«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ԱԶԴԱՐԱՐԸ

«Դրօշակ»ի խմբագրատան մէջ, 1901

Աւ. Իսահակեան ՀՅԴ Գիւմրիի «Քարի» մասնաճիւղի ընկերենրեու հետ

Աշխատասենեակին մէջ, 1953

 

 

 

 

 

 

 

 

Ո՛վ հայ ժողովուրդ, ո՛վ դու դարաւոր
Ազատամարտի վսեմ արեան մէջ մկրտուած զինուո՜ր
Ինչո՞ւ ես ճնշում զայրոյթը անշէջ,
Որ մրրկում է յօշոտուած հոգիդ…
ԱՒ. ԻՍԱՀԱԿԵԱՆ

Հայկական հարցին առաջին անգամ Իսահակեանն արձագանգեց Սասունի եւ Զէյթունի կոտորածների անմիջական ազդեցութեամբ: Եւ եթէ մինչեւ այդ արիւնահեղ իրադարձութիւնները Իսահակեանի քնարերգութեան մէջ տիրապետողը սիրոյ, բնութեան, հայրենի եզերքի գեղեցկութեան, մայրական սիրոյ թեմաներն էին, ապա վերոյիշեալ պատմական դէպքերի ազդեցութեան տակ Իսահակեանի պոէզիա ներխուժեցին հայրենասիրական, ազգային ազատագրական պայքարի մոտիւները: Իսկ երբ Արեւմտեան Հայաստանում, ի պատասխան թուրքական բռնութիւնների, սկսեց ընձիւղներ տալ դիմադրողական շարժումը, եւ սկսեցին ձեւաւորուել առաջին հայդուկային խմբերը` Աղբիւր Սերոբի, Արաբոյի, Գէորգ Չաւուշի, Մեծն Չելոյի, Կուկունեանի, Անդրանիկի, Սեբաստացի Մուրատի ղեկավարութեամբ, Իսահակեանը դարձաւ ֆիտայական պոէզիայի առաջին երգիչը հայ իրականութեան մէջ: Շնորհիւ նրա «Հայդուկի երգեր» հայրենասիրական շարքի` հայ ազատագրական պայքարը մտաւ դասական պոէզիա եւ գրաւեց իր արժանի տեղը: Նա մեր բանաստեղծներից առաջինն էր, որ պատկերեց ֆիտայական պայքարը.

Մի անգամ մեռի՛ր, քան հազար անգամ,
Կամ եղի՜ր ազատ, հզօր ինքնիշխան,
Կամ ընկի՛ր հպարտ, ձեռքովդ աւերակ
Բռնապետութեան բեկորների տակ…

«Հայդուկի երգերը» Իսահակեանը ստորագրում էր Հայ գուսան կեղծանուամբ: Այդ շարքի գործերը տպագրւում էին ՀՅԴ-ի «Դրօշակ» ամսագրում: Շարքի նշանակալից գործերից են «Աւետիք Մալոյեանի անմահ յիշատակին», «Սերոբի յիշատակին», «Ինձ տե՛ղ տուէք, Սիփան սարեր», «Սալնոյ ձորերում, կռուի ձորերում…», «Է՛յ, ջան-հայրենիք, ինչքա՛ն սիրուն եմ…», «Որսկա՛ն ախպեր, սարէն կու գաս…», «Վե՛ր կաց, ժողովուրդ», «Բաշերն ալեծուփ, բաշերն հողմակոծ…» բանաստեղծութիւնները:

19-րդ դարավերջին ազատագրական պայքարի զարթօնքին նոր զարկ տալու մղումով Իսահակեանը կերտում է հայ ազգային էպոսի ոճով ու ոգով պարուրուած, սակայն ժամանակի պատմական իրադարձութիւններն իմաստաւորող «Մասըսա Մանուկը» էպոսատիպ ասքը:

Այս երկը ողողուած է հայ ազատամարտի գաղափարներով: Վիպասքի «Գողթն քնարը, որ ազատութեան….» հատուածը բանաստեղծի կենդանութեան օրօք մէկ անգամ հրատարակուել է («Դրօշակ», 1901, հ. 1), հետեւեալ խորհրդանշական բնաբանով`

Սազը չի թողնում, որ կտրիճ դառնամ,
Թուրը չի թողնում, որ գուսան դառնամ…

Այնուամենայնիւ, իսահակեանը կարողացաւ համադրել այս երկու կոչումները: Հայ ազատագրական շարժմանը գործուն մասնակցութիւն ցուցաբերելու համար, 1896 թ. մայիսին Ալեքսանդրապոլում, Իսահակեանը ձերբակալւում է եւ մէկ տարի անցկացնում Երեւանի նահանգային բանտում, իսկ 1898 թ. մէկ տարով աքսորւում Օդեսա: Յանձին Իսահակեանի հայ ազատագրական պայքարը ձեռք է բերում թէ՛ իր խանդավառ երգչին, թէ՛ նուիրեալ քաղաքական գործին, որը պատանի հասակից իր գործունէութիւնը կապել էր Հայկական հարցի հետ: Իսահակեանն ակտիւ մասնակցութիւն է ունենում Արեւմտեան Հայաստանի ազատագրական պայքարին: Որպէս ՀՅԴ-ի ալեքսանդրապոլեան «Քարի» մասնաճիւղի ստեղծողներից մէկը, նա ձեւաւորում է Էրգիր գնացող կամաւորական խմբեր, օգնում է հայթայթել դրամական միջոցներ եւ զէնքեր:

«Հայկական հարց» օրագրութիւնից եւ բանաստեղծի «Աֆորիզմներից» ակնյայտ է դառնում մի ճշմարտութիւն, որ Իսահակեանը կանխատեսումի հանճար է. յիշենք նրա տողերը Ռուսաստանում նոր ծագած յեղափոխութեան եւ սոցիալիստների  վերաբերեալ, որ Ռուսիան սոցիալիզմից աւելի մեծ վնաս պէտք է կրի, քան ցարիզմից, կամ նրա տողերը, որ Եւրոպան ու Ամերիկան չեն դառնալու Հայ դատի պաշտպանը, ընդհակառակը` լինելու են թուրքի դաշնակիցը, որ երբեք Թուրքիան չի ընդունելու իր կատարած ջարդերը եւ չի ճանաչելու իր մեղքը եւ այլն, եւ այլն: Իսահակեանի «Հայկական հարց» օրագիրը հայրենասիրութեան իւրայատուկ դասագիրք է, որն ստեղծման օրից ի վեր 90 տարի չի կորցրել իր արդիականութիւնը, աւելին` նա իր կանխատեսումներով, ընդհանրացումներով, մեզ համար նաեւ ապագայի խորհրդամատեան է:

Իսահակեանը արիւնոտ օրերի քրոնիկոնը, հետզհետէ ծաւալուելով, դառնալով «Սպիտակ» գրքի մի մասը, շարունակւում է նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում` յանձին «Ուստա Կարօ» վէպի  երկրորդ տարբերակի անտիպ գլուխների: Այս ստեղծագործութեան առիթով Իսահակեանը գրել է. «… «Ուստա Կարօ» վէպը կ՛աւարտուի այն օրը, երբ որ լուծուի Հայկական հարցը»:

Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ, Թուրքիայի դաշնակից ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից յետոյ, Իսահակեանը յոյս ունէր, թէ կարող է դրականօրէն լուծուել հայոց պատմական հողերի հարցը: 1945 թուականի ամրանը նա ժամ առ ժամ սպասում էր, որ պատերազմում յաղթանակած Կարմիր բանակը կ՛անցնի Արաքսի միւս ափը եւ կ՛ազատագրի մեր ժողովրդից բռնի խլուած պատմական տարածքները, որ վերջապէս կը յաղթանակի արդարութիւնը: Սակայն այդպէս չեղաւ: Թուրքիային մէկ անգամ եւս յաջողուեց անպատիժ ելնել պատմական թոհուբոհից ու իր ձեռքում պահել այն, որ իրեն չի պատկանում: Բայց այս «իրողութեան» հետ Իսահակեանը երբեք չհաշտուեց: Հայկական հարցի բնական մասը համարելով Ղարաբաղեան հարցը` Իսահակեանը 1948 թուականին միայնակ այցի գնաց հայրենի երկրի այդ անկոտրում տարածքը: Եւ իր էութեամբ, իր իմաստուն խօսքով յոյս ու հաւատ ներշնչեց Ղարաբաղի հերոսական ժողովրդին, չթողեց, որ մարի «Լուսաւորչի կանթեղը»: Նոյն վերաբերմունքն ունէր նա հայոց Ջաւախքի հանդէպ, ուր հիւրընկալուել է մի քանի անգամ:

Վիթխարի կենսափորձը, տարիների ձեռք բերած իմաստութիւնը, որ կուտակուել էր բանաստեղծի հոգում, պէտք է գտնէր իր դրսեւորումը: Հայոց պատմութեան տրամաբանութիւնը (նրա թէ՛ բնական, թէ՛ բռնի ընթացքը) պայմանաւորում էր բանաստեղծի ասելիքը: Այս թեմայով աֆորիզմները (խտացումները) բացայայտում են թէ՛ Իսահակեանի քաղաքական հայեացքները, թէ՛ նրա վերաբերմունքը երկրում տիրող կարգերին: Հարկ է ասել, որ սոցիալիզմի գաղափարախօսութեան դէմ Իսահակեանը ելոյթ էր ունեցել ՀՅԴ 4-րդ Ընդհանուր ժողովում եւ գրել իր բազում նամակներում (որոնք հրատարակուեցին յետմահու, Գահիրէյում, տպարան «Յուսաբեր», 1959 թ.): Երբ կարդում ես նրա նամակները, հասկանում ես, թէ ինչ հսկայական անջրպետ է ընկած Իսահակեանի եւ խորհրդային իշխանութեան միջեւ: Բանաստեղծի այս ընդդիմադիր խօսքը չէր անցնի ո՛չ գեղարուեստական երկի եւ ո՛չ էլ հրապարակախօսական յօդուածի ձեւով: Գրաքննութեան «աչալուրջ հայեացքի տակից ոչինչ չէր վրիպի: Ուստի եւ տարիներ շարունակ շատ բան գրւում էր «իր համար» եւ պահւում գրողի գզրոցներում:

Իսահակեանը լաւ գիտէր, թէ ինչ է գրում: Նրա պատգամները իւրատեսակ «թաց դինամիտ» են… Նա համոզուած էր, որ իւրաքանչիւր գաղափար, գործողութիւն, պատմական ծրագիր սկիզբ է առնում, կեանք է մտնում գրաւոր խօսքի ձեւով:

Խօսքը, մանաւանդ հանճարեց բանաստեղծի խօսքը անմահ է: Ի վերջոյ, ի՞նչ էր Հայկական հարցը, եթէ ոչ պատասխան մեր գլխին բերած աշխարհի չարիքների` Սուրբ Վրէժի գիտակցում, հատուցում մեր կորուստների, զրկանքների եւ զգօնութեան կոչ: Քանզի մեր դարաւոր թշնամին, ի տարբերութիւն այլ ժողովուրդների համանման իրողութիւնների, այլ է. ասենք գերմանացին զղջաց հրեաների հանդէպ իր արածի համար, ներողութիւն խնդրեց եւ օգնութեան ձեռք մեկնեց, այնինչ թուրքը եթէ, աստուած ոչ արասցէ, կրկին նման եղերագործութեան հնարաւորութիւն ունենայ, ապա առանց վարանելու մի նոր Եղեռն էլ կ՛իրագործի: Մենք սա պիտի գիտակցենք եւ մեր սուրը երբեք էլ կ՛իրագործի: Մենք սա պիտի գիտակցենք եւ մեր սուրը երբեք պատեան չդնենք: Սա եւս Հայկական հարցի պահանջն է:

Իսահակեանի կեանքի մայրամուտը հարազատ ժողովրդի կողքին էր: Հայ նոր սերնդի համար նա եղել է ճշմարտութեան փարոս, հայրենասիրական վեհ գաղափարների պահապան ու ջատագով: Հայութեան բոլոր վիշտերն ու երազանքները խտացուած էին նրա մէջ: Եւ նա երբեք չհաշտուեց Հայկական հարցի ներկայ վիճակի հետ, ըստ որի` Հայկական հարցն «սպառել էր» իրեն ու «աւարտուել»: Եւ ժամանակը ցոյց տուեց, որ երիցս իրաւացի էր բանաստեղծը, որի վերջին ցանկութիւնը եղաւ. «Ապրէի` Անին տեսնէի, մեռնէի` Սեւանը չորացած չտեսնէի»:

ԱՒԻԿ ԻՍԱՀԱԿԵԱՆ

(Հատուածներ)

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES