ՓԱՐԱՒՈՆԻ ՔԱՈՍԱՅԻՆ ԵՐԱԶԸ ԵՒ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԳԱՒԱԶԱՆԸ

2011 թուականի առաջին երկու ամիսը կարծէք թէ այնքան էլ բարեբաստիկ հեռանկարային գուներանգներով չտարածուեց աշխարհի քաղաքական-հասարակական քարտէզի մակերեսով: Արդէն երկու ամիս է, ինչ արաբական աշխարհի յատկապէս Միջին Արեւելքի տարածաշրջանի Հիւսիսային Ափրիկէի հատուածը հասարակական ընդվզումների եւ քաղաքական յեղաշրջումների խոր տագնապ է ապրում:

Ասել է, թէ ժողովրդական ցասման հերթական պոռթկումները մէկը միւսի յետեւից շղթայուած` հուժկու ալիքների պէս խորտակում են տասնամեակներ շարունակ Թունուզում, Եգիպտոսում, Լիպիայում, Ալճերիայում, Պահրէյնում, Եմէնում եւ այլ արաբական երկրներում խոր արմատ նետած բռնատիրական վարչակարգերին:

Առաջին հայեացքից թւում է, թէ Միջին Արեւելքի ափրիկեան հատուածից սկսած քաղաքական-հասարակական զարգացումները համապատասխան բռնակալ վարչակարգերի միջոցով ժողովրդի վրայ գործադրուած քաղաքական-տնտեսական ճնշումների ու հալածանքների կուտակման արդիւնքից են բխում, սակայն չփորձելով նման ազդակների կարեւորութիւնը նսեմացնել` պիտի նշենք, որ Միջին Արեւելքի ուժանիւթով հարուստ երկրներում վերջերս ծայր առած հակաիշխանական ընդվզումները եւ բռնատիրական վարչակարգերի տապալումը,  տարածաշրջանային քաղաքականութեան փոփոխութեան առումով, ունի նաեւ աշխարհաքաղաքական եւ տնտեսաուժանիւթային նոր ձեւակերպումների բնոյթ: Վերջին ամիսներում տարբեր մեկնաբանների կողմից արդէն շատ է խօսուել ու գրուել արաբական երկրներում տեղի ունեցող հակակառավարական խռովութիւնների, ընկերային, տնտեսական, աղքատութեան եւ հասարակական անարդարութեան վերացման կամ ժողովրդավարական կարգերի հաստատման զանգուածային զարթօնքի դրդապատճառների մասին: Ուրեմն պիտի փորձենք Թունուզում, Եգիպտոսում, Լիպիայում եւ առհասարակ իսլամական աշխարհում տեղի ունեցող իրադարձութիւնները աշխարհաքաղաքական ընդհանուր խորապատկերի զարգացումների ու փոփոխութիւնների հիման վրայ նաեւ բացատրել:

Ահաւասիկ, որքան էլ տարօրինակ թուայ, բայցեւայնպէս` կարեւոր է յուշել, որ Հիւսիսային Ափրիկէյում մեկնարկուած այսպէս կոչուած «Իսլամական աշխարհի ժողովրդավարական վերածնունդը», եթէ բացառենք նրա ընկերային -տնտեսական լուրջ հիմքերը, ամենայն հաւանականութեամբ, իր բնոյթով երկարատեւ ժամանակահատուածում միտուած է իրագործել դեռեւս Միացեալ Նահանգների նախկին նախագահ Ճորճ Պուշի նոր-ազատական վարչակարգի օրօք նախագծուած Մեծն Միջին Արեւելքի քարտէզի կենսագործմանը: Այսպէս` ի տարբերութիւն նախկին վարչակարգի ձգտումների, որոնք բացարձակապէս փորձում էին ռազմական ուժի միջոցով իրագործել «Մեծն Միջին Արեւելք» նախագիծը, ներկայում Միացեալ Նահանգների Դեմոկրատական կուսակցութեան վարչակարգը, ճարպկօրէն խուսափելով ռազմուժի գործադրման վնասների ու վտանգի հաւանականութիւնից, աշխատում է արաբական աշխարհի վերնախաւերի փոփոխութեան եւ նոր իշխանութիւնների կազմաւորման ճանապարհով հասնել իր ռազմավարական նպատակներին: Այլապէս` ո՞վ կարող է չկասկածել Ուաշինկթընից հնչած այն յայտարարութիւնների անկեղծութեան մասին, որոնք գալիս են հաստատելու հէնց իրենց վաղեմի բռնակալ իշխանութիւնների տապալումը ժողովրդի արդար ըմբոստութեանը վերագրելու հարցին: Թւում է, թէ այս հանգամանքը կատարւում է այն պահին, երբ Միացեալ Նահանգներն արդէն վստահանում են, որ տապալուած բռնապետը այլեւս կործանուել է եւ նրա վարչակարգը հնարաւորութիւն չունի շարունակել իր կեանքը, ուստի, առիթից օգտուելով, Ուաշինկթընը եւ նրա դաշնակիցներն անմիջապէս անցնում են ժողովրդի կողմը եւ իբր թէ նեցուկ են կանգնում «յեղափոխութեան»ը: Անշուշտ, Միացեալ Նահանգների վարչակարգի նման կեցուածքը` Միջին Արեւելքում ընթացող ժողովրդական ընդվզումների եւ իշխանափոխութեան ծայր առած շարժումների հանդէպ, միտուած է բազմազան նպատակներ իրականացնելու ռազմավարական նպատակների: Փորձենք մատնանշել նրանցից մի քանիսը:

Արդէն պարզ է, որ Միջին Արեւելքի տարածաշրջանի կարեւոր երկրների քաղաքական վարչակարգերը ձեւաւորուել են մի քանի տասնեակ տարի առաջ` Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Հետեւաբար նման վարչակարգի հաստատած քաղաքական, հասարակական եւ տնտեսական համակարգերն այլեւս չեն համապատասխանում յետսառըպատերազմեան աշխարհակարգի տնտեսաքաղաքական նոր պահանջներին: Ուստի, կոպիտ ասած, Արեւմուտքի նախկին դաշնակից արաբական նաւթառատ երկրների հին վարչակարգերի պիտանելիութեան ժամկէտն արդէն վաղուց լրացել է, միայն նրանց փոխարինելու համար պէտք է յարմար առիթ ստեղծել: Արեւմուտքի ռազմավարների դիտանկիւնից` դա պիտի կատարուէր հէնց տուեալ երկրների ժողովուրդների ձեռքով:

Այսպէս` հակակառավարական խռովութիւնները գալիս են նպաստելու անգլօ-ամերիկեան «Մեծն Միջին Արեւելք» նախագծի իրականացմանը, պայմանաւ, որ ձեւակերպուող նոր վարչակարգերը ապագայում կրկին անցնեն արեւմտեան մեծ տէրութիւնների տնտեսա-քաղաքական վերահսկողութեան տակ: Այլ խօսքով, այսօրուայ դրութեամբ, Միջին Արեւելքի արաբական աշխարհը հիմնովին կերպարանափոխւում է այնպէս, որ իշխանական վերնախաւի կարծրացած կեղեւը փոխարինուելու է նոր մաշկով, սակայն կորիզը պէտք է մնայ նոյնը, այն է Միացեալ Նահանգների ու նրա կարեւոր դաշնակիցների տնտեսական-ուժանիւթային եւ ռազմավարական երկարատեւ շահերի պահպանումը` Մեծն Միջին Արեւելք տարածաշրջանում: Աւելի՛ն. Ուաշինկթընը հաստատելով արաբական աշխարհի հակակառավարական հասարակական ըմբոստական ալիքը` փորձում է սիրաշահել իսլամական աշխարհի հանրային կարծիքը, որը, անկասկած, Ճորճ Պուշի վարչակարգի ժամանակ խիստ բացասական երանգ էր ստացել Միջին Արեւելքի տարածաշրջանում:

Յատկանշական է, որ արեւմտեան կողմի զգուշաւոր արձագանգները` իսլամական աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ, իր խորքում պարունակում է Իսրայէլի անվտանգութեան հեռանկարի ապահովումը, իսկ միւս կողմից արեւմտեան խոշոր ընկերութիւնների շահերի ապահովումը` նաւթա-կազային ուժանիւթի ուղիների անվտանգ արտածման եւ դէպի համաշխարհային սպառողական շուկաները արտածման խնդրին:

Ուշագրաւ է, որ հիւսիսափրիկեան իսլամական երկրներում տեղի ունեցող իրադարձութիւնները չեն կարող կարեւոր նշանակութիւն չունենալ միջազգային քաղաքական եւ տնտեսական ասպարէզներում ձեւակերպուող նոր կարգավիճակի վրայ: Այս երեւոյթն աննկատ չի մնացել զարգացումներին հետեւող աշխարհակառավարման շրջանակների կողմից: Ստեղծուած պայմաններում կարելի է ենթադրել ամենաշահագրգիռ կողմերը համաշխարհային մեծ տէրութիւններն ու բազմազգ նաւթարդիւնաբերական խոշոր ընկերութիւններն ու տնտեսական վիթխարի կառոյցներն են, որոնց համար առաջնային տեղն է գրաւում Միջին Արեւելքի տարածաշրջանի ուժանիւթի պաշարների անվտանգութիւնը: Այս հանգամանքն այն ժամանակ է կարեւորւում, երբ նկատի ենք առնում, որ իշխանափոխութեան տոմինոյի խաղն ընթանում է Հիւսիսային Ափրիկէի նաւթառատ դաշտում, որը նոյնպէս տարածւում է Պարսից ծոցի արաբական երկրներում, որոնք յայտնի են թէ՛ որպէս կազով ու նաւթով հարուստ պաշարներով երկրներ եւ թէ՛ ծայրայեղական իսլամի եւ ահաբեկչական խմբերի կազմաւորման ու տարածման կիզակէտ:

Վերոնշեալ հանգամանքները թոյլ են տալիս ենթադրելու, որ Սառը պատերազմի աւարտից յետոյ` Միջին Ասիայի եւ Կասպից ծովի աւազանի շուրջ մեկնարկուած ուժանիւթի պաշարներին վերահսկելու մրցակցութիւնը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աստիճանաբար հաւասարակշռւում է ի նպաստ ռուսաստանեան կողմի: Այսպէս` 2008 թուականին ռուս-վրացական պատերազմից յետոյ զգալիօրէն նկատւում է Միացեալ Նահանգների ու նրա դաշնակիցների դիրքերի թուլացումը` Միջին Ասիայի եւ կովկասեան տարածաշրջաններում, յատկապէս եթէ դրան գումարենք Արեւմուտքի նախաձեռնութեամբ նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւններում գործադրուած թաւշեայ յեղափոխութիւնների նախագծի ձախողումը, կարող ենք ասել, որ աշխարհի նաւթային պաշարներին տիրանալու անդադար ձգտումը վերոնշեալ տարածքներից կրկին տեղափոխուել է արաբական աշխարհ: Սակայն ուշադրութեան արժանի է, որ աշխարհատնտեսական համաշխարհային նոր համակարգում հնարաւոր չէ պահպանողական եւ աւանդական պետութիւնների օգնութեամբ ապահովել միջազգային ելեւմտական կառոյցների ուժանիւթի խոշոր ընկերութիւնների եւ, վերջապէս, համաշխարհային մեծ պետութիւնների հիմնական շահերը:

Այստեղ հարկաւոր է նշել, ինչպէս անցեալ տասնամեակում կովկասեան եւ Միջին Ասիայի տարածաշրջաններում թափանցելու նպատակով Միացեալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից «ժողովրդավարացման» գրաւիչ ալիքը առաջ մղուեց Խորհրդային Միութիւնից արդէն անջատուած անկախ հանրապետութիւններում, ապա մէկ անգամ եւս նոր Միջին Արեւելք երբեմնի նախագիծն իրականացնելու գաղափարը աւելի գունեղ եւ ընդունելի դրսեւորումով համաշխարհային քաղաքական սեղանի վրայ է դրուել` արաբական աշխարհի ժողովրդական շարժումների նոր կերպարանքով: Ժամանակը կը գայ` փաստելու ստեղծուած ալիքի իրական նպատակների եւ նրա խորքում թաքնուած աշխարհաքաղաքական միտումների պատկերը:

ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱՏԵԱՆ

«Ալիք»

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES