ՄԱՐՏԻ 22-Ը ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է (ՑՈՒՆԱՄԻՆ ՆՈՅՆՊԷՍ ՀԱՄԱՐՒՈՒՄ Է ՋՐԱՅԻՆ ԵՐԵՒՈՅԹ)

ՑՈԻՆԱՄԻՆԵՐԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵՍԸ,
ՆՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ
ԿԱՐՃԱՆՈՒՄ Է ՕՐԸ

ՄԵԾ ԱԼԻՔ` ՆԱՒԱՀԱՆԳՍՏՈՒՄ

Երբ մեր մոլորակի վրայ ստեղծուեց առաջին ովկիանոսը, մօտաւորապէս այդ ժամանակ էլ ծնուեց առաջին ցունամին: Նախնադարեան մարդը ձգտում էր ապրել ջրի մօտ: Այսօր էլ շատ բան չի փոխուել այդ ցանկութիւնից. ծովն իր ողջ հմայքով քաշում է մարդկանց` նրանց դարձնելով իր աւազանի բնակիչներ: Հնում  հէնց գետերի ու ծովերի ափերին էին կազմաւորւում խոշոր բնակավայրերը, եւ այդ պատճառով են մարդիկ հին ժամանակներից բախուել  աւերիչ,  բայց միաժամանակ զարմանալի այս երեւոյթին` ցունամիին: Մեզ են հասել ոչ միայն հին առասպելների ու աւանդոյթներ, որոնք պատմում են վիթխարի ալիքների մասին, այլեւ` նմանատիպ աղէտների վերաբերեալ գրաւոր վկայութիւններ: Գիտնականները պարզել են, որ Կրետէ կղզում գտնուող Ամնիսոս հնադարեան քաղաքի կործանումը (մօտաւորապէս Ն. Ք. առաջ 1400 թուականին) կապուած է հէնց ցունամիի հսկայական ալիքի հարուածի հետ:

Ցունամին տարերային աղէտ է,  ջրային վտանգաւոր երեւոյթ: Այս աղէտալի երեւոյթին տրուած անուանումը շատ ճիշդ պատկերում է վիթխարի ալիքների առաջացման բնոյթը: Ճափոներէն «ցունամի» բառը կազմուած է երկու հիերոկլիֆներից` «ցու», որ նշանակում է «նաւահանգիստ» եւ «նամի»` թարգմանաբար «մեծ ալիք»: Եւ այսպէս,  «ցունամի»` նշանակում է «մեծ ալիք` նաւահանգստում»:

Այդ հսկայական ալիքներն առաջանում են այնպիսի երկրաշարժի պատճառով, որի շարժի կենտրոնը գտնւում է ովկիանոսի (ծովի) յատակում: Ափի մօտ ցունամիի բարձրութիւնը կարող է հասնել 10-30 մեթրի եւ այն կարող է ափ նետուել մեծ արագութեամբ: Առաւել վտանգի են ենթակայ ծովերի ու ովկիանոսների ափերը: Սակայն ցունամիից ապահովագրուած չեն նաեւ ափերից հեռու գտնուող շրջանների բնակիչները, երբ երկրաշարժի հզօր ուժը ստիպում է տատանուել ջրի վիթխարի զանգուածներին, որոնք ափ են նետւում յորձանքներով` իրենց ճանապարհին ոչնչացնելով ամէն ինչ:

Սարքերի միջոցով ցունամիի մօտենալը հնարաւոր է յայտնաբերել միայն մի քանի ժամ առաջ: Սարքերից զգալիօրէն աւելի վաղ,  վերահաս աղէտը զգում են անասունները. շները,  կատուները, առնէտներն ու մկները հեռանում են սարալանջեր, բարձրադիր վայրեր: Այնպէս որ, նրանց վարքին ուշադիր հետեւելը մարդկանց կ՛օգնի ժամանակին անհրաժեշտ միջոցների դիմել:

Ցունամին ծագում է 6-7 եւ աւելի պալ ուժգնութեամբ երկրաշարժի դէպքում: Ցունամիին նախորդում են` ափից ջրի արագ յետ քաշուելը (լռում է ալեբախութեան ձայնը),

մակընթացութեան ժամանակ ջրի մակարդակի արագ իջնելը, տեղատուութեան ժամանակ ջրի մակարդակի բարձրանալը. լողացող սառոյցի կամ այլ առարկաների արտասովոր տեղաշարժը: (Հէնց ցունամիի նմանակութեամբ են համակարգչային շատ բեմադրիչներ նկարահանել նմանատիպ համակարգչային խճանկարներ, որոնք ցունամին են յիշեցնում):

Եթէ տեղի է ունեցել այդ ուժգնութեամբ երկրաշարժ ու այն տեւել է 20 եւ աւելի երկվայրկեան, ապա առաջին ալիքը կարող է մօտենալ արդէն 15-20 րոպէ յետոյ: Սովորաբար այդ ալիքն ամենահզօրը չէ, առաւել վտանգաւորը յաջորդներից մէկն է:

Բաց ովկիանոսում ցունամին չի կարող վնաս պատճառել: Նրա ալիքներն այնքան երկար են, որ նոյնիսկ որպէս ալիքներ չեն ընկալւում. դրանց երկարութիւնը կազմում է 150-ից մինչեւ 400 քմ, երբեմն` հազար քմ: Բաց ծովում ցունամիները նկատելի չեն, քանի որ դրանց բարձրութիւնը մի քանի տասնեակ սանթիմեթր է կամ առաւելագոյնը` մի քանի մեթր:

Ծովային նաւի վրայ գտնուելով`  ճանապարհորդը նոյնիսկ չի էլ զգում, որ իր տակով ցունամի է անցնում, բայց մօտենալով ափին` այդպիսի ալիքները սկսում են արագ աճել եւ վերածուել սարսափեցնող, աւերիչ ջրային սարերի` ուղղաձիգ լանջերով:

Ցունամիները խոր ալիքներ են, դրանք կլանում են ջրի շատ աւելի հզօր շերտ, քան` քամու ալիքները, որոնք ծաւալւում են միայն ծովի մակերեւոյթի վրայ, ոչ` խորը: Երբ ցունամին մօտենում է ափին` ալիքի ուժը անցնում է ջրի առաւել բարակ շերտին: Միաժամանակ այդ տեղանքում խորութիւնը փոքրանալու եւ յատակին ջրի մասնիկների շփումը մեծանալու պատճառով ալիքը փոխում է իր ձեւը:

Քանի որ ցունամին շատ երկար ալիք է, ափին մօտենալիս այն դառնում է շատ բարձր: Հէնց ափի մօտ, յատակի անհաւասարութիւններից ուժեղ արգելակուելով, ալիքը ստանում է անհամաչափ ձեւ եւ իր կատարը տապալում ափից բաւական հեռու:

Սովորաբար ցունամին մէկ ալիքով չի սահմանափակւում, աւելի յաճախ դրանք լինում են 3-ից 10-ը: Երբեմն առաջին ալիքը տեսնելուց յետոյ մարդիկ հանգստանում են, սակայն մէկուկէս-երկու ժամուայ ընթացքում վտանգը կարող է նորից կրկնուել:

2004 ԹՈՒԱԿԱՆԻ ԱՍԻԱԿԱՆ ԱՂԷՏԸ
ՓՈԽԵԼ Է ԵՒՐՈՊԱՅԻ ԵՒ ԱՍԻԱՅԻ ՔԱՐՏԷՍԸ

Մարտի 11-ին  աշխարհը ցնցեց ճափոնական ցունամին: Աղէտին զոհ գնացին հազարաւոր մարդիկ, տասնեակ կացարաններ փլուեցին` անօթեւան թողնելով հարիւրաւոր մարդկանց… Սակայն աշխարհի «աղէտային յիշողութեան» մէջ դեռեւս թարմ է 2004 թուականին տեղի ունեցած հարաւ-ասիական ցունամին, որը համարւում է խոշորագոյններից մէկը`  ցունամիների պատմութեան մէջ:  Ընդհանրապէս 2004 թուականին մեր մոլորակում  ի՛նչ աղէտներ ասես տեղի չունեցան` երկրաշարժ ու փոթորիկ, ջրհեղեղ ու սողանք, գնացքների բախումներ, օդանաւերի կործանում, տարաբնոյթ պայթիւններ, համաճարակ ու ահաբեկչութիւն:

Բայց այն, ինչ կատարուեց 2004 թուականի դեկտեմբերի 26-ին հարաւարեւելեան Ասիայում բոլոր առումներով գերազանցեց այդ տարուայ աղէտները: Հնդկական ովկիանոսում տեղի ունեցած հզօր երկրաշարժի պատճառով  առաջացաւ ցունամի, որ   հարուածեց տարածաշրջանի ութ երկրների (Ինտոնեզիա, Հնդկաստան, Թայլանտ, Սրի Լանքա, Պանկլատեշ, Միանմար, Մալտիվեան կղզիներ, Մալեզիա): Այն համարուեց վերջին 40 տարուայ ամենահզօր երկրաշարժը  եւ ուժգնութեամբ հինգերորդը` 1900 թուականից ի վեր:

Երկրաշարժի կենտրոնը գտնուել է Ինտոնեզիայի Սումաթրա կղզուց ոչ հեռու, ծովում, 40 քիլոմեթր խորութեան վրայ: Ըստ ամերիկեան երկրաբանական ծառայութեան, երկրաշարժի ուժգնութիւնն այդ շրջանում կազմել է ռիխթըրի սանդղակով 8,9 մակնիթիւտ:

Թէեւ արդէն վեց տարի է անցել  այդ սարսափելի աղէտից, սակայն գիտնականները շարունակում են ուսումնասիրել նրա հետեւանքները եւ յանգում ծայրայեղ, ոչ մխիթարող եզրակացութիւնների: Գերմանացի հետազօտողների կարծիքով, այս տարերային աղէտն աւելի մեծ ազդեցութիւն է ունեցել Եւրոպայի վրայ, քան թւում է առաջին հայեացքից: Նրանք պնդում են, որ եւրոպական մայրցամաքը բարձրացել է 1 սմ-ով եւ հիւսիս է թեքուել 2 սմ-ով:

Առաջին ուժեղ ստորգետնեայ ցնցումից յետոյ բարձր ճշգրտութեամբ սարքաւորումները ցոյց են տուեցին, որ Արեւմտեան Եւրոպայի երկրակեղեւը գրեթէ 10 րոպէ տատանուել է: Սակայն տատանումների լայնութիւնը այնքան աննշան է եղել, որ մարդիկ ոչինչ չեն զգացել:

Այնուամենայնիւ, հարաւարեւելեան Ասիայի քարտէսի փոփոխութիւնների համեմատ, եւրոպականը չնչին է: Տարերային աղէտից քիչ անց յայտնի է դարձել, որ Սումաթրան եւ այդ շրջանի այլ փոքր կղզիները 36 սմ-ով տեղափոխուել են հարաւ-արեւմուտք: Ենթադրւում է, որ որոշ կղզիներ նաեւ բարձրացել են: Հնդիկ շարժագէտների տուեալներով, Ինտոնեզիայի Սումաթրա կղզու ափերի մօտ առաջացել է 30 մեթր լայնութեամբ ու 1 քիլոմեթրից աւելի երկարութեամբ ճեղք, եւ ողջ Հնդկաստանը տեղաշարժուել է դէպի եւրասիական ցամաքամաս: Շատ են վնասուել Նիքոպարեան կղզիները, որոնք աւելի մօտ են գտնուել երկրաշարժի կենտրոնին: Թերեզա կղզին աղէտի պատճառով բաժանուել է 2 մասի, իսկ Թրինքաթը` 3 մասի:

ՑՈՒՆԱՄԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵԼ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑՔԸ

Հարաւասիական աղէտի պատճառների եւ հետեւանքների ուսումնասիրութեամբ զբաղւում են նաեւ երկրաբանական հաստատութիւնների գիտնականները: Նրանց կարծիքով, նման ուժեղ ցունամին ազդում է նաեւ Երկրի առանցքի վրայ: Դա կարող է անհնարին թուալ, եթէ մի պահ մտածենք մեր մոլորակի չափերի եւ զանգուածի մասին: Սակայն իտալացի գիտնական Էնցօ Պոշը բացատրում է, որ նմանատիպ աղէտների հիմքում ընկած է խորքային զանգուածների տեղաշարժը, ինչը բերում է Երկրի մակերեւոյթի փոփոխութիւնների եւ առանցքի աննշան տեղաշարժի:

Քիչ չեն տուժել նաեւ բուսական եւ կենդանական աշխարհները: Ջրի հսկայական ալիքը սրբել-տարել է ծովային թռչունների` ափին գտնուող բները եւ կենդանական աշխարհի փոքր ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ մի քանի տարի շարունակ  նոր սերունդներ չեն լինելու, իսկ անասունների թուաքանակը վերականգնուելու է միայն 40-50 տարի յետոյ: Բացի այդ, ծովային աղը ներծծուել է հողի մէջ եւ պէտք է  սպասել`  մինչեւ անձրեւները մաքրեն այն:

Լուրջ կորուստներ են կրել նաեւ մարջանի խութերը: Երկրաբանական տեսակէտից ամենաքիչը ծովափերն են վնասւում, սակայն այստեղ, բուսականութեան ոչնչացման պատճառով, փոխւում է արեւային ճառագայթներն անդրադարձնելու ընդունակութիւնը:

2004-ԻՑ ՅԵՏՈՅ ԿՐՃԱՏՈՒԵԼ Է ՕՐԸ

Ռուսաստանի ջրաօդերեւութաբանական կենտրոնի տնօրէն Ռոման Վիլֆարտի պնդմամբ, վերոնշեալ հանգամանքները ազդում են օրուայ տեւողութեան վրայ: Թեքթոնական փլաթֆորմների նոր դասաւորութիւնը փոքրացրել է երկրագնդի տրամագիծը, ինչն իր հերթին նպաստելու է, որ երկիրն աւելի արագ պտտուի իր առանցքի շուրջը: Այս երեւոյթը օրուայ տեւողութիւնը նուազեցրել է մի քանի միլլիվայրկեանով:

ՀՆԱԳՈՅՆ ԱՍՈՅԹՆԵՐ` ՋՐԻ ՄԱՍԻՆ
Ջրի վրայ ոչինչ չես նկատի:
Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենայ:
Ջուր ուզեց, գինի ստացաւ:
Ջուրը կաթկթալով քար է ծակում:
Ջուրը ճամբան կը ճարի:
Ջուրը գնում է, աuազը մնում է:
Եռացող ջրով կաթսայում պաղ տեղ չկայ:
Մեռեալ ջրում վիշապ չի ապրում:
Ջրի բերածը ջուրն էլ կը տանի:
Լաւութիւն արա, նետիր ջուրը:
Ջուր մտնողը անձրեւից չի վախենայ:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES