Մամուլի Հաղորդագրութիւն

IMG_99355Նոյեմբերի 15-ից 21-ը Լիբանանի զբօսաշրջութեան նախարարութեան հրաւէրով եւ Հայաստանի դեսպանութեան  աջակցութեամբ Պէյրութում էր գտնւում զբօսաշրջային ընկերութիւնների ներկայացուցիչներից եւ լրագրողներից բաղկացած Հայաստանի պատուիրակութիւնը:

Այցի առաջին օրը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի դեսպանութիւնում, ուր պատուիրակութեանը եւ նրան ուղեկցող «Ուայթ հոլիտէյ» ընկերութեան տնօրէն Ռոպերթ Ապիատին ողջունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը:

Նոյեմբերի 19-ին «Մոնրօ» հիւրանոցում կազմակերպուել է հանդիպում Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Միշել Ֆարաոնի եւ դեսպան Աշոտ Քոչարեանի մասնակցութեամբ:  Ողջոյնի խօսքով հանդէս է եկել այցի համակարգող եւ նախաձեռնող Ռոպերթ Ապիատը: Այնուհետեւ Հայաստանի թուրօփերաթորների միութեան նախագահ Կարինէ Դաւոյեանը ներկայացրել է  պատուիրակութեան անդամներին, Հայաստանի թուրօփերաթորների միութեան գործունէութեան ուղղութիւնները` ընդգծել փոխայցելութիւնների անհրաժեշտութիւնն երկու երկրների միջեւ զբօսաշրջութեան ծաւալներն աւելացնելու համար:

Իր խօսքում դեսպան Քոչարեանը կարեւորել է պատուիրակութեան այցը Լիբանան: Դեսպանը խօսել է հայ ժողովրդի պատմութեան, հարուստ ժառանգութեան, մշակոյթի, արժէքների եւ աւանդոյթների մասին: Նա համոզմունք  է յայտնել, որ Հայաստանի պատուիրակութեան այցելութիւնը Լիբանան կը նպաստի զբօսաշրջութեան զարգացմանն երկու բարեկամ երկրների միջեւ: Դեսպանը նշել է, որ այցելութիւնը խորհրդանշական է նրանով, ով տեղի է ունենում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախաշեմին բարեկամական մի երկրում, որի խորհրդարանը`  միակ օրէնսդիր մարմինը Միջին Արեւելքում, ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:  Շնորհակալութիւն յայտնելով լիբանանեան կողմին աջակցութեան համար` դեսպանը ընդգծել է երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող հսկայական ներուժի առկայութիւնն առեւտրատնտեսական, ոսկերչութեան, զբօսաշրջութեան, դրամատնային եւ այլ ոլորտներում:

Նախարար Միշել Ֆարաոնը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների յարաբերութիւնների ներկայ մակարդակը: Նա ընդգծել է «Միտըլ իսթ» օդանաւային ընկերութեան կողմից իրականացուող Պէյրութ-Երեւան-Պէյրութ ուղիղ թռիչքների կարեւորութիւնը, ինչն էլ աւելի է մօտեցնում երկու եղբայրական ժողովուրդներին եւ ստեղծում լաւ հնարաւորութիւն զբօսաշրջութիւնը զարգացնելու համար: Նախարարը վերյիշել է 1999թ. իր Հայաստան կատարած այցը, նշել լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման գործում, ինչպէս նաեւ` սուրիահայ համայնքի ներկայիս տառապանքները:  Անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած միջոցառումներին` նա նշել է, որ հայ ժողովուրդը շատ տառապանքներ է ունեցել պատմութեան ընթացքում եւ 2015թ. Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ Լիբանանում կազմակերպուելիք ձեռնարկներին կը մասնակցեն ոչ միայն հայերը, այլեւ` լիբանանցիները: Նոյն օրը Հայաստանի պատուիրակութեան պատուին նախարար Միշել Ֆարաոնի անունից տրուել է ճաշ:

Այցի շրջանակներում Հայաստանի պատուիրակութիւնն այցելել է Լիբանանի տեսարժան վայրեր, եղել Անթիլիասի մայրավանքում, հայաբնակ Այնճարում,  Զմառռի միաբանութեան վանքում, հանդիպումներ ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամութեան միութեան անդամների եւ լիբանանեան թուրօփերաթորների հետ:

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )