«Եթէ Նոյնիսկ Նիւ Եորք Նկարեմ, Երեւան Կը Ստացուի». Քաջազ

ԳԱՅԵԱՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ

1015kachazGA_QajazՔաջազի արուեստը ջերմ է, գունառատ, իւրատիպ եւ ի վերջոյ` խիստ հայկական: Նրա բոլոր ժանրերի գործերում էլ` բնանկարներում, դիմանկարներում եւ մեռեալ բնութիւնում (նաթիւր մորթ) թաքնուած են հայն ու Հայաստանը: «Եթէ նոյնիսկ Նիւ Եորք նկարեմ, Երեւան կը ստացուի, եթէ ամերիկացի նկարեմ, հայ կը ստացուի…», մի առիթով ասել է Քաջազը:

Գեղանկարիչ եւ գծանկարիչ Քաջազը` Քաջազունի Քեչեճեանը, որն արդէն 10 տարի է` մեզ հետ չէ, եզակի այն արուեստագէտներից է, որի տաղանդը բացայայտուել է միայն հայրենիքում. կարծես հայրենի հողի առաքելութիւնն էր նրան մտքի թռիչք ու հոգու խոր ապրումներ տալը: Ինքնուս նկարիչը ծնուել է 1924 թ. Պէյրութում, ապա 1947 թ. հայրենադարձուել Երեւան: Տաղանդաւոր եւ բազմավաստակ Քաջազը սկսեց աշխատել տեղի տպարաններից մէկում` որպէս լուսափորագրիչ: Մինչ այդ` ծննդավայրում սկսել էր գործունէութիւնը գրականութեան ասպարէզում:

Այստեղ տարիներ շարունակ նրա ձեռքի տակով են անցնում հայ գեղանկարիչների գործերի վերատպութիւնները: Յաճախ էլ գունաւոր տպագրութեան համար նրա աշխատասենեակում էին յայտնւում կտաւների բնօրինակները: Գուցէ եւ պատճառներից մէկը սա եղաւ, որ նրա մէջ արթնացաւ թաքնուած տաղանդը: 1958 թ. նկարեց առաջին անգամ եւ այլեւս վրձինը վայր չդրեց: Անմիջապէս մէկ տարի անց ներկայացաւ հանրութեանը` Երեւանում, հետագայում նաեւ Լաթվիայում, Լիբանանում, Իտալիայում, Ֆրանսայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում: Քաջազի նկարչական առաջին ստեղծագործութիւններին ծանօթացել է գեղանկարիչ Յարութիւն Կալենցը, սակայն նրա տաղանդը բացայայտելուն եւ զարգացնելուն նպաստել է քանդակագործ Երուանդ Քոչարը, ով իր յուշերում գրում է. «Քաջազն իր աշխարհ գալուց աւելի առաջ է ծնուել եւ իր մէջ ամփոփել է հին հայկական արուեստի ոգին, հայ արուեստի յատկանիշները, նրա էական եւ անկրկնելի արժանիքները»:

Քաջազի արուեստում իրար են ձուլուած գոյնը, ձեւը, բովանդակութիւնը, նաեւ ներդաշնակօրէն այս ամէնին են միացել նրա մտքերը, զգացմունքները եւ նկարչի ինքնավստահութիւնը: Այդ գործերում յաճախ կը տեսնենք հայկական ձեռագործեր, գիւղական տարաբնոյթ տեսարաններ («Օրօրոցի մօտ», «Փոքրիկ երաժիշտը», «Բուրդ մանող կինը», «Հովուերգութիւն» եւ այլն), նաեւ հայկական ճարտարապետական կոթողներ կամ որոշակի մանրամասներ, հայ մեծերին` Կոմիտաս, Չարենց, Փափազեան…: Նրա ստեղծագործութեան ամենացայտուն առանձնայատկութիւնն այն է, որ կտաւներն առաջին հայեացքից խճանկարի տպաւորութիւն են գործում: Քաջազը վրձնելու այնպիսի ոճ է կիրառել, որ քիչ ենք հանդիպում հայ արուեստում: Նկարչի սիրած կարմիր, դեղին, կապոյտ վառ գունածաւալները, որոնք համեմուած են սեւ կէտագծերով, տուֆակերտ շարուածքի տպաւորութիւն են ստեղծում: Դիտելով գեղանկարչի արուեստը, համոզւում ենք, որ այս ձեւամտածողութիւնը նրա ձեռագրին խորհրդաւորութիւն է հաղորդել:

Քաջազունի Քեչեճեանն իր ստեղծագործական կեանքի գերակշիռ մասն անցկացրեց հայրենիքից դուրս` հեռաւոր Միացեալ Նահանգներում, բայց այդ հանգամանքը չանդրադարձաւ նրա կողմնորոշման վրայ: Նա մտովի միշտ մնաց իր հայրենի եզերքներում: Միեւնոյն ժամանակ. «Նրա արուեստը լինելով հայկական, խօսում է համաշխարհային արուեստի լեզուով եւ մտնում է այդ արուեստի ընտանիքի մէջ»: Այսպէս է բնութագրել նրա ստեղծագործութիւնը քանդակագործ եւ գեղանկարիչ Երուանդ Քոչարը:

ԳԱՅԵԱՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Արուեստագիտութիւնների թեկնածու

«Առաւօտ» օրաթերթ
Սեպտեմբեր 2014

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )