ՄԵՐ ՈՒՇԱՑԱԾ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ

Հայրենի հողի վրայ ապրող մեր ժողովրդի հոգեւոր հայրենիքը երբեք չմշակուեց: Հազիւ նոր անկախացած մեր երկրի վրայ իր աւերիչ թաթը դրեց պոլշեւիզմը: Ժողովրդի ազգային գոյութեան համար անհրաժեշտ արժէքները տապալուեցին համայնավարական արիւնոտ կացիններով: Ազգի հոգեկան տարածքը ամբողջովին մնաց վարանումների, բռնութեան, մատնութեան, աւազակութեան, անմշակ տուայտանքների մէջ: Դա տեւեց 70 տարուց աւել, եւ այդ խոպան տարածութեան վրայ յանկարծ ծնունդ առաւ մեր երկրորդ անկախացումը, որը իր ապազգային նախագահով առաջին հերթին հիմնայատակ կործանեց մոխիրների խորքից կարծես նոր ծլարձակուող հոգեկան հայրենիքի շիւերը:  Հետագայ ղեկավարներից իւրաքանչիւրը իր անկարողութիւնը կոծկելու համար հիմնայատակ կործանեց մնացած բոլոր փշրանքները, որ իրենց համար հեշտ լինի դատարկ ամբոխին ղեկավարելը: Եւ մեր ժողովրդի հոգեւոր հայրենիքը այդպէս էլ մնաց անմշակ: Ոչ ոք չմտածեց այդ անհրաժեշտ տարրի կերտման մասին: Եւ այսօր այդ հոգեւոր հայրենիքի բացակայութեան փաստը ճչում, իր վնասակար, աւերիչ գործն է կատարում մեր ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականութեան մէջ, ամէնուրեք:

Դրա փայլուն վկայութեան ապացոյցն է այս զգացումը առաջին հերթին հիմնայատակ քայքայողների վոհմակին ժողովրդի հետեւելը:  Այդ նոյն վոհմակն այսօր կրկին հրապարակ է իջել, հիմա էլ` կառավարութեան հետ «երկխօսութեան» մէջ մտնելու: «Երկխօսութիւն», որ կրկին ղեկավար դառնայ, որ վերջնականապէս կործանի երկիրը, որ «ճիշդ տնօրինի» ժողովրդի ճակատագիրը. սա այդ վոհմակի ղեկավարի` ԼՏՊ-ի արտայայտութիւնն է: Մարդ, որին այնքան է «յուզում» իր ժողովրդի ճակատագիրը, որ օտար պետութիւնների ձեռքին երկիրը քանդող գործիք դարձած` կրկին ասպարէզ է իջել, նրանց դրամներով կաշառում ու իր ետեւից հրապարակ է բերում անփորձ պատանիների ու երիտասարդների, որոնք դեռ չունեն երկիր ու հող, ժողովուրդ ու ապագայ ըմբռնումը ու կուրօրէն հաւաքւում են ծափահարելու ամբողջովին իրեն վարկաբեկած երկրի առաջին յանցագործին: Այսպէս են սնանկանում ու չքանում ազգերը, այս թուլակամ, ազգային զգացում ու կողմնորոշում չունենալու բացակայութիւնից:

Ես իրապէս ամօթ էի ապրում ոչ թէ նրան հետեւող, յիշողութիւնից եւ արժանապատուութիւնից զուրկ ամբոխի, այլ նրան որպէս քաղաքական ընդդիմութիւն ընդունող ներկայ կառավարութեան համար: Նրա երկխօսութեան առաջարկի ընդունումը կառավարութեան կողմից` մէկ անգամ եւս շեշտում է, որ սրանք բոլորն էլ միասնաբար են գործում, միայն թէ ժողովրդին խաբելու համար ներկայանում են տարբեր անուններով: Եթէ ոչ, ապա իրեն յարգող ո՞ր երկրում է կառավարութիւնը համաձայնւում երկխօսութեան մէջ մտնել յեղափոխութեամբ ահաբեկողների, ինքնահռչակ ընդդիմութեան հետ, իրեն թելադրուող անյայտ ինչ-որ փոփոխութիւնների համար:

Եւ տեսէք, թէ ի՛նչ է ստացւում. մեր այս նոյն կառավարութիւնը մէկ կողմից բանակցում է «ընդդիմութիւն» կոչուող երկիրը վերջնականապէս վաճառել ցանկացողների հետ, թաքուն փորձում է վերակենդանացնել թուրք-հայկական համաձայնութիւնը, միւս կողմից` Արցախի հարցի լուծմանն է մասնակցում: Հարց է առաջանում, թէ այս եռանկեան մէջ ո՞րն է մեր կառավարութեան  հաստատուն դիրքը:

Այս անորոշութիւնը ժողովուրդը հարցադրութեան չի ենթարկում. կա՛մ բնական է նկատում, կա՛մ յոգնել է արհամարհուելուց, անտեսուելուց, որը եւ քայքայում է ժողովրդի Հոգեւոր Հայրենիքի ձեւաւորումը: Այդ քայքայման մէջ առաջին հերթին կորչում են չափանիշները, խախտուել է ամէն ինչ:  Այսօրուայ սերունդի մտային, հոգեւոր չափանիշը  միմիայն արագ հարստանալն է, դրամը: Նրան իրական արժէքներ, չափանիշներ ուսուցանող, գնահատել տուող միջավայրն է ի սպառ վերացել: Ո՛վ, ի՞նչ անում է, ճիշդ ու ընդունելի է, եթէ դրամ ու անուն ունի:

Ես Եռաբլուրում եմ, կանգնած եմ Անդրանիկի շիրիմի առջեւ, կարդում եմ` «Զօրավար Անդրանիկ»: Ճիշդ դիմացը` «սպարապետ Վազգէն Սարգսեան»:  Եկող սերունդների առաջ ինչպէ՞ս ենք արդարացնելու չափանիշի այս խախտումը: Մի ամբողջ Արեւմտահայաստանի ու Արեւելահայաստանի հողի ու ժողովրդի համար իր կեանքը նուիրաբերած, ժողովրդի սրտից զօրավարի կոչումով օծուած Անդրանիկ անունով երեւոյթը մի՞թէ արժանի չէր Եռաբլուրի հէնց մուտքում, առանձին, իր փառահեղ տեղը գրաւելու: Մի՞թէ արժանի չէր իրենով սկսելու մուտքը այդ հերոսական Եռաբլուրի, որ իրենից յետոյ հայրենի հողի համար իրենց կեանքը զոհաբերածների շիրիմները իրենց արժանի պատուով ու իմաստով ընդունուէին: Չէ՞ որ ի վերջոյ Անդրանիկն էր եղել եւ մնում ժողովրդի համար կեանքը չսակարկելու օրինակ ու չափանիշ:

Որ Եռաբլուր ոտք դնող պատանին, երիտասարդը կրթուէր պատմութեան ճիշդ արժեւորումով, հասկանար, որ Անդրանիկով սկսուած մեր պայքարը դեռ շարունակւում է:  Չէ՞ որ Եռաբլուրը ի վերջոյ սովորական գերեզմանատուն չէ…

Առանց վիրաւորելու եւ արժեզրկելու ոեւէ մէկի նուիրաբերումը հայրենիքին ու ժողովրդին, սա ես յիշատակում եմ, քանի որ չափանիշների խախտումով են սկսւում բոլոր տեսակի  աղաւաղումները, բարոյական անկումները, իսկ սա դրա փայլուն վկայութիւններից դեռ միայն մէկն է: Այնինչ ճիշդ գնահատումով են մեծանում, հզօրանում ոչ միայն զոհուածները, այլ` նրանց գործը շարունակողները:

Մի՞թէ այդ խախտման փայլուն օրինակ չէ մեր պահանջատիրութեան ոտնահարումը մեր իսկ կառավարութեան ու ժողովրդի կողմից:  Կառավարութիւնը գերադասում է իր շահը` ինչ գնով ուզում է լինի համաձայնուել թուրքերի հետ, ժողովուրդը գերադասում է լաւ ապրել, թէկուզ` պահանջատիրութեան զիջումով:

Մինչդեռ, ի հակադրութիւն մեր հողի ու ժողովրդի հանդէպ ունեցած բարոյական անկման, թրքական ինքնութեան պահպանումը շարունակւում է նրա երկրի օրէնքի եւ նրա ժողովրդի հիմնահարցը մնալ: Նրանք գիտեն, որ իրենց գործած ոճիրը ընդունելու դէպքում իրենք զրկուելու են ահագին հողատարածքներից, խախտուելու են իրենց սահմանները եւ տկարանալու է երկրի տնտեսականը` տրուելիք միլիառների հասնող հատուցման պատճառով:  Նրանք գիտեն չափանիշների արժէքը` պատմութեան նժարով հաստատուած, իսկ մենք միայն օրուայ կշիռով ենք մօտենում հարցերին, նոյնիսկ երբ այն  յօգուտ մեզ է լինելու:

Մեր բարոյական արժէքների փլուզումը նկատելի է նաեւ լեզուի մէջ: Առանց լեզուի եւ դրանից բխող մշակոյթի` ի՞նչ Հոգեւոր Հայաստանի մասին կարող է խօսք լինել: Եւ ահա տեսէք, մի նոր հայերէն է յայտնուել, տարօրինակ շեշտադրութեամբ, բոլորովին նոր բառապաշարով, վկան ոչ միայն փողոցներում, տներում խօսուող, այլ մինչեւ իսկ հեռուստատեսութեամբ հնչող,  հաղորդավարներից սկսած մինչեւ ներկայացում-սերիալները, մինչեւ լսողութիւն սղոցող գովազդները, կատակաբանութիւնները, ո՞րը թուել…

Տարբեր գիւղերի բարբառների մի տգեղ, սահմանափակ, խառնաշփոթ հաւաքածու է դարձել մեր լեզուն: Սեղմուել, փոքրացել է մեր բառապաշարը, այստեղից-այնտեղից մուտք գործած օտար բառերը խեղդում, ոչնչացնում, աղաւաղում են լեզուի իմաստը: Ի զուր չէ, որ օտարալեզու դպրոցներ են ստեղծում, այս նոր հայերէնը հաւանաբար նկատի ունեն որպէս օտար լեզու:

Նայեցէք ձեր շուրջ, ամէնուրեք խանութների ու ծառայութիւնների, ցուցափեղկերի, պաստառների վրայ տպուած տարօրինակ հայատառ անուններ ու յապաւումներ ենք կարդում, միայն` այն ստեղծող «գիտունների» համար հասկանալի: Ինչպէս, օրինակ, «Ի մէջ ֆուլ», կամ «Օսթ», «Բոուլինգ», «Պիվնոյ ռեստորան», եւ այսպէս` ամբողջ քաղաքով մէկ, այնքա՜ն շատ են, ո՞ր մէկը թուել:

Իսկ աւելի տարածուածը անգլերէնով գրուածներն են: Յուսանք, որ Երեւանի այս նոր քաղաքապետը կը հոգայ նաեւ քաղաքի ծանուցումների լեզուի հարցը, եւ այն որոշակի ոճի մէջ հրամցնելը օրէնք կը դառնայ:

Եթէ լեզուն աղաւաղուած է, եթէ մշակոյթով չի սնւում ժողովուրդը, եթէ այսքան կարեւոր հարցեր անտեսուած, արհամարհուած են երկրում, եթէ երկրի նախագահը իր այսօրուայ պարտականութիւնը նետում է գալիք սերունդի վրայ եւ իր սահմանների հզօրացումը կենսական հարց չի համարում, ի՞նչ պահանջատիրութեան ծրագիր պիտի յուսալ այլեւս:

Վերադարձս աւելի ցաւոտ է, քանի որ իմ մտածումների տեսադաշտում յառնում է սփիւռքը իր հազարաւոր ցաւերով: Ճիշդ է, որ արեւմտահայ իրականութիւնը ներկայացնող  սփիւռքահայի Հոգեկան Հայրենիքը անհամեմատելի մշակուած ու ամուր է, բայց դա էլ սկսել է խարխլուել, տեղի տալ օտարամուտ ազդեցութիւններին` զիջելով լեզուն, մշակոյթը: Փշրուել է հաւատը երբեւէ հայրենի ազգային ղեկավարութիւն ունենալու հանդէպ, հատնել է համբերութիւնը իրենից խլուած հողերին ետ տիրանալու պայքարը չտեսնելով, իր թափառական կեանքը իր զաւակներին կտակելով:

Իր փայփայած հայրենիքում դեռ իր համար տեղ չգտնելով` ամրանում է օտար տարածքներում, սերունդներ է ցրում աշխարհով մէկ, իսկ ե՞րբ է համատեղելու, հաւաքելու այդ բոլորը:  Եւ արդեօ՞ք հաւաքելու է երբեւէ:

Բայց իմ կամքը մեր պահանջատիրութեան հասնելուն` աւելի է ամրապնդւում, քանի որ այս աստիճանի անտարբերութեան է բախւում: Հակադրութիւնից մեծ տեղաշարժեր են ծնւում: Գուցէ պահանջատիրութեան յամառ հետապնդումը արթնացնի, ձեւաւորի ու ամրապնդի մեր հայրենի ժողովրդի գիտակցութիւնը, սէրը իր երկրին ու նրա ապագային լիիրաւ տէր կանգնելու, թափառականութեանը վերջ տալու համար:  Ի վերջոյ ողջ հայութեան ճակատագիրը կապուած է մեր պետութեան որոշումներից եւ քաջ ծանօթ լինելով, որ այս կառավարութեանը չեն հետաքրքրում մեր ազգային պահանջները, մեր ժողովրդի միասնութիւնը, մեր ապագայ սերունդների ճակատագիրը, իւրաքանչիւրս ակընդէտ հետեւելու ենք եւ թոյլ չտալու, որ կրկին յայտնուեն ինչ-որ համաձայնագրեր, որ Արցախից ոչ մէկ թիզ հող զիջման նիւթ դարձնեն, որ մեր պահանջատիրութիւնը պետական օրինագիծ դարձնեն: Մենք այլեւս հանգիստ, ձեռնածալ չենք կարող նստել ու սպասել, հիմա գործելու ժամանակ է եւ ուրեմն գործի՛ անցնենք:

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

(Շար. 3 եւ վերջ)

Share this Article
CATEGORIES