ՆՈՐ ԳԵՏԱՇԷՆ. ՆՈՐ ԿԵԱՆՔ, ՆՈՐ ՅՈՅՍ. ԻՐԵՆՑ ՏՆԵՐԻՑ ՔՇՈՒԱԾ ԳԵՏԱՇԷՆՑԻՆԵՐԸ ՇԵՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Խաչատուրեան Մարինէի եւ Սարգիսեան Արմէնի ընտանիքները իրենց երրորդ զաւկին համար կով մը ստացան

Մինչ 1991 թ. բռնի տեղահանումը Գետաշէնը ունէր հինգ հազար բնակչութիւն: Տուն ու տեղը կորցրած 1700 ընտանիքներից հազարը հաստատուեցին Հայաստանում կամ Արցախում, միւսները` Ռուսաստանում, այլ երկրներում: Ալեքսանդր Նազարեանը պատերազմի ընթացքում կորցրել է հօրն ու եղբօրը: Միւս եղբօր, մի քանի այլ գետաշէնցիների ու շահումեանցիների հետ նա այսօր նոր տուն է կառուցել ու այգի գցել Նոր Գետաշէնում:

«Առաջին բնակիչներից մէկը ես եմ եղել:

1999-ին մի քանի բնակիչներով եկանք, հաւանեցինք այս ձորակը, որը նման է մեր Գետաշէնին: Առաջինը կառուցեցինք իմ բնակարանը, սկսեցինք կառուցել Նոր Գետաշէնը, իսկ 2000 թուականից սկսուեց վերաբնակեցումը: Այստեղ հիմնականում բնակւում են գետաշէնցիներ, շահումեանցիներ, մի քանի ընտանիքներ կան Հայաստանից` աղէտի գօտուց», ասում է գիւղապետ Նազարեանը:

1991 թ. ապրիլի 30-ին Գանձակում տեղակայուած խորհրդային չորրորդ բանակի 23-րդ գունդի ծանր զրահամեքենաները եւ Ազրպէյճանի ոստիկանական ու զինուած ջոկատները մտնում են Գետաշէն: Ինչպէս Գետաշէնի, այնպէս էլ հիւսիսային Արցախի հայ բնակչութեան տեղահանումը կատարուել է պետական մակարդակով` Կրեմլի գիտութեամբ: Անձնագրային ստուգման պատրուակով տեղահանւում են հայկական տասնեակ գիւղերի մի քանի հազար բնակիչներ, շուրջ 100 մարդ սպաննւում է:

Նոր Գետաշէնը Թարթառ գետի ափին է` Դադիվանքից Քարվաճառ (Քելբաջար) տանող ճանապարհին: Տասը-տասներկու տարի առաջ անցնում էիր այս ճանապարհով ու չէիր հանդիպում մանուկների: Այսօր գիւղի դպրոցն արդէն ունի երեսունութ աշակերտ: Առաջիկայ մի քանի տարիներին աշակերտների թուաքանակը հաւանաբար կ՛աւելանայ:

Նոր Գետաշէնում եւ Քարվաճառի շրջանում ընդհանրապէս բնակչութեան 70 տոկոսը մինչեւ 35 տարեկան են: Քարվաճառի շրջանի աշխատակազմի ղեկավար Պեոտր Յակոբեանն ասում է, որ շրջանը վերաբնակեցման գօտի է եւ Արցախի կառավարութիւնը այդ նպատակով բաւականին միջոցներ է ծախսում:

«Շրջանը այս 12-13 տարիներին կայացել է, հիմքը դրուել է իր համապատասխան կառոյցներով: Կառավարութիւնը ձգտում է, որ վերաբնակիչներ գան: Այդ նպատակով համապատասխան միջոցներ է յատկացնում, օրինակ` տեղափոխման վարձն է տալիս, բնակելի տներ է յատկացնում, անասնավարկ է տալիս, կարեւոր է, որ դրա հետ մէկտեղ արտօնութիւններ կան: Փաստացի, բնակչութիւնը հարկ չի վճարում: Ծախսուած ելեկտրական հոսանքի դիմաց չնչին փոխհատուցում է տրամադրում 1200 դրամ», ասում է Յակոբեանը:

Բացի այդ, սփիւռքեան տարբեր կառոյցներ ու անհատներ նուիրատուութիւններ են կատարում: Այսպէս, Լիբանանի «Արցախ» ֆոնտը ունի «Նոր կեանք, նոր յոյս» ծրագիրը, որի նպատակն է ամէն ընտանիքին, որտեղ ծնւում է երրորդ երեխան, տրամադրել մէկ կթու կով: Լիբանանի հայ դպրոցականների հանգանակած գումարներով գոյք է գնուել եւ տրամադրուել Նոր Գետաշէնի դպրոցին: Այս կողմերում Հայ օգնութեան միութիւնը մի քանի մանկապարտէզ է հիմնել: Մի շարք անհատ սփիւռքահայեր դպրոցներին համակարգիչներ, գոյք կամ այլ անհրաժեշտ իրեր են նուիրել:

Արցախ ֆոնտի ներկայացուցիչն ու գիւղացիները կովուն ականջին թիւ կը դնեն

Նոր Գետաշէնում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են: Այս տարածքներում եղել եմ բազմաթիւ անգամներ, ոտքով անցել տասնեակ բնակավայրեր, զրուցել յուսահատ կամ լաւատես վերաբնակիչների հետ: Այս անգամ ինձ հանդիպած մարդիկ, իմ տեսած երեխաները աւելի լաւ ու աւելի տաք էին հագնուած: Անկասկած, այս մարդիկ արժանի են աւելիին: Արժանի են աւելի լուրջ ուշադրութեան, օգնութեան ու խնամքի Արցախի, Հայաստանի եւ սփիւռքի կողմից: Նոր Գետաշէնի դպրոցի տնօրէն Դաւիթ Գէորգեանին ուրախացնում է աշակերտների թուաքանակի աճը:

«Դպրոցը հիմնադրուել է 1999 թ., այն ժամանակ դեռ եղել է տնակային պայմաններում: 2005-ին Սպահանի հայկական թեմը միջոցներ է յատկացրել, կառուցուել է այս շէնքը: Դպրոցը ունի ութ դասարան, չունենք միայն հինգերորդ եւ վեցերորդ դասարաններ: Խնդիրները շատ են, բայց զգացւում է, որ տարին տարուայ վրայ կան դրական միտումներ: Ունենք հովանաւորներ, օրինակ` Նորմա Միլլերը դպրոցին յատկացրել է հեռուստացոյց, ունենք բնագիտութեան տարրալուծարանային սարքաւորումներ, յոյս ունենք, որ կը ստանանք քիմիագիտութեան տարրալուծարանային սարքաւորումներ: Ունենք համակարգչային սենեակ, ճիշդ է` համակարգիչները ժամանակակից չեն, բայց գոնէ երեխաները կարողանում են տարրական աշխատանքները կատարել», ասում է Գէորգեանը:

Հին Գետաշէնը Մռաւի այն կողմում է, Նոր Գետաշէնը` այս կողմում: Հին Գետաշէնն ապրում է այստեղ՝ Նոր Գետաշէնում, ամէն մի ընտանիքում, ամէն գետաշէնցու հոգում:

Գիւղապետ Ալեքսանդր Նազարեանն ասում է, որ Գետաշէնի կարօտը առնում են այս սիրուն տարածքից, այս բնութիւնից: «Ճիշդ է, մենք կարօտում ենք մեր Գետաշէնին, մեր Շահումեանին, բայց երբ եկանք այստեղ` վերաբնակեցրինք, մենք յուսով ենք, որ մինչեւ մեր կեանքի վերջը այստեղ կ՛ապրենք: Մարդկութեան համար, ժողովրդի համար շատ դժուար է տեղից տեղ փոխադրուելը, բռնագաղթուել, նորից վերաբնակեցուել, շատ դժուար է: Մենք կարօտում ենք մեր տարածքներին, մեր Գետաշէնին, բայց պէտք է մնանք այստեղ, ապրենք այստեղ մինչեւ մեր կեանքի վերջը, շէնացնենք մեր հին հայկական տարածքները», ասում է Նազարեանը:

Տարիներ առաջ հիւսիսային Արցախի հայ բնակչութեան տեղահանութեան մասին յօդուած էի պատրաստում: Մի կին ասում էր, որ Գետաշէնում թողել է պտղատու այգին, միւսը չէր մոռանում, որ թողել է կուրծքը լի կթու կովը, երրորդը` լուացքի պարանին երեխայի կիսաչոր շորերը, վառարանին` եռացող թէյամանը:

«Մեր հին տունը հիմա չկայ: Ազրպէյճանցիները մեր տունը վառել են: Բայց հին Գետաշէնում վերաբնակիչներ կան, վերաբնակեցուած է: Մեր տեղեկութիւններով` իմ պապական տունը պայթեցրել են: Հիմա չկայ», ասում է Նազարեանը:

Այստեղ` Քարվաճառում եւ Նոր Շահումեանի շրջանի գիւղերում հաստատուած գետաշէնցիներն ու շահումեանցիները, կարաչինարցիներն ու էրքեջցիները նոր տներ են կառուցում, ընտանիքներ կազմում, խաղողի այգիներ գցում: Քարվաճառում եւ շրջանի գիւղերում ամէն մի բնակիչ ի’ր պատմութիւնն ունի: Մի մասը փախստական է, տունն ու տեղը կորցրել է Մռաւի այն կողմում: Մի մասին այստեղ է բերել կարիքն ու նոր կեանք գտնելու հաւատը: Մի մասին` բնութեան ուժն ու աշխարհից հեռու լինելը: Բայց այսօր նրանց միաւորում է մէկ գաղափար. ապրել այս տարածքներում ու շէնացնել հայկական այս հողը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

Նոր Գետաշէն, Արցախ

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES