«Հէնց Սկսէք Օսմաներէն Կարդալ, Կը Պարզուի, Որ Ձեր Իմացած Թուրքական Երաժշտութեան Մեծերը Հայեր Են»

«ՆՈՎՈՍԹԻՆՔ»

1230isiklarԹուրքիայի կառավարութեան որոշմամբ,  արաբերէն գրով օսմաներէնը պէտք է որպէս պարտադիր ուսուցման առարկայ այսուհետեւ դասաւանդուի հանրակրթական դպրոցներում: Կրթութեան նախարարութիւնն այդ որոշումը հիմնաւորել է այն պատճառաբանութեամբ, որ թուրքերը չեն կարողանում կարդալ իրենց ապուպապերի գերեզմանաքարերը: Մինչդեռ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ այդ քայլը երկիրն իսլամացման տանելու Էրտողանի որդեգրած քաղաքականութեան պարզ շարունակութիւնն է:

Ինչպէս տեղեկացնում է «Էրմէնիհապեր» լրատուականը, թեմային անդրադարձել է թուրքական «Պուկիւն» թերթի սիւնակագիր Այքութ Ըշըքլարը: Նա ուշադրութիւն է հրաւիրում օսմաներէնի պարտադիր ուսուցման հետեւանքների վրայ:

«Երբ պապերիդ շիրմաքարը կարդաս ու դառը ճշմարտութիւններ իմանաս, վատ չզգաս» վերտառութեամբ յօդուածում Ըշըքլարը նշում է, որ կարծէք, թէ երկրում չկար ոչ մի հասարակական կամ տնտեսական խնդիր, ու մէջտեղ է եկել օսմաներէնի դասաւանդման հարցը:

Թուրքիայում ծաւալուող շուրջ մէկշաբաթեայ աշխուժ քննարկումները յօդուածի հեղինակին յիշեցնում են ոչ թէ գիտական առողջ բանավէճեր, այլ բակային կռիւների մակարդակի վէճեր:

«Օսմաներէնը եղել է երեք մայրցամաքների վրայ իշխանութիւն հաստատած կայսրութեան պաշտօնական լեզու: Հիմա Օսմանեան կայսրութեան տարածքներում իրենց լեզուով խօսող եւ ազգայնականութիւն դաւանող տասնեակ պետութիւններ կան», նկատել է տալիս Ըշըքլարը, ապա յաւելում, որ արաբական այբուբենի եւ օսմաներէնի պարտադիր ուսուցումը կը նշանակի վառարաններում այրել ներկայիս հարիւր հազարաւոր գրքերը, քանի որ օսմաներէնի յայտնութեամբ յօդս կը ցնդնեն մինչեւ օրս անգիր արուած ու կարծրացած շատ տեղեկութիւններ իրենց անցեալի մասին:

«Իսկ դուք չէ՞ք նեղուի, եթէ իմանաք, որ դասագրքերով եւ հանրագիտարաններով մեզ մատուցուած մի շարք թեմաներ մտածուած սուտ են եղել: Օրինակ` չէ՞ք շշմի, որ յանկարծ պարզէք, որ մեր պատմութեան մէջ մի շատ ականաւոր ճարտարապետ հայ է եղել: Ասենք` իմանաք, որ այդ ճարտարապետը միշտ մասնակցել է օսմանցի սուլթանների արշաւանքներին, կամուրջներ է կառուցել բանակի համար, եղել է մի հերոս ու հայրենասէր մարդ: Եթէ սկսենք օսմաներէն սովորել, մեր անգիր արած շատ ճշմարտութիւններ ի չիք են դառնալու: Խօսում էք պալատական երաժշտութեան մասին: Թուրքական երաժշտութեան արժէքաւոր գործերի ստեղծողներին հէնց ճանաչէք` չզարմանաք, եթէ պարզուի, որ այդ ժամանակ թուրքերն ընդամէնը կենտրոնական Անատոլիայում զուռնա-տհոլ էին փչում եւ հորոն (շուրջպար) պարում: Հէնց սկսէք օսմաներէն գրքեր կարդալ, ձեր իմացած թուրքական երաժշտութեան ամենամեծ երգահանները կը տեսնէք, որ հայեր, յոյներ, ասորիներ կամ պարսիկներ են դուրս գալու», զգուշացնում է թուրք յօդուածագիրը:

Նա նաեւ նշում է, որ նոյն բանը տեղի է ունենալու թուրքական խոհանոցի ազգային համարուող ուտեստների հարցում. յանկարծ կը պարզուի, որ դրանք վերցուած են հայկական խոհանոցից կամ` ազգային այլ փոքրամասնութիւնների խոհանոցից:

Ըշըքլարը, ամփոփելով օսմաներէնի ներմուծման հետ կապուած շշմեցնող բացայայտումների մասին իր կանխատեսումները, գրում է. «Ով ասում է, թէ ուզում է կարդալ իր պապու գերեզմանաքարի վրայի գրութիւնը, պէտք է ամէն ինչի պատրաստ լինի: Կարող է` շատ մեծ անակնկալների հանդիպենք»:

Յիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն աշխարհիկ պետութեան կարգեր հիմնելիս 1923 թուականին գործածութիւնից հանեց արաբերէն գիրը եւ ամրագրեց լատինատառ այբուբենը:

 

 

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )