Մի «Պանդուխտ» Գերեզմանոց Եւ Ոչնչացուած Յիշողութիւն

ՎԵՃՏԻ ԷՐՊԱՅ

Agos_kerezman1915 թ. տեղահանութիւնից (Հայոց ցեղասպանութիւն – «Ակունք»-ի խմբ.) որեւէ կերպ ողջ մնալ յաջողած հայերը ցրուեցին ողջ աշխարհով մէկ: Հայերի թողած տները, եկեղեցիներն ու գերեզմանոցները նրանց երազանքների պէս թալանուեցին: Իսկ իրենց ծնուած հողերում ապրել շարունակած հայերը ցեղասպանուած ժողովրդի անճարակութեամբ լռել են երկար տարիներ շարունակուող այս մշակութային կողոպուտի մասին:

Պիթլիսից (Բաղեշ, «Ակունք»-ի խմբ.) Ամերիկա գաղթած եւ Քալիֆորնիայի Ֆրեզնօ քաղաքում բնակուած հայ ընտանիքի անդրանիկ զաւակ Ուիլիըմ Սարոյեանն իր «Խենթութիւնն ընտանիքում» պատմուածքում ասում է. «Մենք Ֆրեզնոյում էինք, բայց միեւնոյն ժամանակ մենք ոչ մի տեղ չէինք: Իրականում ինչպէ՞ս կարող էինք լինել մի տեղ, քանի դեռ մահը բռնել էր մեզանից մէկին, մենք թաղել էինք նրան եւ գիտէինք, որ այնտեղ է»:

Որեւէ վայր հայրենիք դարձնելու համար յիշողութեան մէջ ամէն ինչը ջնջել եւ նոր յուշերի համար մի նոր գերեզմանի կարիք զգալ… Բնականաբար սա դժուար կը հասկանան նրանք, ովքեր իրենց հայրենիքից բռնի չեն գաղթեցուել, սակայն անտէր գերեզմանների վիճակը շատ բան է ասում այս տողերը հասկանալու համար:

Հասարակական Շինութիւն Հանդիսացող
Գերեզմանոցներ

1915 թ. տեղահանութիւնից (Հայոց ցեղասպանութիւն, «Ակունք»-ի խմբ.) յետոյ որեւէ ձեւով ողջ մնալ յաջողած հայերը ցրուեցին ողջ աշխարհով մէկ: Հայերի թողած տները, եկեղեցիներն ու գերեզմանոցները նրանց երազանքների պէս թալանուեցին: Իսկ իրենց ծնուած հողերում ապրել շարունակած հայերը ցեղասպանուած ժողովրդի անճարակութեամբ լռել են երկար տարիներ շարունակուող այս մշակութային կողոպուտի մասին:

Պիթլիսի (Բաղէշի, «Ակունք»-ի խմբ.) այս պատմութեան եւ յիշողութեան կոտորածների մասին «Պիթլիս Նիու» կայքէջի հեղինակներից Հիշեար Պարզան Շերեֆհանօղլուն պատմում է.

«Քաղաքի 4 հայկական գերեզմանոցից 3-ի վրայ այսօր տարբեր հաստատութիւնների շէնքեր են վեր խոյանում: Ինէօնիւ թաղամասի գերեզմանոցի վրայ գտնւում է Ժողովրդական կրթութեան կենտրոնը, գերեզմանոցին մօտ գտնուած եկեղեցին երկար տարիներ որպէս բանտ օգտագործելուց յետոյ քանդել եւ տեղում Տիտեպան նախակրթարանն են կառուցել»: Սափքոր (Ծապկոր, Սափըրքոր) թաղամասում գտնուած հայկական գերեզմանոցն էլ լրիւ աւերել են եւ տեղում կառուցել մի շինութիւն, որը ծառայում է որպէս Պիթլիսի Իմամ Հաթիփ կրօնական վարժարան:

Թէեւ տարբեր հասարակական շինութիւնները հայկական գերեզմանոցների տեղում կառուցելու հանգամանքը խիղճը վիրաւորող պետական խնայողութիւն է, սակայն Պիթլիսի Մահալեպաշը թաղամասում գտնուող հայկական գերեզմանոցի տեղում օգոստոսի 8-ին Աթաթուրքի մարզահամալիրի կառուցումն, անկասկած, ապացոյց է խղճի պոռթկման եւ ապստամբութեան:

Մահացածների Վրայով Ճանապարհ Անցաւ

Դիարպեքիրի (Տիգրանակերտի Ա.) գերեզմանոցն էլ իր պատմութիւնն ունի: Հայ եւ ասորի տիգրանակերտցի հանգուցեալների գերեզմանոցը մնացել է Շեհիթլիք շրջանի եւ թաղամասի մէջտեղում: Այս գերեզմանոցն էլ է երկար տարիներ մնացել առանց խնամքի` ենթարկուելով գանձագողերի թալանին, սակայն ամենաողբերգականը տեղի է ունեցել Ահմեթ Պիլկիի քաղաքապետութեան օրօք: Տիգրանակերտցի հայերից Սարգիս Էրքենը, որպէս այս ողբերգութեան վկայ, պատմում է իր ապրումների մասին. «Ուրֆաքափըում հայերն ու ասորիները գերեզմանոցի շուրջ պատ էին կառուցել: Հօրս գերեզմանն էլ էր այնտեղ: 1995 թ. քանի որ կինս հիւանդ էր, Պոլիս գնացի: Ճանապարհ կառուցելու համար գերեզմանոցի պատը 10-15 մ դէպի ներս տեղափոխուեց: Այժմ գերեզմանոցի վրայով ճանապարհ է անցնում: Ո՛ր գերեզմանը որ տէր ունէր, ոսկորները վերցրեցին, մի նոր գերեզմանում թաղեցին, ո՛ր գերեզմանը տէր չունէր, ոսկորները հաւաքեցին, մի փոս լցրեցին: Քանի որ ես այնտեղ չէի, այժմ հայրս գերեզման չունի: Բա սա անիրաւութիւն չէ՞: Սա մե՛ծ անիրաւութիւն է»:

Ջնջել Յիշողութիւնը

Նայելով աջ ու ձախ ցաք ու ցրիւ եղած կամ դեռեւս կանգուն գերեզմաններին` հնարաւոր է հասկանալ հայ եւ ասորի ժողովուրդների գերեզմանների մշակոյթի հանդէպ ունեցած յարգանքը: Իսկ գերեզմանոցի ներկայիս վիճակը ցոյց է տալիս, որ 1915 թ. տեղահանութիւնը դեռեւս շարունակւում է: Ցանկանում են, որ Տիգրանակերտից աքսորուածների մասին յիշեցնող ինչ որ կայ, ջնջուի, մոռացուի: Գերեզմանոցը որեւիցէ կերպ ոչնչացնելը հնարաւորութիւն է ընձեռելու ջնջել այս յիշողութիւնը: Եւ ցաւօք, դա ցանկացող անձանց ու կազմակերպութիւնների քանակը չափազանց շատ է:

Միւս կողմից` շրջանում միակ դրական օրինակը Տիգրանակերտի քաղաքապետարանի ներդրմամբ Մերձաւոր Արեւելքի ամենահին եւ մեծ եկեղեցիներից Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումն ու հաւատացեալների առջեւ դռները բացելն է: Տեղական ինքնակառավարման մարմինների նոյն հետաքրքրութիւնը եւ ըմբռնումը հայերի եւ ասորիների վերջին գերեզմանոցի նկատմամբ էլ է ցուցաբերուելու, եւ եղբայրութեան շեշտադրումը կեանքի է կոչուելու նաեւ գերեզմանոցի հարցում:

Գերեզմանոց, Որ Մասին Յիշեցին
Արամ Տիգրանով

Իր կատարած քրտերէն երգերով քուրտ ժողովրդի սիրտը գրաւած Արամ Տիգրանը 2009 թ. Յունաստանում մահանալուց առաջ ցանկութիւն էր յայտնել թաղուել Տիգրանակերտում: Մինչ սպասում էին պետական ատեանների պատասխանին, Տիգրանակերտի քաղաքապետարանը գերեզմանի նախապատրաստութիւնն արդէն տեսել էր: Տարիներ շարունակ անխնամ մնացած գերեզմանոցի խոտը հնձուել, գերեզմանների միջեւ եղած ուղիները բացուել, տնկիները տնկուել էին: Տիգրանակերտի քաղաքապետարանը գերեզմանոցի խնամքի համար յատուկ մարդ էր նշանակել: Մարդկանց եւ ժամանակի խղճին մնացած գերեզմանոցը մի քանի օրուայ ընթացքում բոլորովին այլ տեսք ստացաւ:

Սակայն, ինչպէս յայտնի է, պետութիւնը թոյլ չտուեց, որ Արամ Տիգրանին Տիգրանակերտում ամփոփեն: Եւ գերեզմանոցի մասին կրկին մոռացան:

Վայր, Որ Ծամծմուել Է Օրէնքներով Եւ Խղճով

Լոզանի պայմանագրի 42-րդ յօդուածի երրորդ կէտում ասւում է` «Թուրքական կառավարութիւնը պարտաւորւում է պահպանել վերոյիշեալ փոքրամասնութիւններին պատկանող եկեղեցիները, սինակոկերը, գերեզմաններն ու այլ կրօնական շինութիւններ»: Բացի այդ, քաղաքապետարանի օրէնքների մէջ եւս կան գերեզմանների պահպանութեան եւ խնամքի վերաբերեալ յօդուածներ:

Սակայն գործնականում այս բոլոր օրէնքները, համաձայնութիւնները եւ մարդկային կարեկցանքը յօդս են ցնդում: Գերեզմանոցի խնամքի համար պատասխանատու Օզկիւներ Իլքըլըճի մանկութիւնն այս գերեզմանոցում է անցել: Գանձեր որոնողների եւ գերեզմանոցը խմելու վայրի վերածողների հետ շատ արկածախնդրութիւնների միջով է անցել: Աշխատանքի դիմաց թէեւ քիչ, սակայն Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցուց աշխատավարձ է ստացել: Արամ Տիգրանի մահից յետոյ աշխատավարձը Տիգրանակերտի քաղաքապետարանն է տալիս: Հաւաքում է գերեզմանոցի աղբը, ջրում է ծառերը եւ հնձում խոտերը: Ասում է, որ ճանապարհ կառուցելիս գերեզմանոցի ներսում անկանոն նետած տապանաքարերը պէտք է աւելի կանոնաւոր տեղաւորել, դրա համար եւ թոյլատուութեան եւ օգնութեան կարիք ունի: Բացի այդ, Իլքըլըճը նկատում է, որ գերեզմանոցի տարածքը նեղացնելուց յետոյ, գնալով կրճատուել է նաեւ այցելուների թիւը. «Մարդիկ հարցնում են իրենց պապերի գերեզմանը: Եթէ կայ, ցոյց եմ տալիս, սակայն ոմանց գերեզմանոցը ճանապարհաշինարարութեան զոհ է դարձել: Շատ դժուար է, սակայն ասում եմ` «Պապդ այլեւս գերեզման չունի»: Մարդիկ Պոլսից, Եւրոպայից յաջորդ անգամ այլեւս ինչո՞ւ գան այստեղ: Արդէն գերեզմաններն անգամ չկան»:

«Ակօս»

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )