Ռուս-Թուրքական Տնտեսական Շահերը Ստուերում Են Առկայ Տարաձայնութիւնները

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

1224putin-erdoganԹուրքիան եւ Ռուսաստանը, երկու պետութիւնների միջեւ առկայ միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական խնդիրների հետ մէկտեղ, շարունակում են զարգացնել տնտեսական համագործակցութիւնը, ինչը վերջին տարիներին դրական աճ է գրանցում:

Մոսկուայի եւ Անգարայի միջեւ յարաբերութիւնների հերթական կարեւոր կէտը դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլատիմիր փութինի մէկօրեայ այցն էր Թուրքիա, որն իրենից մեծ հետաքրքրութիւն ու կարեւորութիւն էր ներկայացնում:

Վերջին տարիներին Թուրքիան եւ Ռուսաստանն աշխարհաքաղաքական կարեւորագոյն զարգացումների հարցում հակադիր ճամբարներում են, ինչը, սակայն, սպասուածի պէս չի անդրադառնում երկու երկրների տնտեսական փոխյարաբերութիւնների վրայ, որոնց ուժականութիւնը դրական աճ է արձանագրում:

Երկու պետութիւնն էլ խիստ կարեւոր դերակատարում ունեն միմեանց համար, սա ակնյայտ է, մանաւանդ երբ խօսքը տնտեսական շահերի մասին է:

Պարզ ձեւակերպելով` Թուրքիային պէտք են ռուսաստանցի զբօսաշրջիկները, կազը, հիւլէական կայաններ կառուցելու հմտութիւնները, իսկ ռուսաստանեան կողմին պէտք են սեփական բնական հարստութիւնները սպառելու խոշոր շուկայ, տարանցման գօտի եւ այլն:

Առկայ Խնդիրները

Երկու պետութիւնների միջեւ խնդիրների շարքում, ի թիւս Սիրիայի եւ Ուքրանիայի ճգնաժամերի, կան այլ հարցեր եւս: Ռուսաստանը սիրիական հակամարտութեան սկզբից եւեթ իր անվերապահ աջակցութիւնն է յայտնել գործող նախագահ Պաշար Ասատին եւ նրան է դիտարկում որպէս Սիրիայի օրինական ղեկավար: Մինչդեռ Թուրքիան Սիրիայի ներքին հակամարտութեան մեկնարկի հետ մէկտեղ յստակ հակաասատեան քաղաքականութիւն է վարում` լրջօրէն աջակցելով Ասատի դէմ պայքարող ուժերին, ինչպէս նաեւ` դիւանագիտական ու քարոզչական պայքար մղելով պաշտօնական Դամասկոսի դէմ: Այս հարցում Մոսկուան ու Անգարան հակադիր բեւեռներում են, եւ 2011 թուականից շարունակուող սիրիական հակամարտութեան սրման փուլերում յաճախ են ծագում ռուս-թուրքական տարաձայնութիւններ:

Միւս կարեւոր հանգամանքը, որտեղ թուրքերն ու ռուսները չեն կիսում ընդհանուր մօտեցումը, ուքրանիական ճգնաժամն է, որը կողմերի միջեւ առաւել ցայտուն է արտայայտւում Խրիմի հարցում: Օսմանեան կայսրութեան շրջանից ի վեր Ռուսաստանի եւ Թուրքիայի դարաւոր պայքարը Խրիմի համար առկայ է նաեւ մեր օրերում: Թուրքական իշխանութիւնները Խրիմի թաթարներին համարում են ցեղակիցներ եւ հանդէս գալիս որպէս նրանց իրաւունքների պաշտպան, բարձր մակարդակով յայտարարում է, որ Խրիմը տեսնում է միայն Ուքրանիայի կազմում, իսկ թերակղզու անցումը Ռուսաստանին օրինական չի համարում. Անգարան գտնում է, որ Ուքրանիայի կազմում Խրիմի թաթարների իրաւունքներն աւելի պաշտպանուած կը լինեն: Հասկանալի է, որ ռազմավարական կարեւոր այս տարածքի միացումը Ռուսաստանին ուժեղացնում է այդ պետութեան դիրքերը Սեւ ծովի աւազանում, որը համարւում է նաեւ Թուրքիայի շահերի գօտի, եւ որտեղ թուրքական պետութիւնը կարեւոր դերակատարում ունի:

Ռուս-թուրքական հայեացքները տարբեր են նաեւ Եգիպտոսի հարցում: Մինչ թուրքական իշխանութիւնները Եգիպտոսի նախագահ Սիսիին ամենատարբեր բացասական որակումներ են տալիս, Մոսկուան դրական է արտայայտւում հիւսիսափրիկեան այդ երկրի ներկայ իշխանութիւնների մասին:

Եւս մէկ կարեւոր հանգամանք է այն, որ Թուրքիան ՕԹԱՆ-ի անդամ է ու ձգտում է Եւրոպական Միութեան անդամ դառնալ: Իսկ Հիւսիսատլանտեան դաշինքը կարելի է դիտարկել որպէս ռազմաքաղաքական հակառակորդ Մոսկուայի համար: Մոսկուայի եւ ԵՄ-ի միջեւ յարաբերութիւնները եւս, մեղմ ասած, դրական գնահատել չի կարելի:

Շատ են խօսակցութիւնները նաեւ Էրտողանի եւ Պութինի միջեւ անձնական տարաձայնութիւնների մասին, որոնք արտացոլւում են գերազանցապէս զանգուածային լրատուադաշտի հրապարակումներում: Քիչ չեն նաեւ երկու պետութիւնների առաջնորդների նման լինելու օրինակները: Շատերը յղում են կատարում նաեւ Էրտողանի եւ Փութինի` մենատիրական ղեկավար լինելու հանգամանքին:

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ խնդիրների շարքը դեռ կարելի է շարունակել, սակայն պակաս կարեւոր չէ նաեւ նրանց միջեւ համագործակցութիւնը:

Համագործակցութեան Եզրերը

Տարբեր հարցերում ընդգծուած տարաձայնութիւններով հանդերձ, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառութիւնը 2013 թուականին կազմել է 33 միլիառ ամերիկեան տոլար (ռուսական բաժինը` 27 միլիառ, թուրքականը` միայն 6 միլիառ տոլար), իսկ Ռուսիոյ նախագահն Անգարայում իր ելոյթներում Թուրքիային անուանում էր «ռազմավարական գործընկեր» եւ շեշտում հետագայ համագործակցութեան ծաւալների աճի անհրաժեշտութիւնը:

Տնտեսական շահեր, որոնք ունակ են ստուերել տարածաշրջանային ու միջազգային խնդիրները…

Ռուսաստանը Թուրքիա կազ մատակարարող հիմնական պետութիւնն է, Ռուսիոյ զբօսաշրջիկները միլիառաւոր տոլարներ են ապահովում թուրքական զբօսաշրջութեան համար, եւ որ պակաս կարեւոր չէ` Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի համար գերկարեւոր առաջին հիւլէական կայանը: Այժմ անդրադառնանք այցի արդիւնքներին:

Փութինեան Այցի Արդիւնքները

«2020 թուականին Թուրքիան եւ Ռուսաստանը ձգտելու են հասնել 100 միլիառ տոլարի ապրանքաշրջանառութեան», յայտարարում է Փութինն Անգարայում` կրկին ընդգծելով տնտեսական գործօնի եւ գործնապաշտ յարաբերութիւնների կարեւորութիւնը դարեր շարունակ ռազմաքաղաքական տարբեր ճամբարներում եղող Թուրքիայի եւ Ռուսաստանի համար:

Ուժանիւթային ոլորտի գերակայութեամբ այս այցի ընթացքում պարզ դարձաւ, որ Ռուսաստանը պատրաստւում է Թուրքիային մատակարարուող կազի գինն իջեցնել 6 տոկոսով, աւելացնել կազի ծաւալը տարեկան 3 միլիառ խորանարդ մեթրով, ինչպէս նաեւ` քննարկել Ռուսաստան-Թուրքիա նոր կազատարի կառուցման հարցում:

Ռուսիոյ նկատմամբ միջազգային ճնշումների պարագայում Թուրքիայի հետ յարաբերութիւնների պահպանումն ու զարգացումը Մոսկուայի համար առաւել մեծ կարեւորութիւն է ստանում, իսկ Էրտողանին 2015-ի խորհրդարանական ընտրութիւններից առաջ չէր խանգարի ցոյց տալ, որ թուրքական իշխանութիւններն ունակ են իջեցնել ռուսաստանեան կազի գինը: Միեւնոյն ժամանակ Թուրքիայի համար յարմար պահ է օգտագործել Ռուսաստան ներկայիս միջազգային ծանր դրութիւնը` իր համար շահեկան արդիւնքներ ապահովելու համար:

Փութինի` Թուրքիա այցը չսահմանափակուեց կազի գնի եւ ծաւալների աւելացման վերաբերեալ համաձայնագրեր կնքելով, ստորագրուեցին նաեւ այլ կարեւոր փաստաթղթեր: Սակայն, ինչպէս եւ սպասելի էր, առաւել մեծ ուշադրութիւն գրաւող հարցը երկու պետութիւնների միջեւ «կապոյտ վառելիքի» մասին քննարկումներն էին:

Հայկական Գործօնը

Պատմականօրէն ռուս-թուրքական յարաբերութիւնների ջերմացումը բացասական անդրադարձ է ունեցել Հայաստանի եւ հայերի վրայ: Ի հարկէ, դեռ վաղ է Ռուսաստան-Թուրքիա քաղաքական յարաբերութիւնները բնորոշել ջերմ եւ առանց խնդիրների, բայց եւ փաստ է տնտեսական գործօնի լրջագոյն ազդեցութիւնը քաղաքականութեան վրայ: Այնպէս որ, հետագայ զարգացումները Մոսկուա-Անգարա յարաբերութիւններում կարող են անդրադարձ գտնել նաեւ Հայաստանի վրայ: Հասկանալի է, որ այս հարցում, նախեւառաջ, աշխուժութիւն է ցուցաբերելու թուրքական կողմը, որը փորձելու է իր հակահայ քաղաքականութեան համար ուղղակի, թէ անուղղակի արդիւնքներ ապահովել նաեւ Ռուսաստանի միջոցով` յարաբերութիւնների հնարաւոր զարգացմանը զուգահեռ:

Ինչպէս նկատեցինք, փութինեան այցի ընթացքում Հայաստանի հետ յարաբերութիւնների, Հայոց ցեղասպանութեան կամ Արցախի հարցերն օրակարգում կարեւորագոյն տեղ չունէին, եթէ դատենք ղեկավարների յայտարարութիւններից եւ  լրատուամիջոցների տեղեկութիւններից: Ի հարկէ, միայն սրա վրայ յենուելով` ասել, թէ Փութինն ու Էրտողանը չեն քննարկել ուղղակիօրէն մեզ առնչուող հարցեր, այնքան էլ ճիշդ չի լինի: Ի վերջոյ, հայկական գործօնը եւս իր կարեւոր տեղն ու դերն ունի Թուրքիա-Ռուսաստան յարաբերութիւններում:

Եւ վերջում կարող ենք յիշել յայտնի այս խօսքերը` «չկան մշտական բարեկամներ կամ թշնամիներ, կան մշտական շահեր»: Դիպուկ է ասուած:

Թուրքագիտական պորտալ
ԵՓՐԱՏ ուսումնասիրութիւնների կենտրոն

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )