«ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏԸ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՍՏԵՂԾՈՂՆ Է» «ԱԶԴԱԿ»-ԻՆ ԱՍԱՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԳԱԳԻԿ Է. ԳԷՈՐԳԵԱՆԸ

Հինգշաբթի, 17 նոյեմբերին,  Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում բացուել է հայրենի արուեստագէտ Գագիկ Գէորգեանի (Գագօ) քանդակագործական ստեղծագործութիւնների ցուցահանդէսը: Մի իւրայատուկ երիտասարդ արուեստագէտ է Գագիկը, որը տարիներ առաջ` 2002-ին, գալով Լիբանան, իր ստեղծագործական ձեռագիրն է հաստատել նաեւ այստեղ: Մինչ այդ նա Երեւանում արդէն մասնակցում էր խմբային ցուցահանդէսների, եւ երիտասարդ քանդակագործների շրջանում խոստմնալից անուն էր համարւում: Սակայն հանգամանքներն այնպէս դասաւորուեցին, որ Գագիկը տարիներով կտրուեց հայրենի ստեղծագործական միջավայրից եւ սկսեց իր համար բոլորովին նոր  ու անծանօթ դաշտում ինքնահաստատուել… Այդ ինքնահաստատումը ենթադրում է պայքար, որոշ չափանիշների զիջում, կորուստ, հակասութիւններ, ինչը յաղթահարելը կամ ընդունելը շատ դժուար է ոեւէ արուեստագէտի համար: Ի հարկէ, լիբանանեան տարիները միւս կողմից էլ հարստացրեցին Գագիկին հէնց այդ հակասութիւնների, կորուստների, բախումների ճանապարհին ճշմարտութեան որոնման իր փնտռտուքներով: «Արուեստագէտը ճշմարտութեան որոնողն է», «Ազդակ»ի հետ  ցուցահանդէսից առաջ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Գէորգեանը:

Ցուցահանդէսը կրում է «Շարժում բնութեան մէջ» խորագիրը եւ ամփոփում է քանդակագործի հիմնականում վերջին տարիների գործերը: Չնայած նրան, որ Գագիկի ընտրած կերպարները իրական ու  կեանքային կերպարներ են, սակայն իր ժանրը Գագիկը բնաւ իրապաշտական չի համարում. «Իմ մտածումներս շատ աւելի վեր են, քան իրական կեանքի վիճակները կարող են տալ ինձ: Իրականութիւնը կարող է միայն ներշնչել, իսկ գաղափարները եւ ստեղծագործական մօտեցումները անիրական են, գուցէ վերացական…», ասաց նա:

Գագիկը Երեւանում ստացել է քանդակագործի արհեստավարժ եւ հիմնաւոր կրթութիւն` արուեստի դպրոց, ուսումնարան, համալսարան…

Մենք քանդակագործ Գագիկ Գէորգեանի հետ ունեցանք հետեւեալ հարցազրոյցը.

«ԱԶԴԱԿ».- Ի՞նչը կարող է քեզ ներշնչել, որ դու քանդակ ստեղծես:

ԳԱԳԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ամէն ինչը, ե՛ւ դրականը ե՛ւ բացասականը: Կեանքում տեղի ունեցող ամէն մի երեւոյթ անպայման իր ազդեցութիւնն ունենում է իմ վրայ եւ, իմ միջով անցնելով, իմ զգացողութիւններին դիպչելով, իմ ներաշխարհից սնուելով` դառնում է քանդակագործական աշխատանք: Հնարաւոր է` ես մի լաւ բան տեսնեմ, ներշնչուեմ, բայց նոյն պահին չքանդակեմ, այդ երեւոյթը մնայ, հասունանայ իմ մէջ, դրա վրայ մի ուրիշ բան աւելանայ կամ դրանից մի ուրիշ բան պակասի եւ մի օր արտայայտուի իմ աշխատանքներում:

Ինձ յատկապէս արտառոց երեւոյթներն են շատ գրաւում, միօրինակութիւն չեմ սիրում եւ տանել չեմ կարողանում միօրինակութիւնը:

«Ա.»- … Եւ արուեստագէտներն էլ երեւի մեր կեանքի այդ միօրինակութիւնը  փոխելու համար են ստեղծագործում:

Գ. Գ.- Ես վստահ եմ, որ արուեստագէտն առաքելութիւն ունի: Նա պատահական մարդ չէ այս աշխարհում, ինչպէս պատահական չէ ընդհանրապէս ոեւէ մէկը: Իւրաքանչիւրն իր առաքելութիւնն ունի, իսկ արուեստագէտի առաքելութիւնը շատ աւելի բարձրին ձգտելու, հասնելու, իր տեսածը միւս մարդկանց փոխանցելու, կեանքը գեղեցիկով ու վսեմով լցնելու նպատակ ունի: Արուեստագէտը ճշմարտութիւն է հաստատում իր աշխատանքով, իր խօսքով, մի ճշմարտութիւն, որ մօտ է աստուածայինին,  բարձրագոյնին:

«Ա.».- Իսկ ինչպէ՞ս է, որ բացասական երեւոյթը նոյնպէս  կարող է արուեստի գործ դառնալ:

Գ. Գ.- Արտառոց որ ասում եմ` միայն դրականին չի վերաբերւում, նաեւ բացասական երեւոյթների մասին է խօսքը: Իսկ կեանքում դրականի հետ հաւասար նաեւ բացասականը կայ: Այստեղ արդէն արուեստագէտի մօտեցման խնդիրն է` ինչպէ՞ս է ինքը մօտենում այս կամ այն երեւոյթին,  ինչպէ՞ս է ուզում ներկայացնել իր զգացածը`  արուեստասէրին… Եթէ արուեստի գործը իր մէջ ներքին մեծ ու խորն իմաստ ունի, ապա այն անպայման կը խօսի դիմացինի սրտի հետ, մի բան անպայման կ՛արթնացնի դիմացինի հոգում, թէկուզ եւ տխուր մի զգացողութիւն, կարեւոր չէ,  արուեստի նպատակը ազդելն է: Բայց ես ինքս իբրեւ ստեղծագործող, միշտ ուզում եմ ճշմարիտը ներկայացնել: Ի վերջոյ առանց ճշմարտութեան ոչինչ չի կարող գոյութիւն ունենալ այս աշխարոհում:

«Ա.».- Գագիկ, դու Լիբանանին անծանօթ լինելով, ինչպէ՞ս ես կարողացել այստեղ անուն ստեղծել:

Գ. Գ.- Ինձ թւում է իմ գործերն իրենք են ստեղծել այդ անունը, ես ինքս շատ դռներ գնացող, շատ դռներ թակող չեմ, ինքս ինձ ներկայացնող չեմ, մի խօսքով` անուն ստեղծող չեմ:   Մասնակցել եմ Մեսրոպ Մաշտոցի արձանի համար յայտարարուած մրցոյթին եւ իմ նախագիծը շահել է  ու այսօր Մեսրոպ Մաշտոցի արձանը դրուած է Պուրճ Համուտում` Մեսրոպեան դպրոցի բակում: Ի դէպ, ճիշդ է, դա որոշակի թեմա եւ նիւթ պարունակող արձան է, սակայն ես շատ ազատ եմ գտնուել այն ստեղծելու ընթացքում, այնտեղ իմ մտքի թռիչքը կայ, իմ մօտեցումը կայ եւ արդէն գոյութիւն ունեցող արձաններից տարբեր բան անելու ձգտում կայ:

Համայնքի տարբեր սրահներում էլ կան իմ գործերից, օրինակ` քանդակ ունեմ «Նիկոլ Դուման» ակումբի մէջ: Շատ անհատական պատուէրներ եմ կատարել եւ չնայած դրանք բոլորը  պատուէր են եղել, բայց ես ամէն մի գործի մէջ փորձել եմ իմը դնել:

Երկու անհատական ցուցահանդէս եմ ունեցել («Սիւրֆաս լիպրում») սա լինելու է  իմ երրորդ անհատականը` Լիբանանում, նաեւ հաւաքականների եմ մասնակցել` «Սըրսոք»ում եւ այլ ցուցասրահներում:

«Ա.».- Գագիկ,  կարո՞ղ ենք ասել, որ դու ճանաչուած անուն ես այստեղ:

Գ. Գ.- Դէ, եթէ այսքանից յետոյ դեռ ճանաչուած անուն չեմ, ուրեմն մի սխալ բան կայ: Բայց գիտէք, ես ճանաչուելու համար չեմ ստեղծագործում, ուղղակի այն, ինչ ստեղծում եմ, ուզում եմ անպայման մարդկանց հասցնել, դա է իմ նպատակը, ես մարդկանց համար եմ ստեղծում եւ ուզում եմ նրանք տեսնեն: Արձանների եւ քանդակների մէջ  իմ զգացողութիւններն են, որ ուզում եմ փոխանցել, որովհետեւ դրանք ինձ համար չեն, նաեւ միւսների համար են: Դրա համար եմ ասում, արուեստագէտը առաքելութիւն ունի, ես ինքս այդ առաքելութիւնն եմ կատարում… Իսկ ճանաչուելը, փառքը, անունը երկրորդական են ինձ համար:

«Ա.»- Բայց  կարծեմ շատերի համար հաճելի են…

Գ. Գ.- Հաճելի է իր չափի մէջ: Գուցէ դա ուրիշներին աւելի է հետաքրքում, քան ստեղծագործականը, քան` ներքին իմաստը, բայց իմ պարագայում այդպէս չէ: Այսօր շատ արուեստագէտներ ստեղծել են միայն անուն եւ վաճառում են ոչ թէ գործը, այլ կոպիտ ասած` իրենց անունը: Դա ինձ համար անընդունելի է: Ես անուն ստեղծելու համար երբեք չեմ ստեղծագործում: Դրա համար չարժէ ժամանակ վատնել: Ժամանակը թանկ է, եւ  երբեմն զգում եմ, որ ժամանակն ինձ ուղղակի չի հերիքում իմ ստեղծագործական մտքերն իրականացնելու համար: Հեղեղի պէս ամէն օր մտքեր են գալիս, մէկը միւսից հետաքրքիր, երբեմն արագ գրի եմ առնում ստեղծուելիք արձանի միտքը, որ չմոռանամ, մի օր իրականացնեմ: Այնպէս որ, ուրիշ բանի ժամանակ չի մնում: Եւ յետոյ քանդակը գեղանկարչութիւն  չէ, երկար ժամանակ է պէտք` մի գործ առաջ բերելու համար. այնպէս որ, ժամանակ պիտի տրամադրես եւ ոչ թէ ընկնես անուն ստեղծելու  ետեւից… Եթէ քո գործը կարողացաւ քեզ անուն բերել` լա՛ւ, եթէ չկարողացաւ…

«Ա.»- Գագիկ, արդէն երկու տարի է` ինչ Լիբանանից կարելի է ասել Հայաստան ես տեղափոխուել: Երբ նորից վերադարձար քո միջավայրը, ի՞նչ զգացիր:

Գ. Գ.- Հասկացայ, որ  ճիշդ է` այդքան տարի ուրիշ միջավայրում եմ ապրել, բայց չեմ փոխուել,  մնացել եմ նոյնը, նոյն մարդը   իր մտածումներով, իր զգացողութիւններով… Իմ ներաշխարհը նոյնն է մնացել եւ շատ ուրախ եմ, որ  օտար միջավայրը բացասական  ազդեցութիւն չի ունեցել իմ վրայ: Եւ դա ինձ յոյս ներշնչեց, որ կարող եմ շատ աւելին անել, շատ աւելիին հասնել…

Ես այստեղ ապրելու ժամանակ «Սիւրֆաս տիւ լիպր» սրահում  անհատական ցուցահանդէս ունեցայ, եւ ցուցասրահը գնեց իմ բոլոր գործերը: Երբ Հայաստան գնացի, այնպիսի զգացողութիւն կար, որ ոչինչ չեմ արել, քանի որ ինձ հետ ոչ մի գործ չունէի, բոլորը թողել էի այստեղ: Ութ-ինը տարուայ ընթացքում ստեղծել եմ մօտ 100 գործ եւ բոլորը այստեղ թողնելով` գնացել եմ: Եւ  սկսեցի այսպէս ասած` սկզբից, սկսեցի նորից հաւաքածոներ ստեղծել… Նոր գործերի մի մասը ցուցադրւում է Համազգայինի ցուցասրահում, ի հարկէ, նաեւ նախկին գործերից կան:

«Ա».- Որտեղի՞ց է գալիս քանդակելու քո տաղանդը:

Գ. Գ.- Ի հարկէ նախ եւ առաջ հօրիցս հայրս Գէորգեանը արհեստավարժ քանդակագործ էր, սերամիք քանդակներ էր անում շատ հետաքրքիր ոճով, եւ նա է իմ մէջ նկատել ու քաջալերել  քանդակի հանդէպ ձիրքը: Մեր ընտանիքը արուեստի ընտանիք կարելի է համարել, եղբայրս էլ` Յովհաննէս Գէորգեանը, արհեստավարժ ջութակահար էր, որին  լիբանահայերը ծանօթ են` նա մահացաւ այստեղ տարիեր առաջ, եւ ասեմ, որ հէնց եղբօրս մօտ լինելու համար ես եկայ Լիբանան եւ մնացի այստեղ: Ի հարկէ, եղբօրս կորուստը շատ ցաւալի էր, շատ ծանր ազդեց իմ վրայ, բայց կարծում եմ, որ ինքն էլ իբրեւ արուեստագէտ` իր ներդրումն է ունեցել այստեղ. նա  աշխատել է երաժշտանոցում, «Բարսեղ Կանաչեան» քոլեճում…

«Ա.»- Դու ստեղծագործութիւններիդ մէջ ի՞նչ ազդեցութիւններ ես ունեցել:

Գ. Գ.- Անկեղծ որ լինեմ` ո՛չ մի: Եւ չեմ ընդունում որեւէ ազդեցութիւն կրել եւ մինչեւ վերջ տանել դա: Ի հարկէ, ուսումնասիրել եմ արուեստ, արուեստի պատմութիւն, շատ գործեր եմ տեսել, բայց երբեք չեմ կառչել, երբեք կուռք չեմ դարձրել ոեւէ մէկին ինձ համար: Կարծում եմ արուեստագէտի համար սխալ է խորանալ, կուրօրէն հետեւել այս կամ այն արուեստագէտի անցած ճանապարհին եւ փորձել նոյնը անել կամ  մտնել տարբեր ուղղութիւնների մէջ եւ անուն ունենալու համար գնալ այդ ուղղութամբ: Եթէ նա իր ներսում տաղանդ ունի, թող հետեւի այդ տաղանդին եւ ոչ թէ ամբողջ կեանքը սովորի  տարբեր արուեստագէտներից: Իհարկէ, չեմ կարող ժխտել իմ դասախօսների տուած ուղղութիւնը, օրինակ, ինձ Գեղարուեստի ակադեմիայում դասաւանդել է քանդակագործ Արա Յարութիւնեանը, որն ընդհանրապէս ազատ էր թողնում ուսանողին, չէր պարտադրում ոչինչ,  եւ ես զգացել եմ այդ մեթոտի դրական ազդեցութիւնը:

Ի միջի այլոց, ազդեցութիւն որ ասում ես` ես դա այլ կերպ եմ հասկանում: Ինձ վրա կարող է ասենք մի քանդակագործ իր տաղանդով այնքան ազդեցութիւն չունենայ, որքան ասենք Պախի կամ Մոցարթի մի երաժշտութիւնը: Ես կարող եմ լսել մի հանճարեղ սիմֆոնիա եւ դա նմանեցնել քանդակի ու այդ ազդեցութեամբ ստեղծել գործ:

«Ա.»- Գագիկ, քանդակը կարծես այսօր նոյն համարումը չունի ինչ գեղանկարչութիւնը,  դա քեզ չի՞ մտահոգում:

Գ. Գ.- Գեղանկարչութեան եւ քանդակի  արուեստասէրներն էլ տարբերւում են: Ի հարկէ կայ մի ընդհանուր խաւ, որ գնահատում է երկուսն էլ հաւասար, բայց քանդակը աւելի ծաւալային ստեղծագործութիւն է, այն յատուկ պայմաններ է պահանջում` ցուցադրութեան, ընկալման համար:  Եւ նաեւ քանդակի մէջ գոյն չկայ, իսկ այն մարդիկ, որոնք իրենց տները ուզում են զարդարել արուեստի գունագեղ գործերով, անշուշտ քանդակ չեն ընտրի: Նկարը աւելի գունաւոր է, աւելի է ձգում մարդկանց, իսկ քանդակը կարծես ոչ բոլորին է հետաքրքրում: Քանդակ ստեղծելը ծախսերի հետ է կապուած աւելի եւ աւելի ֆիզիքական աշխատանք է պահանջում, մի խօսքով, տարբեր մի աշխարհ է: Բայց ես մարդկանց խորհուրդ եմ տալիս երբեք չխաբուել գոյներին, շատ յաճախ մի սառը, անգոյն մետաղից քանդակ իր բովանդակութեամբ շատ աւելին կարող է ասել, քան ասենք մի գրաւիչ գոյներով նկար: Կեանքում նոյնպէս այդպէս է. մարդիկ ձգտում են այն ամէն ինչին, ինչ գունագեղ է, շքեղ է, ինչ աչքի է ընկնում եւ  ինչ որ ընդունուած է… բայց դրանց մէջ միշտ չէ, որ ներքին իմաստ է լինում: Ես փնտռում եմ ներքին իմաստ, դա մնայուն է, եւ առանց ներքին խորքի եւ ներքին իմաստի, արտաքինը անիմաստ է դառնում եւ խամրում է: Ես հաւատում եմ հոգու եւ մարմնի ներդաշնակութեանը եւ այդ ներքին իմաստն էլ  դնում եմ իմ ստեղծագործութիւնների մէջ:

«Ա».- Ի՞նչ ակնկալիքներ ունես այս ցուցահանդէսից:

Գ. Գ.- Ուզում եմ արուեստասէրները գան եւ տեսնեն իմ գործերը: Դրանց մէջ իմ մտքերը կան, կեանքի, կրօնի, բնութեան եւ այլ երեւոյթների իմ մեկնաբանութիւնները, որ թերեւս շատերին կը հետաքրքրեն: Ակնկալիքներս այն են, որ շատ մարդկանց տներ մտնեն իմ ստեղծագործութիւնները: Իսկ Համազգայինին էլ շնորհակալութիւն եմ յայտնում, որ նման ցուցահանդէս կազմակերպեց:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES