ՄԻՆՉԵՒ Ե՞ՐԲ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՆԵՐԸ ՍՊԱՆՆՈՒԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

«ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԵՌԱՑՈՒԵՆ ՇՓՄԱՆ ԳԾԻՑ»,
ՅՈՐԴՈՐՈՒՄ Է ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

Հայաստանի ու Ազրպէյճանի նախագահների պայմանաւորուածութիւնները կեանքի չեն կոչւում, որի պատճառով հայ-ազրպէյճանական եւ արցախ-ազրպէյճանական սահմանի երկայնքով  շարունակւում են դիպուկահարների զոհ դառնալ երիտասարդ հայ եւ ազրպէյճանցի տղաներ: Այսպէս, մարտ ամսուայ ընթացքում հայկական կողմը արդէն տուել է երեք զոհ: Հայաստանում եւս երեք ընտանիք դժբախտացաւ, հայրենիքի սահմանները պաշտպանելու համար բանակ ուղարկած նրանց որդիները այլեւս տուն չեն դառնալու: Ընդ որում, հայկական կողմը այդ զոհերը տուեց նախագահներ Սերժ Սարգսեանի ու Իլհամ Ալիեւի մարտի 5-ին Սոչիում կայացած բանակցութիւնների նախօրէին եւ այդ հանդիպումից անմիջապէս յետոյ: Ազրպէյճանական դիպուկահարի կրակից երրորդ զոհը գրանցուեց մարտի 17-ին, ընդամէնը երկուսուկէս ժամ անց այն բանից յետոյ, երբ Արցախ-Ազրպէյճան սահմանում կատարուեց գերիների փոխանակութիւն. հայկական կողմը վերադարձրեց ազրպէյճանական բանակի մի զինծառայողի եւ ստացաւ հայ քաղաքացիական անձի:

Հայաստան-Ազրպէյճան եւ Լեռնային Ղարաբաղ-Ազրպէյճան շփման գծի, աւելի ճիշդ` սահմանային գծի երկարութիւնը աւելի քան 400 քմ է: Այն անցնում է ինչպէս լեռնային դժուարամատչելի, այնպէս էլ հարթավայրային տեսանելի շրջաններով: Ինչպէս Լեռնային Ղարաբաղ-Ազրպէյճան  հատուածներում, այնպէս էլ Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշ-Ղազախ շրջանում պարբերաբար դիտարկումներ է անցկացնում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, ով 1996 թուականից ի վեր լեհ դիւանագէտ, դեսպան Անճէյ Քասփրչիկն է: Նա եւ նրա դաշտային աշխատողների թիմը անցնող տարիներին անց է կացրել նման հարիւրաւոր դիտարկումներ:

1994 թ. մայիսեան զինադադարից ի վեր հակամարտող կողմերի միջեւ գտնուող չէզոք գօտու հաշուին Ազրպէյճանը իր առաջապահ դիրքերը անընդհատ մօտեցնում է ղարաբաղեան դիրքերին: Վերջին երկու տարուայ ընթացքում շփման գծի երկու հատուածներում` Մարտակերտի հիւսիսում եւ Արաքսի ափի շրջանում, ինչպէս նշել է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, ղարաբաղեան կողմը եւս առաջ է գնացել նախկին դիրքերից: Շփման գծի որոշ հատուածներում կողմերի միջեւ հեռաւորութիւնը ընդամէնը մի քանի տասնեակ մեթր է, ինչն էլ պատճառ է դառնում, որ հրադադարի խախտումներն աւելանան, տեղական մարտեր բռնկուեն, որոնք անխուսափելիօրէն ուղեկցւում են զոհերով: Չնայած ազրպէյճանական կողմը չէզոք եւ ականապատ գօտու հաշուին անընդհատ մօտենում է ղարաբաղեան դիրքերին, շփման գծի գրեթէ ամբողջ երկարութեամբ, բացառութեամբ մի քանի դաշտային հատուածների, Լեռնային Ղարաբաղն ունի ռազմավարական եւ դիրքային ակնյայտ առաւելութիւն:

Այսպիսով, սահմանային հատուածներում դիպուկահարների արձակած փամփուշտներից զոհուելու հաւանականութիւնը աւելի է մեծացել, քանի որ հակամարտող կողմերը, առաջին հերթին Ազրպէյճանը, փորձում է հնարաւորինս իր առաջապահ դիրքերը մօտեցնել հայկական դիրքերին: Դիպուկահարների կրակից քաղաքացիական անձանց սպաննուելու հաւանականութիւնը շատ քիչ է, թէեւ եղել են նաեւ այդպիսի դէպքեր: Օրինակ, ազրպէյճանական դիպուկահարները կարող են հայ քաղաքացիական անձանց սպաննել Հայաստանի Տաւուշի շրջանի մի քանի գիւղերում, քանի որ այդ գիւղերը շատ մօտ են սահմանին:

1994 թուականի մայիսեան հրադադարից ի վեր դիպուկահարների փամփուշտներից, ինչպէս նաեւ ցանուած ականների պայթիւնների զոհ են դարձել, ըստ տարբեր հաշուարկների, մինչեւ երեք հազար զինուորներ ու քաղաքացիական անձինք Ազրպէյճանից, Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից: 2008 թ.ԵԱՀԿ Հելսինքիի նախարարական հանդիպմանը հակամարտութեան կողմերին կոչ ուղղուեց դիպուկահարներին հետ քաշել առաջապահ դիրքերից, սակայն յորդորը մնաց թղթի վրայ, քանի որ Ազրպէյճանը այդ մասին լսել անգամ չի ուզում:

Մարտի 16-18-ին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիթվայի արտաքին գործերի նախարար Աուտրոնիուս Աժուպալիսը հակամարտութեան կողմերին յորդորեց շփման գծից անմիջապէս հեռացնել դիպուկահարներին: «Ես ողջունում եմ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ տեղի ունեցած ռազմագերիների փոխանակումը, որ իրականացուել էր երկու նախագահների համաձայնութեան շնորհիւ: Ցաւօք, սրան յաջորդել է եւս մէկ միջադէպ շփման գծում: Այս միջադէպերը վերահաստատում են իմ այն համոզմունքը, որ կողմերը պէտք է հեռացնեն դիպուկահարներին շփման գծից», Երեւանում յայտարարեց ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Այն իրողութիւնը, որ ազրպէյճանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է սպաննւում հէնց ԵԱՀԿ-ի գործող նախագահի Երեւանում գտնուելու ընթացքում, ցոյց է տալիս, որ Ազրպէյճանը ռազմական սպառնալիքի է դիմում ոչ միայն հայկական կողմի նկատմամբ, այլ բացայայտ այդ մասին հասկացնել է տալիս միջազգային հանրութեանը: Ազրպէյճանական կողմի հերթական սպառնալիքն ու հայ զինուորի սպանութիւնը մեր համար այլեւս զարմանալի չէ: Զարմանալին ԵԱՀԿ-ի գործող նախագահի`  արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում արուած առաջարկն էր. «Գուցէ Հայաստանը, միակողմանի կերպով, յետ քաշի դիպուկահարներին, ինչը կը լինէր Հայաստանի բարի կամքի լաւագոյն օրինակը»:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի այս առաջարկին արձագանգնել է ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանը, ով Երեւանում առանձին հանդիպում է ունեցել նրա հետ: Այդ հանդիպումից յետոյ կայացած մամուլի ասուլիսում Բակօ Սահակեանը ասել է. «Հայկական կողմերից ոեւէ մէկը չի կարող գնալ այդ քայլին` միակողմանի: Հայաստանը, այո, մշտապէս յայտարարել է, որ կողմ է դիպուկահարներին շփման առաջին գծից հեռացելու վերաբերեալ միջնորդ կողմերի առաջարկութիւններին, սակայն մենք չենք կարող դա անել միակողմանի, քանի որ Ազրպէյճանը մշտապէս աչքի է ընկնում իր ապակառուցողական դիրքորոշումով եւ պայմանաւորուածութիւնները խախտելու սովորութեամբ»:

Անշուշտ, ողջունելի եւ մարդասիրական քայլ կը լինի, եթէ հակամարտութեան կողմերը միաժամանակ սահմանային հատուածից` առաջին գծից, դուրս բերեն կամ հեռացնեն դիպուկահարներին, որոնց կրակոցները խլում են երիտասարդների կեանքեր: Բայց դա պէտք է անել միաժամանակ:

Ի դէպ, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահները, ովքեր մարտի 15-17 այցելել էին Ազրպէյճան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, իրենց տարածած յայտարարութեան մէջ «յիշեցրել են դիպուկահարներին հեռացնելու` իրենց աւելի վաղ արուած առաջարկը, ափսոսանք յայտնել, որ այն մինչ այժմ չի իրականացուել, եւ կրկին կոչ են արել գնալ այդ քայլին, ինչը հնարաւորութիւն կը տայ խուսափել անմեղ զոհերից»:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս»ի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES