ԿԱՐԵՒՈՐ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Դամասկոսում բնակուող մեր հայրենակից, դոկտոր Նորա Արիսեանի «Տէր Զօր. մարտիրոսաց քաղաք» աշխատութիւնը կարեւոր տեղ է զբաղեցնելու Հայոց ցեղասպանութեանը նուիրուած մատենագրութեան մէջ:

Մէկ տասնեակ արաբերէն գրքերի  եւ ուսումնասիրութիւնների հեղինակ, Դամասկոսի համալսարանի դասախօս եւ արաբ գրողների միութեան անդամ Արիսեանը թերթել է ժամանակի սուրիական մամուլը, պատմական գործերը, սուրիական պետական մի քանի արխիւների, ինչպէս նաեւ` Բերիոյ հայոց թեմի Ազգային առաջնորդարանի նիւթերը:

Սուրիական մամուլը, հեղինակի խօսքերով, լուսաբանել է ոչ միայն տեղահանութիւնը, տարագրութիւնը, կոտորածները, այլ եւ այդ հիւրընկալ երկրում հայերի հաստատուելն ու հայ համայնքի ձեւաւորումը: «Մեր դիտարկումներով` սուրիական արաբական մամուլը միակ հաւաստի սկզբնաղբիւրն է, որը խօսում է դէպի սուրիական անապատ քշուած  եւ հալածանքների ենթարկուած հայերի տեղահանութիւններից, կոտորածներից ու գաղթից», գրում է Արիսեանը:

Հայոց ցեղասպանութեանը մանրամասնօրէն անդրադարձել են նա եւ սուրիական այն թերթերը, որոնք տպագրուել են երկրից դուրս: Այսպէս` Փարիզում լոյս տեսած «Մուսթաքպալ»ը 1916-1919 թթ. Հայոց ցեղասպանութեան մասին հրապարակել է աւելի քան 70 յօդուած: Դրանցից ամենաուշագրաւը 1916 թ. մայիսի 20-ի համարում լոյս տեսածն է, որում ասւում է. «Թալէաթը պաշտօնապէս յայտարարել է, որ ինքը 800 հազար հայեր աքսորել է, որոնցից 300 հազարը սպաննուած են: Սակայն իրականում աքսորուածների թիւը հասնում է մէկ միլիոն երկու հարիւր հազարի, իսկ սպաննուածների թիւը` 500 հազարի»:

Մի քանի տարի առաջ թուրք պատմաբան Մուրատ Պարտաքճըն հրապարակեց օսմանեան Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեթ Թալէաթ փաշայի ձեռագիր-արխիւը, այսպէս կոչուած` «Սեւ գիրքը»: Շատ պատմաբաններ ու ցեղասպանագէտներ սա համարում են Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգուածային կոտորածների վերաբերեալ թուրքական ամենակարեւոր փաստագրութիւնը: Պարզւում է, որ այդ մասին սուրիական մամուլը գրել է տակաւին 1916-ին:

Հայոց ցեղասպանութեան հոմանիշ ու խորհրդանիշ համարուող Տէր Զօր քաղաքի  եւ տեղի հայութեան մասին համահաւաք կերպով քիչ բան է գրուել: Արիսեանի այս հատորը կարեւորւում է նաեւ այդ բացը լրացնելու առումով: Նախքան 1915-ի մահուան երթերը Տէր Զօրում բնակուել են մի քանի տասնեակ հայ ընտանիքներ` տիգրանակերտցի ու սղերդցի արհեստաւորներ ու վաճառականներ: 1915-ի ամրանն արդէն Տէր Զօր հասան տանջուած ու սովահար հարիւր հազարաւոր հայերի քարաւանները:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Բերիոյ (Հալէպի) թեմի առաջնորդ Շահան եպս. Սարգսեանը այս հատորի մասին գրել է, որ պատմաբան Արիսեանի ուսումնասիրութիւնը «համահայկական ուխտատեղիի մասին արձանագրուած պրպտող ու համադրող նոր խօսք է»:

Գրքի գիտական խմբագիրը յայտնի արաբագէտ, Սուրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլատեանն է:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Share this Article
CATEGORIES