«Հերմէս»-ը` Հայաստանի Ու Արցախի Մանուկների Համար

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

1118hermes9Պեւըրլի Հիլզի «Պետրոսեան» պանդոկում նոյեմբերի 12-ին հայկական մշակոյթի ու ֆրանսական նորաձեւութեան միաձուլման իւրատեսակ երեկոյ էր. համաշխարհային նորաձեւութեան ամենահեղինակաւոր տներից` «Հերմէս»-ի թողարկած «Երեւանի տառեր» (Lettres d’Erevan) անուանումով մետաքսեայ թիկնոցներն առաջին անգամ ներկայացուեցին Միացեալ Նահանգների Արեւմտեան ափում:

Հայոց այբուբենը ներկայացնող «Հերմէս»-ի այս նախաձեռնութիւնը նուիրուած է Փրոթեսթանթ Ֆրանսա-Հայաստան սոլիտարիթի (ՓՖՀՍ) բարեգործական կազմակերպութեան 25-րդ տարեդարձին: Սահմանափակ քանակով արտադրուած թիկնոցների վաճառքի ողջ հասոյթը տրամադրուելու է ՓՖՀՍ-ի` Հայաստանում իրականացուող մարդասիրական եւ մշակութային ծրագրերին:

«Երեւանի տառեր» թիկնոցը ձեւաւորել է Կարէն Պետրոսեանը` իր ստեղծագործութիւնը ձօնելով Մեսրոպ Մաշտոցին ու Մատենադարանին: Կարմիր եւ սպիտակ գունային խորապատկերներով մետաքսի վրայ հայկական տառերը ներկայացուած են հին ձեռագրերի ոճով: Մէջտեղում, զարդարուած կամարի ներքոյ, խորհրդածող իմաստունի պատկեր է, ով ձեռքում բռնել է գիտութեան գործիքները` գրիչ ու բաց գիրք:

1118hermes52«Չափազանց ուրախ եմ, որ այս թիկնոցների միջոցով ՓՖՀՍ-ը կը կարողանայ շարունակել Հայաստանում մարդկանց օգնելու իր ծրագրերը», իր ուղերձում նշում է «Հերմէս»-ի գեղարուեստական ղեկավար Փիեռ Ալեքսիս Տումասը, ով էլ մտայղացել է թիկնոցների ստեղծումը:

«Ամէն տարի «Հերմէս»-ը որեւէ բարեգործական կազմակերպութեան հետ ստեղծագործական նախագիծ է իրականացնում: Այս տարի նրանք ընտրել էին մեզ, եւ նպատակն էր արուեստի միջոցով ներկայացնել հայկական ինքնութեան տարրերից: Արուեստագէտ Կարէն Պետրոսեանը սիրով արձագանգել էր Տումասի առաջարկին, «Պետրոսեան խաւիար»-ի սեփականատէր Արմէն Պետրոսեանն էլ ցանկութիւն յայտնեց աջակցել թիկնոցների` հանրութեանը ներկայացնելու հարցում: Սա մեզ համար իսկապէս մեծ պատիւ է, քանզի մեր կազմակերպութիւնը փոքր է եւ ծրագրերն իրականացնում է սահմանափակ միջոցներով` դրամահաւաքների շնորհիւ: Այս նախագծի արդիւնքում մենք կը կարողանանք շարունակել Հայաստանի եւ Արցախի մանուկների համար մեր բարեսիրական տարբեր ծրագրերը», «Ասպարէզ»-ի հետ զրոյցում նշեց Փրոթեսթանթ Ֆրանսա-Հայաստան սոլիտարիթի բարեգործական կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Քլեմենթ Հելիխ Փրաքինը:

Միացեալ Նահանգների Արեւմտեան ափում «Հերմէս»-ի թիկնոցների ներկայացումը կազմակերպել էր ամերիկահայ Սիլվա Էլմեճեանը:

1118hermes14«Ասպարէզ»-ում կարդացի «Հերմէս»-ի նախաձեռնութեան մասին եւ մտածեցի, որ լաւ կը լինէր ամերիկահայ համայնքին ներկայացնել թիկնոցները: ՓՖՀՍ-ի ղեկավարներն էլ, Արմէն Պետրոսեանն էլ սիրով արձագանգեցին ինձ, եւ այսօր հնարաւոր դարձաւ այս գեղեցիկ երեկոն: «Հերմէս»-ի բարեսիրական նախաձեռնութիւնն ի բարօրութիւն Հայաստանի է, եւ կարծում եմ, որ իւրաքանչիւրս պէտք է աջակցենք այս ծրագրին», նշում է Սիլվան, ում ջանքերի շնորհիւ էլ հայ համայնքը առիթ ունեցաւ տեսնելու եւ պատուիրելու «Հերմէս»-ի թիկնոցներից:

«Պետրոսեան» պանդոկում հիւրընկալուել էին համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ, ովքեր իրենց հիացմունքն արտայայտեցին թիկնոցների վերաբերեալ:

«Շատ գեղեցիկ է հայկական այբուբենն ունենալ նման նուրբ մետաքսի վրայ, որը կարող ես կրել թէ՛ որպէս զարդ, թէ՛ շրջանակել որպէս արուեստի գործ եւ հպարտօրէն փոխանցել սերնդէ սերունդ», նշեց հիւրերից Ալիս Չաքրեանը: Նազ Պաշիկեանն էլ իրադարձութիւն է համարում փաստը, որ «Հերմէս»-ն անդրադարձել է հայկական թեմայի. «Միաժամանակ յուզիչ է, որ թիկնոցներից ստացուած գումարներով օժանդակութիւն կը տրամադրուի հայ մանուկներին»:

«Պետրոսեան խաւիար»-ի փոխնախագահ Արնօ Թիեֆրին էլ պատմեց, որ թիկնոցներն օրեր առաջ ներկայացուել են նաեւ Նիւ Եորքի «Պետրոսեան» ճաշարանում:

1118hermes43«Ուրախ ենք նման ձեռնարկներ կազմակերպելու համար եւ աջակցելու` բարեգործական կազմակերպութեանը: Մեր հիւրերն այսօր լաւ ժամանակ են անցկացնում մեզ մօտ, միաժամանակ` օգտակար լինելով իրենց հայրենակիցներին: Մասնակցէք եւ աջակցէք», հանրութեանը յորդորեց Թիեֆրին:

Նշենք, որ «Երեւանի տառեր» թիկնոցներն արտադրուելու են սահմանափակ քանակով եւ արժէքն է 370 եւրօ: Թիկնոց կարելի է պատուիրել այցելելով ՓՖՀՍ-ի կայքէջ` http://www.spfa.bigcartel.com/

Տեղեկանք: ՓՖՀՍ-ը հիմնադրուել է 1990թ.-ին, Փարիզում, Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից յետոյ, մասնաւորապէս մանկատներին, կարիքաւոր երեխաներին ու տարեցներին օգնելու նպատակով:

Տարին երկու անգամ այս կազմակերպութիւնը կազմակերպում է բացայայտման նպատակ ունեցող ուղեւորութիւններ` Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին իրազեկելու նպատակով: «Հերմէս»-ը երկրորդ անգամ է, որ համագործակցում է բարեգործական այս կազմակերպութեան հետ. տասը տարի առաջ ստեղծուել էր «Հայկական պարտէզներ» (Les Jardins d’Arménie) թեմայով թիկնոց:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )