Քաշաթաղի Վերաբնակեցումը Շարունակւում Է

ՍՈՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ

SH_kashataghՔաշաթաղի շրջանի վերաբնակեցումը շարունակւում է: Աւելի՛ն. վերջին տարիներին այն, կարելի է ասել, նոր փուլ է մտել: Վերաբնակիչներին տրուող հասանելիք արտօնութիւններից բացի, շրջանային վարչակազմի աշխատակազմը լուծում է նաեւ վերաբնակչի զբաղուածութեան հարցը: «Հայք» վերլուծական կենտրոնում Քաշաթաղի վերաբնակեցման եւ վերաբնակիչներին տրուող արտօնութիւնների մասին են խօսել Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչութեան պետ Ռոպերթ Մաթեւոսեանը, Քաշաթաղի շրջանի ընկերային ապահովութեան վարչութեան պետ Վարդան Բաղդասարեանն ու «Մերան» թերթի գլխաւոր խմբագիր Զոհրապ Ըռքոյեանը:

Արցախի ազատագրումից ի վեր վերաբնակեցումը դարձել է առաջնային նպատակներից մէկը: Աւելի քան 200 տարի գերութեան մէջ գտնուած Քաշաթաղն այսօր արդէն իր դռներն է բացում հայորդիների առջեւ: Արցախի կառավարութեան որդեգրած քաղաքականութեան շնորհիւ` Քաշաթաղում սկսուել է նոր կեանք` բաւականին դրական միտումներով:

Քաշաթաղի շրջանի ընկերային ապահովութեան վարչութեան պետ Վարդան Բաղդասարեանն այս առումով առանձնացնում է «Ծնելութեան եւ բազմազաւակութեան խթանման մասին» 2009թ. ստորագրուած ծրարը:

Հաշուի առնելով, որ այս ամէնին զուգահեռ պետութիւնը վերաբնակիչներին յատկացնում է նաեւ բնակարան, ընձեռում` աշխատանքի լայն հնարաւորութիւններ, արդէն իսկ խօսում է ծնելութեան եւ հայրենադարձութեան աճի իրատեսական հեռանկարների մասին:

Ի հարկէ, հաշուի առնելով բարենպաստ պայմանները, վերաբնակեցումը բաւականին կրաւորական բնոյթ է կրում: 2010 թուականից բնակչութեան թիւն աւելացել է երեք հազարով: Շատ աւելի լաւ կը լինէր, եթէ 3 հազարի փոխարէն` թիւն աճէր 30 հազարով, նկատեց «Մերան» թերթի գլխաւոր խմբագիր` Զոհրապ Ըռքոյեանը:

Եւ իսկապէս, արտերկրում աշխատանք փնտռելու փոխարէն, երիտասարդները կարող են աշխատանք գտնել հայրենի հողում եւ` բաւականին արտօնեալ պայմաններով: Այդ դէպքում ո՞րն է խնդիրը, որ վերաբնակեցումը այդքան դանդաղ կշռոյթով է առաջ գնում: Անտեղեակութիւնը, պարզաբանեց Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչութեան պետ Ռոպերթ Մաթեւոսեանը:

Այսպիսով, Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչութեան պետը բոլորին մեծ սիրով հրաւիրում է Քաշաթաղ` ապրելու եւ միասին շէնացնելու Արցախի ազատագրուած տարածքները:

 

«Ռատիոլուր»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )