Լուսանկարի Վարպետը` Պօղոս Պօղոսեան

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

1217_p13a2011-ին Երեւանի «Փարիզ» սրճարանում բացուեց Պօղոս Պօղոսեանի յոբելենական ցուցահանդէսը` նուիրուած ծննդեան 70-ամեակին: Այդ օրը Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը անուանի լուսանկարի վարպետ Պօղոս Պօղոսեանին պարգեւատրեց նախարարութեան ոսկեայ մետալով:

Պօղոս Պօղոսեանը ամուսնացած է , ունի երեք աղջիկ եւ չորս թոռ:

Իմ զրուցակիցն է Երեւանի ճանաչուած լուսանկարի վարպետ Պօղոս Պօղոսեանը:

Հ.- Ձեր ընտանիքի մասին տեղեկութիւննե՞ր:

Պ.- Պօղոսեանների գերդաստանի բոլոր անդամները 1913-ին Թուրքիայից գաղթել են Հայաստան: Այստեղ էլ իմ հայրս ու մայրս ծանօթացել եւ ամուսնացել են: Դեռ նոր էր սկսուել Բ. Աշխարհամարտը, երբ ես ծնուեցի` դա 1941 թուականն էր: Սովորել եւ աւարտել եմ Երեւանի Նար-Դոսի անուան դպրոցը

Հ.- Երբուանի՞ց էք հրապուրուել լուսանկարչութեամբ:

1217_r7Պ.- Լուսանկարչութեամբ ես հրապուրուել եմ դեռ մանկուց: Ամէն անգամ երբ ոեւէ մէկի ձեռքին լուսանկարչական խցիկ էի տեսնում, գնում ու կանգնում էի դրանց կողքին եւ նայում էի, թէ ինչպէ՛ս են նկարում: Մայրս էլ է նկատում, որ ես շատ եմ հետաքրքրւում գործիքով, իր ստացած թոշակից գումար է յատկացնում եւ ինձ համար գնում է «Սմենա» տիպի լուսանկարչական խցիկ: Դա իմ ամենաերջանիկ օրերից մէկն էր, որ ես իմ ձեռքը վերցրեցի այդ փոքրիկ գործիքը:

Դրանից յետոյ ես ընդունուեցի Երեւանի պիոներ-դպրոցականների պալատի լուսանկարչական խմբակը, որի ղեկավարն էր Քաջիկ Սեւանցեանը: Լինելով հմուտ մասնագէտ` իր ամբողջ գիտելիքները փոխանցում էր խմբակի սաներին: Մէկ տարի անցնելուց յետոյ Երեւանում բացուեց դպրոցական լուսանկարիչների ցուցահանդէս, որին մասնակցեցի նաեւ ես` արժանանալով առաջին կարգի մրցանակի` նուիրելով ինձ «Ֆետ» մակնիշի լուսանկարչական խցիկ:

Հ.- Որպէս լուսանկարիչ թղթակից` որտե՞ղ էք աշխատել:

Պ.- Դեռ լուսանկարչական խմբակը չաւարտած` ես սկսեցի աշխատել «Ռէյայ Թազայ» (Նոր Ուղի) քրտական թերթում: 1961-ին, ես պաշտօնապէս, որպէս նկարիչ-թղթակից սկսեցի աշխատել «Կոմսոմոլեց» թերթում, իսկ 1965-ին ես ընդունուեցի «Հայրենիքի ձայն» նորաբաց շաբաթաթերթում, որի գլխաւոր խմբագիրն էր անուանի բանաստեղծ Վահագն Դաւթեանը: Երբ իմ լուսանկարներն տեսաւ, ասաց, որ միայն դու պէտք է լինես մեր թերթի լուսանկարիչը:

Հ.- Իսկ այժմ խնդրում եմ` պատմիր Ուիլիըմ Սարոյեանի մասին…

1217_r6Պ.- 1976-ին գլխաւոր խմբագիր Վահագն Դաւթեանը ինձ կանչեց իր մօտ եւ ասաց. «Երեւան է ժամանելու ամերիկահայ անուանի գրող Ուիլիըմ Սարոյեանը, եւ դու պէտք է ամէն օր լինես մեր հետ»… Դա ի հարկէ ինձ համար մեծ երջանկութիւն էր:

… Առաջին լուսանկարները Սարոյեանը նայեց եւ մի կողմ դրեց` ասելով «Ասիկա ես չեմ… բայց ես չվհատուեցի, սկսեցի աւելի եռանդով լուսանկարել: Այդ օրը մենք գնում էինք Էջմիածին: Խաղողի այգիների կողքով անցնելիս Սարոյեանը վարորդին ասաց. «Կանգնեցրո՛ւ մեքենան, ես պիտի խաղող գողնամ… ոչ մէկը հետս չգայ»… Բայց ես իրենից յետոյ իջայ եւ այդ պահերը լուսանկարեցի, որից յետոյ մենք գնացինք վեհափառի մօտ:

Հ.- Ձեր բոլոր հանդիպումների ժամանակ ինչքա՞ն էք լուսանկարել…

Պ.- Երեւի հազարից աւելի…

Ուիլիըմ Սարոյեանի ծննդեան 100-ամեակի առիթով` 2008-ին Ֆրեզնոյում տպագրուեց «Ուիլիըմ Սարոյեան» գիրք-ալպոմը, որտեղ տպագրուել ճիշդ հարիւր լուսանկար:

Հ.- Պօղոս Պօղոսեանը Երեւանի գրեթէ առաջին լուսանկարիչներից է, որը սկսեց զբաղուել գունաւոր լուսանկարչութեամբ…

Պ.- Ես կ՛ասէի, որ դա մի տաժանակիր աշխատանք էր: Պատկերացնո՞ւմ էք` փորձնական մի լուսանկար ստանալու համար մթութեան մէջ պէտք էր աշխատէիր մէկ ժամ: Այդ ժամանակ ես սկսեցի համագործակցել «Աւանկարտ» թերթի յայտնի լուսանկարիչ Վարազդատ Սեւոյեանի հետ, եւ երկար ու քրտնաջան աշխատանքից յետոյ մենք հասանք մի արդիւնքի, որը գոհացուցիչ էր` մէկ ժամուայ տեւողութիւնը մենք դարձրեցինք 15 րոպէի:

Հ.- Այժմ խնդրում եմ պատմիր «Էջմիածնի գանձերը» գիրք-ալպոմի մասին…

1217_r5Պ.- Նախ ասեմ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի հրաւէրով ես սկսեցի նկարահանումները` 1981-ին եւ այն աւարտեցի 1984-ին: Լուսանկարեցի մօտ 900 լուսապատկեր, որից գիրք-ալպոմում տպագրուեց 600 լուսանկար: Այն ընդունուեց ժողովրդի կողմից եւ կարճ ժամանակում հրատարակուած գրքերը սպառուեցին: Այնուհետեւ նոյն տպաքանակով տպագրուեց «Հայկական գորգեր» գիրք-ալպոմը, իսկ Ալեք Մանուկեանի պատուէրով տպագրուեց «Գանձարան» ալպոմը: Վերջերս տպագրուեց նաեւ մեր ճարտարապետներից`  Ռաֆայէլ Իսրայէլեանին նուիրուած գիրք ալպոմը, որը նոյնպէս շատ լաւ արձագանգ գտաւ:

Այժմ աշխատում եմ «Քանդակը ճարտարապետութեան մէջ» թեմայով: Աշխատում եմ նաեւ «Մեծամօրի հնագիտական թանգարան»-ի նիւթերի վրայ, որից պէտք է ստացուի հրաշալի ալպոմ:

Հ.- Վերջին հարցս` դու ծանօ՞թ էիր Թուրքիոյ ամենայայտնի լուսանկարիչ Արա Կիւլերի հետ, որ ազգութեամբ հայ է…

Պ.- Արա Կիւլերի մասին ես վաղուց լսել էի, նա հռչակաւոր լուսանկարիչ է: Իմ առաջին ծանօթութիւնս մեծ վարպետի հետ եղել է Երեւանում, 1976-ին: Ծանօթանալուց յետոյ մենք շատ մտերմացանք եւ 20 օր անընդմէջ իմ ինքնաշարժով շրջեցինք գրեթէ ամբողջ Հայաստանով: Մեր երկրորդ հանդիպումը կայացաւ 1978-ին, իսկ երրորդը` 2013-ին, կրկին Երեւանում:

Յ.Գ.- Սիրելի՛ Պօղոս, ի սրտէ շնորհաւորում եմ քեզ` քո անցած փառահեղ ստեղծագործական ուղու առիթով, ցանկանալով առողջութիւն եւ երկար տարիների կեանք, եւ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ:

Քո վաղեմի բարեկամ եւ ընկեր` ֆոթօ-լագրող

 

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )