Թո՞ւրք Էք

ՄՈՒՐԱՏ ՄԻՐԶԱ

1118European-genetics1Այս հարցին այլեւս առաջուայ պէս դիւրին կերպով չէք կարող պատասխան տալ: Սոյն յօդուածն կարդալուց յետոյ ստիպուած կը լինէք բաւականին երկար մտածել` «Այո՛, ես թուրք եմ, քիւրտ եմ, արաբ եմ…» ասելուց առաջ:

Եթէ ծայրայեղ ազգայնական գաղափարների կրող էք, ի սկզբանէ եմ նախազգուշացնում` յետ կանգնէք, քանի դեռ ուշ չէ. անմիջապէս դադարէք յօդուածի ընթերցումը: Իսկ եթէ ոչ, մի՛ մոռացէք, որ ոչ մի բան այլեւս նախկինի նման չի լինի…

Երբ եօթ տարի առաջ «Նեշընըլ ճէոկրաֆիք»-ի կողմից մեկնարկած «ճենոմ» նախագծի համար ուղարկեցի իմ ԴՆԹ-ն («Տի. Էն. Էյ.»), դեռեւս շատ վաղ էր, որ յօդուած գրէի Թուրքիայի ծինային կառուցուածքի վերաբերեալ: Սակայն ծինաբանութեան մասին գիտութիւնը բաւականին արագ զարգացաւ, 2007 թ. հրապարակուեց մարդ արարածի ծինային քարտէսը, եւ այսօր բաւարար չափով տեղեկացուած ենք, որպէսզի կարողանանք որոշել ժողովուրդների ազգակցական կապերը: Այդ դէպքում սկսենք ճամբորդութիւնը: Ինչպէս Մորփէոսն է ասում, նայենք, տեսնենք` նապաստակի բոյնը ի՞նչ խորութիւն ունի:

Ծինային քննութեան արդիւնքի համաձայն, առաջին տղամարդն ապրել է մեզանից 60-80 հազարամեակ առաջ` Ափրիկէում, ներկայիս Քենիա-Եթովպիայի կողմերում: Ես որպէս միջին կ՛ընտրեմ 70 հազար տարին: Այսինքն, երբ աշխարհիս երեսին գտնուող 3.5 միլիառ տղամարդուց ԴՆԹ-ի օրինակ վերցնելով եւ Y քրոմոզոմը հիմք ընդունելով` յետ ենք գնում, տեսնում ենք, որ բոլոր տղամարդկանց ընդհանուր նախահայրը 70 հազարամեակ առաջ ապրած այդ անձն է:

Ի դէպ, անմիջապէս բացատրենք, թէ ինչո՛ւ ենք «տղամարդ» բառը շեշտում. Y քրոմոսոմն առկայ է միայն տղամարդկանց մէջ, եւ եթէ ուզում էք մօրական կողմից ձեր ծագումը բացայայտել, ապա պէտք է անել տաք միթոքոնտրիումային ԴՆԹ-ի քննութիւն: Y քրոմոզոմն է սահմանում մարդու սեռը: Այսինքն արու զաւակ չունեցած մեր պարոնները եթէ «ինձ մի որդի չպարգեւեցիր» ասելով` իրենց կանանց մեղադրելու փոխարէն` դրա համար իրենց սեփական քրոմոզոմները պատասխանատու համարեն, աւելի ճիշդ վարուած կը լինեն:

Այստեղ իսկոյն հետեւեալն էլ նշենք. քրոմոզոմի, ծինի, միթոքոնտրիումի նման գիտական բառերը թող բոլորովին էլ ձեր աչքը չվախեցնեն. սոյն յօդուածում կը փորձեմ հնարաւորինս հեռու մնալ գիտական եզրաբանութիւնից: Սակայն, ուզած-չուզած, ստիպուած կը լինենք մի փոքր յիշել երկրորդական վարժարանի տարիներին մեզ մատուցուած կենսաբանութեան, աշխարհագրութեան, մի փոքր էլ` պատմութեան վերաբերեալ տեղեկութիւնները: Օրինակ, օգտակար է իմանալ, որ մեր տեսակի մարդու գիտական անուանումը հոմօ սափիենս է: Երբ երեւակայութեամբ 70 հազարամեակ յետ ենք գնում, տեսնում ենք, որ աշխարհի երեսին մի տղամարդ հոմօ սափեսզ է ապրում` ընտանեօք հանդերձ: Այսինքն ներկայիս ճափոնացիների, գերմանացիների, թուրքերի, արաբների, անգլիացիների, քրտերի, ռուսերի` բոլորի ընդհանուր նախահայրը հէնց այդ մարդն է: Ուրիշ ոչ մի տեղ մարդ չկայ: Հետաքրքի՞ր է, չէ՞: Բոլորս մէկ անձի թոռներն ենք:

Թէեւ գիտնականներն առանձնապէս չեն սիրում իրենց գիտական աշխատանքների մէջ կրօնին ու հաւատքին յղումներ անել, սակայն այդ հոմօ սափիենսը Սուրբ Գրքում Ադամ անունն է կրում: Այդ առաջին տղամարդը եւ նրա զաւակները բնականաբար ունէին ընդհանուր ծինային առանձնայատկութիւններ: Այսինքն նոյնն էին այնպիսի ֆիզիքական տուեալները, ինչպիսիք են` մաշկի եւ աչքի գոյները: Սակայն այդ ծինային առանձնայատկութիւնները ժամանակի ընթացքում փոփոխութեան ենթարկուեցին. հազարամեակներ տեւած ճանապարհորդութեամբ այդ մարդկանց թոռները ցրուեցին Ափրիկէի մայր ցամաքով մէկ, մի մասը հեռացաւ հիւսիս, ներկայիս Եգիպտոսի եւ Պաղեստինի կողմերը, իսկ միւս մասը 70 հազար տարի առաջ առաջին անգամ դուրս եկաւ Աֆրիկայի մայր ցամաքից եւ գաղթեց դէպի հարաւային Ասիա, հեռաւոր արեւելք եւ աշխարհի ամէն անկիւն: Ահաւասիկ, այդ գաղթերի պատճառով, տարբեր աշխարհագրական եւ կլիմայական պայմանները փոփոխութիւնների տեղիք տուեցին մարդկանց ծինային կառուցուածքներում:

Y քրոմոզոմում ի յայտ եկած ամէն մի ծինային փոփոխութիւն (SNP-Single Nucleotide Polymorphism) մի տառով քոտաւորելով` այդ նոր ծինային առանձնայատկութեանը տուել են «հապլօ-խումբ» անուանումը:

Երբ նայում ենք ստորեւ ներկայացուած ժամանակագրական ցանկին, տեսնում ենք, որ առաջին SNP փոփոխութեան միջոցով առաջացել է «BT» «հապլօ-խումբը»: Երբ դրանից յետոյ եւս մի քանի հազարամեակ է անցնում, մէկ այլ ծինային փոփոխութիւն յանգեցնում է «CT» «հապլօ-խմբի» առաջացմանը, եւ այդ փոփոխութիւնները մեր օրերում էլ են շարունակւում: Քանի որ սոյն յօդուածում հիմք են ընդունուել ոչ թէ «Նեշընըլ ճէոկրաֆիք»-ի տուեալները, այլ` դոկտոր Սթիվըն Օփենհէյմերի ուսումնասիրութիւնները, ինչպէս վերը նշեցի, առկայ են ժամանակային տարբերութիւններ:

Այդ տեղեկութիւնների լոյսի ներքոյ մեր ծինային փոփոխութեան ոդիսականի վրայ հայեացք նետելուց յետոյ շարունակենք այնտեղից, որտեղ կանգ էինք առել:

Այս սխեմայում նշուած են միայն Եւրոպայում յաճախ հանդիպող «հապլօ-խմբերը»: Գրեթէ անհնար է Ասիայի, Ափրիկէի եւ Ամերիկայի ցամաքամասերում հանդիպող «հապլօ-խմբերը» եւ իւրաքանչիւր խմբի ենթախմբերը մէկ սխեմայի շրջանակներում ներկայացնելը: Այդ պատճառով օգտակար է միայն Եւրոպայի մայր ցամաքում ամենաշատը հանդիպող «հապլօ-խմբերը» ներկայացնելը:

Եւրոպայի Ցեղային Կառուցուածքը`
Ըստ «Հապլօ-Խմբերի»

Մեզոլիթիք Եւրոպացիներ

I1 Նախագերմանական (սկանտինաւեան)
I2b: Նախակելտագերմանական
I2a1: Սարտինիա, Իպերիա
I2a2 Ատրիատիկ, Տանուպի աւազան

Նէոլիթիկ եկուորներ

N1c1 Ուրալօ-ֆիննական, Պալթեան, Սիպերցի
G2a Կովկաս, յունա-անատոլիական
E1b1b հիւսիսային Ափրիկէ, Մերձաւոր Արեւելք,

Պալքաններ

T Միջին Արեւելք, արեւելեան Ափրիկէ

Պրոնզեդարեան եկուորներ

R1a Բալթօ-սլաւոնական, գերմանական, հնդիրանական
R1b իտալօ-կելտական, գերմանական, խեթական, հայկական

J1 Կովկաս, Միջագետք, սեմական

J2 Յունա-անատոլիական, Միջագետք, Կովկաս

1118European-Haplogroups1Եթէ մեզնից բաղկացած այս խմբերը մէկ առ մէկ ուսումնասիրելով` տառերով եւ թուերով արտայայտուած քոտերը փոխարինենք ազգերի անուններով, ապա բարդ կը լինի որոշել, թէ մեր երկրում եղած ծիները ո՛ր ցեղերին են պատկանում: Որպէս օրինակ` ուսումնասիրենք R1a «հապլօ-խումբը»: Երբ նայում ենք վերոյիշեալ սխեմային, տեսնում ենք, որ այդ խումբը կազմաւորուել է 22-24 հազարամեակ առաջ, հաւանաբար արեւելեան Եւրոպայում կամ հարաւային Ասիայում: Սոյն խումբն առաւելապէս հանդիպում է սլաւոնական եւ գերմանական ցեղերի մօտ: Այդպիսով, կարող ենք ենթադրել, որ Եւրոպայում բնակուող R1a խումբը բաց շիկամորթ է, կանաչ-կապոյտ աչքերով:

Այսպէս, եթէ նայենք ստորեւ բերուած գծագրին, ապա կը տեսնենք, որ այդ խումբը ներկայում առաւելապէս հանդիպում է այնպիսի սլաւոնական երկրներում, ինչպիսիք են` Ռուսաստանը, Ուքրանիան եւ Լեհաստանը: Սակայն դա հիմք ընդունելով` չենք կարող ասել, թէ R1a խումբը միայն ռուսական կամ սլաւոնական ցեղում է հանդիպում: Այո՛, սլաւոնական ցեղի նախահայրերը R1a խմբից են, սակայն 22 հազար տարի առաջ ի յայտ եկած այդ խումբը 19-27 տոկոսով հանդիպում է նաեւ Նորվեկիայում եւ Շուէտում: Հետեւաբար, R1a-ը թէ՛ սլաւոնական եւ թէ՛ արեւելաեւրոպական ու սկանտինաւեան բազմաթիւ ցեղերի ընդհանուր նախահայրն է: Որոշ առումով կարելի է ասել, որ այդ ժողովուրդներն իրար ազգական են այնքանով, որքանով կրում են այդ ծինը:

Հիմա ուսումնասիրենք մէկ այլ տիպիկ եւրոպական «հապլօ-խումբ» եղող R1b-ն: Ինչպէս երեւում է քարտէսում, այդ ծինային խումբը հոծ զանգուածով հանդիպում է այնպիսի արեւմտաեւրոպական երկրներում, ինչպիսիք են` Սպանիան, Ֆրանսան եւ Անգլիան: R1b-ն կազմաւորուել է մօտաւորապէս 20 հազար տարի առաջ, ժամանակագրական սխեման ցոյց է տալիս, որ R1a-ի եւ R1b-ի համատեղ նախահայրը եղող R1-ը ի յայտ է եկել 26 հազարամեակ առաջ: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ երբ 26 հազար տարի յետ ենք գնում, այլեւս ֆրանսական, անգլիական, ռուսական ցեղ չի մնում, նրանք մեծամասամբ ազգակից են դառնում: Եթէ 44 հազար տարի յետ գնաք, բոլոր եւրոպական ցեղերը կը դառնան նոյն պապի թոռները` լինելով IJK «հապլօ-խմբից»: Այս կէտում կանգնում ենք ազգայնականութիւնն իմաստազրկող մի իրավիճակի առջեւ: IJK-ն չենք սահմանում ռուս, անգլիացի, գերմանացի, ֆրանսացի, շուէտացի ազգութիւններով, քանի որ այդ ժողովուրդների անուանումներն ի յայտ են եկել հազարամեակներ առաջ: Այս փաստն իրապէս դժուարին կացութեան առջեւ է դնում թունդ ցեղապաշտներին: Պէտք է որ դառը լինի այն փաստը, որ ինքը նոյն ցեղից է ծագում այն ազգի հետ, որին ներկայումս ատում է:

Այսքան տեղեկութիւններից յետոյ այլեւս ժամանակն է, որպէսզի անդրադառնանք Թուրքիային: Վստահ եմ, որ մինչ այժմ մեր գրածներն ամենայն ուշադրութեամբ կարդացողները երբ նայեն Թուրքիայում բնակուող ժողովուրդների ծինային գծագրին, կը ցանկանան իմանալ, թէ այդ գոյներից որո՛նք են պատկանում Միջին Ասիայից եկած պապերին: Ձեր հետաքրքրութիւնն աւելի չեմ բորբոքի, բայց ուզում եմ նախ ձեր ուշադրութիւնը հրաւիրել մի կէտի վրայ: Երբ միւս երկրների ծինային գծագրին նայելով` այն համեմատում էք Թուրքիայինի հետ, չէ՞ք նկատում աչքի զարնող ուշագրաւ մի բան: Օրինակ, Ռուսաստանի կէսը դեղին է, Լեհաստանի կէսից աւելին եւ Ֆրանսայի 60 տոկոսը կարմիր է, Անգլիան նմանապէս մեծամասամբ կարմիր է…

Երբ Թուրքիային ենք նայում, տեսնում ենք ծիների մի իսկական խճանկար. գրեթէ ոչ մի «հապլօ-խումբ» իշխող չէ: Եթէ ձեր ուշադրութիւնը կանաչ գոյնն է գրաւել, մի՛ շտապէք որոշում կայացնել: Կանաչ խումբը խորհրդանշում է J1 եւ J2 խմբերը, որոնք ոչ մի կապ չունեն Միջին Ասիայի հետ: Այսպէս, օրինակ, այս ուսումնասիրութիւնը կատարած աղբիւրը Թուրքիայի վերաբերեալ յատուկ նշում է կատարել, որի թարգմանութիւնը տառացիօրէն հետեւեալն է. «Թուրքիան միակ երկիրն է, որում 8 ու կէս տոկոսով ընդգրկուել են նաեւ այս պատկերի մէջ չներառուած Ափրիկէի եւ Ասիայի «հապլօ-խմբերը» (A, ExE1b1b, C, H, L, O, R2)»:

Այսինքն Թուրքիան ցեղերի իսկական խառնարան է: Եթէ այսքան ցեղ կայ այստեղ, մի՞թէ դրանց մէջ առկայ չեն Միջին Ասիայից գաղթած պապերի ծիները: Կայ ի հարկէ` Q «հապլօ-խումբը», որը կազմում է ընդամէնը 2 տոկոս: Երկրի անուան հետ բոլորովին չհամապատասխանող մի թիւ. գիտութիւնը երբեմն կարողանում է մեզ հիասթափեցնել:

Մէկ այլ «հապլօ-խումբ» է N-ը: Ներկայում յատկապէս Ֆինլանտայում եւ Պալթեան երկրներում հանդիպող այդ ծինային խումբն ունի 20 հազարամեայ միջինասիական պատմութիւն: Թուրքիայում կազմում է 4 տոկոս: Իսկ Q եւ N «հապլօ-խումբը» ընդհանուր նախահայրը 36 հազար տարուայ վաղեմութիւն ունեցող «NOP» «հապլօ-խումբն» է: Եթէ նայէք ժամանակագրական գծագրին, կը տեսնէք, թէ ում հետ է նա ազգակից: Այո՛, հաւատացէ՛ք ձեր աչքերին: Բոլոր եւրոպական ու միջինասիական ցեղերը 36 հազար տարի առաջ նոյն ցեղից են ծագել: Տիպիկ եւրոպական ցեղեր հանդիսացող R1a-ի եւ R1b-ի պապը եղող R «հապլօ-խումբը» 30 հազարամեակ առաջ կազմաւորուել է Միջին Ասիայում եւ հետագայում գաղթել Եւրոպա:

Գիտեմ, որ շատերը դրական չեն վերաբերւում ծինային քննութեան: Վերջին ժամանակներս, երբ դաւադիր տեսութիւնները ինչպէս հարկն է գրաւել են մեզ, կարելի է ենթադրել, որ կը լինեն նաեւ մարդիկ, ովքեր կտրականապէս կը մերժեն ծինային այս ուսումնասիրութիւնները: Սակայն, ինչպէս ասում է Գալիլէոն, գիտութիւնը ժխտում չի ընդունում, եթէ անգամ ոմանք «ո՛չ» էլ ասեն, Երկիրը շարունակում է պտտուել: Կարծում եմ` ինձ պէս չափազանց հետաքրքրասէրները, եթէ անգամ մի փոքր անհանգստացած էլ լինեն, այնուամենայնիւ կ՛ասեն. «Մի հատ էլ ես իմանամ` ովքեր են եղել իմ պապերը»: Եթէ գիտնականներն այս կշռոյթով շարունակեն, առնուազն 3-5 տարուց կը սահմանեն մարդկութեան տոհմածառը. ըստ իս, բոլորը շուտով կը տեղեկանան, թէ ո՛ւմ հետ ի՞նչ աստիճանի ազգակցական կապեր ունեն:

Մի՞թէ մի փոքր չափազանցրած կը լինեմ, եթէ ասեմ, որ ծինային տոհմածառը կը փոխի ոչ միայն անհատների աշխարհայեացքը, այլ նաեւ, հաւանաբար, տեղիք կը տայ պետական կառուցուածքների ցնցումներին: Կարծում եմ` չափազանցրած չեմ լինի. թերեւս սոյն հարցի նշանակութիւնն արտայայտելու համար այսօր մեր ասած ամէն բան քիչ կը լինի: Կարմիր դեղն ընդունելով` ժամ առաջ իրականութեան հետ առերեսուել չկարողացողների գլուխը մօտ ապագայում կարող է խիստ լրջօրէն ցաւել: Շուտով կը տեսնենք, թէ այդ ծինային ուսումնասիրութիւնն ինչպէս կ՛ազդի 200 տարի առաջ Ֆրանսայից աշխարհով մէկ տարածուած ազգային պետութեան կաղապարի վրայ: Ազգի մասին մեր այսօրուայ ընկալումը հիմնուած է լեզուի վրայ: Այսինքն նոյն լեզուով հաղորդակցուող մարդիկ համարւում են նոյն ազգի ներկայացուցիչներ: Ժողովուրդները կարող են ազգակից համարուել միմեանց` ըստ լեզուների նմանութեան: Ինչպէս, օրինակ, թուրքերէն-ուզպեքերէն-ազրպէյճաներէն…

Սակայն, միւս կողմից, երբ հայեացք ենք գցում ծիներին, նկատում ենք, որ այն դէպքում, երբ ուրալ-ալթայական (թուրքական) լեզուախմբի բարբառներով խօսող այդ ժողովուրդների մօտ նրանց միջինասիական նախահօր ծինը շատ աննշան է, ապա այդ ծինը մեծ տոկոսային յարաբերակցութեամբ է (58 տոկոս) հանդիպում  Ֆինլանտայում: Այնպիսի Պալթեան երկրներում, ինչպիսիք են` Լաթվիան, Լիթվիան եւ Էսթոնիան, միջինասիական եւ սիպերիական ծիները շատ աւելի լաւ են պահպանուել, քան` թուրքերէնով հաղորդակցուողների մօտ: Ինչպէս երեւում է, գիտութիւնը մօտ է տոկմաները մէկ անգամ եւս կոտրելու շեմին, ինչպէս դա մի քանի անգամ արել է անցեալում: Եթէ որոշ վարչակարգեր ցանկանում են իրենց գոյութիւնը պահպանել, լեզուի հետ մէկտեղ շտապ կարիք ունեն նաեւ այլ միջուկների:

Այս վիճակը ներկայիս համար որպէս վտանգաւոր չընկալողները պէտք չէ մոռանան, որ Ֆրանսական մեծ յեղափոխութիւնից անմիջապէս յետոյ, երբ թագաւորութիւնը վերջ գտաւ կիյոթինի տակ, ո՛չ Ռոմանովները, ո՛չ էլ Օսմանի որդիները դեռ նորածին հանրապետական վարչաձեւը եւ ազգային պետութեան օրինակը վտանգաւոր չէին համարում իրենց սուլթանութիւնների համար: Սակայն ապագան տեսնել կարողանալով` նոր պայմաններին յարմարուող թագաւորական ընտանիքները մի կերպ պահպանում են իրենց գոյութիւնը: Հաւանաբար ապագան կանխատեսելու ընդունակութիւնը ոչ բոլորին է շնորհուած…

Հետաքրքրուողների համար ներքեւում բերուած է եւրոպական երկրներում առկայ «հապլօ-խմբերի» տոկոսային յարաբերակցութիւնը ներկայացնող պատկերը: Դա կարող ենք անուանել նաեւ ազգերի ազգակցութեան աստիճանը սահմանող պատկեր: Ի հարկէ, այդ բոլորը Y քրոմոզոմի վրայ են հիմնուած, այսինքն` հօրական կողմը ներկայացնող տոհմածառի: Մէկ էլ միթոքոնտրիումային ԴՆԹ-ի քննութիւնը կայ, ըստ որի, կարելի է որոշել, թէ մօրական կողմից ո՛վ ո՞ւմ հետ է ազգական: Թերեւս յաջորդ անգամ էլ դրան կ՛անդրադառնամ:

http://dunyalilar.org/turk-musunuz.html

Թարգմանեց Մելինէ Անումեանը

*Թարգմանութիւնը կատարուել է ՀԵՀ-ի որպէս ՀՀ նախագահի կողմից գործընկեր կազմակերպութեան յայտարարած` «Հայութեան խնդիրներն ու իրաւունքները Թուրքիայի Հանրապետութիւնում» անուանակարգով դրամաշնորհով աշխատանքի շրջանակներում:

«Ակունք»

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )