Տեսակէտ. Քայիտայի Գաղափարաբանութիւնը

ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ

Ներածութիւն

Իսլամական արմատական գաղափարաբանութիւնը եւ դրանից մակածուած բռնութեան մշակոյթը յայտնուել են ոչ միայն քաղաքական գործիչների եւ ոլորտի փորձագէտների, այլեւ միջազգային ասպարէզ կոչուած հսկայ լսարանի ուշադրութեան կիզակէտում: Ուշագրաւ է, որ «համաշխարհային արմատական իսլամական շարժումները» աւելի հասկանալի եւ տրամաբանական են դառնում, երբ դիտարկւում են ոչ թէ որպէս դասական ահաբեկչութեան արդիւնք, այլ երբ ուշադրութիւն ենք դարձնում բռնութեան երեւում սքողուած գաղափարաբանութեանը: Սպառնալիքի հիմքերի առնչութեամբ կայ երկու հիմնական մօտեցում: Առաջինը Քայիտան ընկալում է որպէս դասական ահաբեկչական կազմակերպութիւն, որը բռնութիւն եւ սպանութիւններ է սփռում խաղաղ բնակչութեան շրջանում, իսկ երկրորդը շեշտում է կառոյցի գաղափարական վտանգը եւ դրա տարածումը ոչ միայն արաբական, այլեւ ամբողջ իսլամական աշխարհում, ինչպէս նաեւ` Արեւմուտքի մուսուլման բնակչութեան շրջանում: Ինչեւէ, չնայած Քայիտան ահաբեկչական խմբաւորումների շարքում արդէն գտել է իր հաստատուն տեղը եւ որպէս պատասխան ռազմավարութիւն որդեգրել է բռնութիւնը` արաբական ազգերի եւ համաշխարհային անվտանգութեան համար դրա սպառնալիքն առաւելապէս գալիս է կառոյցի գաղափարաբանութիւնից եւ այնպիսի ձեռնարկումներից, ինչպիսիք են ցանցային կառոյցների ստեղծումն ու արմատականութեան տարածումը` միտուած իսլամադաւան աշխարհը մէկ հովանու ներքոյ միաւորելուն եւ կառավարելուն:

Սոյն ակնարկի առաջին մասում քննութեան է առնւում Քայիտայի համապատասխանութիւնն ահաբեկչութեան դասական սահմանումներին: Մէջբերւում է քաղաքական փիլիսոփայ Մայքըլ Ուոլզերի միտքը, որում հեղինակն արմատականների կողմից տարուող ահաբեկչութիւնը մեկնաբանում է որպէս թշնամու դէմ պայքարի մեթոտ, որում եթէ թշնամին որոշարկուած է, զոհի կերպարը եւս ընդհանրացւում է: Ասել կ՛ուզի` ահաբեկչութիւնը բռնութիւն չէ որպէս այդպիսին, այլ` մարտավարութիւն: Փաստարկելու համար ես կը մէջբերեմ` ա. իսլամական մէկ այլ արմատական կազմակերպութեան` Համասի դէպքը, որի գործողութիւններն ու բռնութիւնը տեղային են, կենտրոնացած ընդդէմ մէկ թշնամու, ուստիեւ դրա արմատական աշխարհընկալումը չի դիտւում որպէս սպառնալիք միջազգային կարգի համար: Թրքական ահաբեկչական խմբաւորումը` Էրկենեքոնը, որը ահաբեկչական գործողութիւններ է իրականացնում Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ գործարարների հանդէպ: Նրանք նոյնպէս չունեն գաղափարախօսութիւն: Նրանց մօտ կայ մի առասպել, որ վաղուց նրանց նախնիները նոյնպիսի գործողութիւն են ծաւալել Ալթայ սարերում: Սակայն Քայիտայի դէպքում սպառնալիքը ոչ միայն յարձակումն ու բռնութիւնն են, այլեւ` ներկայիս մուսուլման երկրների եւ Արեւմուտքի դէմ վեր յառնող իսլամական վտանգի ահագնացման վախը: Օրինակ` Տէյվիտ Քիլքալենը յատուկ շեշտում է Քայիտայի` տեղականից համաշխարհային կառոյցի վերածուելու լրջութիւնը եւ դրա հետեւանքները համաշխարհային ահաբեկչութեան եւ դրա դէմ պայքարի խնդիրներում: Ակնարկի երկրորդ մասը կենտրոնանում է Քայիտայի  կողմից մերձակայ եւ հեռակայ թշնամու դէմ արմատական ժիհատ յայտարարելու տրամաբանական բացատրութեան, ինչպէս նաեւ` սեփական տարածքում (Արաբական թերակղզի) եւ միջազգային ասպարէզում (Արեւմուտք) արմատականութեան տարածման վրայ, ինչը ցոյց է տալիս, որ Քայիտայի հիմնարար սպառնալիքը գալիս է ոչ միայն նշուած թիրախին ուղղուած ահաբեկչական յարձակումից, այլ` կառոյցի գաղափարաբանութիւնից:

Բռնութի՞ւն, Թէ՞ Գաղափարաբանութիւն

Մասնագէտների շրջանում ահաբեկչութիւնն աւանդաբար ընկալւում է որպէս անհատների խմբի յարձակում անմեղ մարդկանց վրայ: Օրինակ` Ուիլիըմ Սեֆայըրը այն նկարագրում է որպէս` «… վախի միջոցով հետապնդում, հանրութեան ահաբեկում փոքր խմբաւորման կողմից` որպէս զէնք գործածելով անմեղ մարդկանց սպանութեան հանդէպ հասարակական հակակրանքը»: Նմանապէս, Օքսֆորտեան բառարանում տուեալ հասկացութեան բուն իմաստը ներկայացուած է որպէս` «… կեանքի համար վտանգաւոր գործողութիւն(ներ)` իրականացուած կազմակերպուած եւ քաղաքականապէս շահագրգիռ ինքնակոչ խմբաւորումների կողմից»: Այսպիսով, իրականացուող բռնութիւնները մեկնաբանելիս շեշտւում են միայն վերոբերեալ հանգամանքները: Նման բացատրութիւնը ուշադրութիւնն ըստ էութեան կենտրոնացնում է Քայիտայի իրականացրած ռմբահարումների եւ դրանց պատճառով առաջ եկած մարդկային կորուստների վրայ, ինչպիսիք են 2001 թ. Առեւտրի համաշխարհային կենտրոնի պայթեցումն ու Փենթակոնի վրայ կատարուած յարձակումը` 3000 զոհով, կամ Մատրիտում (Սպանիա) 10 ռումբի եւ 4 գնացքի պայթեցումները` 200 զոհով ու բազմահազար վիրաւորներով: Ինչեւէ, Քայիտայի նման իսլամական խմբաւորման համար իրականութիւնն աւելին է, քան այս կամ այն կառավարութեան կամ մարդկանց խմբի դէմ զուտ սադրանքը: Դա ունի հետեւեալ պատճառները:

1.- Ուոլզերի մեկնաբանութեան համաձայն, քաղաքացիականներն անմեղ չեն համարւում, այլ դիտարկւում են որպէս պայքարի մասնակից: Պըն Լատենը, օրինակ, Միացեալ Նահանգների կառավարութեանն ու ժողովրդին ընդհանրական թշնամի յայտարարելու պատճառը բացատրում է նրանով, որ Միացեալ Նահանգների քաղաքացին հարկ է վճարում, իսկ ամերիկեան զինուորը, լինելով քաղաքացի, ներկայացնում է սեփական կառավարութիւնը: Այլ կերպ ասած` Քայիտան իր հակառակորդի ամբողջ բնակչութիւնը դիտում է որպէս թշնամի եւ յարձակման ենթակայ թիրախ: Աւելի՛ն. ըստ Պարաք Մենտելսոնի` «Քայիտայի գաղափարաբանութիւնը ոչ միայն մարտահրաւէր է որոշ երկրների ինքնիշխանութեանը, այլեւ թիրախաւորում է նոյնիսկ իսլամական երկրների որոշ դրոյթներ եւ հաստատութիւններ: Քայիտան մերժում է պետութիւնների իրաւունքը այլ պետութիւնները ճանաչելու հարցում, յատկապէս երբ խօսքը մուսուլմանական տարածքի մասին է»: Այսպիսով, Քայիտան ոչ թէ ահաբեկիչների մի խումբ է, որը յարձակումներ է գործում անմեղ մարդկանց դէմ, այլ` վերպետական կազմակերպութիւն, որի ջանքերն ուղղուած են Իսլամական խալիֆայութեան հիմնադրմանը:

Քայիտայի գաղափարական սպառնալիքի աղբիւրը Արեւմուտքի դէմ զինուած ժիհատ սկսելու կոչն է հէնց, որը Սայիտ Քութպի գրուածքներից քաղուած գաղափարական կաղապարների հենքի վրայ քայլեր է կատարում մուսուլման բնակչութիւնը ոտքի հանելու եւ միջազգային բնոյթի համաշխարհային ապստամբութիւն սկսելու ուղղութեամբ: Այսպիսով, Քայիտայի ռազմավարութիւնը բաղկացած է մի քանի կէտերից` ապրել եւ գործել կոշտ իսլամի սկզբունքներով, տապալել արաբական այն կառավարութիւնները, որոնք Քայիտան չի համարում իսլամական, արտաքսել «խաչակիրներին» եւ «անհաւատներին» Արաբական թերակղզու տարածքից, եւ իսլամական այլ խմբաւորումների օժանդակութեամբ հիմնադրել համաշխարհային Իսլամական խալիֆայութիւն: Շարունակելով միտքը` նշենք, որ իսլամական մէկ այլ արմատական շարժման` Համասի փորձը քննելիս պարզ է դառնում, որ վերջինիս վտանգը դրա գաղափարաբանութիւնը չէ, այն ուղղուած չէ աշխարհակարգի փոփոխութեանը, քանի որ Համասի ուշադրութիւնը կենտրոնանում է հրէական պետութեան եւ սիոնականութեան վրայ, իսկ կազմակերպութիւնն ինքը իսլամի անունից կռւում է յանուն տարածքի ազատագրման եւ իսլամական պետութեան հիմնադրման: Այսպիսով, Քայիտան ոչ թէ պարզ ահաբեկչական խմբաւորում է, այլ սեփական գաղափարախօսութեամբ զինուած արմատական իսլամական կազմակերպութիւն, որը կոչ է անում աշխարհի բոլոր մուսուլմաններին միաւորուելու իր հովանու ներքոյ:

2.- Չնայած լրագրող Ճէյսոն Պըրքը Քայիտան  դիտարկում է որպէս աֆղանական պատերազմի ընթացքում զաւթիչների դէմ պայքարող մարտիկների խումբ, եւ համարում, որ այն ընդամէնը Խորհրդային Միութեան դէմ իսլամի անունից մարտնչող սովորական փարթիզանական կազմաւորում է, որը չունի կազմակերպական բջիջներ եւ հաղորդակցութեան ցանց` իրական սպառնալիքը արմատական իսլամի հիմնումն էր եւ արաբական մուսուլմանական պետութիւնների հետ նրա խորքային բանավէճը այնպիսի հարցերի շուրջ, թէ, օրինակ, ինչ հիմքի վրայ պէտք է կառուցուի իսլամական աշխարհը եւ ով է արժանի այն կառավարելու: Ինչպէս նշում է Ռոհան Կունառաթնան, «Քայիտան համաշխարհային նկրտումներով ժիհատական կազմակերպութիւն է: Իր առաջնային մանտաթը պահպանելով` դրա գերագոյն նպատակը ամբողջ աշխարհի իսլամական շարժումներին եւ մուսուլման զանգուածներին ոգեշնչելն ու հրահրելն էր յարձակուելու իսլամն ու մուսուլմաններին վտանգի ենթարկողների վրայ»: Ի յաւելումն նշենք, որ Պըն Լատենը սէուտական վարչակարգին մեղադրում է հակաիսլամականութեան մէջ` Միացեալ Նահանգների արեւմտեան այլ երկրների հետ առնչութիւններ ունենալու պատճառաբանութեամբ: Ճեֆրի Հէյնզը իր հերթին բացայայտում է Էրիթրէայում, Սոմալիում, Եգիպտոսում, Փաքիստանում եւ Սէուտական Արաբիայում 1990-ականներից ի վեր Քայիտայի ունեցած առնչութիւնները, եւ նշում այդ կազմակերպութեան` որպէս արմատական իսլամական կառոյցի մասին ընկալման ձեւաւորման մասին: Ռոյթըրզի մէջբերումը, օրինակ, ունի հետեւեալ տեսքը. «Սէուտական Արաբիայի կողմից Քայիտայի հետ կապուած 113 մարտիկի, այդ թւում` մահապարտ ահաբեկիչների 2 խմբի ձերբակալութիւնը ցոյց է տալիս, որ աշխարհի թիւ մէկ նաւթարդիւնաբերող երկրում ժիհատականութեան սպառնալիքը չի վերացել…»: Քայիտայի վտանգը հիմնականում բարձր արհեստագիտութիւնների եւ համացանցի միջոցով դրա գաղափարաբանութեան տարածման մէջ է: Ապտել Պարի Աթուանը յատուկ մատնանշում է համացանցի կարեւորութիւնն Քայիտայի ռազմավարութեան մէջ եւ ժիհատական 4,500 կայքերի գոյութիւնը, որոնք միաւորում են գաղափարապէս մօտ մարդկանց եւ քարոզում հաւատացեալներին` միանալու ժիհատին եւ ազատագրելու մուսուլմանադաւան ազգը «անհաւատներից»: Ուստի, սպառնալիքը ոչ միայն ահաբեկչական կառոյցի յարուցած բռնութիւնն է, այլ` դրա գաղափարաբանութիւնը, որը մուսուլմանների շրջանում արմատական տրամադրութիւններ է տարածում:

Ինչ վերաբերում է բուն սպառնալիքին, ապա պէտք է նշել, որ Քայիտան համացանցը օգտագործում է ոչ միայն իր տեսակէտները տարածելու համար, այլեւ աշխուժ աշխատանքներ է տանում շրջաններում: Վտանգի կորիզը սա է, քանի որ խնդիրը ոչ միայն նրա կողմից ֆինանսաւորուող մարտիկներն են, այլ` գաղափարական վտանգի ահագնացումը: Ինչպէս գրում է Ռոհան Կունառաթնան` «ներկայումս Քայիտայի իրական ուժն իր կողմից վարժեցուած, ֆինանսաւորուած, զինուած եւ ամենակարեւորը` գաղափարապէս մշակուած տարաբնոյթ խմբաւորումներն են: Քայիտայի ցանցը (Քայիտայի խմբաւորումներ + համագործակից կազմակերպութիւններ) եւ գաղափարապէս դուստր բջիջները կազմում են Քայիտա կոչեցեալ շարժումը»: Այդ իսկ պատճառով էլ Քիլքալենը հակաահաբեկչականից աւելի եւս կարեւորում է հակաապստամբական գործողութիւնները, որովհետեւ Քայիտան հանրութեան շրջանում մեծ աճ է գրանցել, եւ դրա գաղափարախօսութիւնն ուժեղ է: Լրագրողը, սակայն, նշում է նաեւ տարածաշրջանին տիրանալու հարցում Քայիտայի անարդիւնաւէտութիւնը:

Գաղափարական Պատերազմ

Իսլամական աշխարհը` արմատականութեան թիրախ

Ակնարկի այս հատուածում ես կը փորձեմ ընդդիմախօսել արմատաւորուած այն պատկերացմանը, թէ Քայիտայի գործողութիւնները լոկ ուղղուած են Արաբական թերակղզում օտարերկրեայ ներկայութեան դէմ, եւ իբր այն ոչ մի նպատակ չունի գրաւելու մուսուլմանական աշխարհն ու փոխելու դրա պետական-հասարակական կացութաձեւը: Անգամ եթէ դա այդպէս է, Քայիտայի կրաւորական գոյութիւնն անգամ չի նշանակում, թէ սպառնալիքն ուղղուած է միայն օտարերկրեայ թիրախների: Մուսուլմանական աշխարհում եւ արաբական երկրներում արմատականների ու գործող կառավարութիւնների բախումն ակներեւ է: Իրական սպառնալիքն ուղղուած է քաղաքական եւ կրօնական գործող կառուցուածքին` որպէս ումման միաւորելու խոչընդոտների: Չնայած Քայիտան Արաբական թերակղզու տարածքում մի շարք յարձակումներ է հեղինակել ընդդէմ ամերիկեան եւ արեւմտեան երկրների քաղաքացիների, մեկնաբանել է իր թշնամանքը տարածաշրջանում արեւմտեան ազդեցութեան առկայութեամբ եւ անընդունելի համարել Սէուտական Արաբիայի հարստութեան բռնազաւթումն Ամերիկայի կողմից եւ այլն, Քայիտայի իրական վտանգը ներկայիս վարչակարգերի հանդէպ դրա ներհակ կեցուածքն է:

Ինչպէս նշում են Քուինթան Վիքթորովիցը եւ Ճոն Քալնթերը, «ժիհատականները մեղադրում են սէուտցիներին եւ իսլամական աշխարհի մնացեալ վարչակարգերին` իսլամին անյարիր վարքուբարքի մէջ, համարելով ուրացողներ, եւ նրանց հեռացնելու համար ժիհատի կոչ են անում»: Քայիտան ահաբեկում է սէուտական կառավարութեանը` պահանջելով հեռանալ երկրից: Նմանապէս, իսլամական աշխարհի կառավարման վերաբերեալ գաղափարախօսութեան եւ մօտեցումների տարբերութիւնների պատճառով Քայիտայի արմատականները հակասութեան մէջ էին սէուտական վարչակարգի հետ` ընդդիմանալով նրան եւ պատրաստակամութիւն յայտնելով փոխելու իսլամի ընկալումն Արաբական թերակղզում: Աւելի՛ն. Պըն Լատենը սէուտական վարչակարգին մեղադրում է իսլամի խնդիրների նկատմամբ ամերիկեան արտաքին քաղաքականութեան դրոյթները նոյնութեամբ վերարտադրելու եւ Պաղեստինում ու Իրաքում մուսուլմանների իրաւունքները պաշտպանել չկարողանալու մէջ: Արդիւնքում Քայիտան համացանցի միջոցով պատերազմ է յայտարարում վարչակարգին եւ, քարոզչութեան օգնութեամբ, պայքարը տեղափոխում գաղափարական դաշտ: Սիրիայի նախագահի բառերով` «Քայիտայի ծայրայեղական գաղափարախօսութիւնը շարունակ աճող աջակցութիւն է ձեռք բերում… սիւննի մուսուլման աշխարհում… եւ ընդլայնում իր ցանցն աջակիցների նոր սերնդի շրջանում»: Այսպիսով, վերոբերեալ մտքերն ու մէջբերումները պարզորոշ վկայում են մուսուլմանների միջեւ սառը պատերազմի ահագնացման եւ Քայիտայի գաղափարաբանութիւնից առաջացած սպառնալիքի մասին:

Ի յաւելումն` արժէ նշել այն քայլերը, որոնք ձեռնարկուել եւ ուղղուել են ընդդէմ արմատական Քայիտայի սպառնալիքի, ինչն ակներեւ է դարձնում արմատականների գաղափարական վտանգի ծաւալման նկատմամբ գիտնականների եւ փորձագէտների մտահոգութիւնը: Օրինակ, Յորդանանի Ապտալլա Բ. թագաւորը հանդիպում է կազմակերպում ուլեմաների հետ եւ կոչ անում նրանց` դատապարտել արմատական շարժումների պարտադրած գաղափարաբանութիւնը: Աւելի՛ն. Տէյվիտ Քիլքալենը մեզ ի ցոյց է դնում Քայիտայի մասին բացառիկ իրականութիւնը,  որ այն ոչ թէ աւանդական ահաբեկչական շարժում է, այլ` համաշխարհային ապստամբութիւն, որը մուսուլմանական աշխարհին կոչ է անում միաւորուելու եւ ձեւաւորելու խալիֆայութիւն: Այս իսկ պատճառով էլ Քայիտայի  դէմ պայքարում հեղինակը հակաահաբեկչականից աւելի կարեւոր է համարում հակաապստամբական գործողութիւնները: Սէուտական իշխանութիւնները ձեռնարկել են հակաարմատականացման արշաւ, որը միտուած է հասարակութիւնը կրթելուն եւ ազգաբնակչութիւնն արմատական գաղափարաբանութիւնից պաշտպանելուն: Այսպիսով, չնայած սոյն ակնարկի նպատակն Քայիտայի վտանգները ցուցադրելն է` կառոյցին յաղթելու վերաբերեալ գիտնականների եւ փորձագէտների արտայայտած մտքերն օգնում են սպառնալիքի ակունքները տեղորոշել նրա գաղափարաբանութեան մէջ, այլ ոչ միայն իրագործած բռնութիւններում:

Իր գաղափարները տարածելու գործում Քայիտայի կարողութիւնները վտանգի են ենթարկում միջազգային իրաւակարգը, քանի որ դա բարդացնում է աշխարհով մէկ համագործակցող արմատական շարժումների դէմ քայլերի ձեռնարկումը: Ինչպէս նշում է Ռոհան Կունառաթնան, չնայած ամերիկեան ներխուժումից յետոյ Քայիտան մասամբ անարդիւնաւէտ էր գործում` Համաշխարհային Ժիհատը շարունակում է դեռեւս վտանգաւոր մնալ եւ պահպանել է իր կապերը տարածաշրջանային ու համաշխարհային բջիջների հետ: Իսկապէս, Քայիտայի կապը հարաւարեւելասիական արմատական ահաբեկչական շարժման` Ժամաա Իսլամիայի, («Իսլամական միաբանութիւն») հետ յենւում է մուսուլմանական աշխարհը մէկ իսլամական միութեան մէջ միաւորելու գաղափարախօսութեան վրայ, իսկ երկու կազմակերպութիւնների ղեկավարների հաւատարիմ յարաբերութիւնները ցոյց են տալիս ահաբեկչական նման խմբաւորումներում գաղափարախօսութեան ազդեցիկութեան խորութիւնը: Քայիտայի եւ Ժամաա իսլամիայի նմանօրինակ փոխադարձ աշխարհընկալումը յանգեցրել է դրանց ներգրաւուածութեանն այնպիսի ահաբեկչական գործողութիւններում, ինչպիսին է ինքնաթիռի առեւանգումը Պանքոքում: Այսպիսով, վերոնշեալ քայլերը պարզորոշ ցոյց են տալիս արմատական գաղափարաբանութեան կարեւորութիւնը եւ դրա պարունակած վտանգները միջազգային իրաւակարգի համար այն մեծ ազդեցութեան առումով, որ կարող է ունենալ տարբեր տարածաշրջաններում գործող կազմակերպութիւնների միաւորումը:

Արեւմուտքը` Արմատականութեան Թիրախ

Վերջին տարիներին արեւմտեան երկրներում ահաբեկչական յարձակումներ տեղի ունեցան, որոնցում ուշադրութիւն գրաւեց գերազանցապէս բռնութեան գործօնը: Համարուեց, որ դա Քայիտայի ուղերձն է արեւմտեան երկրներին` հեռանալու Աֆղանստանից եւ իսլամական միւս պետութիւններից: Ինչեւէ, աւելի մանրամասն քննութիւնը ցոյց է տալիս, որ արեւմտեան ճակատում Քայիտայի յարուցած սպառնալիքն աւելին է, քան` արմատական ահաբեկչութեան վրայ ուշադրութիւն սեւեռելու փորձը: Նպատակը երկշերտ է: Առաջինը` արթնացնել մուսուլմանադաւան սփիւռքն ու ներգրաւել այն «խաչակիրների» դէմ ուղղուած «միացեալ խալիֆայութիւն» կոչեցեալ նախագծում: Երկրորդը` ցուցադրել արեւմտեան մշակոյթի հանդէպ ունեցած ատելութիւնն ու այն համոզմունքը, թէ Քայիտան ունակ է յաղթելու ամենահզօր տէրութեանը: Այստեղից հետեւում է, որ վտանգը ոչ միայն ահաբեկչական յարձակումներն են, այլեւ Եւրոպայի մուսուլման բնակչութիւնն արմատականացնելու` որոշ խմբաւորումների ջանքերը, ինչն իր հերթին անկարգութիւններ կ՛առաջացնի այդ մարդկանց բնակութեան վայրերում: Քայիտայի գաղափարաբանութիւնը համահունչ է Սամուէլ Հանթինկթոնի այն եզրակացութեանը, ըստ որի, արմատական իսլամը միջազգային իրաւակարգի գլխին կախուած յաջորդ սպառնալիքն է: Չմոռանանք նաեւ Սայիտ Քութպի այն պնդումը, որ իսլամն ու Արեւմուտքը չեն կարող միմեանց յարմարուել եւ խաղաղ գոյատեւել:

Մուսուլման բնակչութիւնը թիրախի տակ առնելիս արմատական իսլամականների ռազմավարութիւնը բացառիկ մեթոտներ է ձեռնարկում` օգտագործելով մզկիթներ, համացանց, տարաբնոյթ միաւորումներ ու յանձնակատար ուլեմաների, որոնք արմատական գաղափարների տարածմամբ ձեւաւորում են ծայրայեղականութիւն եւ թշնամանք: Աւելի՛ն. Քայիտան մեծ կշիռ ու փորձառութիւն ունի մարդկանց մէջ արմատական գաղափարներ սերմանելու գործում եւ քարոզում է միանալ «անհաւատների» ու նրանց դաշնակիցների դէմ պայքարին: Օրինակ` մատրիտեան պայթեցումների ետեւում կանգնած է Իսլամական մշակոյթի կենտրոնը, յայտնի` որպէս «Մզկիթ 30», որն արմատական գաղափարներ է տարածում, եւ յանցագործութիւններու կազմակերպման գործում համախոհ մարդկանց միաւորելու մեծ կարողութիւն ունի: Նմանապէս, Լոնտոնի Պիսթոնի մզկիթում եւ մերձակայ համայնքում արմատականները յաջողացրել են կեթօ ստեղծել, որում ժիհատը խօսակցութիւնների հիմնական նիւթն է: Աւելի՛ն. Միացեալ Նահանգներում արմատական ՀԿ-ները վեր են ածւում ահագնացող սպառնալիքի` տարածելով արմատական մտածողների գրուածքները, կազմակերպելով հաւաքներ եւ երիտասարդ սերնդին արմատական հայեացքներ քարոզող դասընթացներ եւ այլն:

Ուստի, անկախ նրանից, այդ տեսլականը յաջողութիւն ունի, թէ ոչ, վերոնշեալ օրինակներից պարզ է դառնում, որ իրական սպառնալիքը գալիս է գաղափարախօսութիւնից եւ նրանցից, ովքեր քարոզում են արմատական ուսմունք եւ ապրելակերպ: Որպէս հետեւանք` արեւմտեան երկրների մուսուլման բնակչութիւնը սկսել է աւելի աշխուժօրէն առաջ քաշել պատշաճ պայմաններում իսլամով կենցաղավարելու իր իրաւունքները եւ եւրոպական իշխանութիւններից պահանջում է բացել իգական դպրոցներ, անասուններին մորթել համաձայն ծիսակարգի, պայքարում է գլխաշորով ծածկուելու սովորոյթի պահպանման համար եւ այսպէս շարունակ, ինչը յանգեցնում է Եւրոպայում արմատականութեան աճին, ինչն էլ Քայիտայի` հակաահաբեկչութեան դէմ պայքարի մարտավարութեան ամենակարեւոր տարրերից է: Այսպիսով, արմատականներից եկող սպառնալիքի կորիզը աշխարհի տարբեր մասերում արմատական իսլամական ինքնութեան ձեւաւորումն է, այլ ոչ թէ ինչ-ինչ թիրախներին ուղղուած յարձակումները:

Հարկ է մատնանշել նաեւ եւրոպական պետութիւնների նախաձեռնած հակաարմատականացման ջանքերը, ինչը ցոյց է տալիս, որ այդ երկրներում գիտակցում են հանրութեան ներսում աշխուժ գործող արմատական խմբաւորումների յարուցած վտանգը: Օրինակ, Հոլանտայի իշխանութիւնները վտանգ են տեսնում ոչ միայն երկրի անվտանգութեան առումով, այլեւ նրանում, որ արմատականները ձգտում են մեկուսացնել մուսուլման բնակչութեանը, ինչը կարող է յանգեցնել ժողովրդագրական հիմնախնդիրների: Ըստ Տէյվիտ Քիլքալենի,  արմատականութեան անարգել աճին նպաստող մէկ այլ գործօն է Քայիտայի դէմ հակաահաբեկչական պայքարի անարդիւնաւէտութիւնը, քանի որ այդ կազմակերպութիւնն իր գաղափարախօսութեան միջոցով ներթափանցում է աշխուժ քաղաքականութիւն վարող տեղային ցեղերի շրջանակ: Սա նշանակում է, որ Քայիտան ոչ թէ դասական ահաբեկչական խմբաւորում է կամ անջատողական շարժում, այլ համաշխարհային ընգրկման արմատական կազմակերպութիւն` սեփական գաղափարաբանութեամբ եւ աշխարհի տարբեր կողմերում ունեցած աջակիցներով: Ուստի, նման կազմակերպութեան հետ գործ ունենալիս իշխանութիւնները պէտք է առաջին հերթին մարտահրաւէր նետեն դրա գաղափարաբանութեանը եւ հանրութեանը տեղեակ պահեն արմատականների որդեգրած միջոցների վնասակար եւ անթոյլատրելի բնոյթի մասին:

Երկրորդ խնդիրն Քայիտայի  թշնամական տրամադրուածութիւնն է Միացեալ Նահանգների  հանդէպ, ոչ թէ զուտ, քանի որ այն ըստ էութեան հիմնական զաւթիչ ուժն է իսլամական աշխարհում, այլ որովհետեւ արմատական իսլամական գաղափարաբանութիւնն անհամատեղելի է արեւմտեան մշակոյթի հետ եւ Արեւմուտքին համարում է հակառակորդ: Դրա պատճառով էլ ստեղծուած հակամարտութեան ներկապնակում արմատական գաղափարաբանութեան առաջնահերթութիւնը մտածել է տալիս, որ Քայիտան  ոչ թէ մի ահաբեկչական շարժում է, որը պայքարի է բռնուել Միացեալ Նահանգների հետ մուսուլմանական հողերի ազատագրման համար, ինչպէս կարծում է Ճէյսոն Պըրքը Քայիտայի մասին` իբր թէ այն հեռու է գաղափարականութիւնից եւ քաղաքակրթութիւնների բախման ձեւակերպումից, իսկ տարուող պայքարը զուտ քաղաքական է` պայմանաւորուած Արաբական թերակղզում օտարերկրեայ ազդեցութեան առկայութեամբ,  այլ իրականում որովհետեւ Միացեալ Նահանգները Արեւմուտքի առաջատար երկիրն է, իսկ Քայիտան կառուցում է մի գաղափարախօսութիւն, որը հակադրւում է հէնց արեւմտեան արժէքներին, դառնում դրանց թշնամին, ուստիեւ պայքարը ոչ թէ տարածքային է կամ միտուած թշնամուն վնասելուն, այլ գաղափարական: Իսկապէս, ինչպէս Պըն Լատենն է ասում` «… ճակատամարտը Քայիտա կազմակերպութեան եւ խաչակիրների միջեւ չէ, այլ մուսուլմանների` իսլամի ժողովրդի եւ համաշխարհային խաչակիրների»: Աւելացնենք, որ Պուշի վարչակարգի կողմից ահաբեկչութեան խնդիրն ամբողջ իսլամի վրայ առհասարակ ընդհանրացնելու քաղաքականութիւնը, մուսուլմանական ու արաբական երկրների հետ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու անկարողութիւնը եւ իսլամը որպէս թշնամի դիտարկելը առաւել եւս ընդգծեցին այն, որ բախումը քաղաքակրթական է, իսկ սպառնալիքը գալիս է գաղափարաբանութիւնից, քանի որ արմատական իսլամը կոչ է անում թշնամուն փնտռել ի դէմս միջազգային իրաւակարգի:

Եզրակացութիւն

Սոյն ակնարկը ցոյց է տալիս, որ Քայիտայի յարուցած սպառնալիքը զուտ բռնութիւնը չէ, այլ իսլամի բոլորովին նոր ընկալում հաստատելուն միտուած գաղափարաբանութիւնը եւ վերջինս կեանքի կոչելու  պատրաստակամութիւնը: Շարադրանքի ընթացքում այլ ահաբեկչական կառոյցների` արմատական իսլամական Համաս եւ թրքական Էրկենեքոն կազմակերպութիւնների համեմատութեամբ  բացայայտուեց Քայիտայի առաջ քաշած արմատական իսլամական գաղափարաբանութեան բնոյթը: Առաջինը, ծագած լինելով հանդերձ միեւնոյն իսլամական արմատից, կենտրոնանում է Մերձաւոր Արեւելքում սիոնականութեան  եւ Իսրայէլ պետութեան դէմ պայքարի վրայ: Երկրորդը, որպէս թիրախ ընտրելով թուրք դիւանագէտներին, աւելի ցուցադրական բնոյթ ունէր եւ ցանկանում էր միջազգային հանրութեան ուշադրութիւնը բեւեռել Հայկական հարցին: Իսկ ինչ վերաբերում է Քայիտային, այս յօդուածում ցոյց տրուեց դրա գաղափարաբանութեան բացառիկութիւնը եւ այն քողարկուած ուղերձը, որն առաջ է քաշուել ընդդէմ Արեւմուտքի` ընդհանրապէս, եւ մուսուլմանական կառավարութիւնների` մասնաւորապէս: Հակառակ ոմանց կարծիքի, թէ իբր Քայիտան ցանցեր եւ ազդեցիկ հնարաւորութիւններ չունի, եւ կենտրոնացած է բացառապէս օտարերկրեայ բանակների դէմ պայքարի վրայ` շարադրանքի ընթացքում շեշտուեց Քայիտայի գաղափարական վտանգը` ցոյց տալով արմատական հեղինակների գրուածքները տարածելու եւ երիտասարդներին դրանցով կրթելու ու մուսուլմանական միութեան գաղափարին մասնակից դարձնելու համար ցանցեր ու արհեստագիտութիւններ գործածող մարտավարութեան կարեւորութիւնը:

Ակնարկի յաջորդ մասում ընդգծուեց միջազգային ասպարէզում արմատական իսլամի ի յայտ գալու փաստը, որի թիրախը յատկապէս Սէուտական Արաբիայի իշխող արքայատոհմն է, որը մեղադրւում է իսլամական ուսմունքին իրենց ցանկալի ձեւով չհետեւելու եւ, ինչն ամէնից կարեւորն է, շատերի կարծիքով, իսլամի ամենամեծ թշնամու` Միացեալ Նահանգների հետ առնչութիւն ունենալու մէջ: Դա իր հերթին նշանակում է, որ Քայիտան սպառնալիք է ոչ միայն Սէուտական Արաբիայում բնակուող ամերիկեան ենթակաների կեանքին եւ անվտանգութեանը, այլեւ անգամ իշխող արքայատոհմին, քանի որ վերջնանպատակն արմատականացուած բնոյթի Խալիֆաթի ստեղծումն է: Աւելի՛ն. Արեւմուտքին հասցէագրուած սպառնալիքը ոչ միայն բռնութիւն ու դաժանութիւն գործելն է եւ թշնամուն կործանել փորձելը, այլ նաեւ գործող ցանցերի եւ կազմակերպական բջիջների միջոցով արեւմտեան երկրներում մուսուլման բնակչութեանը ոտքի հանելու ձգտումն ու միասնական առաքելութեան մասին կոչը, ինչը կարող է լրջօրէն ազդել իսլամական սփիւռքում արմատականութեան ահագնացման վրայ: Հետեւաբար` իրական վտանգն Արեւմուտքում արմատականութեան գաղափարախօսութեան ի յայտ գալն է Քայիտայի գործուն մասնակցութեամբ: Այս իմաստով, Արեւմուտքի համար Քայիտայի սպառնալիքն այն է, որ նշմարւում է արեւմտեան արժէքների եւ իսլամական աշխարհի միջեւ բախում առաջացնելու յստակ նպատակ: Սա է միջազգային անվտանգութեանը նետուած մարտահրաւէրը:

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )