Հոգին Փրկուած Էր Վաղուց Եւ Անունը Վահան Յովհաննիսեան Նոյնպէս

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Բոլորս էլ գիտէինք, որ մահը չոքել է նրա դրանը: Ամէնից շատ ինքը դա գիտէր: Ամիսներ առաջ զանգահարեց Պերլինից, ասաց, որ ֆէյսպուքում կարդացել է իմ մի պատմուածքն ու հիմա խեղդում է կարօտը… Ինքը խօսում էր ու ես հասկանում էի, որ այդ կարօտ ասածը տարածական հեռաւորութեան արդիւնք չէ: Այդ պահերին նա Գերմանիայում էլ չէր, մի այլ տեղում էր, որի ճիշդ հասցէն ոչ ինքը գիտէր, ոչ` ես: Նրա խօսքում հրաժեշտի երանգներ էին հնչում: «Ո՛նց ես, Վահան»,- վախուորած հարցրեցի:

«Ցաւերին չեմ դիմանում,- խոստովանեց,- բարեւիր տղերքին…»: Միւս օրը զանգահարեցի «Անտարես» հրատարակչութիւն` Արքմենիկին, խնդրեցի արագացնել «Մանտիլիոն»-ի տպագրութիւնը: Լեզուս չէր պտտւում ասելու` որ թող տեսնի հայերէն գիրքը յետոյ գնայ, ուր պիտի գնար: Թերեւս գիրքը նաեւ մեղմէր ցաւերը… Գոնէ մեղմէր: Փրկել այլեւս չէր կարող: Եւ չփրկեց: Չփրկեց մարմինը: Իսկ հոգին փրկելու կարիք չկար: Հոգին փրկուած էր վաղուց: Եւ անունը` ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ` նոյնպէս:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )