ԱԶԴ

Ապրիլի սկզբին լոյս է տեսել  «Վէմ» համահայկական հանդէսի 2011թ. առաջին (33-րդ) համարը, որում տեղ են գտել ինչպէս 2010 թուականից շարունակուող ուսումնասիրութիւնների յաջորդական բաժինները, այնպէս էլ նոր յօդուածներ ու փաստաթղթեր:

Առաջին առումով ուշագրաւ են յատկապէս Ալպերթ Ա. Ստեփանեանի, Վարդան Գ. Դեւրիկեանի եւ Աղասի Զ. Թադեւոսեանի` «Վէմ»ի ընթերցողներին արդէն ծանօթ հրապարակումների հերթական  բաժինները:

Հանդէսի 2011թ. առաջին համարում մեծ տեղ է յատկացուել հայ-արաբական, հայ-իրանական եւ հայ-թուրքական յարաբերութիւններին  նուիրուած յօդուածներին ու փաստաթղթերին: Այս առումով կարեւոր են թուրքագէտ Անուշ Ռ. Յովհաննիսեանի կողմից հրապարակուող օսմաներէն վաւերագրերը, որոնք ապացուցում են Քեմալ Աթաթուրքի անձնական պատասխանատուութիւնը` Ցեղասպանութիւնից մազապուրծ հայութեան մնացորդացի  հայրենիք (տուն) վերադառնալու փորձերն  արգելելու մէջ: Դրանք աւելի քան խօսուն փաստաթղթեր են` Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրի ու նրա զինակիցների ստորագրութիւններով:

Մեծ հետաքրքրութեամբ է ընթերցւում նաեւ 20-րդ դարասկզբի թուրք ականաւոր բանաստեղծ Թեւֆիք Ֆիքրեթի գրական գործունէութեանը նուիրուած Տիգրան Ռ. Պետրոսեանի հրապարակումը, որում  առարկայական փաստերով ներկայացւում է սուլթան Համիտի դէմ ուղղուած 1905թ. յուլիսի 21-ի մահափորձի կազմակերպիչներին գովերգող եւ հայ վրիժառուի սխրանքը փառաբանող` «Յապաղման մի ակնթարթ» բանաստեղծութեան ստեղծագործական ուղին: Բացայայտւում է Թեւֆիք Ֆիքրեթի քաղաքացիական կեցուածքի վկայութիւնը հանդիսացող այդ քերթուածքի իմաստն  աղաւաղելու նպատակով թուրք ուսումնասիրողների ձեռնարկած փորձերի սնանկութիւնը:

Հանդէսում տեղ են գտել նաեւ այլ հետաքրքրական հրապարակումներ ու նորայայտ  վաւերագրեր` 1921թ. Փետրուարեան ապստամբութեան ու նրան նախորդած ձերբակալութիւնների, հայ ականաւոր գեղանկարիչ Վարդգէս Սուրէնեանցի` վերջերս Մոսկուայում յայտնաբերուած շքեղ թատերական էսքիզների եւ այլ հիմնահարցերի վերաբերեալ:

Օգտուելով առիթից, «Վէմ»ի խմբագրութիւնը տեղեկացնում է Հայաստանի ու սփիւռքի  իր ընթերցողներին, որ սկսուել է  հանդէսի 2011 թուականի բաժանորդագրութիւնը: 2011-ին նոյնպէս «Վէմ»ը հրապարակուելու է եռամսեայ պարբերականութեամբ, անփոփոխ են մնացել նաեւ բաժանորդագրութեան միւս պայմանները:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարելի է  զանգահարել հետեւեալ հեռախօսահամարներով 526571, 521876, 093 839324, կամ էլ` կապուել վարչական հարցերով` [email protected] խմբագրին` [email protected] կամ` [email protected] հասցէներով:

Share this Article
CATEGORIES