«ՍԱ ՈՉ ԴԱՍԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ Է» ԱՍՈՒՄ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՐԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ

Ուրբաթ  Երեւանի «Ազատութիւն» հրապարակում «Ժառանգութիւն» կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանը պատասխանեց լրագրողների հարցերին: Այդ օրը  լրացաւ Ր. Յովհաննիսեանի յայտարարած հացադուլի 4-րդ օրը: Ներկայացնում ենք «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմանդրի զանգուածային լրատուամիջոցներին ուղղուած բնագիրն ու «Ազդակ»-ի հարցերի պատասխանները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ազատութեան իմ համեստ ձօնի 4-րդ օրն է: Այդ ընթացքում ինձ ուժ եւ օրհնութիւն է բերում մեր հազարաւոր քաղաքացիների այցելութիւնները, երբ մեր ժողովուրդը, վերատիրանալով Ազատութեան հրապարակի վրայ լինելու, խօսելու իր իրաւունքին, եկել է նոր հասարակական լիցքով, ինչը, ի հարկէ, ինձ մեծ ներշնչանք է տալիս: Եղել են շարքային քաղաքացիներ` գիւղերից, շրջաններից եկած հայաստանիցներ, մտաւորականներ, օտարերկրեայ դեսպաններ, դեսպանատների,  Կարմիր խաչի, բժշկական ծառայութիւնների ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Եւ ձեր ներկայութեան եւ ուշադրութեան համար ես երախտապարտ եմ: Այս քանի օրերին չեմ հետեւում մամուլին, հեռուստատեսութեանն ու ռատիոյին: Ստանում եմ որոշ ընդհանուր ուրուագծեր լրատուութեան եւ տեղեկագրութիւնների մասին: Շնորհակալայ եմ ձեր ազատ կարծիքն արտայայտելու համար: Եթէ կան այնտեղ շնականութեան, սարքազմի, ծաղրանքի տարրեր, ես դրանք ի սկզբանէ ներում եմ, որովհետեւ չեմ ակնկալում, որ բոլորը կարող են հասկանալ մի քաղաքացու տուեալ պահի ահազանգը: Իմ յոյսն այն է, որ այս օրերի եւ շաբաթների ընթացքում մենք կը կարողանանք մօտիկից զգալ այն օրհասական վիճակը, որի մէջ գտնւում է Հայաստանը, եւ արժանւոյնս, անթերի վերաբերուել ցանկացած քաղաքացու: Մեր համաքաղաքացիների, ժողովրդի  կէսը գտնւում է  անօթութեան եւ սովի նախաշեմին: Որեւէ արտառոց բան չկայ այն բանի մէջ, որ մի քաղաքացի ուզում է, որքան Աստուած իրեն ուժ տայ, կիսել այդ անօթութեան, անիրաւութեան, անհաւասարութեան զգացումը: Ես պատրանք չեմ տածում, որ ես կը կարողանամ նաեւ ինձ վրայ վերցնել այդ ամբողջ դժուարութիւնները, մեղքերը: Դրանք նաեւ իմն են, բայց բոլոր դէպքերում մենք գտնւում ենք այն վիճակի մէջ (բոլոր չափումներով)` ժողովրդի ընտրական իրաւունք, քաղաքական բանտարկեալներ, ընկերային-տնտեսական իրավիճակ, աղքատութիւն, արտագաղթ, արտաքին քաղաքականութիւն, գնաճ` մի ամբողջ համալիր է: Կարող ենք ասել, որ սա ոչ դասական հացադուլ է, ծոմ է, որովհետեւ պարունակում է համահասարակական ցանկութիւն: Միաժամանակ պահանջ ասել, թէ ակնկալիք, մենք սպասում ենք, որ գործող իշխանութիւնը, ի հեճուկս իրեն եւ իր հետագծին, հասկանայ պահի ճակատագրականութիւնը, իր պատասխանատուութիւնը ոչ թէ յետաձգելու պայթիւնը 2-3 տարի յետոյ հերթական ընտրութիւնների, այլ հիմա լուծում տալու այդ եռացող, պայթունավտանգ ընտրական, իրաւական, ընկերային-տնտեսական հարցերին, որոնք պէտք է արտահերթ լուծում գտնեն այսօր: Դրան զուգահեռ, (մի գուցէ նոյնքան, եթէ ոչ աւելի կարեւոր), հասարակութեանն ուղղուած իմ ակնկալիքը, որ հասարակութիւնն այլեւս հասկանայ, որ եթէ երկիրն ունենալու է իրական արդիւնք, զարգացում, նոր սերունդը հեռանկարը գտնելու է ոչ թէ արտասահմանում, այլ Հայաստանում, ապա հասարակութիւնը  պէտք է իր քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ապագայ  օրակարգը ինքը  սահմանի,  չսպասի, որ հարթակից իրեն հրահանգեն, կամ մի քաղաքացի հացադուլ հրաւիրի եւ իր տեսակէտները յայտնի: Ժամանակներն անցել են, որ նախկին կամ ներկայ նախագահ կամ նախարար ինքը սահմանի ժողովուրդի շահը, կամ թէ որն է սահմանադրական իրաւունքը մեր երկրում: Ողջունելի է, որ երէկ վերջապէս ինձ այցելող հազարաւոր քաղաքացիներին աւելացան նաեւ հանրահաւաքի մասնակիցները, մեր պահանջատէր, իրաւատէր  համաքաղաքացիները: Դա ազատութեան յաղթանակի սկիզբն էր, եւ խիստ ողջունելի, պատմական, ապագային նայող ուժ: Սակայն եթէ ժողովուրդը պիտի չապրի իր հերթական հիասթափութիւնը, հիմիկուանից ժողովուրդը պէտք է իր հրահանգներն իջեցնի ընդդիմութեանը` Ժառանգութեանը, ՀԱԿ-ին, Դաշնակցութեանը, ՆԺԿ-ին եւ բոլոր բոլորին, եւ ինքը պէտք է ասի, թէ որն է իր ակնկալիքը մեզանից եւ իրենցից: Մենք պէտք է ունենանք ոչ թէ քաղաքական հերթական յաղթանակը, մեզ լաւ զգանք այն մանր նուաճման համար, եւ եթէ  Ազատութեան հրապարակի այս վերատիրացումը լինելու է համաժողովրդական ոչ թէ 1-2 ժամուայ տօնախմբութիւն, այլ տեւական նուաճում, վաստակ եւ յաղթանակ, ապա դա նշանակում է, որ հասարակութիւնն ընդդիմութեանը պարտադրելու է նոր բանաձեւ` առանձին-առանձին դասական քաղաքական պայքարով  ընթանալը նշանակելու է հերթական հիասթափութիւն, կործանման խորացում եւ գործող իշխանութիւնների չգործելու դէպքում անցկանալի հեռանկարներ մեր նոր սերնդի համար: Արտակարգ լուծումները պէտք է լինեն հիմա, քաղաքակիրթ եղանակներով պէտք է մասնակցեն գործող իշխանութիւնը, ընդդիմութիւնը եւ ամենակարեւորը` հասարակութիւնը: Այդ հասարակութիւնն է, որ պէտք է ուղենիշ դառնայ, եւ եթէ մենք թոյլ տանք սովորական ընտրական շրջան մտնել, առանց որեւէ էական բեկումնային փոփոխութեան, նշանակելու է, որ կամ կանխորոշուած է լինելու այդ ընտրական գործընթացը, այսինքն ճակատագրապաշտութիւնն է այցելելու մեր ժողովրդին, ինչը կործանարար է, եւ երկրորդ` այն պայթիւնը, որ կարող է տեղի ունենալ հիմա, բաց ենք թողնում, յետաձգւում է եւ առաւել քան վտանգաւոր պայթիւն է մեզ սպասւում յաջորդ տարիների ընթացքում: Մենք բոլորս դա պէտք է կանխենք, եւ այս անցման շրջանը սահմանադրական համալիր լուծումներով առաջնորդենք:

Հ.- Պարո՛ն Յովհաննիսեան,  նախ ուզում եմ փոխանցել սփիւռքահայերի ջերմագին ողջոյններն ու առողջական մաղթանքները ձեզ: Թէեւ ձեր կողմից հնչող  խօսքերին, յայտարարութիւններին, իշխանութեան ներկայացուցիչները ձեր կողմից ներկայացրած պահանջները վերացական, անորոշ են  համարում:  Ինչպէ՞ս էք բացատրում այս մօտեցումը:

Պ.- Բնաւ չեմ կարծում, թէ անորոշութիւն կայ: Անորոշութիւնը միայն նրանում է, որ  ես ասում եմ իմ ակնկալիքները, ոչ թէ պահանջները: Պահանջն ժողովուրդն ունի, որն արդէն բարձրացրել է: Դա վերաբերում է թէ՛ ընտրութիւններին, թէ՛ քաղաքական բանտարկեալներին, թէ՛ Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանութեանը, թէ՛ Հայաստան-Թուրքիա  փոխյարաբերութիւններին եւ արձանագրութիւններին, թէ՛ Արցախի ինքնորոշման ճանաչմանը: Հիմա ես չեմ խորանում իմ ծրագրային ելոյթի մէջ, որ ունեցայ մի քանի  առաջ, բայց Ժառանգութիւն կուսակցութեան խորհուրդն օրեր առաջ ունեցաւ իր նիստը, եւ շատ յստակ ձեւակերպեց, որ Ժառանգութիւնը շարունակելու է իր հետեւողական պայքարը իշխանութեան ամբողջական եւ արտահերթ փոփոխութեան համար` Ազգային ժողովի ամպիոնից մինչեւ  հրապարակ: Եւ սրա հիմնական խնդիրն այն է, որ իշխանութիւնը գոնէ 16 տարիների ընթացքում  առաջին անգամ դառնայ ժողովրդինը: Սա իշխանութիւնից ակնակլիք է, եւ պարզ է, որ այս հարցը ժողովուրդը վաղուց է բարձրացրել, որովհետեւ չենք կարող ունենալ ազգային միասնութիւն, անվտանգութիւն, քաղաքականութիւն, եթէ մեր իշխանութիւններն անիրաւ են: Եւ երկրորդ, ամենակարեւոր ակնկալիքն ուղղուած է  հասարակութեանը: Եւ շնորհակալութիւն եմ յայտնում սփիւռքահայ մեր հայրենակիցների զօրակցութեան, օրհնանքի, նեցուկի համար, որովհետեւ ես համարում եմ, որ մենք մէկ ազգ ենք, մէկ պետութիւն մեծ իրաւունքով: Այս տարի բոլորում է մեր անկախութեան 20 տարին, եւ վերջապէս հայ ժողովուրդը պէտք է հասկանայ, որ ինքն է իրաւատէր, պահանջատէր, հայրենատէր  մեր երկրում, եւ ինքը պէտք է սահմանի տարբեր քաղաքական կուսակցութիւնների` Դաշնակցութեան, Ժառանգութեան, ՀԱԿ-ի եւ մնացածի օրակարգը: Այս 4 օրերի ընթացքում, որ եղել եմ հրապարակում, վկան եմ բոլորիս պատկանող «Ազատութեան» հրապարակի վերատիրացմանը, ուրախ եմ եղել, որ հազարաւոր քաղաքացիներ եկել են, ոչ միայն ինձ զօրակցել են, այլեւ  իրենց իրաւունքի մէջ են եղել: Սա մի նշոյլ լաւատեսութիւն, լիցք է տալիս ինձ, բայց առաջիկայ շաբաթների ընթացքում ես կ՛ուզենայի տեսնել զգալի, շօշափելի առաջընթաց Հայաստանի իշխանութեան եւ հասարակական իրաւատիրութեան չափումով: Կարծում եմ` առաջին  քայլերը կատարուել են:

Հ.- Այնուամենայնիւ, որպէս սփիւռքահայ`  արդեօ՞ք ներկայացնում էք Սփիւռքի պահանջները:

Պ.- Հայաստանցի եւ սփիւռք տարբաժանում չկայ: Բոլոր խնդիրները դրուած են օրակարգում, եւ կը խնդրէի, որ դրանք համարէիք նաեւ իմ անձնական տեսակէտը:

Պատրաստեց` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՈՍԵԱՆ

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES