«ՆԱԽ ՄԵ՛ՆՔ ՓՐԿՈՒԵՆՔ, ՅԵՏՈՅ` ՓՐԿԵՆՔ ԹԱՏՐՈՆԸ»

Թատերական շնչով յագեցած օրեր են Լիբանանում: Այս օրերին Պուրճ Համուտի փողոցներում, տարբեր հաւաքատեղիներում կարելի է տեսնել Երեւանից ժամանած դերասանների, բեմադրիչների, թատերական նկարիչների, ծանօթ դէմքերի, որոնք ներկայացումներից առաջ եւ յետոյ աշխուժօրէն շփւում են լիբանանահայերի հետ: Մի տեսակ անսովոր մշակութային իրարանցում կայ. կարծես Հայաստանից այս խումբը պէտք է գար, որ լիբանանահայ դերասանն էլ, բեմադրիչն էլ, մտաւորականն էլ խօսէր ու արտայայտուէր թատրոնի խնդիրների մասին: Տեսնելով յատկապէս լիբանանահայ թատերասէրների ու թատերական գործիչների աշխուժութիւնն ու ոգեւորութիւնը` նրանց կարել է յուշել, թէ պարտադիր չէ` Հայաստանից դերասաններ ու բեմադրիչներ գան, որ իրենք հաւաքուեն եւ խօսեն թատրոնի խնդիրների մասին: Դա կարելի է անել միշտ եւ կարելի է անել հետաքրքրութեամբ, ինչպէս արուեց  չորեքշաբթի օրը «Լեւոն Շանթ» կեդրոնում` հայ թատրոնի մասին բանավէճի ընթացքում:

Խօսուեց թատրոնին առնչուող տարբեր հարցերի մասին` սերնդափոխութիւնից մինչեւ  թեմաների բացակայութիւն, լաւ ու վատ բեմադրութիւններից մինչեւ ազգային գաղափարախօսութիւն: Ընդհանուր մտահոգութիւնը մէկն էր` թատրոնի հանդէպ կայ անտարբերութիւն, արուեստի այդ տեսակն  այսօր նոյն բարձունքի վրայ չէ, ինչպէս` տասնամեակներ առաջ, եւ սա ոչ միայն  հայկական, այլեւ` համաշխարհային երեւոյթ է:

ՔԱՋԱԼԵՐԱՆՔ` ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ

Հայաստանի «Համազգային»ի թատրոնի տնօրէն Վարդան Մկրտչեանն ասաց, որ Հայաստանում թատրոնը ուղղակի կրել է բոլոր այն դժուարութիւնները, ինչի միջով որ անցել է երկիրը` երկրաշարժի, շրջափակման, դժուար տարիների ազդեցութիւնից յետոյ շատ երկար ժամանակ է պահանջուել, որպէսզի թատրոնը գտնի ինքնիրեն ու ոտքի կանգնի: Ճիշդ է` այսօրուայ թատրոնի վիճակը արդէն տարբերւում է 1990-ականների վատ տարիների վիճակից, սակայն «Համազգային»ի թատրոնի տնօրէնն ասաց, որ ամէն պարագայում թատրոնը դեռ այն աջակցութիւնը չունի պետութիւնից (մանաւանդ` ղեկավարներից), ինչը կ՛օգնի թատրոնին, իսկ ժողովրդին կ՛ուղղորդի դէպի թատրոն: Նա այն կարծիքին է, որ մարդիկ յաճախ ընդօրինակում են ղեկավարների քայլերը, եւ եթէ երկրի նախագահը թատրոն գնայ եւ թատրոնի հանդէպ ուշադիր լինի, ապա չի բացառւում, որ շատ մարդիկ կը հետեւեն այդ օրինակին:  Ուստի, ինչպէս ասաց նա, թատրոնի միակ կապն ու աջակիցը  եղել եւ մնում է ժողովուրդը, որից էլ այսօր թատրոնի մարդը  քաջալերանք է ստանում:

Աւելի ուշ, դերասան, բեմադրիչ Դաւիթ Յակոբեանը քննարկելով ասուածը, աւելացրեց, որ այնքան էլ ճիշդ չէ, թէ մեր ղեկավարները բոլորովին անտարբեր են թատրոնի հանդէպ, այլապէս չէին կարող գոյատեւել Հայաստանի տասնեակ պետական թատրոնները, եւ նաեւ չէին կարող ծնուել նորերը: Ըստ Դաւիթ Յակոբեանի, պետական աջակցութիւն, այնուամենայնիւ, կայ… Կարէն Ջանիբէկեանը բաւարար չհամարեց  այդ աջակցութիւնը, նա յիշեց խորհրդային տարիները, երբ թատրոնը գտնւում էր կուսակցութեան առաջին քարտուղարների ուշադրութեան կեդրոնում. «Նրանք ուղղակի ցաւ էին ապրում թատրոնի համար… Այսօր ժամանակներն են փոխուել, ժամանակների հետ նաեւ արժէքներն են փոխուել, շոն եկել-խեղդել է թատրոնը»: Կարէն Ջանիբէկեանը շատ  վրդովմունքով խօսեց մանաւանդ այսօրուան շո-պիզնըսի մէջ  կատակերգուների կատարած էժանագին աշխատանքի մասին. դերասանը նեղացած է, որ ժողովուրդը նրանց աւելի լաւ է ընդունում, նրանց ներկայացումների տոմսերն աւելի թանկ են ու արագ են վաճառւում, իսկ անձամբ իր  ներկայացման տոմսը` շատ աւելի էժան է ու դժուարութեամբ է վաճառւում:  Երիտասարդ դերասան Վարշամ Գէորգեանն յորդորեց դրանց չհամարել դերասաններ, ինքը նրանց դերասան չի համարում, այլ` հումոր անողներ. «Չեմ կարծում, թէ  այդպիսի ծրագրերը  խնդիր են մեր երկրի համար, խնդիր է այն մօտեցումը, որ մենք ունենք այդ ծրագրերի հանդէպ: Նրանց դերասան մի՛ անուանէք, նրանց արածը թատրոն մի՛ անուանէք եւ ամէն ինչ կը վերջանայ: Նրանք իրենց գործն են անում, ես` իմ գործը»:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՒԱՐՏՈՒԱԾ Է…

Բեմադրիչ Ռոպերթ Առաքելեանը լիբանանահայ թատրոնի խնդիրների շարքում առանձնացրեց փառատօնային կեանքի պակասն ու որեւէ ներկայացման կարճ կեանքը` նշելով, որ եթէ Հայաստանում ներկայացումները շարունակւում են շաբաթներով, ամիսներով, եւ թատերական քննադատները թատրոնի մասին գնում են գրելու միայն վեցերորդ ներկայացումից յետոյ, ապա այստեղ վեցերորդ ներկայացումով  վերջանում է արդէն տուեալ ներկայացման կեանքը, քանդւում է բեմական ձեւաւորումը եւ ներկայացումը մոռացւում է: Բանավէճը վարող  Արմէն Ապտալեանը դա ձեւակերպեց իբրեւ հանդիսատեսի պակաս, բայց դրա պատճառը երեւի շատ աւելի խորքային ու այլ է, քան` հանդիսատես չունենալը խնդիրը: Դրա պատճառը որեւէ թատերական ներկայացման, որեւէ նոր բեմադրութեան շուրջ հասարակական կարծիքի ձեւաւորման պակասն է, չգոյութիւնը.  Լիբանանի հայկական միջավայրում չկան թատերական քննադատներ, չկայ թատերական մամուլ, համապատասխան հեռատեսիլային քննարկումներ, հաւաքատեղիներ, որտեղ կարող են խմբուել դերասաններ ու թատերասէրներ եւ զրուցել, նոյնիսկ օրուան մամուլը բաւարար չի քննարկում նոր ներկայացումները, եւ ներկայացումն այսպէս մեռնում է` առանց դառնալու հասարակութեան սեփականութիւնը, առանց ժողովրդի մէջ նրա  լաւ կամ վատ «համբաւ» թողնելու: Այն ընդամէնը քննարկւում է  շատ-շատ նեղ շրջանակներում, նոյն այն միութենական շրջանակներում, որոնք ֆինանսաւորել են թատերախումբը: Իսկ անտեղեակ հանդիսատեսն էլ ներկայացման մասին լսում է առնուազն իր հարեւանից, որ ասենք նախորդ երեկոյեան  գնացել էր թատրոն` եւ ներկայացման մասին ընդամէնը մէկ բառ է ասում` լաւ էր կամ վատ էր…  Հայաստանից եկած եւ այստեղ բեմադրութիւն արած բեմադրիչներն էլ, աւարտելով իրենց գործը, դեռ ներկայացումները չվերջացած` արագ-արագ մեկնում են` չհետեւելով այն արձագանգներին, որ իր յետեւից թողնում է ներկայացումը… Ընդամէնը այսքանը: Լիբանանահայ համայնքում չկայ թատերական առողջ միջավայր. թատրոնին վերաբերող բոլոր հարցերը բախւում են անձնական, միութենական խնդիրներին: Իսկ այդպիսի միջավայրի մէջ որեւէ ներկայացում խաղալու համար վեց անգամը նոյնիսկ շատ է… Բայց սա արդէն ուրիշ թեմա է, անդրադառնանք թատրոնի հարցերի շուրջ քննարկում-բանավէճին, որ սակայն առողջ էր եւ ինչպէս ասացի, լիբանանահայերը պէտք է Երեւանի «Համազգային»ի թատրոնը ճանապարհելուց յետոյ նորից հաւաքուեն եւ խօսեն այս հարցերի մասին:

ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Երիտասարդ եւ ինքատիպ դերասանուհի Նարինէ Գէորգեանն ասաց, որ ի տարբերութիւն Լիբանանի, Հայաստանում թատերական փառատօներն այնքան շատ են, որ մէկը դեռ չաւարտուած, միւսն է սկսում  (մինչ այդ Ռոպերթ Առաքելեանը մտահոգութիւն էր յայտնել, որ Լիբանանում թատերական փառատօներ չեն կազմակերպւում եւ այս օրերին իրար յետեւից չորս ներկայացումն արդէն աննախադէպ մի բան է): Ըստ Նարինէ Գէորգեանի` փառատօնային աշխուժ, բազմազան   միջավայրի մէջ ծնւում են նոր գաղափարներ, նոր մտայղացումներ եւ, պատասխանելով Սարգիս Կիրակոսեանի այն հարցին, թէ կա՞յ արդեօք Հայաստանում Փորձառական թատրոն, դերասանուհին ուրախութեամբ նշեց, թէ նոյնիսկ շատ են դրանք, երիտասարդները անգամ թատրոն-սրճարան են հիմնադրել, որտեղ հեղինակները կարդում են իրենց գործերը եւ տեղում քննարկումներ են տեղի ունենում, աւագներն էլ շատ չեն մասնակցում այդ փորձառական թատրոններին, քանի որ, ըստ դերասանուհու, գո՞ւցէ մի քիչ յոգնած են…  Նարինէն ասաց, որ ժողովուրդն ու երիտասարդները նոր գաղափարներ, նոր թատերգութիւններ են ուզում  եւ հինն այլեւս հետաքրքիր չի:

Այս գաղափարը չգիտես ինչու դուր չեկաւ հանդիպմանը ներկայ, տաղանդաւոր դերասան, 70-ամեայ Կարէն Ջանիբէկեանին: Նա ընդդիմացաւ, ասելով, որ նոր գաղափարներն ու նոր դերասանները իրենց տեղն ունեն, սակայն աւագներն էլ իրե՛նց արժանաւոր տեղն ունեն, եւ երբեք պէտք չէ ժխտել նրանց արածն ու գոյութիւնը: «Մի՛ յարգիր իմ տարիքը, այլ յարգիր իմ տաղանդը», ասաց  նա:

Երիտասարդ դերասանուհու եւ Կարէն Ջանիբէկեանի կարճ երկխօսութիւնը` սերնդափոխութեան մասին, կարծես պատասխանեց Վարանդ Ալեքսանտրեանի այն հարցին, թէ Հայաստանում երկու թատերական սերունդների միջեւ բախում կա՞յ արդեօք: Դերասաններն ու բեմադրիչները այն կարծիքին էին, որ այդ բախումը ե՛ւ կայ ե՛ւ չկայ: Կան խելացի դերասաններ ու բեմադրիչներ, որոնք կարողանում են ճշգրիտ քաղել աւագների փորձն ու գիտելիքները եւ նրանց ընդունում են սիրով եւ յարգանքով: Այս մասին «Համազգային»ի թատրոնի տնօրէն Վարդան Մկրտչեանն ասաց, որ հայի մեր տեսակն աւանդապաշտ  ու պահպանողական է, եւ ամէն դէպքում մեծերի ու նրանց արածների հանդէպ կա՛յ յարգանք ու պատկառանք: Աւագին եւ վարպետին տուրք տալու լաւագոյն օրինակը, թերեւս Սօս Սարգսեանի` բանավէճին ներկայ աշակերտներն էին, որոնք առիթը օգտագործեցին` մի քանի անգամ յիշելով իրենց վարպետի խօսքերը: Նրա աշակերտները նշեցին, որ Սօս Սարգսեանը թատրոնը համարում է հոգեւոր սնունդ եւ ասում է, թէ լիարժէք չէ այն մարդը, ով զրկւում է այդ սնունդից: Վարշամ Գէորգեանը, յիշելով իր ուսուցչին, ասաց, որ Սօս Սարգսեանը հաւատում է ազգային թատրոնի գաղափարին, եւ նա «Համազգային»ի բոլոր ներկայացումները բեմադրել է այդ տեսանկիւնից ելնելով:

«Համազգային»ի թատրոնի բեմանկարիչ Դաւիթ Մինասեանն այս մասին ասաց. «Թատրոնը  կրթում է երիտասարդներին ու մանուկներին, սակայն միայն ազգային թեմաներով գործեր բեմադրելը սխալ կը լինէր, կան նաեւ օտար հեղինակներ, որոնց գործերի միջոցով նոյնպէս պէտք է կրթուել սերունդ եւ գեղագիտութիւն տարածել»: Վարշամ Գէորգեանն աւելցրեց, որ բոլոր ազգերի թատրոններում էլ այսօր ազգային հարցեր են արծարծւում, միայն մենք չէ, որ կառչած ենք մեր ազգային թեմաներին, որովհետեւ ցեղասպանութիւն, գոյապահպանում կամ այլ խնդիրներ ունենք: Բոլոր ազգերն էլ ազգային խնդիրներ ունեն եւ դա արտացոլւում է իրենց արուեստում:

Ո՞Վ Է ԹԱՏՐՈՆԻ ՀԵՐՈՍԸ

Բանավէճի մասնակիցներին հարց ուղղեցին, թէ ո՞վ է այսօրուան մեր թատրոնի հերոսը: Պերճ Ֆազլեանն այն կարծիքին է, որ թատրոնն այսօր հերոս չունի, որովհետեւ 21-րդ դարը չունի գաղափարախօսութիւն. «Ամէն դարաշրջան ունեցած է իր փիլիսոփայութիւնը, այդ փիլիսոփայութեան մէջէն են  հեղինակներն ու գրողները  պոռթկացած եւ ստեղծած հերոսներ: Սակայն 21-րդ դարը մնացած է առանց փիլիսոփայութեան, ուրեմն` առանց հերոսների»: Թատրոնի խնդիրների շարքում Պերճ Ֆազլեանը նշեց նաեւ դրամատուրգների չգոյութիւնը. նա այն կարծիքին է, որ Սամուէլ Պեքեթով (նրա «Կոտոյին սպասելիս» գործով) միջազգային թատրոնում վերջ է դրուել թատերգութիւն գրող հեղինակներին: Դրանից յետոյ, ըստ Պերճ Ֆազլեանի, թատրոնում չեն ծնուել հեղինակներ: Ինչ վերաբերւում է հայ դրամատուրգների բացակայութեանը, Պերճ Ֆազլեանը զարմանում է, որ 2000-ամեայ թատրոն ունեցող ժողովուրդն այսօր չունի թատերգակ հեղինակներ: «Ընդամէնը երկու հեղինակ` Լեւոն Շանթ եւ Գաբրիէլ Սունդուկեան, ատկէ ետք հայ թատրոնին մէջ դրամատուրգներ չեն ծնած», ասաց նա:

Կարէն Ջանիբէկեանն ասաց,  որ ճիշդ է, նոր ժամանակները չունեն հերոսներ, ինչը գուցէ խանգարում է դրամատուրգներին` ստեղծագործելու, սակայն  դրամատուրգները պէտք է հերոսներ փնտռեն ժողովրդի մէջ. «Այսօր հերոս է մեզանից իւրաքանչիւրը, մենք ենք հերոսները, որ դիմանում ենք այսպիսի դժուարութիւններին, այսպիսի պայմաններին:  Այսօրուան դժուար կեանքի մէջ ապրող մարդն է հերոսը, եւ նրա մասին էլ պէտք է լինի թատրոնը»:

Ի հակադրութիւն ասուածի, Ռոպերթ Առաքելեանը վստահ է, որ դասական հեղինակները միշտ էլ այժմԷական են, եւ եթէ նոր գործեր չկան, բեմադրիչը կարող է դիմել դասականների գործերին, դրանք արդիականացնելով` բեմադրել. «Դասականը նրանով է դասական, որ նրա ստեղծածը համահունչ է բոլոր ժամանակներում»:

«ՓՐԿԷ՛Ք ԹԱՏՐՈՆԸ…»

Յովհաննէս Հելվաճեանը ներկաներին կոչ ուղղեց թատրոնը փրկելու. «Մենք բոլորս` տեսնելով թատրոնի մահը, անտարբեր ենք, պէտք է յարութիւն տանք թատրոնին, փրկեցէ՛ք հայ թատրոնը, հայ թատրոնը կը մահանայ, ինթըրնեթը եւ այլ միջոցները սպաննած են թատրոնը»:

Ի պատասխան Յովհաննէս Հելվաճեանի կոչին, Դաւիթ Յակոբեանն ասաց. «Թատրոնը փրկուելու կարիք չունի: Մե՛նք ունենք փրկուելու կարիք: Նախ մենք փրկուենք, այնուհետեւ` փրկենք թատրոնը: Մինչեւ մենք չփրկուենք, ոչինչ  չենք  կարող փրկել: Մինչեւ հայ մարդը չսպաննի իր միջի ստրուկը` չի փրկուի»:

Կարծիքներ հնչեցին, որ համացանցի գոյութիւնը մեծ հարուած հասցուցած է թատրոնին, արուեստին ընդհանրապէս: Բայց եղան նաեւ այդ մտքի հետ չհամաձայնողներ. թատրոնի ճգնաժամը (եթէ դա կայ) ուրիշ պատճառներ ունի:

Ռոպերթ Առաքելեանն այն կարծիքին էր, որ ճգնաժամ չկայ, «Համազգային»ի թատրոնը տնօրէն Վարդան Մկրտչեանն էլ նոյն կարծիքին էր. նա ասաց, թէ այսօրուան բազմազանութեան մէջ մեզ թւում է` թատրոնը նահանջել է, սակայն դա այդպէս չէ  թատրոնն իր տեղն ունի` ի յայտ եկած այլ զբաղմունքներն ու միջոցները` իրենց տեղը: Նոյն կարծիքին էր նաեւ Դաւիթ Մինասեանը: Նա ասաց, որ ինքնաշարժի յայտնագործմամբ ձին չի արժեզրկուել, ոչ էլ` շարժանկարի ի յայտ գալով` թատրոնը:

«Համազգային»ի թատրոնի դերասան Կարէն Խաչատրեանի խօսքով` բոլոր ժամանակներում էլ ասել են, որ թատրոնի վերջն է, բայց այդպէս էլ չի գալիս այդ վերջը եւ չի էլ գալու: Պերճ Ֆազլեանն ասուածին աւելացրեց. «Առհասարակ նահանջ կայ բոլոր արուեստներու մէջ, թատրոնը չտարանջատենք միւս արուեստներէն: Այսօր միջազգային առումով կարծես արուեստը կ՛ուզէ զարմացնել եւ կը դառնայ զարմանքի արուեստ»:

ՊԷ՞ՏՔ ԵՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ…

Կարէն Ջանիբէկեանը կարծում է, որ համատարած անթողութեան պայմաններում, որոշակի հսկողութիւն սահմանելու համար, գաղափարախօսութիւններն այնուամենայնիւ անհրաժեշտ են: Ասաց, որ պէտք է լինի գաղափարախօսութիւն, որպէսզի թատրոնի նիւթը ստեղծուի այդ գաղափարախօսութեան հիման վրայ: Իսկ «Համազգային»ի թատրոնի դերասան Կարէն Խաչատրեանն ասաց. «Մեզ գաղափարախօսութիւններ պէտք չեն, հազիւ ենք ազատուել այդ գաղափարախօսութիւններից: Առհասարակ արուեստում գաղափարախօսութիւն պէտք չէ լինի. արուեստում միակ գաղափարախօսութիւնը հէնց ինքը` արուեստն է: Իսկ որպէսզի հանդիսատես գայ թատրոն, ապա թատրոնը հանդիսատեսի հետ պիտի լինի չափից աւելի անկեղծ: Անկեղծութիւնն է միակ փրկութիւնը:  Իսկ հանդիսատեսին չես կարող ստիպելով բերել թատրոն, ստիպել, որ նա դիտի: Նա պէտք է ունենայ այդ պահանջարկը»:

Նոյն կարծիքին էր նաեւ Դաւիթ Յակոբեանը: Նա դէմ է այն տեսակէտին, թէ թատրոնին ազգային թեմաները կամ գաղափարախօսութիւնները կարող են  օգնել: Վստահ է, որ թատրոնը մարդու մասին է. «Օթելլոն» եւ «Համլէթը» գաղափարախօսութեան մասին չեն,  մարդու բուն ցաւերի մասին են, դրա համար էլ այժմէական են մինչեւ այսօր», ասաց Դաւիթ Յակոբեանը: Անդրադառնալով Հայաստանի եւ սփիւռքի թատրոնների խնդիրներին` բեմադրիչը, որ հաւասարապէս ծանօթ է  նաեւ սփիւռքի թատրոնի խնդիրներին,  ասաց. «Հայաստանում եւ սփիւռքում թատրոնները տարբեր խնդիրներ ունեն: Սփիւռքում թատրոնը արուեստ չի դառնում, քանի որ նրա առջեւ այլ խնդիրներ են դրուած` այն ազգապահպանութեան, հայապահպանութեան նպատակ ունի»: Ռոպերթ Առաքելեանը վերապահումով մօտեցաւ այդ հաստատմանը` պնդելով, որ այստեղ էլ կան արհեստավարժ դերասաններ, բեմադրիչներ, մարդիկ, որոնք նուիրումով են մօտենում իրենց գործին եւ մեծ ցանկութիւն ունեն ստեղծելու արուեստի գործեր:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ

Երիտասարդ  դերասան Դաւիթ Գազանճեանը կարեւոր համարեց նման բանավէճերի առկայութիւնը, մանաւանդ` սկսնակ եւ երիտասարդ դերասանների համար: Նա հաստատեց, որ շատ հարցեր չեն քննարկւում, շատ բացթողումներ չեն մատնանշւում, ինչը խանգարում է սկսնակ դերասանին` յաղթահարելու սկսնակութեան պատնէշը եւ մնում է յաւերժ սկսնակ: Նա նաեւ առաջարկեց ձեւեր գտնել հայրենի եւ սփիւռքահայ դերասանների համագործակցութեան  եւ թատերական ծրագրերի փոխանակման համար  եւ ցանկութիւն յայտնեց, որ դրանք չսահմանափակուեն միայն «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» ծրագրի շրջանակներում… Բայց ահա Հայաստանի հետ համագործակցութեան մի դառը փորձառութիւն է ունեցել լիբանանահայ բեմադրիչ, դերասան Վարդան Մկրտչեանը, երբ տարիներ առաջ Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» մենաներկայացմամբ մասնակցել է Հայաստանի «Արմմոնօ» միջազգային փառատօնին: Մենաներկայացումից յետոյ յայտնի մի բեմադրիչ մօտեցել է Վարդանին եւ ասել. «Վարդան ջան, ախպարը ո՞վ է, որ մեզ հայրենասիրութիւն սովորեցնի»: Դաժան այդ արտայայտութիւնը նստուածք է առաջացրել բեմադրիչի մէջ, եւ ահա նա բանավէճի օրը, առիթն օգտագործելով, բարձրաձայն ասաց այդ մասին` աւելացնելով, որ   համագործակցութիւնը միշտ չէ, որ դրական է լինում. «Ամէն մարդ իր ուժերի ներածին չափով իր գործը թող ընէ թատրոնին մէջ, իր ճամբան թող շարունակէ,  իր կեանքը թող ապրէ եւ ժամանակը կու տայ լաւագոյն գնահատականը: Իսկ եթէ խնդիրներ ալ կան մեր թատրոններուն հետ կապուած, ապա, ատոնք փնտռենք մեր մէջ», ասաց լիբանանահայ  դերասան, բեմադրիչ Վարդան Մկրտչեանը:

… Բանավէճի մասին այս անդրադարձը  սահմանափակենք Կարէն Ջանիբեկեանի մէկ նախադասութեամբ, որ հնչեց այդ օրը. «Ինչ էլ որ ասենք, մի բան հաստատ է` կայ վատ թատրոն եւ կայ լաւ թատրոն. միւս բոլոր հարցերը բխում են  սրանից»:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES