ՀԱՅՐԵՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՑ ՎԱՀՐԱՄ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ

Հայ ժամանակակից գեղանկարչութեան ճանաչուած ներկայացուցիչներից է 1985թ.-ից Խորհրդային եւ Հայաստանի նկարիչների միութեան անդամ Վահրամ Յարութիւնեանը (Կուկ): Գեղանկարիչը սովորել է նկարիչ Աշոտ Մելքոնեանի գեղարուեստի սթիւտիոյում, ուսանել եւ աւարտել է Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական հիմնարկը, ապա Սալզպուրկի գեղարուեստի ակադեմիան:

Նկարիչ Վահրամ Յարութիւնեանի անդրանիկ անհատական ցուցահանդէսը կայացել է Լեհաստանում, 1987թ., ապա նրա ստեղծագործութիւնների ցուցադրման շքերթը անցել է երկրներով` Զուիցերիա, Աւստրիա, Գերմանիա, Մեծն Բրիտանիա, Քանատա, Միացեալ Նահանգներ…

Լոս Անճելըսի «Ճէյմս Կրէյ Կալերի», Քանատայի «Տել Պելլօ» եւ եւրոպական մի շարք պատկերասրահներ անդրադարձել են գեղանկարչի աշխատանքներին:

Վահրամ Յարութիւնեանի վերջին հանդիպումը գեղարուեստի հասարակութեան հետ տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաք Փեքինում 2010 թ. սեպտեմբերի 20-ին կազմակերպուած միջազգային ցուցահանդէսում, որտեղ նկարիչին վստահուել էր ներկայացրելու ժամանակակից հայ գեղանկարչութիւնը իր կտաւներից մէկով:

Այս առիթով հայրենի գեղանկարիչ Վահրամ Յարութիւնեանը մեր լիբանանեան արուեստասէր ընթերցողին ճանաչելի դարձնելու նպատակով, ինչպէս նաեւ մեր քաղաքում իր ցուցահանդէսը կազմակերպելու գեղանկարիչի ցանկութիւնը ակնկալելով, հրապարակում ենք նկարչի փեքինեան այցելութեան Երեւանի «Առաւօտ» օրաթերթի լրագրող Սամուէլ Դանիէլեանի համառօտ անդրադարձը:       

 ՎԱՀՐԱՄ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ`
ԱՆՁՆԱԿԱՆ «ԹԱԳՈՒՀՈՒ» ՀԵՏ

«Շախմատային խաղում հանգուցալուծումը կախուած է թագուհուց, որքան էլ կառավարման ղեկը գտնուի թագաւորի ձեռքում: Այսպէս է եղել հասարակութեան պատմութեան ողջ ընթացքում, երբ, օրինակ, ոչ թէ Կեսարը կամ Մարք Անտոնիոսը, այլ հէնց Կղէոպատրան է լուծել կարեւորագոյն հարցերը: Կամ էլ Արշակ Երկրորդի օրօք առանցքային է համարուել թագուհի Փառանձեմի որոշումը: Պատմութիւնը այդկերպ գլորուելով հասել է մինչեւ 21-րդ դար: Եւ մեր օրերում էլ ինքնօրինակ ազդեցիկ թագուհիներ են երկրների նախագահների «առաջին տիկինները»: Այսպիսով, չնայած թագուհին գլխաւորը չէ կառավարման համակարգում, այնուամենայնիւ առաջնայնութիւն ունի որոշումներ կայացնելիս»: Այս ըմբռնումով էլ ճանաչուած նկարիչ Վահրամ Յարութիւնեանը (Կուկ) «Թագուհի» անուանումով իր մոտեռն աշխատանքը ներկայացրել է 80 երկրներից հրաւիրուած շուրջ 300 նկարիչների ընկերակցութեամբ 2010թ. սեպտեմբերի 20-ին Փեքինում մեկնարկած «Պէյճինկ Ինթըրնեյշընըլ արթ պիենալին»:

 

Սեւի եւ սպիտակի հակադրութեամբ, շախմատային տախտակի նմանակութեամբ 6 վանդականոց կտաւում պատկերւում է սեւ վանդակներում մէկ թագաւոր` առիւծի կերպարով եւ երկու թագուհի, մէկը` կնոջ, միւսը` դարձեալ առիւծի տեսքով ու երեք սպիտակ վանդակ: Նկարիչը իր կտաւը մեկնաբանում է հետեւեալ կերպ. «Կերպարից դատարկ վանդակին անցնելիս` կերպարը հայեացքով ուղեկցում է դիտողին: Այն պահին, երբ ուղեկցող հայեացքը հանգչում է, դիտողը կտաւի սպիտակ վանդակում, անկախ իրենից տեսնում է իր պատկերացրածը»: Ըստ նկարիչի, թագուհին իշխում է աշխատանքում եւ վստահ է, որ կտաւի փիլիսոփայութիւնը ընկալուել է փեքինեան պիէնալէում, որովհետեւ մեր օրերում էլ կան առաջնորդ կանայք, ինչպէս` Գերմանիայի վարչապետ Անկելա Մերքելը, Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլըրի Քլինթընը եւ կարելի է թուարկել տարբեր երկրներում իրենց բացառիկ անհատականութեամբ, յատկապէս մտաւոր կարողութեամբ աչքի ընկնող կանանց… Ի վերջոյ, ոչ պաշտօնեայ կինն անգամ  կառավարում է, իսկ տղամարդը, միեւնոյն է` ընդունի թէ չէ, կատարողի դերում է:

Կտաւում «իւրաքանչիւր կին կարող է տեսնել իր ներկայութիւնը, մանաւանդ թագուհին դիմակով է, իսկ դիտող տղամարդը ինքնահամոզումով` «իր» կնոջը» դիմակի ետեւում: Փաստօրէն կտաւի դիտարկման ողջ «ծանրութիւնը» ընկած է թագուհու վրայ, ինքնաբերաբար շնորհիւ թագուհու բացայայտուած հմայքի, մի կարեւոր ցանկալի երեւոյթի, որ կինը ծանրութիւնն ուսերին վերցնելով հանդերձ, չկորցնի կանացի ամենամեծ հարստութիւնը` հմայքը, անկախ հասարակութեան մէջ գրաւած իր դիրքից»:

 ՍԱՄՈՒԷԼ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Նկարիչի ստեղծագործութիւնները դիտել
ցանկացողները կարող են դիմել
հետեւեալ հասցէին`
www.artistvahram.com

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES
TAGS