ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԼԻՆ ՔԱԼՄԻ-ՌԷՅԻ ԱՅՑԸ ԵՐԵՒԱՆ. ԶՈՒԻՑԵՐԻԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ

Մարտի 31-ին երկօրեայ պաշտօնական այցով Հայաստան է ժամանում Զուիցերիայի նախագահ Միշլին Քալմի-Ռէյը: Զուիցերիայի նախագահը հանդիպումներ կ՛ունենայ Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեան հետ, կ՛այցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կը զրուցի Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, կ՛այցելի գանձարան ու Մայր տաճար: Նախագահ Միշլին Քալմի-Ռէյը կը մասնակցի նաեւ Հայաստանում Զուիցերիայի դեսպանատան բացման արարողութեանը: Պաշտօնական այցի երկրորդ օրը` ապրիլի 1-ին, Զուիցերիայի նախագահը կը մեկնի Գիւմրի` «ՔԱԶԱ» զուիցերիական մարդասիրական հիմնադրամ:

Այս այցը առիթ է լինելու հայկական պաշտօնական քարոզչութեան համար հերթական անգամ վերյիշել Հայաստան-Թուրքիա «ֆութպոլային դիւանագիտութիւնը», գովաբանել Երեւանի նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւնը, հերթական անգամ քննադատել Թուրքիային: Շատերն են յիշում 2009 թուականի հոկտեմբերի 10-ը Ցիւրիխում. արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Ահմեթ Տաւութօղլուի թիկունքում բարձրաստիճան դիւանագէտների շարքում կանգնած էին նաեւ շողշողացող դէմքով երկու տիկիններ` Հիլըրի Քլինթընն ու Միշլին Քալմի-Ռէյը: Այն ժամանակ տիկին Քալմի-Ռէյը Զուիցերիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւն էր ղեկավարում:

Քչերը հաւանաբար գիտեն, թէ ինչ դերակատարութիւն է ունեցել Քալմի-Ռէյը հայ-թուրքական վերջին զարգացումներում եւ որոշ հայերի կողմից տխրահռչակ համարուող Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւնները ստորագրելու հարցում: Շատերն են հաւանաբար նաեւ մոռացել, թէ ինչ տխուր դերակատարութիւն է ունեցել նոյն Զուիցերիան եւ այն ժամանակուայ այդ երկրի  արտաքին գործերի նախարար Ֆլաւիօ Քոթթին ԵԱՀԿ Լիզպոնի 1996 թուականի գագաթաժողովում:

2003 թուականի դեկտեմբերի 16-ին Զուիցերիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել էր բանաձեւ, որով 20-րդ դարասկզբին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայկական ջարդերը ճանաչել էր որպէս ցեղասպանութիւն: Ճիշդ է, Հայաստանը եւ սփիւռքը միշտ էլ առիթի դէպքում իրենց երախտագիտութիւնն են յայտնում Զուիցերիային, սակայն իրականութիւնն այն է, որ այդ երկրի կառավարութիւնը եւ այն ժամանակուանից արտաքին գործերի նախարար Միշլին Քալմի-Ռէյը մինչեւ վերջ փորձում էին խոչընդոտել բանաձեւի ընդունումը: Զուիցերիայի խորհրդարանը, ինչպէս 2009-ին եղաւ Շուէտի դէպքում, անտեսեց կառավարութեան ճնշումները եւ բանաձեւն ընդունեց 170 «կողմէ», 67 «դէմ» քուէներով:

Այդ բանաձեւը փակեց Քալմի-Ռէյի` Թուրքիա  այցելութեան ճանապարհը, ինչպէս նաեւ լարուածութիւն բերեց թուրք-զուիցերիական յարաբերութիւններին: Քալմի-Ռէյի այցը Անգարան չեղեալ էր յայտարարուել դեռ 2001-ին, երբ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել էր Ժնեւի Քանթոնը: 2003 թուականի դեկտեմբերեան քուէարկութիւնը աւելի կատաղեցրեց թուրքերին, որոնք այլեւս չէին ուզում անգամ լսել Քալմի-Ռէյի եւ Զուիցերիայի  անունը:

Զուիցերիացիները գտան թուրքերի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ճանապարհը: Այն անցնում էր հայ-թուրքական յարաբերութիւններով, աւելի յստակ` այն կարգաւորուեց Հայաստանի ազգային-պետական շահերը անտեսելու հաշուին: 2006-2007 թուականներին Քալմի-Ռէյը  ցանկութիւն յայտնեց միջնորդել Երեւան-Անգարա երկխօսութիւնը շարունակելու հարցում, որոնք 2004-ից, ըստ էութեան, դադարեցուել էին: Գաղտնի այդ հանդիպումներում հայկական կողմից թուրքերի հետ բանակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը եւ այսօր ՕԹԱՆ-ում Հայաստանի դեսպան Արմէն Եդիգարեանը: Հայաստանը յստակ ասել էր, որ եթէ այդ գաղտնի բանակցութիւնների մասին որեւէ արտահոսք լինի, ապա Երեւանը պաշտօնապէս յայտարարելու է, որ նման բանակցութիւններ չկան, իսկ թուրքերը ստում են:

Այդ գաղտնի բանակցութիւնների օրակարգում 4 կէտ կար, որոնցից երկուսը` սահմանի ապաշրջափակում եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում, ներկայացրել էր Հայաստանը, իսկ միւս երկուսը` փոխադարձ սահմանների ճանաչում եւ յանձնաժողովի ստեղծում, աւելացրել էր Թուրքիան: Բանակցութիւնները, սակայն, շատ առաջ չգնացին, քանի որ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի վարչակազմը պատրաստ չէր գնալ այն զիջումներին, որին պատրաստ էր եւ գնաց գործող նախագահը:

Ճիշդ է, Հայաստան- Թուրքիա երկու արձանագրութիւնները չվաւերացուեցին, սակայն Զուիցերիան կարողացաւ վերականգնել Հայոց ցեղասպանութեան պատճառով Թուրքիայի հետ իր վթարուած կապերը: Քալմի-Ռէյը այցելեց Թուրքիա, ընդ որում` մի քանի անգամ, ապա պետական այցով 2010 թուականին Զուիցերիայում եղաւ նաեւ նախագահ Ապտիւլլա Կիւլը:

Յիշեցնենք նաեւ, որ 1996 թուականին, երբ ԵԱՀԿ-ի նախագահութիւնը ստանձնել էր անաչառ եւ չէզոք երկրի համարում ունեցող Զուիցերիան, ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւններում հայկական կողմը բախուեց լրջագոյն մարտահրաւէրների: Բաւական է կարդալ ԵԱՀԿ-ի Լիզպոնի 1996 թուականի  գագաթաժողովի փաստաթղթերը եւ պարզ կը լինի, թէ ինչպէս էր Զուիցերիան ու այն ժամանակուայ նրա արտաքին գործերի նախարար Ֆլաւիօ Քոթթին փորձում ղարաբաղեան հարցում որոշում պարտադրել Հայաստանին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս»ի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES