Յիշելով Սպիտակի Երկրաշարժը. «… Կամքի Ուժը Սահման Չունի»

ԳԱՅԵԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ

1206Cover_0«Փլատակների տակ կորցրել էի ոտքերս, չէի գտնում… ծալուել էին, ա՛յ այսպէս կողքիս էին, ճտքակօշիկներիցս ճանաչեցի, որ իմ ոտքերն էին: Երբ ձեռք տուեցի, հասկացայ, որ կտրուած էին ինձնից, բայց ցաւ չէի զգում: Դրսից մի տղամարդ ասաց, որ եթէ մի փոքր բարձրանամ, թերեւս կարողանայ ինձ օգնել: Բռնեցի ամենամօտ գրասեղանի երկաթէ ձողերից ու ինձ քարշ տուի այն անցքը, որ դրսից ցոյց էին տալիս», պատմում է 41-ամեայ Մարինէ Ասատրեանը եւ, վարպետօրէն պտտելով անուասայլակի անիւները, սուրճով լի սկուտեղը խոհանոցից հասցնում հիւրասենեակ:

Յիշողութիւնները գծագրւում են Մարինէի հայեացքում, ցաւն աչքերի խորքում է, ձայնին շաղախւում է անդառնալի ափսոսանքի կորուստը, սեփական մարմինը 26 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի աւերիչ երկրաշարժի հետեւանքների կրողն է:

«Կեանքն ինքնին մենամարտ է, պէտք է ապրել ու պայքարել, ապրել ու ապրեցնել: Ես ժպտում եմ ինձ շրջապատողներին, այն, ինչ զգում եմ, ներսումս, միայն ինձ է պատկանում: Նրանց ես պարտաւոր եմ միայն դրական լիցքեր հաղորդել, պարտաւոր եմ միշտ ուժեղ լինել իրենց կողքին, իրենց հետ», ասում է Մարինէն ու ժպիտով պատասխանում 78-ամեայ մօր` Նուարդի բոլոր հարցերին, ով օգնում է աղջկան սուրճի սեղանը գցելու:

Մայր ու աղջիկ բնակւում են Երեւանից 93 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Սպիտակ քաղաքում, որը 1988 թուականի աւերիչ երկրաշարժի ժամանակ վայրկեանների ընթացքում հողին հաւասարուեց` իր հետ տանելով 4 հազար մարդու կեանք: Փլատակների տակ բազմաթիւ մարդկային սրտեր պայքարում էին կեանքի ու մահուան սահմանագծին, նրանց մէջ էր 16-ամեայ Մարինէն:

Տարիներ առաջ տեղի ունեցած աղէտի մասին ժապաւէնի նման է պատմում` նկարներ կան, որոնց մասին հնարաւոր չէ մէկ ակնթարթով անցնել, թէկուզեւ 25 տարի անց: 18 հոգանոց դասարանից մահանում են հինգը, երկուսը գամւում են հաշմանդամի սայլակին, մնացածը ստանում են մարմնական տարբեր վնասուածքներ: Հարազատներից ու բարեկամներից Մարինէն կորցում է 40 մարդու: Տան մի անկիւնում դրուած լուսանկարից ժպտում է եղբօր մանկահասակ աղջիկը` Քրիստինէն, ում կորցրել են երկրաշարժի ժամանակ:

«Չգիտեմ ինչո՛ւ, այդ օրը չէի ուզում դպրոց գնալ, բայց գնացի, ուզում էի գոնէ մի ժամ շուտ դպրոցից դուրս գալ, էլի չգիտեմ ինչո՛ւ, բայց դուրս չեկայ: Չգիտէի, որ այդ օրը վերջին անգամ եմ քայլում… Յետոյ արդէն աւելի ուշ ուղղաթիռով ինձ ու հօրս տեղափոխեցին Երեւան, որտեղ էլ վիրահատեցին ողնաշարս, յաջորդ երեք ծանր վիրահատութիւններն արդէն Նիւ Եորքում արեցին,- պատմում է Մարինէն` անընդհատ շփելով սառչող ձեռքերը: – Յուզուեմ-չյուզուեմ` դողում եմ, նեարդերիցս է: Չեմ նեղւում, դուք վատ մի՛ զգացէք, ցանկացած կեանքի փուլ անցնում ենք, ի հարկէ` չմոռանալով անցեալը, բայց ես նաեւ չեմ սիրում շատ ապրել անցեալում, չեմ էլ սիրում ապագայից առաջ ընկնել»:

45 հիւանդների հետ միասին Մարինէն 1989-ի փետրուարին տեղափոխւում է Նիւ Եորք, որտեղ ողնաշարի երկու եւ պառկելախոցի մէկ փլասթիք վիրահատութիւններ են կատարում: Ողնաշարի երկրորդ վիրահատութիւնը տեւում է 6 ժամից աւելի, նստելատեղի պառկելախոցինը` 4 ժամ, ողնաշարի երրորդ վիրահատութիւնը` 12 ժամ:

«Մեծ դժուարութեամբ ողնուղեղս մաքրել էին ոսկորների կտորտանքներից, միւս կողոսկրս ամրակներով միացրել էին ողնաշարիս: Կրծքավանդակիցս մինչեւ նստելատեղիս կենտրոնը երկաթէ ամրակներ են դրուած, էս կողմից կողոսկրերիս երկու մատները չկան, ինձ երկաթից մարդ սարքեցին: Նոյնիսկ մտածում էին` չեմ նստի, բայց ինքս իմ վրայ աշխատելով նստեցի, ասում էին`  չես կանգնի, բայց կանգնեցի ու քայլեցի այդ ամէնով հանդերձ», փայլող աչքերով պատմում է Մարինէն:

Մայրը չի պատասխանում հարցերին եւ ասում է. «Լացս գալիս ա, մի՛ հարցնի, գործ չունես, վէրքերս բաց անել մի՛ տա, է՜… մեր աղջիկը իսկական Կամոն ա»:

«Մենակ էն, որ ես կողքիդ եմ, հերիք է, որ յիշես, մա՛մ ջան», պատասխանում է աղջիկը:

Յետվիրահատական շրջանը յաղթահարելուց յետոյ Մարինէն վերադառնում է հայրենի Սպիտակ, որտեղ ամէնուր փլատակներ էին ու ժամանակաւոր կացարաններ: Կենցաղային անյարմարութիւնները աղջկան դարձնում են ջղագրգիռ, յատկապէս` Միացեալ Նահանգների յարմարաւէտ պայմաններից յետոյ:

«Ձեռքերով այնքան էի խփում ոտքերիս, մինչեւ արիւնոտւում էին, եւ յատկապէս այն պահերին, երբ ինձ խեղանդամ էին համարում եւ խղճահարութեամբ նայում: Ծնողներս վշտանում էին, բայց չէին միջամտում, հասկանում էին ինձ», գրում է Մարինէն 2011-ին լոյս տեսած իր «Նոր օր է, կամքի ուժը սահման չունի» գրքում:

Այնուհանդերձ կեանքի դժուարութիւնները կոփում են Մարինէին: Նա սկսում է մթութեան մէջ ոչ թէ լոյսը փնտռել, այլ` տեսնել, ոչ թէ շօշափել, այլ` միանգամից բռնել, կեանքի կողքով ոչ թէ անցնել, այլ` ներխուժել նրա յորձանուտը, շարժուել, վազել, թէկուզ` առանց ոտքերն զգալու:

«Կարծում եմ` ես կարողացայ յաղթահարել ինձ բաժին ընկած փորձութիւնը, սովորեցի ապրել այնպէս, ասես ոչինչ էլ չէր պատահել` ծիծաղում էի, կատակում: Ի՞նչ անէի, եղածը եղած էր, քանի որ Աստուած կամեցել էր, պիտի շարունակէի ապրել: Ինքս ինձ հաւատացրի, որ եթէ փրկուել եմ, ուրեմն անելիք ու պարտականութիւններ ունեմ այս աշխարհում: Պէտք եմ ծնողներիս, ընտանիքիս, ինչո՞ւ չէ` նաեւ հասարակութեանը,- ասում է Մարինէն: – Ինձ համար սակայն ամենակարեւորը ներքին ինքնավստահութիւնն էր, որ կեանքը շարունակւում է: Ես կարող էի յաղթահարել այլ փորձութիւններ եւս եւ լիարժէք ապրել: Այդ համոզմունքով շարունակեցի կոփել մարմինս, զօրացնել այն, ինչ թողել էր ճակատագիրը: Ինձ ստիպում էի քարքարոտ, զառիվեր փողոցներով ժամերով քայլել: Նպատակս ոչ միայն մի քանի մեթր յաղթահարելն էր, այլեւ` կամքս թրծելը»:

Երկրաշարժից մէկ տարի անց Խրիմի Սակի քաղաքում Մարինէն սայլակով կանանց վազքի մրցոյթում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այնուհետեւ անդամագրւում է «Փիւնիկ» հաշմանդամների միութեանը, զբաղւում լեռնադահուկային մարզաձեւով, նետաձգութեամբ, պասքեթպոլով, ծանրամարտով` բազմաթիւ անգամներ պատուաւոր տեղեր զբաղեցնելով: Զուգահեռաբար սկսում է յաճախել հայկական Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի դասընթացների, այնուհետեւ սովորում Սպիտակի պետական քոլեճում, Էջմիածնի «Գրիգոր Լուսաւորիչ» համալսարանում:

1996-ին Սպիտակում հիմնում է «Նոր Սպիտակ» հաշմանդամների ՀԿ-ն, որը զբաղւում էր հասարակութիւնում հաշմանդամների համարկմամբ:

«1999-ին առողջական խնդիրներս ինձ խեղդեցին, ու նորից նստելատեղի վիրահատութեան գնացի` աստիճանաբար թողնելով հասարակական գործունէութիւնս: Մի քանի տարի է, թողել եմ նաեւ աշխուժ մարզական կեանքը, ողնաշարիս ամրակները բարդութիւններ են առաջացրել: Դրանք դրուած էին որոշակի ժամանակահատուածի համար: Սկզբում ասում էին, որ գուցէ ինձ 6 տարի ծառայեն, բայց ես դրանք արդէն կրում եմ 25 տարի, ու դեռ ծառայելու են, չեն կարող չծառայել: Իսկ նորից վիրահատուելը, Միացեալ Նահանգներ գնալը` մեծ ծախսերի հետ են կապուած, որոնք ինձ համար շատ դժուար են…», բացատրում է Մարինէն:

Չնայած առողջական խնդիրներին, այնուհանդերձ, նրա անհանգիստ ու պրպտուն հոգին ձեռնամուխ է եղել «Սպիտակ բազէ» նոր ՀԿ հիմնադրմանը, որը զբաղուելու է հաշմանդամութիւն ունեցող անձանց իրաւունքների ու շահերի պաշտպանութեամբ:

Մարինէն խոստովանում է, որ ամէն տարի մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետութեան օրը, քայլում է 25 քմ` վարելով հաշմանդամի իր սայլակը, Երեւան-Էջմիածին մայրուղիով մասնակցելով երթ-մարաթոնին:

«Խենթ չեմ, բայց այդ օրը ես վայելում եմ ազատութիւնը, տարածութիւնը, կեանքի արագութիւնը, տիեզերքի անսահմանութիւնը, մեզ պարուրող մեղմ գոյները, իմ ոտքերի ամուր հպումը գետնին, իմ մայր հողին, ես անդադար ուզում եմ շարունակել քայլել…», ասում է Մարինէն ու շոյում արդէն 25 տարի անշարժացած ոտքերը:

 

ԳԱՅԵԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ
«Արմենիա Նաու»-ի թղթակից

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )