ՀՈԳԵԲԱՆՕՐԷՆ ԽԵՂԵՑԻՆՔ ԱԶՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆԸ». ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԷՆ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԵԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑՈՒՄ.- Նախ ուզում եմ շնորհաւորել www.baku.am կայքի բացման առթիւ, որը բոլորիս  համար հաճելի անակնկալ էր: Ե՞րբ սկսեցին կայքի պատրաստման  աշխատանքները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Աշխատանքներն սկսեցինք նախորդ տարուայ հոկտեմբեր ամսից: Աշխատանքի սկզբունքը հետեւեալն էր՝ որեւէ բարձրաձայնում պէտք չէ լինէր՝ օգտագործելով անսպասելիութեան գործօնը, որպէսզի այն ռումբի պէս պայթէր: Մեր նախատեսածը կատարուեց՝ այն անակնկալ էր թէ՛ համացանցից օգտուող հայ լսարանի, թէ՛ ազրպէյճանցիների համար: Մենք աշխատեցինք 3 ամիս, եւ այդ ընթացքում թանգարանը լրացուցիչ խոշոր ծախսեր արեց (աշխատակիցներին աշխատավարձերը, գրքեր պատուիրելը եւ այլն):  Թէ ինչո՞ւ թանգարանը նման գումարներ ներդրեց այդ աշխատանքի համար, պատասխանն ակնյայտ է՝ պարզ աչքով նկատելի էր բացը: Մենք սիրում ենք խօսել, հակադարձել ազրպէյճանցիների՝ գիտութեան որեւէ քննութեանը չառնչուող յայտարարութիւններին, ու կարծես հակաքարոզչութիւնը հակադարձելու մէջ էին փնտռում: Մինչդեռ քարոզչական եւ տեղեկատուական պատերազմի ժամանակ հակաքարոզչութիւնը հակառակորդի ասածի հիմնաւորման ձեւ է: Մենք փորձեցինք անհամաչափ ձեւով պատասխանել, այլ կերպ ասած, բերդը պաշարելու փոխարէն, միջնաբերդը գրաւեցինք:

Հ.- Իսկ ո՞ւմ նախաձեռնութիւնն էր:

Պ.- Գաղափարը շատ պատահական ծնուեց լուսանկարների անձնական հաւաքածու նայելու ժամանակ՝ Գիւմրիի, Երեւանի լուսանկարների հաւաքածուն էր, որտեղ տեսայ Պաքուի հայերի լուսանկարները: Այդ պահին կէս կատակ ասացի, թէ ի՛նչ հետաքրքիր կը լինէր baku.am անուամբ կայք ստեղծել: Այս խօսքերիս վրայ ծիծաղեցինք, այնինչ յետոյ ասացի՝ իսկ ինչո՞ւ ոչ: Կայքի ոճը, լեզուն, մատուցման ձեւը պատահական չեն ընտրուել` օգտագործելով քարոզչական պատերազմի ձեռագիրը, եղանակներն ու մեթոտները: Մեր խնդիրն էր ներթափանցել ազրպէյճանական հասարակութիւն:

Հ.- Ի՞նչ արձագանգներ էք ստանում ազրպէյճանական կողմից:

Պ.- Ես ամենամեծ արձագանգը լռութիւնն եմ համարում, որովհետեւ շատերը չցանկանալով այդ մասին բարձրաձայնել՝ լռում են: Ամէն օր  ստանում ենք մեծ քանակութեամբ հայհոյախառն նամակներ: Սա վկայում է այն մասին, որ մենք հարուածել ենք ազրպէյճանական հակահայկականութեան թոյնով տառապող հասարակութեան զգալի հատուածին: Չափազանցութիւն  թող չհնչի, բաց այս կայքով ազրպէյճանական քարոզչութեան ողնաշարը ջարդուեց: Մեզ համար կարեւորը ոչ թէ նրանց քարոզչութեան դէմ պայքարելն էր, այլ ճիշդ թիրախին հարուածելը: Կարծում եմ՝ պէտք է սկզբունք դառնայ, խօսելուց զատ, գործելը՝  առանց որեւէ գովեստի: Մենք դեռ հսկայական աշխատանք ունենք անելու եւ ստիպուած էինք յաղթահարել որոշ խանգարիչ հանգամանքներ: Ամէն դէպքում այսօր մենք տեսնում ենք աշխատանքի վերջնական արդիւնքը: Իսկ ընդհանրապէս գիրք հրատարակելիս կամ կայքէջ բացելիս պէտք է հաշուարկել լսարանը, թէ այն ի՛նչ ազդեցութիւն, ի՛նչ հետեւանք կ՛ունենայ: Մեզ պէտք է ոչ թէ հակադարձել  Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով շարունակ յայտարարում է, թէ Երեւանն ու Զանգեզուրն իրենց նահանգներ էին եւ այլն, այլ ոչ համաչափ հարուածով պատասխանել: Պարոն Ալիեւին մենք պարզապէս ցոյց տուեցինք, որ մինչ նման յայտարարութիւններ անելը` լաւ կը լինի տեսնել, թէ իր այն քաղաքում, որտեղ բնակւում է, ովքեր են հետք թողել: Ընդամէնը պէտք է հաշուարկել թիրախն ու հարուածել, իսկ դա այնպիսի հարուած է, որի դէմ որեւէ պաշտպանութիւն չի կարող կիրառուել:

Հ.- Այնուամենայնիւ, տեւական ժամանակ է՝  Հայաստանում հպանցիկ են խօսում  թուրքաազրպէյճանական տեղեկատուական պատերազմի մասին: Եւ մինչ մեր «հարեւանները» հայատառ կայքեր, հայերէնով հեռուստառատիոհաղորդումներ էին ստեղծում, մենք, մեղմ ասած, կրաւորական էինք: Ինչպէ՞ս  հասկանալ:

Պ.- Կարելի է ցոյց տալ, թէ ի՜նչ  հսկայ աշխատանք  է արւում, որի արդիւնքը, սակայն, կարող է շօշափելի չլինի: Մեզանում նորաձեւութիւն է շեշտադրել, թէ Հայաստանում քարոզչութիւն չկայ, եւ նշել, թէ  թուրքերն ու ազրպէյճանցիներն ինչպէս են գործում: Նման դիտարկումներ անողներին ես ուզում եմ հարցնել, թէ նրանք որոշակիօրէն ի՞նչ են արել` բացի այդ հարցը բարձրաձայնելուց կամ դրա մասին խօսելուց: Օրինակ, Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկն ինչո՞ւ պէտք է զբաղուէր Պաքուի կոտորածների հարցով, սակայն դրա բացը ակնյայտ էր, եւ չկար մէկը, որ լցնէր այն: Այդ պարագայում մենք պարտաւորուած էինք այդ բացը լեցնելու գործը ստանձնել: Կան մարդիկ,  ովքեր որեւէ գործ անելիս` այնպիսի աղմուկ-աղաղակ  են բարձրացնում, որ իրենց աշխատանքի ազդեցութիւնը կորում է:

Հ.- Այսինքն՝ մեզ մօտ անձերի ինքնահաստատմա՞ն խնդիրն է առաջ գալիս, եւ ոչ թէ աշխատանքի կարեւորութի՞ւնը:

Պ.- Ցաւօք, այո՛: Դուք մի՛ մտածէք, թէ շատ հայեր ուրախացան մեր այս նախաձեռնութեամբ: Այս մասին ես նախընտրում եմ չխօսել, միայն ուրախ եմ, որ այդ կայքով կարեւորագոյն խնդիր լուծուեց՝ հոգեբանօրէն խեղեցինք ազրպէյճանական հասարակութիւնը: Այս գործիքով հոգեբանական  2 կարեւոր խնդիր լուծուեց.  նախ` հնարաւորութիւն տուեցինք յատկապէս արտերկրում ապրող հայերին` մասնաւորապէս  ազրպէյճանցի ուսանողների հետ շփման մէջ գտնուող հայ ուսանողներին, իրենց կեցուածքն ամրացնելու: Կայքի բացման 2-րդ օրն իսկ ազրպէյճանական դեսպանատան մօտ մարդիկ baku.am կայքի պաստառներն էին ցուցադրել: Այսինքն գործիք տուեցինք մեր հայրենակիցներին ամուր դիրքերից խօսելու եւ հակադարձելու: Իսկ հակառակ լսարանի համար ամէն մի բառը հաշուարկուած քոտ է: Այս  ամբողջ անակնկալի ազդեցութիւնը ազրպէյճանցիների մօտ հոգեբանական ցնցում առաջացնելն էր, ինչը տեսանելի է նրանց կողմից գրուած հայհոյախառն նամակներում: Օրինակ, նրանցից մէկը տեղեկատուութեան ծանրութիւնից այնքան է իրեն կորցրել, որ գրել էր` «Ձեզ՝ հայերի պէտք չէ սպաննել, ձեզ ոչնչացնել է պէտք»: Հոգեբանական հարուածը կուրացրել էր նրան: Կայքի աշխատանքները շարունակական են լինելու: 10 օրուայ ընթացքում կայքում գրանցուել է շուրջ 30,000 մուտք: Սեպտեմբերին մենք կրկին կը թարմացնենք կայքը, եւ ազրպէյճանցիներն այս կայքում կը ստանան իրենց  պատմութիւնը: Միաժամանակ մենք ստեղծում ենք երկրորդ վտանգաւոր հանգամանքը՝ զուգահեռ պատմութիւն: Պատահական չէ, որ կայքը հասցէագրուած է երիտասարդ ազրպէյճանցիներին, որոնցից ամէն մէկը, վստահ եմ, իրենց ուսուցիչներին կը հարցնեն էրմենիների բացած կայքի մասին, կը սկսեն հետաքրքրուել: Այլ կերպ ասած` սկսելու է ազրպէյճանական հասարակութեան ներսից քայքայումը, որովհետեւ ես տուել եմ 100  տոկոսանոց ճշմարտացի պատմութիւն, եւ եթէ որեւէ տուեալ կեղծէի, ապա այդ ամբողջը մի վայրկեանում կը փշրուէր:

Հ.- Պարոն Դեմոյեան, այնուամենայնիւ, օրեր անց ապրիլի 24-ն է, հայերս կրկին սպասելու ենք 20-րդ դարասկզբի մարդկային հրէշաւոր եղեռնագործութեան ճանաչմանը գերհզօր պետութիւնների կողմից: Օրեր առաջ, երբ Հայաստանում Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Եովանովիչը  ԵՊՀ-ում հանդիպեց հայ ուսանողներին, նրանցից մէկը  հարցրեց դեսպանին, թէ նախագահ Օպաման ինչո՞ւ չկատարեց իր նախընտրական խոստումը: Եովանովիչը դիւանագիտօրէն պատասխանեց, որ դա Միացեալ Նահանգների նախագահի որոշելու խնդիրն  է, եւ որ նա լաւ գիտի՝ ի՛նչ է անում:

Պ.- Ճանաչման գործընթացը վերածուել է փողերի վերաբաշխման գործընթացի: Կրկին ուզում եմ ընդգծել, որ ես հակուած եմ վերջնական արդիւնքը տեսնել, եւ ապա` աշխատել այդ արդիւնքն ստանալու ուղղութեամբ: Իսկ ի՞նչ ենք մենք ստանալու՝ գեղեցիկ թղթեր, ինչ-որ տեղ ճանաչում, բայց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած այդ երկրներն աւելի են ամրապնդում իրենց փոխյարաբերութիւնները Թուրքիայի հետ, որովհետեւ Թուրքիան ունի Միացեալ Նահանգների պէս դաշնակից հզօր պետութիւն: Այդ երկու պետութիւնները դաշնակցային ռազմավարական կապի մէջ են: Համակարգչային լեզուով ասած՝ տրամաբանութիւնը պէտք է վերաբեռնաւորուի: Մենք, ասես, ինչ-որ կածանով առաջ ենք գնում՝ չիմանալով, թէ դրա վերջում անդո՞ւնդ է, թէ՞ լուսաւոր ապագայ: Փոշիացւում են ժամանակը, ուժերը, միջոցները: Բաւական մեծ գումարներ, որոնք պէտք է տրուէին Ցեղասպանութեան հետազօտութեամբ զբաղուող հիմնարկներին, հաստատութիւններին, որը պայմանն էր   ապահովագրական ընկերութիւններին, ոեւէ մէկը չհետաքրքրուեց, թէ Հայաստանի թիւ 1 յուշարձանն ու միակ թանգարանը արդեօ՞ք կարիք ունէին աջակցութեան: Անգամ մեր նամակներին չպատասխանեցին: Առաջարկեցին աջակցող-հիմնադրամ ստեղծել ոչ թէ Հայաստանում, այլ՝ Միացեալ Նահանգներում: Մենք ոչ թէ գումար ենք, այսպէս ասած, ուզում, այլ ցանկանում ենք, որ մեր ծրագրերը ֆինանսաւորուեն:

Հ.- Փաստօրէն, այսօր  Ցեղասպանութիւն թանգարան-հիմնարկը խնդիրներ ունի:

Պ.- Մենք   ֆոնտերը լրացնելու, մեծ գնումների համար խնդիրներ ունենք: baku.am  կայքէջը ծրագրուած չէր, չնախատեսուած ծախս էր, ինչի համար մենք ծախսեցինք  1500 տոլար:

Հ.- Բայց դա բնաւ էլ մեծ գումար չէ այն աշխատանքի համեմատ, որ արուել է:

Պ.- Մեր հիմնարկի համար շատ մեծ գումար է: Մի գուցէ ծիծաղելի հնչի, բայց մենք կայքի ստեղծման համար գումարը պարտքով ենք վերցրել:

Հ.- Իսկ պետական աջակցութիւն չի՞ ցուցաբերւում:

Պ.- Պետական աջակցութեամբ միայն հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերն առանձին հոսքով բարձրացուեցին: Հիմնարկին բացառապէս աջակցութիւն ցուցաբերող անձինք երեքն են, որոնցից մէկը սուրիահայ Գաբրիէլ Չեմպերճեանն է: Ճիշդ հասկացէք, ես ոչ թէ դրամ եմ ուզում, այլ ուզում եմ, որ մեր ծրագրերը կանգ չառնեն:

Հ.-  Ցաւալի է:

Պ.-  Ոչ թէ ցաւալի, այլ ողբերգական է: Աշխարհում հարիւր հազար մարդ, պաշտօնական անձանցից սկսած, գալիս է մի տեղ՝ անվճար հիմունքներով թանգարանում սպասարկում է ստանում, որի աշխատակիցների աշխատավարձերի չափը մի գուցէ այլ երկրներում ծիծաղելի թուար: Գովեստներով խնդիրը չի հարթւում, եւ ես չեմ ուզում պարզ խնդրողի դերում հանդէս գալ, կամ ինչ-որ գումար Հայաստան բերել՝ հաշուի առնելով բոլոր նախապաշարումները: Ես առաջարկել էի հիմնադրամ ստեղծել, հանգանակութիւն անել յատկապէս Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ: Հրեաներն ինձ նախագիծ են առաջարկել, որն արժէ 300 հազար տոլար: Նրանք ասում են՝ բոլոր հայ համայնքները ձեզ օգնում են, եւ ինչո՞ւ չէք մասնակցում: Ընդ որում՝ 5 տարիների ընթացքում ամերիկահայ համայնքից մենք ստացել ենք ընդամէնը  300 տոլար: Սա այն դէպքում, երբ 5 տարիների ընթացքում 1 թուրքից ստացել ենք 1300 տոլար: Կարծում եմ` հասկացաք, ողբերգութիւնը որտեղ է:

Հ.- Ի վերջոյ, գոնէ այս հարցում մենք պէտք է միասնական լինենք:

Պ.- Ամբողջ խնդիրն էլ  այն է, որ ամենաշատ բաժանումները հէնց այս հարցում են: Արձանագրութիւնները դա ցոյց տուեցին:

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Յատուկ «Ազդակ»ի համար
Երեւան

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES