Ազրպէյճանին Պատժելու Որոշումը

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԵԱՆ

1202_fire-1Հայաստանի նախագահի մամուլի գրասենեակի տարածած հաղորդագրութեան մէջ նշւում է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները, դիտելով զօրավարժութիւնները, այնուհետեւ գնացել են հրամանատարական կէտ, որտեղ «ունկնդրել են Պաշտպանութեան բանակին հրամանատարի որոշումը»: Թէ ի՛նչ որոշում է` հաղորդագրութիւն չկայ եւ չի կարող լինել, բնականաբար:

Զօրավարժութիւններից յետոյ Սերժ Սարգսեանը, Սէյրան Օհանեանը եւ Մովսէս Յակոբեանը յայտարարել են, որ հայկական կողմը պատասխանելու է, եւ այն լինելու է անհամաչափ պատասխան:

1202_fire-2Հայկական ուղղաթիռի խոցումը լայն արձագանգ է գտել միջազգային շահագրգիռ կողմերի ու Զանգուածային լրատուամիջոցների մօտ: Ի տարբերութիւն օգոստոսեան իրադարձութիւնների, երբ յայտարարութիւնները քիչ թէ շատ յստակ էին, եւ մատնացոյց էր արւում մեղաւոր կողմը, այս անգամ դրանք բաւական լղոզուած են: Մինսքի խմբի յայտարարութեան մէջ, օրինակ, նոյնիսկ չի նշւում, թէ այդ ուղղաթիռն ումն է:

Օգոստոսին հայկական կողմի պատասխան գործողութիւնները համարժէք էին Ազրպէյճանին պատժելու միջազգային հանրութեան դիրքորոշմանը: Ի՞նչ կատարուեց այն ժամանակ. Ռուսաստանը ցանկանում էր «ապաշրջափակել» Հայաստանը, իսկ Ազրպէյճանը պատրաստ էր իր տարածքով հաղորդակցութիւն տրամադրել Ռուսաստանի ու Հայաստանի համար: Բնականաբար այդ խնդիրը պէտք էր լուծուէր Ղարաբաղի տարածքների հաշուին ու Ղարաբաղ ռուսական զօրք մտցնելու միջոցով:

Օգոստոսին հայկական բանակի յստակ գործողութիւնները խափանեցին այս ծրագիրը, որի մէջ մեծ դեր խաղաց նաեւ հայ ժողովրդի լայն համախմբումը: Քանի որ ռուս-ազրպէյճանական ծրագրերը հակասում էին Արեւմուտքի, Իրանի ու Չինաստանի շահերին, միջազգային հանրութիւնն իր աջակցութիւնը յայտնեց հայկական կողմին: Փաստացի, կայացուեց Ազրպէյճանին պատժելու որոշումը: Այսինքն հայկական բանակի գործողութիւնները լիովին տեղաւորւում էին համաշխարհային ներկայիս զարգացումների տրամաբանութեան ու թրենտի (ուղղութեան-Խմբ.) մէջ, եւ հայերը հնարաւորութիւն ունէին տեսնելու եւ հասկանալու, թէ ինչպէս է արւում քաղաքականութիւնը, եւ որոնք են մեր իրական շահերն ու իրական հակառակորդները:

1202_fire-3Ներկայում, դատելով ուղղաթիռի միջադէպի միջազգային արձագանգներից, կարծես թէ նման խորապատկեր ու «որոշում» չկայ: Սակայն չկայ նաեւ միանշանակ վերաբերմունք տեղի ունեցածի նկատմամբ: Սա նշանակում է, որ խնդիրը մնում է «բաց»:

Այստեղ արժէ ուշադրութիւն դարձնել այն հանգամանքին, թէ ի՛նչ իրադարձութիւններ էին նախորդել ուղղաթիռի միջադէպին: Հայաստանում անց էր կացւում ՕԹԱՆ-ի շաբաթ, իսկ Հայաստանի պաշտպանութեան նախարարը բարձր մակարդակի հանդիպումներ էր ունենում հիւսիսատլանտեան դաշինքի ղեկավարութեան հետ, որի ժամանակ համագործակցութիւնը խորացնելու պատրաստակամութիւն է յայտնուել:

Միաժամանակ, Հայաստանի եւ Ռուսիոյ պաշտպանութեան նախարարութեանց ղեկավարները ստորագրել են զինուած ուժերի համագործակցութեան պայմանագիր, որում խօսք է գնում դրանց «համարկման» մասին: Այսինքն, եթէ ՕԹԱՆ-ն հայկական զինեալ ուժերին դիտարկում է որպէս գործընկեր, Ռուսաստանը մտադիր է «համարկել» հայկական զինուած ուժերը:

Հայկական բանակը միակ կառոյցն է, որն իրականացնում է ինքնիշխան քաղաքականութիւն` ստիպուած լինելով ինչ-որ առումով կատարել նաեւ արտաքին քաղաքական գործառոյթներ, որոնք ուղղուած են Հայաստանի գերիշխանութեան ու անվտանգութեան ապահովմանը: Հայկական բանակը ներկայում Հայաստանի լիակատար կլանման միակ խոչընդոտն է:

Օգոստոսեան իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ հայկական բանակը եւ հայ ժողովուրդը պատրաստ են եւ ընդունակ են դիմադրութեան, որի դէպքում ողջ առաջադէմ աշխարհը կանգնեց հայերի կողքին: Ուղղաթիռի միջադէպը չի կարող խախտել այս իրավիճակը: Միւս կողմից, Ազրպէյճանը ներկայում ռազմական տեսակէտից լիովին կախուած է Ռուսաստանից եւ վեր է ածուել նրա ծրագրերի բութ գործիքի, որի միջոցով փորձ է արւում հայերին համոզել «համարկել» բանակները եւ փաստացի խախտել սթաթիւս-քուոն: Իսկ սա հակասում է միջազգային քաղաքական իրավիճակին:

Այս տեսակէտից, Ազրպէյճանին պատժելու որոշումն այլընտրանք չունի, որքան էլ այն ներկայում թւում է` չի տեղաւորւում «միջազգային թրենտի» մէջ: Խնդիրը պատժելու ծաւալն ու բնոյթն է, ներկայում աշխարհում արմատաւորուող ոչ աւանդական, անկանոն մեթոտներով, որից յետոյ Ազրպէյճանը ձեռք կը քաշի որեւէ ոտնձգութիւնից: Սա լիովին տեղաւորւում է միջազգային քաղաքականութեան ու անվտանգութեան կանոնների ու տրամաբանութեան մէջ:

Արդեօք հայկական բանակի ղեկավարութեան «անհամաչափ պատժի» մասին յայտարարութիւնը նման որոշման առկայութի՞ւնն է:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԵԱՆ
«ԼՐԱԳԻՐ»-ի գլխաւոր խմբագիր

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )