Հասան Ճեմալ. Էրտողանի Վտանգաւոր Խաղը Շարունակւում Է

Civilnet_hasan-jamal«Թէ. 24» թուրքական կայքում հրապարակուել է լրագրող Հասան Ճեմալի «Էրտողանի վտանգաւոր խաղը շարունակւում Է» վերնագրով յօդուածը: Յօդուածագիրն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի ընդունած որոշմանը, որով թուրքական զինուժին թոյլատրւում է ռազմական գործողութիւններ ծաւալել Իրաքի եւ Սիրիայի տարածքում: Ճեմալը կարծում է, որ անդրսահմանային ռազմական գործողութիւնների նպատակը ոչ թէ «Իսլամական պետութեան» դէմ պայքարն է, ինչպէս յայտարարում է Թուրքիան, այլ Սիրիայի եւ Իրաքի քրտերին ճնշելը: Յօդուածը թարգմանաբար եւ որոշ կրճատումներով ներկայացուած է ստորեւ.

«ՍԻՎԻԼՆԵԹ»

 

Հեռուստացոյցով հետեւում էի Թուրքիայի խորհրդարանում Իրաք եւ Սիրիա զօրք ուղարկելու բանաձեւի քննարկմանը եւ այդ ընթացքում «Թուիթ»-ներ էի անում:

Թուրքիան մեծ սխալ կ՛անի, եթէ «ՏԱՀԵՇ»-ի դէմ պայքարի պատրուակով կռիւ սկսի քրտերի դէմ: «Այո» եմ ասում «ՏԱՀԵՇ»-ի դէմ պայքարին, «այո» եմ ասում Քոպանիի դիմադրութեան պայքարին, «ոչ» եմ ասում այն բանաձեւին, որը քրտերի դէմ կռուի հրաւէր է յիշեցնում:

«ՏԱՀԵՇ»-ի դէմ պայքարի անուան տակ Իրաքի եւ Սիրիայի Քրտստաններում ցամաքային ռազմական գործողութիւնների նախաձեռնումը կարող է Թուրքիան մխրճել ճահճի մէջ: Բանաձեւը քրտերի դէմ պայքարի դուռ կը բացի եւ մեծ հարուած կը հասցնի Թուրքիայի խաղաղութեանը եւ կայունութեանը:

Միթէ՞ բանաձեւին դէմ լինելը նշանակում է «ՏԱՀԵՇ»-ի պաշտպանութեամբ հանդէս գալ: Ո՛չ: Վարչապետ Ահմեթ Տաւութօղլուն նախ պէտք է պատասխան տայ նախագահ Էրտողանի կառավարութեան ու «ՏԱՀԵՇ»-ի համատեղ ծրագրերի համար:

Բանաձեւը կարող է լինել խաղաղութեանը սպառնացող շատ վտանգաւոր գործիք:

 

«Եթէ ՔԱԿ-ի ու «ՏԱՀԵՇ»-ի մէջ տարբերութիւն չկայ, ինչպէ՞ս է ընթանալու թուրք-քրտական խաղաղութեան գործընթացը»:

Ահա այսպիսին էին իմ «Թուիթ»-ները:

Ամէն ինչ մնացել է անփոփոխ: Էրտողանը շարունակում է միանձնեայ կառավարել երկիրը:

Ամէն առիթով բղաւում է. «Ես եմ ղեկավարելու Թուրքիան, ոչ թէ վարչապետը, ամէն ինչ այս երկրում ինձնից է կախուած»: Այդպէս է վարւում նաեւ բանաձեւի հարցում:

Խօսում է «ՏԱՀԵՇ»-ի դէմ պայքարի մասին:

Ռեճեփ Թայիփ Էրտողանի կարծիքով` «ՏԱՀԵՇ»-ը եւ ՔԱԿ-ը նոյն բանն են: Նիւ Եորքում «Ատհա»ի տօնի առաւօտեան կրկնեց այդ նոյն խօսքերը. «Մեզ համար ՔԱԿ-ն նոյն բանն է, ինչ «ՏԱՀԵՇ»-ը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են խոչընդոտել խաղաղութեան հաստատման գործընթացը, շատ ծանր կը վճարեն»:

Աստծու սիրուն, ասացէ՛ք ինձ, ինչպէ՞ս պէտք է ընթանայ խաղաղութեան հաստատման գործընթացը, եթէ ՔԱԿ-ի ու «ՏԱՀԵՇ»-ի միջեւ տարբերութիւն չկայ:

«ՏԱՀԵՇ»-ի դէմ պայքար ասելիս, միթէ՞ թիրախում է յայտնուելու ՔԱԿ-եւ Սուրիոյ քիւրտերու կազմակերպութիւն երկեակը:

Կամ միթէ՞ բանաձեւի իրական նպատակը հէնց սա է:

Մուրատ Պելկէն «Թարաֆ» թերթում տպագրած յօդուածում զգուշացնում է. «Երբ ՔԱԿ-ին «ՏԱՀԵՇ»-ով ես սպառնում, նմանւում է այն խորամանկութեանը, երբ նապաստակին ասում ես` փախի՛ր, իսկ որսաշանը` բռնի՛ր»:

Ո՛չ նապաստակն է կարողանում փախչել, ո՛չ էլ որսաշունը` բռնել:

Այս բանաձեւի քննարկումների ընթացքում քրտերը արտայայտում էին իրենց մտահոգութիւնը:

Միացեալ Նահանգների նախագահ Ճորճ Պուշի Իրաքի վրայ յարձակումից առաջ էլ կային նման անհանգստութիւններ, աւելի ճիշդ` նման ոգեւորութիւն:

Երբ Պուշը Սատտամին հետապնդում էր, Թուրքիայում տիրապետող էր հետեւեալ մօտեցումը. «Մտնե՛նք, մտնե՛նք ՔԱԿ-ին այնտեղից էլ մաքրենք»:

Աւելին, պնդում էին, թէ այդ ծրագրի միջոցով կ՛երաշխաւորուի Թուրքիայի ապագան:

Դա սխալ է:

Արդիւնքը միայն բացասական կարող է լինել:

Մուրատ Պելկէի զգուշացումը տեղին է:

«ՏԱՀԵՇ»-ի կամ «ՏԱՀԵՇ»-ի հետ կապեր ունեցող Նուսրայի նման արմատական իսլամիստական կազմակերպութիւնների միջոցով ՔԱԿ-ին նեղը գցելու քաղաքականութիւնը որդեգրել է Էրտողանը: Վերոնշեալ քաղաքականութեան շարունակութեան ազդանշան էր այն, ինչ ասաց Էրտողանը «Ատհա»-ի նամազից անմիջապէս յետոյ:

Էրտողանի այս դիրքորոշումը նպատակ ունի թէ՛ Թուրքիայի քրտերին եւ թէ՛ Իրաքի ու Սիրիայի քրտերին իրար դէմ հանել եւ գժտեցնել: Աւելի սարսափելի է այն, որ Էրտողանը կարող է վերջ դնել խաղաղութեան գործընթացին:

Դա շատ վտանգաւոր ճանապարհ է:

Սա մի ճանապարհ է, որը բացասաբար է ազդելու թէ՛ Թուրքիայի, թէ՛ տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութեան վրայ:

Սիրիայի եւ Թուրքիայի քրտերին չէք կարող իրարից բաժանել:

Ո՞վ գիտի` քանի՞ անգամ է այս մասին գրուել: Սիրիայի, այսինքն` Ռոժաւայի քրտերին եւ Թուրքիայի քրտերին միմեանցից չէք կարող բաժանել: ՔԱԿ-ն եւ Սուրիոյ քիւրտերու «Փէ. Եէ. Տէ.» կուսակցութիւնը միասին են, փոխկապակցուած են, նրանց չէք կարող բաժանել, չէք կարող նրանց միջեւ պատ շարել: Անցած ապրիլին, երբ շրջում էի Ռոժաւայում, ականատեսը եղայ մի իրողութեան, որի մասին այժմ խօսում եմ:

Մի՛ մոռացէք:

ՔԱԿ-ի շարքերում իրենց կեանքը զոհել են շուրջ հինգ հազար սիրիացի քրտեր: Միւս կողմից` Օճալանը առաջնորդ է նաեւ Ռոժաւայի քրտերի համար: Ռոժաւայի Ճեզիրէ քանթոնում ամէն քայլափոխի հանդիպում էք Օճալանին: Աւելին` ամէն խօսակցութեան ընթացքում տալիս են նրա` որպէս առաջնորդի անունը:

Այժմ Ռեճեփ Թայիփ Էրտողանը, օգտուելով բանաձեւի պատեհ առիթից, մտադիր է ՔԱԿ-ի եւ Սուրիոյ քիւրտերու «Փէ. Եէ. Տէ.» կուսակցութեան միջեւ սեպ խրել, ՔԱԿ-ին մեկուսացնել, միաժամանակ փորձելով վատացնել Օճալանի եւ ՔԱԿ-ի ու քրտերի միջեւ յարաբերութիւնները: Դրանով, ինչպէս նախապէս նշել եմ, նա կը հարուածի խաղաղութեան գործընթացին` հարուածելով նաեւ կայունութեանը եւ խաղաղութեանը` ընկղմելով Թուրքիան ճահճի մէջ:

Բաժանի՛ր, որ տիրես քաղաքականութիւնից պէտք է հրաժարուել:

Յօդուածն ուզում եմ աւարտել «Ռատիքալ»-ում Ճենկիզ Չանտարի երէկուայ սիւնակի հետեւեալ տողերով. «Անպայման պէտք է հրաժարուել քրտերի հարցում «Բաժանի՛ր, որ տիրես քաղաքականութիւնից»: Սուրիոյ քիւրտերու «Փէ. Եէ. Տէ.» կուսակցութեան, ՔԱԿ-ից, ՔԱԿ-ին Ապտուլլահ Օճալանից, Թուրքիայի քրտերին Սիրիայի քրտերից բաժանելու քաղաքականութիւնը շարունակելու դէպքում խաղաղութեան գործընթացի շարունակութի՛ւնն էլ, ձեր իշխանութեան ապագա՛ն էլ չէք կարող երաշխաւորած համարել»:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )