ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ Կ՛ԱՄՓՈՓԷ «ՍԻՎԻԼԻԹԱՍ»Ի ԱՆՑԱԾ 2,5 ՏԱՐՈՒԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ստորեւ կը ներկայացնենք «Սիվիլիթաս» հիմնադրամին կողմէ Հայաստանի նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանի հետ կատարուած հարցազրոյցը` Հայաստանի եւ տարածաշրջանի հարցերուն ու զարգացումներուն առնչուող:

Սիվիլիթաս: Սիվիլիթաս հիմնադրամը վերջերս հրապարակեց Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին առնչուող արդէն երրորդ զեկոյցը: Այս առիթով կարելի է յետադարձ հայեացք նետել Սիվիլիթասի աշխատանքին: Ինչպէ՞ս էք այն գնահատում:

Պ.- Գրեթէ 3 տարուան ընթացքում Սիվիլիթասի իրականացրած բազմաթիւ ծրագրերի գնահատականը առաջին հերթին պէտք է ակնկալել հասարակութիւնից: Մեզ պարբերաբար հասնող արձագանգները առիթ են տալիս վստահ լինելու, որ այս կարճ ժամանակահատուածում արդիւնքները տեսանելի եւ շօշափելի են:

Մեր բոլոր ծրագրերը միտուած են եղել քաղաքացիական հասարակութեան ամրապնդմանը: Մեր հանրային քննարկումները, հասարակական կազմակերպութիւններին, գրադարաններին, կրթաթոշակային ծրագրերին, քաղաքացիական հասարակութեան համախմբման ներուժ ունեցող այլ ուղղութիւններին ու հաստատութիւններին առնչուող բազմաթիւ ծրագրերը կարողացել են ի վերջոյ յանգեցնել մեզ համար կարեւոր արդիւնքի: Դրանք նպաստել են այս ոլորտներում ամենատարբեր հատուածների աւելի աշխուժ ներգրաւմանը: Որեւէ խնդրի շուրջ համախմբուելու, կարծիք յայտնելու, մասնակցելու մէջ արժէք ու կարեւորութիւն են սկսել տեսնել ամենատարբեր, այդ թւում եւ քաղաքականապէս կրաւորական շերտերում:

Հ.- Մեր ծրագրերի միւս` գիւղական բնակավայրերի զարգացման ուղղութիւնը ըստ էութեան նոյն նպատակն է հետապնդում:

Պ.- Մարզերում մենք տնտեսական զարգացման փոքր, բայց նպատակային ծրագրեր ենք իրականացնում, միքրոֆինանսաւորման մոտելով, տրամադրելով ընտանիքներին անհրաժեշտ միջոցներ ինքնաբաւ դառնալու համար, որը նաեւ հնարաւորութիւն կը ստեղծի ընդլայնել ամբողջ գիւղի հնարաւորութիւնները եւ ի վերջոյ կը նպաստի նրան, որ գիւղացին իրեն առնուազն սեփական կեանքի տէրը կը զգայ:

Հ.- Կարելի՞  է ասել, որ մենք հանդիպել ենք խոչընդոտների:

Պ.- Կարելի է ասել, որ դա կարեւոր չէ: Մենք յաղթահարել ենք մեզ հանդիպած խոչընդոտները եւ առաջ ենք շարժուել: Ի հարկէ միշտ նոր միջոցների կարիք կայ, բայց կարծում եմ, ամենամեծ խոչընդոտը գաղափարական է: Իշխանութիւնը դրսեւորում է այլակարծութեան հանդէպ հանդուրժողականութեան պակաս եւ դա սնուցում է հասարակութեան մէջ անհանդուրժողականութիւնը: «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դէմ» մօտեցումը իշխանութեան ներկայացուցիչների զգալի մասի մօտ անառողջ մօտեցում է: Տեղեկացուած, մտածուած բանավէճի փոխարէն նման սահմանափակումները ստիպում են, որ ցանկացած մեկնաբանութիւն կամ քննադատութիւն իջեցուեն ամենացածր մակարդակի:

Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ մեր հանրային քննարկումները կարեւոր են: Թէ՛ դահլիճում, թէ՛ նաեւ առցանց հեռարձակման միջոցով, մենք ուզում ենք ցոյց տալ, որ տեսակէտ յայտնելը ոչ միայն ողջունելի է, այլեւ մեր պարտականութիւնն է` որպէս քաղաքացու: Թերեւս մենք յաջողութեան ենք հասել այդ առումով: Վերջին քննարկումներից մէկին մէկի ընթացքում բեմի վրայ մասնակցեցին 4 տարբեր խորհրդարանական խմբակցութիւնների ներկայացուցիչներ: Դրանից առաջ, շատ թէժ քննարկում ունէինք` բանակի խնդիրներին նուիրուած, որին մասնակցում էին պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները եւ նախարարութեանը խիստ քննադատութեան ենթարկած իրաւապաշտպաններ: Մի խօսքով, մենք յաջողութիւններ ենք արձանագրում եւ շարժւում ենք առաջ:

Այս տարի մենք յատկապէս մեծ արդիւնքներ ենք ակնկալում: Եթէ նախորդ 3 տարիները մեզ համար աճելու եւ կայանալու տարիներ էին, այսօր մենք կարող ենք ընդլայնել մեր ծրագրերը եւ էլ աւելի տեսանելի գործ անել: Մենք հրաշալի բարեկամներ ունենք` Հայաստանում եւ սփիւռքում, ինչպէս նաեւ միջազգային հանրութիւնում: Կան նաեւ անհատներ, որոնք ուզում են մաս կազմել այն գործընթացին, որը կ՛օգնի որ երկիրն առաջ շարժուի:

Հ.- Կարո՞ ղ էք ներկայացնել մի փոքր տարեկան զեկոյցի կազման գործընթացը: Ովքեր են մասնակցում դրան: Ինչ է ուզում Սիվիլիթասը ասել այդ զեկոյցով:

Պ.- Զեկոյցը գործիք է, որ հնարաւորութիւն է տալիս մեզ անելու այն, ինչ մենք Հայաստանում ընդհանրապէս չենք անում: Այն է` առարկայականօրէն գնահատել ինքներս մեզ, մեր գործողութիւնները, մեր նպատակները, մեր յաջողութիւնները, մեր ձախողումները, որպէսզի վերախմբաւորենք, անհրաժեշտութեան դէպքում վերաձեւակերպենք մեր ուղղութիւնները եւ առաջ շարժուենք: Սկզբում թւում էր, թէ Հայաստանը նոր պետութիւն է եւ այդ պատճառով մենք չգիտէինք, թէ ինչպէս եւ կամ ժամանակ չունէինք վերլուծելու մեր նպատակները եւ գործողութիւնները: Հիմա, ես կարծում եմ, Հայաստանը չի ցանկանում տալ այդ գնահատականները: Մենք լսում ենք ուրիշների քննադատութիւնը, որ բխում է նրանց օրակարգերից կամ չափանիշներից եւ առաջ ենք շարժւում անկախ այդ քննադատութիւնից:

Սիվիլիթասի տարեկան զեկոյցը եւ զեկոյցի կազման ողջ գործընթացը տարբեր տեսակէտների եւ փաստարկների համադրում է: Տեսակէտները գալիս են թէ՛ Սիվիլիթասից, թէ՛ նաեւ Սիվիլիթասից դուրս աշխատող փորձագէտներից: Համադրումը նոյնպէս երկար քննարկումների եւ բանավէճերի արդիւնք է եւ դա է կարծում եմ զեկոյցի արժէքը:

Հ.- Ինչպէ՞ ս էք դուք գնահատում եւ ինչպէս է ընդհանրապէս հնարաւոր գնահատել:

Պ.- Գնահատման մէկ յստակ չափանիշ կայ` արդիւնքները: Սիվիլիթասը դատում է արդիւնքներով: Ես չգիտեմ առարկայական գնահատման այլ չափանիշ: Դատելով արդիւնքներից` իրավիճակը վատն է: Տնտեսութեան, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ոլորտներում իրավիճակը անորոշ է եւ բարդ: Առաւել տեսանելի են տնտեսութեան խնդիրները, որովհետեւ դրանց մենք առնչւում ենք ամէն օր, անկախ մեր նիւթական վիճակից: Վիճակագրութիւնը նոյնպէս հաստատում է այդ զգացումը:

Աղքատութիւնն աւելանում է, գործազրկութիւնը նոյնպէս, արտաքին պարտքը եռապատկուել է, եռապատկուել է պիւտճէի բացը: Նուազել է բնակչութեան կենսամակարդակը: 2009-ի ՀՆԱ-ի 15 տոկոսի անկումը մեծ հարուած էր տնտեսութեանը, մենք կարծես դեռ չգիտենք ինչպէս յաղթահարենք այն: Լաւագոյն դէպքում, եթէ 2010 թ. 2.4 տոկոսի աճը կրկնապատկուի եւ այն կրկնապատկուի նաեւ յաջորդ տարի 2013 թ. նախագահական ընտրութիւնների նախաշէմին իրական ՀՆԱ-ն աւելի ցածր կը լինի քան 2008 թուականին էր: Սա մտահոգութիւնների լուրջ տեղիք է տալիս, եթէ նոյնիսկ կայ իրավիճակը շտկելու ծրագիր: Բայց նման ծրագիր չկայ: Նոյնը նաեւ ներքաղաքական ոլորտում է: Ազատութիւնները էլ աւելի են սահմանափակւում: Խաթարուած է ազատ հաւաքների իրաւունքը: Մենք ամէն օր ականատես ենք լինում դրան այստեղ` Սիվիլիթասի գրասենեակում: Օփերայի շրջակայքում արտօնում են աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապէս որպէսզի այնտեղ հանրահաւաքներ անցկացնելու հնարաւորութիւն չլինի: Հեռուստատեսութիւնը վերահսկւում է: Մարդիկ շարունակում են անազատութեան մէջ մնալ քաղաքական պատճառներով: Ակնյայտ է Ղարաբաղի շուրջ անորոշութիւնը, չկայ այն բանակցուած փաստաթուղթը, որի շուրջ կողմերը համաձայն են շարունակել բանակցութիւնները: Ես լուրջ մտահոգութիւն ունեմ, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, որ մեծ ջանքերով, տարիների բանակցային գործընթացի արդիւնքում յաջողուեց ամրագրել բանակցուող փաստաթղթում, այսօր մենք կարող ենք կորցնել:

20 տարուան ընթացքում հայ-թուրքական յարաբերութիւնները նոյնպէս նման փակուղում եւ նման լարուած իրավիճակում չեն եղել, ինչպէս այսօր են` հայ-թուրքական չհաշուարկուած գործընթացից յետոյ:

Այս ամէնը վրդովեցուցիչ է թէ Հայաստանի բնակչութեան, թէ միջազգային հանրութեան համար: Աւելին, այս անորոշութիւնը սպառնում է մեր ազգային անվտանգութեանը: Իշխանութիւնները, իրենց հերթին, թոյլ չերեւալու նպատակով խօսում եւ գործում են այնպէս, կարծես ամէն ինչ կարգին է, ինչն իր հերթին աւելացնում է հասարակութեան յուսալքութիւնը եւ աշխատում է թէ՛ ժողովրդի, թէ՛ պետութեան դէմ:

Հ.- Սա լսողը ակնյայտ հարց է տալու, ի՞ նչ անել, որտեղի՞ ց սկսել:

Պ.- Խնդիրների լուծման համար պէտք է գտնել դրանց պատճառները, որոնք բազմազան են: Անկախութեան 20 տարիների ընթացքում խնդիրները նոյնն են մնացել: Դրանք ակնյայտ են, դրանք լուծելի են, եւ միայն դրանց լուծումը կարող է երկրին բարեկեցութիւն բերել: Դրանք չեն լուծւում բացառապէս քաղաքական կամքի, եւ անձնական շահերը երկրի շահին գերադասելու մտայնութեան պատճառով: Առաջնային խնդիրը այսօր քաղաքական մենաշնորհն է: Տնտեսական մենաշնորհները, փտածութիւնը ընդամէնը քաղաքական մենաշնորհի հետեւանք են: Միեւնոյն ժամանակ, դրանք նաեւ նպաստում են քաղաքական մենաշնորհի պահպանմանը:

Ի վերջոյ, չնայած խորհրդարանում 5 կուսակցութիւն կայ, Հայաստանում իրականում  գործում է միակուսակցական համակարգ, որ հաշուետու է միայն ինքն իր իշխանական խմբին: Միայն այս կենտրոնացած համակարգը, քաղաքական մենաշնորհը վերացնելուց յետոյ կը լուծուեն միւս խնդիրները: Միայն ազատ քաղաքական մրցակցութեան պայմաններում է հնարաւոր ազատ տնտեսական մրցակցութիւնը: Իշխանութեան գործադիր եւ օրէնսդիր թեւերի ներսում պէտք է տարբեր` հաւասարապէս ազդեցիկ ուժերի իրական մրցակցութիւն ձեւաւորուի: Որպէսզի համակարգը հաշուետու լինի ոչ թէ մէկ կենտրոնի եւ այդ կենտրոնը որոշի խաղի կանոնները այլ ի վերջոյ` հասարակութեանը: Որպէսզի հասարակութիւնն էլ շարունակի սատարել բազմաբեւեռ մրցակցային քաղաքական համակարգին: Միայն այդ պարագայում մի բեւեռը իրականում որոշակիօրէն կը վերահսկի միւս բեւեռը եւ միայն այդ պարագայում հնարաւոր կը լինի պայքարել փտածութեան, տնտեսական մենաշնորհների եւ այլ խնդիրների դէմ:

Հ.- Դա իր հերթին նշանակում է աւելի ամուր պետութիւն, մեր սահմանափակ միջոցների աւելի արդիւնաւէտ օգտագործում:

Պ.- Միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների գնահատականով մեզ նման երկրներում հարկերը պէտք է կազմեն ՀՆԱ-ի 22 տոկոսը: Հայաստանում այդ թիւը ընդամէնը 17 տոկոս է: Ընդամէնը 5 տոկոսի տարբերութիւնը ամէն տարի Հայաստանի պիւտճէն զրկում է աւելի քան 190 միլիառ դրամից: Հայաստանի ողջ ռազմական պիւտճէն աւելի քիչ է: Հէնց այդքան գումար ենք մենք տրամադրում ընկերային ոլորտին: Ընդամէնը այս 5 տոկոսը հնարաւորութիւն կը տար օրինակ, բազմապատկելու այս թիւը:

Խնդիրները կը լուծուեն, եթէ մենք դադարենք ժողովրդավարութիւն «խաղալ» եւ իրականում որդեգրենք ժողովրդավարական արժէքները: Ժողովրդավարութիւն

«խաղալը» իրականում աւելի վատ է, քանի որ դա սին յոյսեր է ներշնչում եւ ի վերջոյ յուսախաբ է անում հասարակութեանը: Պէտք է հասարակութեանը մատուցել իրական ժողովրդավարութեան ընձեռած հնարաւորութիւնները` եւ խօսքը միայն ընտրութիւնների մասին չէ: Խօսքը ազատութիւնների, հանդուրժողականութեան եւ, ամենակարեւորը` օրէնքի գերակայութեան մասին է:

Հ.- Մինչ այժմ մենք շարժուել ենք հակառակ ուղղութեամբ` իշխանութեան կենտրոնացման, անհատների եւ ոչ թէ օրէնքի իշխանութեան ճանապարհով:

Պ.- Անկախութեան 20-րդ տարում մենք բոլորս պարտաւոր ենք խորը վերլուծել ստեղծուած իրավիճակը, առարկայականօրէն գնահատել, թէ ինչ սխալներ ենք արել, ինչն է պէտք շտկել, սովորել ուրիշների սխալներից եւ յաջողութիւններից, մեծ ու փոքր, նոր եւ կայացած պետութիւններից:

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES