Ինչո՞ւ Էր Չինաստանն Օգնում Իրանին` Իրագործել Միջուկային Ծրագիրը

ՄՀԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

1202_oil-productionԻրանն իր միջուկային ծրագիրը սկսեց Միացեալ Նահանգներու, Գերմանիոյ, Ֆրանսայի անմիջական օժանդակութեամբ: 1979-ից յետոյ, երբ իսլամական յեղափոխութեան արդիւնքում փոխուեց Իրանի քաղաքական համակարգն ու Արեւմուտքի դաշնակից Մոհամետ Ռեզա Փահլեւի շահը հեռացուեց իշխանութիւնից, Միացեալ Նահանգներու ու նրա դաշնակիցները դադարեցին օժանդակել Իրանի միջուկային ծրագրին: Այաթոլա Խոմէյնին, կորցնելով այս օժանդակութիւնը, յայտարարեց, որ Իրանը հրաժարւում է շահի նախաձեռնութեամբ սկսուած միջուկային ծրագրից: Իրան-իրաքեան պատերազմի ընթացքում իրանական հետախուզութիւնը զեկուցեց Թեհրանին, որ Սատտամ Հիւսէյնը շարունակում է միջուկային զէնքի հետազօտութիւնները: Պատերազմի ընթացքում Իրաքի կողմից քիմիական զէնքի օգտագործումը պաշտօնական Թեհրանին ստիպեց վերանայել միջուկային ծրագրին վերաբերող քաղաքականութիւնն ու այս ոլորտում նոր գործընկերներ փնտռել: Ընտրութիւնը կանգ առաւ Չինաստանի վրայ, որն Իրան-իրաքեան պատերազմի ընթացքում Թեհրանի հիմնական զէնք մատակարարողն էր ու համարւում էր յուսալի գործընկեր:

Չինաստանին եւս ձեռնտու էր համագործակցել Իրանի հետ հետեւեալ պատճառներով.

  1. Չիները, ի դէմս Իրանի, տեսնում էին Մերձաւոր Արեւելքում Ուաշինկթընից անկախ գործող հզօր ուժ, որը Չինաստան-Միացեալ Նահանգներ հնարաւոր բախման դէպքում կը շարունակէր Չինաստանին ուժանիւթակիրներ մատակարարել:
  2. Չիները Իրան առաքուող զէնքի, միջուկային արհեստագիտութեան եւ այլ ապրանքների դիմաց ստանում էր ուժանիւթ կամ արտարժոյթ:

Չինական շուկայական յարաբերութիւնների ազատականացումից յետոյ միջուկային արհեստագիտութիւններ հետազօտող կենտրոնները հնարաւորութիւն ստացան արտահանել իրենց արտադրանքը, ստանալ ֆինանսական միջոցներ ու զարգացնել սեփական արհեստագիտութիւնները:

1985թ. յունիսին, իսկ յետոյ` 1992թ., Իրանում կարեւոր որոշում կայացնողներից մէկը` Ռաֆսանճանին, այցելեց Չինաստան: Այս այցերի ընթացքում կնքուեցին Իրան-Չինաստան միջուկային համագործակցութեան շուրջ պայմանագրեր: Ըստ պայմանաւորուածութիւնների, Չինաստանը պարտաւորւում էր օգնել Իրանին կառուցել հիւլէական կայաններ, մատակարարել անհրաժեշտ արհեստագիտութիւններ, կրթել ու վերապատրաստել իրանցի մասնագէտներին, օգնել Իրանին` սեփական տարածքում գտնել եւ օգտագործել իւրանիումի պաշարներ: 1988-1995թթ. Չինաստանն Իրանում կառուցեց 4 միջուկային հնոց, Իրանի Միջուկային կազմակերպութեան բազմաթիւ մասնագէտներ ուսում ստացան Չինաստանում: Չին-իրանական երկրաբանների համատեղ ջանքերով արեւելեան Իրանում յայտնաբերուեցին իւրանիոմի  խոշոր պաշարներ:

Չինաստանը 1985-1997թթ. դարձաւ միջուկային բնագաւառում Իրանի թիւ 1 գործընկերը:

Միացեալ Նահանգներում Թեհրան-Փեքին միջուկային համագործակցութիւնը դիտարկում էին որպէս Միացեալ Նահանգների դէմ ուղղուած գործողութիւն: Փեքինը փորձում էր նաեւ Իրան-Չինաստան միջուկային համագործակցութեան շնորհիւ քաղաքական ու տնտեսական զիջումներ կորզել Միացեալ Նահանգներից: Պէտք է նշել, որ չնայած Թայուանի, Թիանանմենի եւ այլ հիմնախնդիրների շուրջ անհամաձայնութիւններին` Փեքինում կարեւորում էին Միացեալ Նահանգների հետ համագործակցութիւնը: Պատճառն այն էր, որ հէնց Միացեալ Նահանգներից եկող ներդրումներն ու նոր արհեստագիտութիւններն էին հնարաւորութիւն տալիս արդիականացնել չինական արդիւնաբերութիւնը: 1997թ. Չինաստանն ու Միացեալ Նահանգները երկուստեք զիջումների գնացին: Միացեալ Նահանգները հանեց Թիանանմենի դէպքերից յետոյ չինական տնտեսութեան վրայ դրուած մի շարք պատժամիջոցներ, իսկ Չինաստանն էլ համաձայնեց դադարեցնել Իրանի հետ միջուկային համագործակցութիւնը:

Այսպիսով, 1985-1997թթ. Չինաստան-Իրան միջուկային համագործակցութեան շնորհիւ Իրանը կարեւոր միջուկային արհեստագիտութիւններ ստացաւ: Ճիշդ է` չինականն արդիականութեամբ զիջում էր արեւմտեանին ու խորհրդայինին, բայց Չինաստանից ներմուծուող միջուկային արհեստագիտութիւնների շնորհիւ Թեհրանն աւարտին հասցրեց իր միջուկային ծրագրին վերաբերող մի շարք նախագծեր:

Փեքինը, խաղասեղանին դնելով իրանական միջուկային խաղաթուղթը, զիջումներ կորզեց Ուաշինկթընից: Ճիշդ է, Չինաստանը հրաժարուեց շարունակել օժանդակել Իրանին միջուկային ոլորտում, բայց օգնեց վերականգնել Իրան-իրաքեան պատերազմի արդիւնքում քայքայուած իրանական արդիւնաբերութիւնը:

Ինչպիսի՞ն է ներկայ փուլում Չինաստանի դերակատարութիւնն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցութիւններում:

Փեքինը փորձում է լիցքաթափել Իրանի միջուկայնացման շուրջ լարուած իրավիճակն ու կողմերին կոչ է անում միայն բանակցութիւնների միջոցով լուծել հարցը: Փեքինին ձեռնտու է Մերձաւոր Արեւելքի անվտանգութիւնը: Նշենք 5 հիմնական պատճառ, թէ ինչո՛ւ է Չինաստանը շահագրգռուած Իրանի ու Մերձաւոր Արեւելքի անվտանգութեամբ.

  1. Չինական տնտեսութեան զարգացման համար անհրաժեշտ է իրանական ու մերձաւորարեւելեան ուժանիւթը, որ փոխադրւում է Պարսից ծոցով:
  2. Չինաստանն ահռելի ներդրումներ է կատարել Իրանում ու Մերձաւոր Արեւելքում, որի պատճառով չի ցանկանում պատերազմներ կամ անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում:
  3. Մերձաւոր Արեւելքը կարեւոր շուկայ է չինական արտադրանքի համար:
  4. Փեքինում կարծում են, թէ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան հաստատումը հնարաւորութիւն կը տայ ամրապնդել այս տարածաշրջանի ուժանիւթով հարուստ երկրների անկախութիւնը, որի շնորհիւ Միացեալ Նահանգները կը կորցնի ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում:
  5. Չինաստանը հետաքրքրուած է նաեւ Մերձաւոր Արեւելքի կայուն իրավիճակով, քանի որ այս տարածաշրջանում առաջացող իսլամական ծայրայեղական շարժումներն ու գաղափարները կարող են ներթափանցել Չինաստանի Սինճեան նահանգ:

Իրանը Չինաստանի շնորհիւ կարողացաւ խոյս տալ Միացեալ Ազգերի Կազմակերպութեան Անվտանգութեան խորհրդի իրանական ուժանիւթի արգելքից: Նմանատիպ պատժամիջոցներ առաջարկում էր Միացեալ Նահանգները: Երբ Եւրոպական Միութիւնը, Քորէայի Հանրապետութիւնն ու Ճափոնը հրաժարուեցին գնել իրանական ուժանիւթը, Չինաստանը շարունակեց:

Մի կողմից չինական դիւանագիտութիւնը փորձում է օժանդակել ուժանիւթ ունեցող այն երկրներին, որոնք կը փորձեն Արեւմուտքից անկախ խաղ խաղալ, միւս կողմից` Փեքինը ցանկանում է շարժուել միջազգային հասարակութեանը համահունչ ու ստեղծել պատասխանատու գերտէրութեան կերպար, որը դէմ է միջուկայնացմանն ու հիւլէական սպառազինութիւններ ունեցող երկրների քանակի աճին:

Նանճինկի համալսարան, Չինաստան

«ԳԼՈԲՈՒՍ» վերլուծական հանդէս

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )