Յարութիւն Նագուլեանը` Երէկ Եւ Այսօր, Կամ` Գովք Եւ Հրաժեշտ Վաթսունականներին

ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Յարութիւն Նագուլեանը1970-ական թուականներին։

… Յարութիւն Նագուլեանը Երեւանում յայտնուեց 1960-ական թուականների կէսերին: Սփիւռքահայ ուսանող էր, Պէյրութից եկել էր Երեւան` բժշկական հիմնարկում սովորելու: Երեւի թէ եկել էր ճիշտ ժամանակին: Այդ տարիները մեր ազգային զարթօնքի եւ վերելքի տարիներն էին, ազգային ինքնագիտակցութեան, ինչպէս նաեւ` գրականութեան եւ արուեստի նո՛ր գիտակցման եւ գեղագիտական այլախոհութեան տարիներ:

Տեղին է յիշել ժամանակի գրական կեանքի աննշան թուացող մի մանրուք. 1961 թուականին «Սովետական գրականութիւն» ամսագիրը ապրիլեան համարում (Լենինին նուիրուած համարում) տպագրել էր Պարոյր Սեւակի բանաստեղծութիւններից մի շարք եւ այդ շարքում աւանդական կառուցուածք ունեցող այլաբանական, խորիմաստ ու խորագնայ մի փոքրիկ բանաստեղծութիւն.

Անյարմար է բոպիկ քայլել,
Այս կօշիկն էլ շատ է նեղում:

Ինչպէ՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամբան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կօշիկդ կը լայնանայ,
Ո՛չ էլ ցաւը կը մեղմանայ…
Ցա՜ւն է յաճախ առաջ մղում…

Խորհրդային իրականութիւնը իսկապէս որ դարձել էր սպանական կօշիկ, շա՜տ էր նեղում: Բայց շատերը չէ, որ դա զգում եւ հասկանում էին: Այդ բանը շատ լաւ հասկացած բանաստեղծին, նաեւ այս բանաստեղծութեան համար, քանիցս կանչել են հաւատաքննութեան ատեան` այդ ո՞ր ճամբան է շեղում, չլինի՞ թէ համայնավարութեան…

Ճշմարտութիւնն այն է, որ իրականութեան ցաւն էր դրդում առաջմղումի: Եւ զարթօնքը, առաջմղումը, ազգային ինքնագիտակցումը այդ տարիներին այլեւս անկասելի էին:

Հայաստանում մեծ շուքով նշուել էր Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600-ամեակը, Սայեաթ Նովայի ծննդեան 250-ամեակը: Տիգրան Պետրոսեանը դարձել էր ճատրակի գծով աշխարհի ախոյեան, եւ չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ Հայաստանում բոլորը, մեծ թէ փոքր, սրտատրոփ հետեւել էին Տիգրան Պետրոսեանի ամէն մի խաղի ամէն մի քայլին, կարելի է ասել ժողովրդեամբ էին մասնակից եղել մրցապայքարին: Եւ հիմա հայերը երջանիկ էին. արքայ ունէին այլեւս, թող որ` ճատրակի արքայ: Գրականութեան եւ արուեստի մէջ, հանրային եւ մշակութային կեանքում կատարուած զուտ ազգային փոքր ու մեծ բազմաթիւ նման իրադարձութիւններն ու երեւոյթները նախապատրաստեցին 1965 թուականի ապրիլի 24-ը` Հայոց Մեծ եղեռնի յիսունամեակի օրը, ինչը կարելի է ասել, որ եղաւ համազգային գիտակցութեան վերելքի ամենաբարձր աստիճանը: Օդում, մթնոլորտի մէջ այլեւս նոր մտածողութիւնն ու նոր տրամադրութիւններն էին իշխում:

Պատահական չէ, որ Երեւանում յայտնուած սփիւռքահայ ուսանողների մեծ մասը ներդաշնակօրէն կապուեց Երեւանի հանրային-մշակութային կեանքի առօրեային ու մթնոլորտին:

Այդ տարիներին սփիւռքահայ ուսանողները Երեւանում շատ էին: Եւ նրանցից շատերը հետագայում դարձան Սփիւռքի հայ կեանքի տարբեր ասպարէզների նշանաւոր գործիչներ: Բայց մի քանի հոգի առանձնանում էին միւսներից այն բանով, որ առաւել գրոց-բրոց երիտասարդներ էին եւ մղւում էին դէպի գրականութիւնն ու արուեստը, ընդառաջ այն թարմաշունչ հոսանքին, որ ներխուժել էր գրականութեան, կերպարուեստի, երաժշտութեան պետականօրէն պաշտպանուած սահմաններից ներս: Նրանք արեւմտահայերէնով կրթութիւն ստացած եւ արեւմտահայերէնով դաստիարակուած, ա՛յլ միջավայրից իրենց հետ ազատ մտածողութիւն բերած, անկաշկանդ պահուածք ունեցող երիտասարդներ էին, որոնց համար գրականութեան եւ արուեստի մէջ նոր մտածողութիւնը համադրւում էր ազգային գիտակցութեան եւ հոգեկան ազատութեան հետ:

Նրանք բանաստեղծ էին, եւ բանաստեղծ էին նախքան բանաստեղծական տողեր շարելը, բանաստեղծ էին ամէնից առաջ իրենց կենսազգացողութեամբ, գրական ճաշակի եւ մտածողութեան ազատութեամբ եւ, ի հարկէ, գորշ, կաշկանդող, կեղծդասական գրականութեան ըմբռնումների ու թելադրանքի դէմ ուղղուած գեղագիտական անհաշտութեամբ…

Տարիքով մէկը միւսից մի քիչ մեծ, մի քիչ փոքր, նրանք նոյն սերնդի եւ նոյն մտածողութեան մարդիկ էին, եւ նրանց անունները անժխտելիօրէն կապւում են 60-ական թուականների երեւանեան գրական կեանքի հետաքրքրական պատմութեանը: Նրանք բանաստեղծ էին եւ բանաստեղծ դարձան: Քիչ գրեցին թէ շատ` դա այսօր էական չէ: Էականը այն է, որ նրանք իրենց հետքը թողեցին

1960-ականների մեր գրական զարգացման պատմութեան մէջ: Իմ խօսքը Մանուէլ Քէօսէեանի, Վարդերես Գարակէօզեանի, Կարիկ Պասմաճեանի մասին է:

Եւ, անշուշտ, Յարութիւն Նագուլեանի:

Բժշկական հիմնարկի ուսանող Յարութիւն Նագուլեանը Երեւան հասնելուց առաջ Պէյրութում Յովակիմեան-Մանուկեան վարժարանի «Նուիրում» հանդէսում մի բանաստեղծութիւն էր տպագրել «Կապոյտը» խորագրով: Թէպէտեւ սկսել էր բանաստեղծութեամբ, բայց Երեւանում Նագուլեանը գնաց դէպի նկարչութիւնը, աւելի ճիշտ` սկսեց նկարչութիւնից: Երեւանում նկարչութեան մէջ նոր հովերն աւելի զգալի էին, քան գրականութեան: Նկարիչներն աւելի ազատ էին իրենց մտածողութեամբ, քան` գրողներն ու գրականութեան մարդիկ: Հինգի նշանաւոր ցուցահանդէսը (Մինաս Աւետիսեան, Արփենիկ Ղափանցեան, Ալեքսանդր Գրիգորեան, Լաւինիա Բաժբէուկ-Մելիքեան եւ Հենրիկ Սիրաւեան) բացուել էր 1961-ին եւ միանգամայն նոր սկիզբ յայտարարել հայ կերպարուեստում: Այս շարժումը իրօք այլեւս անկասելի էր: 1963-ին լոյս տեսաւ Պարոյր Սեւակի «Մարդը ափի մէջ» ժողովածուն:

Արդէն գրականութեան եւ արուեստի նոր ժամանակներ էին, ներքին անհաշտութեան եւ ըմբոստութեան ժամանակներ: Եւ նոր սերնդի հոգեկան ազատութեան եւ ազատ մտածողութեան հիմնական միջավայրը երեւանեան բոհեմն էր: Երեւանեան նոր արթիսթիք միջավայրը կամ բոհեմը զարմանալի երեւոյթ էր, այն իր մէջ միաւորում էր ե՛ւ գրականութեան ու արուեստի հսկաների, ասենք լուրջ, ծանրակշիռ ու ազնուական Կոստան Զարեանին եւ անզուգական մայէսթրոյին` Երուանդ Քոչարին, ե՛ւ նոր-նոր միայն ասպարէզ մտնող նկարիչների, գրողների, երաժիշտների: Եւ, ի հարկէ, պարզապէս արուեստասէրների:

Երեւանեան բոհեմը այն տարիներին իր անթագակիր արքան ունէր` Լեւոն Ներսիսեանը: Հայերէն բանաւոր խօսքի կախարդն ու մոգն էր Լեւոն Ներսիսեանը, օտար լեզուների եւ մշակոյթների գիտակ, 18-րդ դարի անգլիական ըմբռնումով մեծ էրուդիտ, վերլուծական փայլուն մտքի տէր, բացառիկ զարգացում ունեցող անձնաւորութիւն: Լեւոն Ներսիսեանը մեր Ալենն էր: Նա Երեւանի պետական համալսարանում դասաւանդում էր հին եւ եւրոպական գրականութիւն: Սա նկատի ունենալով է, որ Կարիկ Պասմաճեանը տարիներ անց իր մի բանաստեղծութեան մէջ կը գրի.

Երեւանի մէջ օրական քանի մը թոն հաց կը թափուի,
Հաւանական սիկարները կը փտին Երեւանի մէջ:
Լեւոն Ներսիսեանը հացի կը նստի
դիցաբանական աստուածներուն հետ,
կը հարբեցնէ բոլոր աստուածները
եւ կը հարբի մարդերէն:

60-ական թուականների երեւանեան արթիսթիք միջավայրը սովորական շփումների եւ առօրեայ հանդիպումների իրականութիւն չէր միայն: Ընդարձակ էին երեւանեան բոհեմի սահմանները նորաբաց սրճարանները, նկարիչների եւ արձանագործների արուեստանոցները, հանրայայտ ճաշարաններն, տաղանդաւոր գրողների ու արուեստագէտների տներն ու աշխատավայրերը… Վերջապէս Երեւանի կենտրոնը Օփերայի շէնքի եւ «Մոսկուա» սրահի տարածքը, զբօսավայր եւ ժամադրավայր Աբովեան փողոցը վերից վար եւ, ի հարկէ, նկարիչների հռչակաւոր սրճարանը «Մոսկուա» սրահի բակում: Աստուա՜ծ իմ, ի՜նչ մարդիկ էին ամէն օր գալիս-նստում պարզ ու հասարակ սեղանների շուրջ անշուք այդ սրճարանում եւ ինչքա՜ն էր շքեղանում սրճարանը իրենց ներկայութեամբ` մեծատաղանդ գրողներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ… Եւ արուեստի ու մշակոյթի տարեց եւ երիտասարդ երկրպագուների բանակը, որ գալիս էր այստեղ սիրելի արուեստագէտների խօսքն ու զրոյցը լսելու, նրանցից բա՛ն սովորելու եւ կամ գոնէ մի երկու սեղան հեռաւորութիւնից հայ արուեստի նշանաւոր մարդկանց ներկայութեամբ հիանալու եւ սքանչանալու: Նկարիչների այս սրճարանը երեւանեան բոհեմի սիրտն էր եւ կենտրոնատեղին: Եւ երեւանեան բոհեմն էլ սովորական միջավայր չէր, գինարբուքով եւ աղմուկներով լեցուն, որպիսին լինում է սոսկ մի ասպարէզի միջավայրում, ասենք, թատրոնի կամ կերպարուեստի… Ի՜նչ խորիմաստ զրոյցներ եւ բուռն, անզիջում, երբեմն նոյնիսկ կատաղի վէճեր ու վիճաբանութիւններ էին լինում նկարիչների այս բացօթեայ սրճարանում, ի՜նչ պատմութիւններ էին պատմւում, ի՜նչ հանդիպումներ էին կայանում… Եւ ի հարկէ, ամէն բան, ամէն խօսք ու զրոյց հիմնականում եւ մեծամասամբ արուեստի եւ գրականութեան շուրջ էր: Այստեղ մտքեր էին խմորւում, նոր գաղափարներ էին առաջանում, տեսակէտներ էին ձեւաւորւում… Եւ այդ ամէնը, ի հարկէ, կապ չունէր երկրում իշխող արուեստի պետական գաղափարախօսութեան` այսպէս կոչուած սոցիալիստական ռէալիզմի հետ: Ու նաեւ խորհրդային իրականութեան եւ վարչակարգի հետ: Պատահական չէ, որ մոսկուաներում ասում էին, թէ Երեւանը ԽՍՀՄ նկարչութեան մայրաքաղաքն է: Կարելի է ասել, որ Երեւանի «Մոսկուա» սրահի հրապարակի այս սրճարանը խորհրդային երկրի ամենաազատ վայրն էր ու անկիւնը, ազատախոհութեան եւ ազատամտութեան ովասիս: Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ սրճարանը ունէր իր ամենատես աչքերն ու ամէն ինչ լսող ականջները, բայց դա չէր խանգարում, յամենայն դէպս արտաքուստ, որ սրճարանը լինի ազատախոհութեան բացառիկ վայր:

Երեւանի արթիսթիք միջավայրը 60-ական թուականներին դպրոց էր, համալսարան ու ակադեմիա:

Ու հէնց այս ակադեմիայում Յարութիւն Նագուլեանը դարձաւ, եղաւ ու մնաց իւրային, այն էլ` շատ սիրուած իւրային: Երեւանեան բոհեմը հարազատ որդու պէս ընդունեց Յարութիւն Նագուլեանին: Շատերը կ՛ուզենային մտնել այդ արթիսթիք միջավայրը, բայց այդ միջավայրում լինելու, նշանաւոր, մեծատաղանդ ու յարգեւոր մարդկանց սեղանի շուրջը տեղ ունենալու, նրանց խօսք ու զրոյցին ներկայ ու մասնակից լինելու համար մարդը պէտք էր էական արժանիքներ ունենար: Չգրուած ու անառարկելի օրէնքներ ունէր երեւանեան բոհեմը: Շատերն էին մղւում դէպի այդ հրապուրիչ միջավայրը, շատերն էին ընտրում Լեւոն Ներսիսեանին, ինքը` Լեւոն Ներսիսեանը ընտրում էր շատ քչերին, սակաւներից սակաւներին: Եւ դրանցից մէկը եղաւ Յարութիւն Նագուլեանը: Նա ոչ թէ արթիսթաքան այդ կեանքի ու միջավայրի պարզ մասնակիցն էր, այլ, չնայած իր երիտասարդ հասակին, այդ միջավայրին տուն տուող մարդկանցից մէկը: Լեւոն Ներսիսեանի արքայական շքախմբի կարեւոր դէմքն էր Յարութիւն Նագուլեանը, Լեւոնի սրտակից մերձաւորն ու աջ թեւը: Բոհեմը միանգամից ընդունեց Նագուլեանին եւ անմիջապէս կնքեց նոր անունով` Նագուլ: Բոհեմի քմահաճ օրէնքներից մէկն էր դա, այդպէս Ռուբէն Ադալեանը մի օր դարձել էր Ադալ, Ռոբերտ Էլիբէկեանը` Էլիբէկ, Հենրիկ Սիրաւեանը` Սիրաւ, Եդուարդ Խարազեանը` Խարազ… Տասնեակ տարիներ անց, երբ Յարութիւն Նագուլեանը վաղուց արդէն Երեւանում չէր եւ անկարելի էր իր մուտքը Հայաստան, մի անգամ մի զրոյցի ժամանակ, երբ յիշում էինք Երեւանի 60-ական թուականները, սրճարանը եւ իր մարդկանց, Լեւոն Ներսիսեանը, մի պահ դուրս գալով իր մշտական կերպարից, բոլորովին ա՛յլ հնչերանգով ու ա՛յլ շեշտով, որ աւաղանք էր ի հարկէ, ասաց. «Նագո՜ւլը… Նագո՜ւլը… Գիտե՞ս` ի՜նչ տղայ էր Նագուլը…»: Իր գովեստների մէջ ծայրայեղ զուսպ եւ միշտ վերապահ Լեւոնի ասածը երկու պարզ բառ էր, բայց ես աւելի մեծ գովասանք եւ գնահատութիւն չեմ լսել Լեւոն Ներսիսեանից:

Ձախից աջ՝ բանաստեղծ Գէորգ Կարապետեան, երգահան Տիգրան Մանսուրեան եւ Յարութիւն Նագուլեան։

Ես չգիտեմ` երեւանեան տարիներին Նագուլը բանաստեղծութիւններ գրե՞լ է, թէ՞ ոչ: Երեւի թէ  գրել է: Չեմ հարցրել: Եւ եթէ նոյնիսկ գրել է, ապա չի հրապարակել հասկանալի պատճառներով: Իր կեանքում ուրիշ ժամանակ էր, ինքը մեծ դպրոց էր անցնում: Նկարիչների արուեստանոցներում նկարիչների ու կերպարուեստի պատմութեան, նշանաւոր արուեստագէտների կեանքի, արուեստում նոր ձեւերի ու գաղափարների, նոր մտածողութեան խնդիրների շուրջ այնպիսի բուռն ու կրքոտ վէճեր էին լինում, երկար ու անվերջանալի զրոյցներ, որ ամէն մի ակադեմիա կը նախանձէր:

Թող մեղք չհամարուի, բայց այսօր ես դժուարանում եմ ասել, թէ Յարութիւն Նագուլեանը որտե՞ղ էր աւելի հիմնաւոր սովորում` Երեւանի պետական բժշկական հիմնարկո՞ւմ, թէ՞ Լեւոն Ներսիսեանի գրականութեան եւ արուեստների բարձրագոյն ակադեմիայում: Թէ բժշկական հիմնարկո՞ւմ Նագուլը ի՛նչ էր սովորում, ճիշտն ասած, չգիտեմ, բայց երկրորդ իր կրթական հաստատութիւնում նա ձեւաւորուեց իբրեւ կերպարուեստի եւ առհասարակ մշակոյթի փայլուն գիտակ:

Մեր վաթսունականները վերջանալու վրայ էին, արդէն վերջանում էր վերելքի եւ ըմբոստութեան մեր ժամանակը: Պարոյր Սեւակի «Մարդը ափի մէջ» գիրքը գրուել, «Անլռելի զանգակատուն»-ը վերահրատարակուել էր, «Եղիցի լոյս»-ը գրուած էր (գիրքը տպագրուած էր ու կալանուած), Ծիծեռնակաբերդի բարձունքին ելնում էր ազգային միասնական ոգու խորհրդանիշը` Եղեռնի յուշարձանը, Հրանտ Մաթեւոսեանի «Օգոստոս»-ը տպագրուել էր, Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի ձայներով հայ հոգեւոր երգը հնչում էր դահլիճներում, Տիգրան Մանսուրեանը դաշնաւորել էր իր «Հայրէնները», Մինասի ցուցահանդէսը բացուել էր շռնդալից յաջողութեամբ, Սարգիս Փարաջանեանը նկարահանել էր «Նռան գոյնը», Յակոբ Յակոբեանը յայտնագործել էր հայկական բնանկարի նոր պատկեր-կերպարը, Արթօ Չաքմաքչեանի արձանագործութիւնը մտաւորական ու մշակութային բարձր շրջանակներում անառարկելի ճանաչում ունէր, Վիլհելմ Մաթեւոսեանը հրատարակել էր «Յակոբ Կոջոյեան. արուեստը» եզակի աշխատութիւնը, Ալբերտ Կոստանեանը գրել էր «Եղիա»-ն եւ «Ինտրա»-ն, փառահեղ շուքով նշուել էր Երեւան քաղաքի հիմնադրման 2750-ամեակը, բացուել էր Սարդարապատի յուշահամալիրը, Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտասի հարիւրամեակները վերածուել էին յիրաւի ազգային տօնի…

Թւում է` ամէն ինչ տանում էր դէպի վերելք, բայց այն, ինչ կար, արդէն եղել էր, պարզուեց, որ մեր վերելքի ամենաբարձր աստիճանն էր:

Պարոյր Սեւակի ողբերգական մահով, Մինասի արուեստանոցի հրդեհումով վաթսունականների ժամանակը աւարտւում էր… Աւարտւում էր նաեւ Նագուլի երեւանեան ժամանակը: Փայլուն կերպով աւարտելով իր համալսարանները` Նագուլեանը հրաժեշտ տուեց Երեւանին, իր ընկերներին ու բարեկամներին եւ վերադարձաւ Լիբանան, իրեն թւում էր կարճ ժամանակով, բայց բոլորովին այլ բան ստացուեց: Կեանքը անակնկալներ ունէր պահած ըմբոստ եւ անհաշտ նկարագրի տէր մարդու համար: Յետոյ նրա ձայնը Լոնտոնից հասաւ Երեւան: Բանն այն է, որ Նագուլեանը Լիբանանից մեկնում է Լոնտոն` այնտեղ շարունակելու եւ խորացնելու իր բժշկական կրթութիւնը: Լոնտոնում էլ նա իրեն զգում է երեւանեան կեանքի մասնակից:

1973 թուականին Պէյրութի «Երիտասարդ հայ» հանդէսում տպագրւում է Յարութիւն Նագուլեանի «Երբ դաստիարակիչները կը շարունակեն գոյատեւել» յօդուածը: Առիթը Լոնտոնում ապրող հայ արուեստասէրի եւ արուեստագէտի ստացած երեւանեան երկու հրատարակութիւնն էր` երկու քաթալոկ, պատճառը` այն վերաբերմունքը, որ կար Հայաստանում իսկական արուեստի հանդէպ: Յարութիւն Կալենցը, Երուանդ Քոչարը, Ալեքսանդր Բաժբէուկ-Մելիքեանը, Պետրոս Կոնտրաջեանը, Սեդրակ Ռաշմաճեանը եւ այլ մեծատաղանդ մարդիկ պետութիւնից եւ մշակոյթի պաշտօնական միջավայրից չէին ստանում այն վերաբերմունքը, այն գնահատութիւնը, որին արժանի էին: Տարածութիւնը եւ ժամանակը զօրաւոր ուժեր են: Եօթը տարի Հայաստանում ապրած Նագուլեանը իրեն զգում է Հայաստանի արուեստի տէրն ու պատասխանատուն եւ արդարացիօրէն ընդվզում է, ըմբոստանում է այս անազնիւ եւ անարդար վերաբերմունքի դէմ: Երեւանեան այլախոհութիւնը, հազար անգամ արտասանուած անուններն ու դատապարտութեան խօսքերը թերեւս առաջին անգամ գրաւոր տեսք էին ստացել: Նագուլեանը իշխանութեան երեսին էր շպրտում այն ամէնը, ինչ տասնամեակներ շարունակ նստուածք էր տուել մարդկանց հոգիներում: Առաջին անգամ գրաւոր ճշմարտացի խօսք էր հնչում Պարոյր Սեւակի, Յարութիւն Կալենցի, Երուանդ Քոչարի, Ալեքսանդր Բաժբէուկ-Մելիքեանի, Պետրոս Կոնտրաջեանի եւ «դժուար դաստիարակուող», ուղղակի «անդաստիարակելի» այլ արուեստագէտների մասին: Նագուլեանը, խորհրդային ըմբռնումով, փաստօրէն ոչնչացնում էր խորհրդահայ պաշտօնական արուեստաբանութիւնը, այլ խօսքով` խորհրդահայ արուեստի եւ գրականութեան գաղափարական հիմքերը, ցոյց էր տալիս դրա անմարդկային հիմքերն ու անբարոյ բովանդակութիւնը:

 

(Շար. 1)

«Ազգ»

 

 

Share this Article
CATEGORIES