լուծմանն ուղղուած սիմփոզիումները, որոնց մասնակցում էին ընդհանուր առմամբ մօտ 400 անձինք, այդ թւում` կառավարութեան անդամներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ալեւիական կազմակերպութիւնների ղեկավարներ եւ այլն:

Վերջին սիմփոզիումի ժամանակ, որպէս բոլոր հանդիպումների ընթացքում տեղի ունեցող քննարկումների ամփոփում ներկայացուած որոշումները, սակայն, մեղմ ասած չէին բաւարարում ալեւիների ներկայացրած պահանջները:

Այնուամենայնիւ, այն փաստը, որ կառավարութիւնը, թէեւ առայժմ գրեթէ անարդիւնք, բայց փորձում է լուծում տալ ալեւիների խնդիրներին, արդէն նշանակալի առաջընթաց է, քանի որ դրանք առաջին անգամ են պետական մակարդակով քննարկւում հանրապետական Թուրքիայի պատմութեան մէջ: Ալեւիական զարթօնքը, վերջին տարիների ընթացքում կազմակերպուած բազմահազարանոց ցոյցերը եւ Եւրոպական միութեան անդամ դառնալու թուրքական պետութեան գործադրած ջանքերը ստիպում են կառավարութեանը հաշուի նստել օր օրի աւելի աշխուժացող եւ աննախադէպ զարթօնք ապրող ալեւիականութեան հետեւորդների պահանջներին ու չվերադառնալ նրանց նկատմամբ ոչ շատ վաղ անցեալում իրականացուող յարձակողապաշտ քաղաքականութեանը:

Ամփոփելով վերոշարադրեալը` միանշանակ կարող ենք փաստել, որ վերջին շրջանում ալեւիների պայքարի ցանկացած եղանակ նշանակում է այն, որ նրանք այլեւս վերջնականապէս ոտքի են կանգնել իրենց իրաւունքների պաշտպանութեան համար եւ շարունակելու են հետագայ պայքարը, մինչեւ թուրքական պետութիւնը չկատարի իրենց պահանջները, ինչը նշանակում է, որ շատ մօտ ապագայում հնարաւոր է տեղի ունենան զարգացումներ Թուրքիայում ալեւիական հարցի շուրջ, քանի որ ալեւիական համայնքի առջեւ ծառացած խնդիրները բազմաթիւ են եւ դրանց վաղ թէ ուշ պէտք է թուրքական իշխանութիւնների կողմից որեւէ կերպ լուծում տրուի, այլապէս հնարաւոր չէ անընդհատ անտեսել բնակչութեան գրեթէ 20 առ հարիւրը կազմող քաղաքացիների պահանջները` պնդելով, թէ նրանք բոլորը սիւննիներ են եւ հեռու պահել նրանց երկրի քաղաքական, հասարակական կեանքից:

ՎԱՐԴԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«Նորավանք»

(Շար. 2 եւ վերջ)

Share this Article
CATEGORIES