«ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ, ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԷ ՆԱ ՈՐՏԵՂ Է ԱՊՐՈՒՄ», «ԱԶԴԱԿ»ԻՆ ԱՍԱՑ ՇԱՆԱՆ` ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆԸ

ԴԻՄԱԿԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑ

Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահն այս շաբաթ հիւրընկալելու է հայրենի երիտասարդ գեղանկարչուհի Աննա Շահնազարեանին, որին արուեստասէրները գիտեն իր ազգանուան եւ անուան սկզբնատառերից կազմուած Շանա ստորագրութեամբ: Աննան ինքնատիպ ձեռագիր ունեցող մի գեղանկարչուհի է, որ ստեղծել է սեփական աշխարհն ու  հանելուկային այդ աշխարհում մեզ հետ խօսում է իր պատկերների եւ խորհրդանիշների լեզուով: Աննա Շահնազարեանի ցուցահանդէսը շաբաթ օրը «Համազգային»ի ցուցասրահում բացուելու է Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հովանաւորութեամբ:

«Ազդակ»ը ցուցահանդէսից առաջ հանդիպում ունեցաւ Աննա Շահնազարեանի հետ: Նա Լիբանան է բերել վառ գոյներով եւ լուսաւոր տրամադրութեամբ լեցուն տասնեակ գեղանկարներ: «Ճշմարտութեան որոնման ճանապարհին», «Արեւի ծագումը», «Ոսկեայ գեղմը», «Թիթեռների պարը» եւ այլ խորագրերով նրա գեղանկարները վկայում են դրական զգացողութիւններով լեցուն նկարչուհու ներաշխարհի մասին: Նա ինքն էլ հաստատեց, որ իր գեղանկարները մարդու ներաշխարհի մասին են, եւ ինքը ստեղծագործելիս արտաքին աշխարհից առաւել կարեւորում է մարդկային ներաշխարհը:

Աննա Շահնազարեանը նկարել սկսել է դպրոցական վաղ տարիքից: Ինչպէս մեզ հետ զրոյցի ընթացքում ասաց` դասերի ժամերին չէր հետեւում ուսուցիչների բացատրած նիւթին եւ միայն նկարելով էր զբաղւում: Նրա մէջ նկատելով նկարչութեան հանդէպ սէր եւ օժտուածութիւն` ուսուցիչները Աննայի մօրը խորհուրդ են տուել աղջկան տանել այդ ուղղութեամբ: Մայրը, որ խեցեգործուհի է, չի զարմացել աղջկայ արուեստի հակումների վրայ, եւ ինչպէս Աննան ասաց մեր զրոյցի ընթացքում, մայրը եղել է իր առաջին քաջալերողը եւ մինչեւ հիմա էլ քաջալերելով եւ աջակցելով` իր կողքին է: Սովորել է արուեստի դպրոցում, այնուհետեւ` Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանում, ուսումնարանի տարիներին արդէն որդեգրել է նկարչական իր  ոճն ու ուղղութիւնը, որը տարիների ընթացքում է՛լ աւելի է կատարելագործուել, սակայն Աննան այն կարծիքին է, որ ինքն իր  ասելիքի հիմնական մասը դեռ ասելու է գեղանկարչական աշխարհում:

Ահա թէ ինչ է գրել Աննա Շահնազարեանի մասին գեղանկարիչ, արուեստաբան Սարօ Կալենցը. «Աննա Շահնազարեանին ճանաչում եմ որպէս բացառիկ տաղանդով օժտուած նկարչուհու եւ որպէս մարդկային բարձր արժանիքների տէր անձնաւորութեան: Նա նպատակամէտ, որոնող, ստեղծագործող մարդ է: Նրա աշխատանքները ինքնատիպ են,  բազմաբովանդակ, գունեղ եւ աչքի են ընկնում իրականի եւ երեւակայականի խորհրդաշատ սինթեզով: Չնայած  իր երիտասարդ տարիքին` Աննան զերծ է տարբեր ազդեցութիւններից: Նա իր ուրոյն աշխարհն ունի` մէկը միւսին չկրկնող կտաւներ, որոնք անպայման մեր նկարչական արուեստում կ՛ունենան իրենց արժանի տեղը»:

Աննա Շահնազարեանը Հայաստանում եւ Հայաստանից դուրս մասնակցել է տասնեակ ցուցահանդէսների` Մոսկուայում, Կիպրոսում: Հայաստանում ունեցել է մի շարք անհատական ցուցահանդէսներ եւ շուտով պատրաստւում է  հերթական  անհատական  ցուցահանդէսին, որ բացուելու է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը: Աննան նաեւ Հայաստանի  նկարիչների միութեան անդամ է, եւ ինչպէս նշեց մեր զրոյցի ընթացքում, հեշտ  չէ երիտասարդ արուեստագէտուհու ճանապարհը.  լինում են թէ՛ խանգարողներ, թէ՛ ճանապարհին կանգնողներ, թէ՛ մարդիկ, որոնք ուղղակի չարանում են:  Այդ առումով, նա խօսեց  իր նկարչութեան մէջ հանդիպող խորհրդանիշներից մէկի` դիմակի մասին, որը նկարչուհին օգտագործում է յատուկ նշանակութեամբ. «Ինձ միշտ հարցնում են` ինչո՞ւ ես դիմակ օգտագործում քո նկարներում: Դիմակն անբաժան է  մարդու կեանքից: Ամէն մարդ էլ կեանքում դիմակ է հագնում: Մէկը դիմակ է հագնում իր չար գործերը դիմակի տակ կատարելու, միւսը` ուրիշի չարութիւններից պաշտպանուելու համար»: Ասում է, որ չարը միշտ կայ եւ նրան պէտք է յաղթել ժպտալով, պայքարելով, երբեք չզիջելով. «Առանց պայքարի` կեանք չկայ, կեանքը յաւերժական պայքար է, եթէ չպայքարես, կը կորչես:  Արուեստն ի հարկէ օգնում է այդ պայքարում: Արուեստի հետ յարաբերուող մարդու համար աւելի է հեշտանում կեանքը»:

Աննա Շահնազարեանն իր գլխաւոր ուսուցիչը համարում է կեանքը, յատկապէս` ի՛ր ապրած կեանքը, որն իրեն դրդել է ուսումնասիրել  մարդու հոգեկան աշխարհն ու այն ներկայացնել գոյների ու պատկերների միաձուլման միջոցով:

«Կինը պաշտպանուած չէ արուեստի աշխարհում. եթէ դու հովանաւոր չունես, առաջ գնալ չես կարող, իսկ ընդհանրապէս, անկախ նրանից` արուեստագէտ ես, թէ չէ, ցաւօք մեր ժամանակներում եթէ դրամ եւ յենարան չունես,  ոչինչ ես: Եւ այս ձեւով  շատ տաղանդաւոր մարդիկ կորչում են: Շատ լաւ երգիչներ,  նկարիչներ մնում են ստուերում, իսկ երբեմն այնպիսի նկարիչներ էլ ես տեսնում` իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց մեծ անուն եւ հռչակ ունեն: Ի հարկէ, ես չեմ ասում, թէ ամէն ինչ վատ է  այս ասպարէզում, սակայն լա՛ւն էլ կայ, վա՛տն էլ: Կան նաեւ գնահատողներ, քաջալերողներ…», ասաց Շանան:

ԱՐՈՒԵՍՏԱՍԷՐԸ

Աննա Շահնազարեանն առաջին անգամ է ներկայանում լիբանանահայ արուեստասէրին. «Ինձ անծանօթ է լիբանանահայ հանդիսատեսը, առաջին անգամ եմ ցուցադրւում այստեղ, յուսամ` իրենց դուր կը գայ: Ես մարդկանց համար եմ նկարում, կարեւոր չէ`  ինքը որտեղ է ապրում, կարեւորը նա հասկանայ իմ հոգեվիճակը, իսկ հոգեվիճակը մարդկային է, բոլոր մարդկանց հասկանալի է: Ամէն գործ իր  ներազդեցութեան դաշտը` աուրան ունի, իր հետքը անպայման թողնում է մարդկանց հոգիներում, իսկ ես միայն լաւ տրամադրութիւն եւ լաւ զգացողութիւններ եմ փոխանցում: Իմ կերպարները բոլորն էլ  դրական են: Փա՛ռք Աստծոյ, մարդիկ հասկանում են իմ ապրումները, կանգնում են նկարների առջեւ եւ պատմում են այն, ինչ ես զգացել եմ նկարելու ժամանակ», իր ստեղծագործական մտորումներն այսպէս արտայայտեց գեղանկարչուհին:

Խօսելով իր կերպարների մասին` Աննան պատմեց իր նկարների մէջ հանդիպող Արլըքեն մասին, որ թատերական կերպար է, ծաղրածու,  որ միշտ ուրախացնում է մարդկանց, բայց ինքն իրականում տխուր, խելացի եւ ողբերգական կերպար է: Նրա աշխատանքների մէջ նաեւ «բամբասող», միմեանց հետ մտերմօրէն զրուցող կամ սպասման ու կարօտի զգացումներով պարուրուած կանանց կերպարներ կան, որոնց մասին Աննա Շահնազարեանը ասաց. «Կնոջ միջոցով եմ  կարողանում լաւագոյն ձեւով արտայայտել իմ զգացումները, կինն աւելի խորհրդաւոր կերպար է, աւելի հանելուկային է, քան տղամարդը: Աշխարհի արարման մէջ էլ,  աշխարհի միւս գործերի մէջ էլ միշտ խառն է եղել կնոջ ձեռքը: Կա՛մ կնոջ համար է եղել, կա՛մ կնոջ ձեռքով: Ես կնոջ մէջ ի հարկէ խելքն եմ գնահատում,  սակայն գեղեցկութիւնն էլ եմ ընդգծում: Իմ բոլոր կին կերպարները երկար վիզ ունեն. համարում եմ, որ երկար վիզը կնոջ գեղեցկութեան գլխաւոր մասն է»:

Աննա Շահնազարեանի այսօրուայ ստեղծագործութիւնները շատ են տարբերւում մօտ տասնհինգ տարի առաջ կատարած նրա աշխատանքներից: Ասում է, որ տարիներ առաջ իր կտաւներում իշխում էին մռայլ գոյներն ու գորշ պատկերները, որոնք ուղղակի իր հոգեվիճակի անդրադարձն էին: Մի օր մեր յայտնի երգահաններից մէկը, նայելով նրա նկարներին, ասում է` պէտք չէ նման գոյներով նկարել, կեանքն առանց այն էլ մռայլ է, եւ այդ գոյները միայն աւելանում են կեանքի վատ տրամադրութիւններին: Աննան անդրադառնում է, որ ժամանակն է դուրս գալ այդ հոգեվիճակից եւ քայլել դէպի լուսաւորն ու պայծառը: Եւ ահա արդիւնքում ստեղծւում են նոր կտաւներ: Այսօր արդէն Աննան ասում է, որ չի կարող ապրել առանց նկարչութեան. «Ուրախ եմ, որ յաղթահարեցի այդ շրջանը եւ այսօր նոր որոնումների եւ փնտռտուքների մէջ եմ: Երբեք կանգ չեմ առնում եւ յուսամ, որ իմ նոր ստեղծուելիք ժանրը շատ հետաքրքիր կը լինի»:

 

ՊԱՏԿԵՐԸ` Ի ՎԵՐՈՒՍՏ
ԹԵԼԱԴՐՈՒԱԾ ԽՈՐՀՈՒՐԴ

«Գոյն, շարժում եւ ինքնաբուխ լոյսով թաթախուն նրբին զգացումների ծաւալումներ: Սա այն իրականութիւնն է, որ հոգեհարազատ է երիտասարդ նկարչուհի Աննա Շահնազարեանին: Նրա յուզաշխարհը լեցուն է Աստծոյ արարած բնութեան բազմերանգութեամբ եւ զգայական կենսահաստատ լիցքերով: Գոյնն ու գիծը նրա համար միջոց են, ծնուած պատկերը` ի վերուստ թելադրուած խորհուրդ:

Գեղանկարչութեան մէջ առկայ արտայայտչական ու ոճական բազում հնարքներից նկարչուհին ստեղծագործաբար իւրացրել է ազնիւ մօտեցումը` թեմային: Նրա կտաւներում իշխողը նիւթի կենդանի արծարծման, իրականութեան լուսաւոր ու շարժունակ պատկերաւորման սկզբունքայնութիւնն է:

Այն, թէ ինչպէս է մտայղանում իր կտաւների բովանդակային, խօսուն ու գեղեցիկ լուծումները, Աննան մեկնաբանում է այսպէս. «Նկարելիս կարծես մի անմեկնելի ուժ է թելադրում եւ ուղղորդում ինձ: Իմ հոգին խոնարհաբար խօսում է ձեռքս շարժող այդ աներեւոյթ Հրաշքի հետ…»: Այս հոգեկացութիւնն է, որ առաւել կենդանի, շնչող ու համոզիչ է դարձնում Աննայի ամէն մի գործը: Նրա աշխատանքներում գերակայ է հոգեւոր, ապրումային այն ներքին լիցքը, որ համարձակ վրձնումներով եւ գունագծային սահուն անցումներով սրտառուչ երկխօսութեան է հրաւիրում մարդուն: Ինքնատիպ, հետաքրքրական, խորիմաստ աշխատանքներով նա փորձում է բացայայտել իր ընկալած աշխարհայինի եւ վերերկրայինի կապը, արտայայտել մարդկային հաւատաւոր հոգու անսահման գեղեցկութիւնը: Աննան շնորհուածութիւնը չի ընդունում իբրեւ առաւելութիւն, այլ համոզուած է, որ դա ստեղծագործական մեծ տուրք պահանջող այն դժուարին երջանկութիւնն է, ինչն ունենալու եւ պահպանելու համար երբեք չի դադարի որոնել ու սեփական ջանքերով յաղթահարել դէպի մեծ արուեստ տանող ուղին»:

ՌՈՒԶԱՆ ՄԱՀՏԵՍԵԱՆ
Գրող, արուեստաբան

CATEGORIES