Բեմագրութիւններ` Հարաւային Կովկասում Իրադարձութիւնների Զարգացման Համար

ԱՐԱՄ ՍԱՖԱՐԵԱՆ

AS_mapՎերջերս յայտնի դարձաւ, որ Թուրքիայի տնտեսութեան նախարար Նիհաթ Զէյպեքճին աւստրալական Սիտնի քաղաքում տեղի ունեցած G20 երկրների առեւտրի նախարարների հանդիպման շրջանակներում հանդէս է եկել Մաքսային միութեան հետ աւելի սերտ համագործակցութեան նախաձեռնութեամբ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսէյ Ուլեուքայեւի խօսքերով, քննարկուել են «հնարաւոր համագործակցութեան, այդ թւում եւ Մաքսային միութեան եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորման ձեւերը: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ եւ սեպտեմբերին սկսել այդ հնարաւորութիւնների եւ հեռանկարների առաւել մանրամասն քննարկումը»:

Ղազախստանի ներդրումների շահաւէտութեան հետազօտութեան գործակալութեան աւագ վերլուծաբան Թալկաթ Մուսապեկովի կարծիքով, դա հանդիսանում է «Ղազախստանի համար դրական ազդանշան ինչպէս ղազախական արտահանողների համար սպառման շուկայի ընդլայնման կարելիութեան պատճառով, այնպէս էլ Ռուսաստանի եւ Պիելոռուսիոյ հետ ազատ առեւտրի գօտում խարիսխների եւ ուժի կենտրոնների մեծացման տեսանկիւնից: Այնպիսի հզօր խաղացողի առկայութիւնը, որպիսին է Թուրքիան, որն աւելի համադրելի է Ռուսաստանի հետ տնտեսութիւնների չափով, քան Ղազախստանի, հնարաւոր է, աւելի լայն տարածք կը բացի Ղազախստանի զօրաշարժի համար բանակցային գործընթացում»:

Իր հերթին «Ֆինամ» ռուսաստանեան ներդրումային հոլտինկի վերլուծաբան Անաթոլի Վաքուլենքոն կարծում է, որ Թուրքիայի յայտարարութիւնները Մաքսային միութեան նկատմամբ հետաքրքրութեան վերաբերեալ կրում են աւելի շուտ մարտավարական, քան ռազմավարական բնոյթ: Թուրքիան տեւական ժամանակ եւ առանց յաջողութեան փորձում է մտնել Եւրոպական միութիւն, բայց եւրոպացիները անընդհատ թուրք գործընկերներին կերակրում են «նախաճաշերով»: Ի դէմս Մաքսային միութեան յայտնւում է մի այլընտրանք, որով թուրքերը կը սկսեն վախեցնել եւրոպացիներին:

Թուրքիան Եւրոպական միութեան թեկնածու պետութիւն է եւ վաղուց ունի նրա հետ գործընկերի կարգավիճակ: Ռուսաստանը աշխարհի եօթ կամ ութերորդ տնտեսութիւնն է: Թուրքիան տասնվեցերորդը կամ տասնեօթերորդը: Աշխարհի երեք խոշորագոյն ուժային կենտրոնները Միացեալ Նահանգները, Եւրոպական Միութիւնը եւ Չինաստանը ունեն իւրաքանչիւրը Ռուսաստանից ութ անգամ աւելի մեծ տնտեսական ներուժ: Հէնց այդ պատճառով էլ նախկին Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ տեւական ժամանակ այդ ուժային բեւեռները` յատկապէս առաջին երկուսը Ռուսաստանին չեն վերաբերել իբրեւ ինքնուրոյն աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական խաղացողի: Ինչ վերաբերում է Մաքսային միութեան հետ Թուրքիայի յարաբերութիւնների սերտացման հնարաւորութեանը, ապա այս խնդիրը յանկարծ կամ միանգամից ի յայտ չի եկել:

Ռուս վերլուծաբան Անտրէյ Չեպոթարեովը հայ-ղազախական յարաբերութիւններում զգայուն համարուող հարցերը թուարկելիս յիշեցրել է, որ դեռ 2012թ. հոկտեմբերի 23-ին Մինսքում գումարուած Բարձրագոյն եւրասիական տնտեսական խորհրդի նիստում նախագահ Նուրսուլթան Նազարպայեւն առաջարկել է ընդունել Թուրքիան Մաքսային միութիւն: Իր առաջարկութիւնը նա հիմնաւորել է այն հանգամանքով, որ` «տուեալ խոշոր տնտեսութիւն ունեցող երկրի մասնակցութիւնը դրականօրէն կ՛անդրադառնայ Միութեան աշխատանքի վրայ, ինչպէս նաեւ Արեւմուտքում կը հանի կասկածները, թէ Ղազախստանը, Պիելոռուսիան եւ Ռուսաստանը ուզում են վերստեղծել Խորհրդային Միութիւնը: Նոյն հարցին Ղազախստանի նախագահը կրկին վերադարձաւ յունիսի 5-ին, մեկնաբանելով թուրքական Պոտրում քաղաքում անցած թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդի չորրորդ գագաթաժողովի արդիւնքները: Նա մասնաւորապէս ասել է, որ Միութիւնը բաց է այլ պետութիւնների անդամակցութեան համար եւ Թուրքիան կարող էր ապագայում դառնալ տուեալ միաւորման գործընկեր անդամ: Հետաքրքրական է Ա. Չեպոթարեովի եզրակացութիւնը. «Ակնյայտ է, որ նման հարցադրումը պատահական չէ: ԵԱՏՄ-ին Հայաստանի սպասուող միացումը քաղաքական առումով ամենաշատը ձեռնտու է Ռուսաստանին եւ կը նպաստի նրա ազդեցութեան ընդլայնմանը միութեան շրջանակներում: Այդ պայմաններում Թուրքիայի ԵԱՏՄ հնարաւոր մուտքը թոյլ կը տար Ղազախստանին ի դէմս նրա ունենալու հաւանական դաշնակից փոխադարձ շահերը պաշտպանելու եւ միմեանց սատարելու համար միութեան միւս գործընկերների հետ յարաբերութիւններում: Թուրքիայի` Հայաստանի հետ անմիջական հարեւանութիւնը կարող էր նպաստել այս հարցի դրական լուծմանը: Դրա հետ մէկտեղ կան մի շարք «բայց»-եր, որոնք արգելակում են Ղազախստանի նախագահի քննութեան ներկայացուած գաղափարի իրականացմանը: Մասնաւորապէս` Թուրքիայի անդամակցութիւնը ՕԹԱՆ-ին եւ նրա բարդ յարաբերութիւնները Հայաստանի հետ»:

Վերլուծաբանների շրջանում հետաքրքրութիւն եւ մեկնաբանութիւններ առաջացրած այս նոր իրադրութիւնը, ուղղակիօրէն եւ առաջին հերթին մեր երկրի շահերին վերաբերելով, խնդիր է դնում հասկանալ, իմաստաւորել եւ նախապատրաստուել իրադարձութիւնների նման զարգացմանը: Իսկ որ այդ իրադարձութիւնները կարող են ընթանալ ոչ թէ մէկ (միակ), այլ մի քանի ուղղութիւններով, նոյնպէս հասկանալի է: Ստորեւ ներկայացնում ենք երկու բեմագրութիւն, մէկը «լաւատեսական», միւսը` «յոռետեսական»:

«Լաւատեսական» Բեմագրութիւն

Մաքսային միութեան զարգացման նախորդ երկու տարիների ցուցանիշներն այնքան նշանակալից են եղել, որ աշխարհի բազմաթիւ երկրներում ցանկութիւն է առաջացել ՄՄ-ի հետ յարաբերութիւնները զարգացնելու ճանապարհով հումքային հարստութիւնների վրայ դուրս գալու լրացուցիչ հնարաւորութիւններ ստանալու: Եթէ Թուրքիան, հակառակ Արեւմուտքի յորդորների, որոշի շատ սերտացնել յարաբերութիւնները ԵԱՏՄ-ի հետ, պատճառաբանելով դա Ռուսաստանի հարաւում, Հիւսիսային եւ Հարաւային Կովկասում իր տնտեսական ազդեցութիւնը մեծացնելու ցանկութեամբ, ապա դա լրացուցիչ խթան կը հանդիսանայ Հարաւային Կովկասում ռուս-թուրքական համագործակցութեան նոր ձեւերի ի յայտ գալու համար: Յիշեցնենք, որ Վրաստանի տարածաշրջանում ամենաազդեցիկ տնտեսական գործընկերը հէնց Թուրքիան է: Ազրպէյճանի համար Թուրքիան, բացի ազդեցիկ տնտեսական գործընկեր լինելուց, գլխաւոր ռազմաքաղաքական դաշնակիցն է: Եթէ Թուրքիան լրջօրէն զգայ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ տնտեսական փոխշահաւէտ յարաբերութիւնները գործընկերութեան մակարդակի բարձրացնելու անհրաժեշտութիւնը, ապա միանշանակօրէն կարելի է ասել, որ նա կը յորդորի թէ՛ Վրաստանին, թէ՛ Ազրպէյճանին նոյնպիսի գործընկերութեան յարաբերութիւններ ունենալու ԵԱՏՄ-ի հետ: Թէ որքանով կը բաւարարի Ռուսաստանի տնտեսական ներուժը նման բաց եւ պարզեցուած տնտեսական համագործակցութիւն ունենալու Հարաւային Կովկասում, առայժմ դժուար է ասել: Բայց իրադարձութիւնների նման զարգացման հնարաւորութիւնն աւելի խորը իմաստ է տալիս այն տեղեկութիւններին, թէ Թուրքիան ուղիներ է փնտռում արդէն այս աշնանը հայ-թուրքական սահմանը վերաբացելու եւ հայ-թուրքական օրակարգի կնճռոտ հարցերին ինչ-որ լուծումներ տալու համար: Այս դէպքում Հայաստանը կանգնում է եթէ ոչ սպառնալիքների, ապա նոր մարտահրաւէրների առաջ: Օրինակ, կարեւորագոյն օրակարգային հարց է դառնում հայ-թուրքական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը, դեսպանատների եւ հիւպատոսարանների փոխանակումը, որովհետեւ առանց դիւանագիտական ներկայութեան` երկու երկրների քաղաքացիների զանգուածային բնոյթ ստացող տեղաշարժերը բացուած սահմանով կարող են ուղղակի անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ուզում եմ յիշեցնել, որ հայ-թուրքական երկխօսութեան սառեցումը երկրորդ կարգ մղեց քաղաքագիտական եւ տնտեսագիտական շրջանակներում սկսուած հետազօտութիւնները տնտեսական օգուտների եւ առաջացող վտանգների գնահատման վերաբերեալ: Այնպէս որ սեպտեմբերի սկսուելիք Թուրքիայի երկխօսութիւնը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ նորից օրակարգի հարց պէտք է դարձնի ստեղծուած իրավիճակի գիտական եւ մասնագիտական գնահատման հարցերը:

«Յոռետեսական» Բեմագրութիւն

Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխյարաբերութիւնները թեւակոխել են սառը պատերազմի փուլ: Ինչքան էլ որ տարբեր երկրների փորձագէտները յորդորում են աւելի չսրել իրավիճակը, որովհետեւ պատժամիջոցները պումերանկի տեսք կարող են ստանալ, առայժմ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքը միայն խստացնում է իր վերաբերմունքը: Այս հանգամանքներում ՕԹԱՆ-ի անդամ Թուրքիային դժուար թէ թոյլ տան մի այնպիսի փոխշահաւէտ համագործակցութիւն սկսել ԵԱՏՄ-ի հետ, որի արդիւնքում Եւրոպայի տնտեսական վնասների կողքին Թուրքիան սկսի բուռն զարգացնել էժան ներկրուած վառելիքի եւ հումքի վրայ հիմնուելիք իր արտադրութիւնները: Հետեւաբար Թուրքիային կարող է արուել ինչ-որ մի լրացուցիչ շռայլ առաջարկութիւն նրան ԵԱՏՄ-ի հետ գործընկերութիւնից հեռու պահելու համար գոնէ այս փուլում: Այն, որ նոյնիսկ այս ալիքի վրայ Թուրքիային Եւրոպական միութիւն չեն ընդունելու, պարզ է շատերի համար: Ուրեմն ի՞նչ է լինելու այն նուէրը, որը Թուրքիային հեռու կը պահի Ռուսաստանի հետ մերձենալուց:

Արեւելեան եւ արեւմտեան վերլուծաբանների շրջանում կարծես միակարծութիւն կար այն հարցում, որ Արեւմուտքի հետ Ռուսաստանի աշխարհաքաղաքական բախման հիմքում յայտնուել են քաղաքակրթական արժէքները, իսկ բախման գիծն անցնում է Պիելոռուսիայից մինչեւ Կենտրոնական Ասիա: Կարծես գիտակցւում է նաեւ այն հանգամանքը, որ Հարաւային Կովկասը այդ բախման գծի ամենադիւրազգաց հատուածն է դարձել` նկատի ունենալով լարուածութեան աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան եւ միւս հակամարտութիւնների շուրջ: Եթէ տնտեսական համագործակցութիւնը զարգացնելու տրամադրութիւններին փոխարինելու գան առճակատումն ուժեղացնելու միտումներ, ապա հակամարտութիւնների նոր բորբոքումը կարող է միանգամայն կանխատեսելի եւ իրատեսական դառնալ: Բայց պէտք է հասկանալ, որ այդ բորբոքումը չի լինելու, օրինակ, միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում, այլ ատելութեան բռնկման ալիքները կարող են տարածուել հարեւան երկրներում, նոյնիսկ` բաւականին հեռու: Այնպէս որ, մի բան է քաղաքականութիւնը գրասենեակներում ծրագրաւորելը, ուրիշ բան է ժողովուրդների իմաստութիւնը եւ ինքնաոչնչացման քայլերից հեռու մնալու հաւաքական բնազդը:

Անշուշտ այս բեմագրութիւնները շատ ընդհանուր են եւ իրադարձութիւնների գործնական զարգացումը կարող է ընթանալ ոչ թէ այդ ուղիներից իւրաքանչիւրով, այլ պարունակել երկու բեմագրութիւնների բազմաթիւ կէտեր: Սա նոյնպէս աշխարհաքաղաքական խոշոր ու տարածաշրջանային խաղացողների քայլերից ու մօտեցումներից է կախուած լինելու: Ամէն դէպքում, Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի ապագայ անդամակցութիւնն այնպիսի նոր իրավիճակներ է ստեղծում, որը ստիպում է տարածաշրջանի գործերով շահագրգռուած բոլոր խաղացողներին լրացուցիչ աշխուժութիւն դրսեւորելու:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան,
բանասիրական գիտութիւնների թեկնածու

«ԱԶԳ»

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )