ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ներկայումս Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտօնը զբաղեցնող Ահմեթ Տաւութօղլուն, դեռեւս 2001թ. հրատարակած «Ռազմավարական խորութիւն. Թուրքիայի միջազգային դիրքը» ստուարածաւալ աշխատութեան մէջ վերլուծելով Թուրքիայի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերն ու առաջնահերթութիւնները, տալիս է մի շարք տեսական գնահատականներ եւ առաջարկութիւններ: 2002թ. Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) իշխանութեան գալուց յետոյ քաղաքագէտ-վերլուծաբան Տաւութօղլուի հայեացքներին թուրքական քաղաքական շրջանակները սկսեցին աւելի մեծ կարեւորութիւն տալ, իսկ հետագայում, երբ նա ստանձնեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի պաշտօնը, այդ տեսական դրոյթները սկսեցին տեղ գտնել նաեւ գործնական հարթութիւնում: Այսօր Թուրքիայում Տաւութօղլուի մշակած տեսութիւններից առաւել մեծ ճանաչում եւ տարածում է գտել, այսպէս կոչուած, նորօսմանականութեան գաղափարախօսութիւնը, որի մի շարք դրոյթներ հետզհետէ աւելի ակներեւ են դառնում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ: Եթէ առաւել հանրամատչելի ներկայացնենք նորօսմանականութեան հիմնական դրոյթները, ապա կարող ենք սահմանել հետեւեալը. Թուրքիան ձգտում է քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, հոգեւոր դերակատարում ունենալ, աւելի՛ն. առաջնորդի դեր ստանձնել Օսմանեան կայսրութեան նախկին մի շարք տարածաշրջաններում, իսկ առաւել որոշակի` Մերձաւոր Արեւելքում, Պալքաններում, Հիւսիսային Ափրիկէյում: Կովկասի պարագայում Թուրքիան փորձում է կիրառել «զերօ խնդիր հարեւանների հետ» սկզբունքը, սակայն, միեւնոյն ժամանակ, ձգտում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային հակամարտութիւններում, դառնալ իւրայատուկ «դատաւոր եւ հաշտարար»: Բացի այդ, Թուրքիան հարաւկովկասեան պետութիւններում, մասնաւորապէս` Ազրպէյճանում եւ Վրաստանում ուժեղացնում է ներկայութիւնը յատկապէս տնտեսական ոլորտում:

Այսօր մասնագիտական եւ ոչ մասնագիտական շրջանակներում տարածուած է այն կարծիքը, որ հէնց Ահմեթ Տաւութօղլուն է նորօսմանականութեան գաղափարախօսութեան առաջամարտիկն ու ճարտարապետը, սակայն առկայ փաստերը խօսում են այն մասին, որ նորօսմանականութեան շուրջ մտորումներ, քննարկումներ եղել են նաեւ աւելի վաղ, ուղղակի Տաւութօղլուն մասնագիտօրէն համակարգել եւ մշակուած տեսք է տուել դրանց: Նորօսմանականութեան հետ ուղղակի աղերսներ ունեցող յայտարարութիւններ է արել ժամանակին Թուրքիայի նախագահ Թուրկութ Էօզալը` խօսելով պալքանեան մուսուլմանների մասին: Թուրք հրապարակախօս Ասլը Այտընթաշպաշըն վերյիշում է 1990-ականների կէսերին իր զրոյցը այն ժամանակուան Թուրքիայի մեճլիսում ներկայացուած «Ռեֆահ» (բարօրութիւն) իսլամամէտ կուսակցութեան պատգամաւոր Ապտիւլլա Կիւլի հետ, որտեղ վերջինս պատմում է, թէ ինչպէս ինքն ու իր համախոհները երազում են Թուրքիայի եւ հարեւան արաբական երկրների միջեւ ստեղծել մի համադաշնութիւն, որտեղ Թուրքիային վերապահուած է առանցքային դեր: Արդէն այսօր, երբ վերոնշեալ մտքերի հեղինակը Թուրքիայի նախագահն է, նրանց երազանքները ձեռք են բերել աւելի համակարգուած բնոյթ եւ լուրջ տեղ զբաղեցրել թուրքական արտաքին քաղաքականութեան մէջ:

Այժմ ընդհանուր գծերով սահմանենք նորօսմանականութեան գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ փորձենք դիտարկել դրանց գործնական կիրառութիւնը յատկապէս մերձաւորարեւելեան տարածաշրջանի վերջին դէպքերի տողատակում: Նորօսմանակութեան ձգտում է դիւանագիտական, քաղաքական, տնտեսական աշխուժ գործունէութիւն ծաւալել թիրախային տարածաշրջաններում` Մերձաւոր Արեւելք, Պալքաններ, Հիւսիսային Ափրիկէ, Կովկաս, միջնորդի դեր ստանձնել տարածաշրջանային հակամարտութիւններում, դառնալ դէպի Մերձաւոր Արեւելք ժողովրդավարութիւն եւ արդիականացում «արտահանող» երկիր, իւրայատուկ միջնորդ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ եւ այս ու տարբեր այլ միջոցներով բարձրացնել Թուրքիայի հեղինակութիւնը թիրախային տարածաշրջանների երկրներում: «Նորօսմանականութեան  կենսագործման համար կարեւոր է իսլամական, մասնաւորապէս` արաբական երկրներում համապատասխան տրամադրութիւնների ձեւաւորումը, որի ուղղութեամբ տարւում է նպատակաուղղուած քաղաքականութիւն»: Փաստենք, որ վերջին տարիներին Թուրքիան յատկապէս աշխուժ է աշխատում արաբական երկրների հետ իր յարաբերութիւնների սերտացման, հեղինակութեան բարձրացման ուղղութեամբ: Բաւական ցայտուն օրինակներից են Սուրիայի հետ Թուրքիայի յարաբերութիւնների ջերմացումը եւ տնտեսական ոլորտում արձանագրուած աճը: Սակայն շատ վերլուծաբանների կարծիքով` Նորօսմանականութեան առաջին բացայայտ եւ աղմկայարոյց դրսեւորումը տեղի ունեցաւ Տաւոսում, որտեղ Թուրքիայի վարչապետ Էրտողանը կոշտ քննադատութեան ենթարկեց Իսրայէլին` նրա պաղեստինեան քաղաքականութեան համար եւ լքեց դահլիճը: Այդ դէպքից որոշ ժամանակ անց Կազայի հատուածում ռազմական բախում տեղի ունեցաւ թուրքական նաւերի եւ իսրայէլական զինուած ուժերի միջեւ, որին հետեւեցին թուրք բարձրաստիճան ղեկավարների ծայրայեղ կոշտ յայտարարութիւնները եւ թուրք-իսրայէլական յարաբերութիւնների սառեցումը: Հէնց այդ դէպքերից յետոյ էր, որ արաբական աշխարհում կտրուկ բարձրացաւ Թուրքիայի հեղինակութիւնը, յատկապէս հասարակական շրջանակներում դա առաւել քան ակնյայտ էր. բաւական է նշել, որ արաբական մի շարք երկրներում այդ օրերին տեղի ունեցող հակաիսրայէլական բողոքի ցոյցերի ժամանակ մարդիկ ծածանում էին թուրքական դրօշը, պարզում էին Էրտողանի լուսանկարներով պաստառներ եւ այլն: Թուրքիայի հեղինակութեան աճին զուգահեռ արաբական աշխարհում կտրուկ աճում է նաեւ Էրտողանի անձնական հեղինակութիւնը. արաբական զանգուածային լրատուամիջոցների անցկացրած ընկերաբանական հարցումների արդիւնքում նա յայտարարւում է տարուան մարդ, նրա անունով են կոչում նորածին երեխաների եւ այլն: Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հասցէին գովեստի խօսքեր են հնչում Պաղեստինում, Տաւութօղլուին համարում են նորօրեայ Հենրի Քիսինճըր, իսկ պաղեստինեան որոշ բարձրաստիճան պաշտօնեաներ բացայայտ կերպով Նորօսմանականութեան գաղափարախօսութիւնը համարում են Մերձաւոր Արեւելքի խնդիրների լուծման բանալի: Լիպիայի առաջնորդ Քազզաֆին եւս օրերս խիստ ուշագրաւ յայտարարութիւն է արել, որն անմիջապէս լայն տարածում է գտել թուրքական զանգուածային լրատուամիջոցների: Ըստ այդ տեղեկատուութեան, Քազզաֆին, խօսելով թուրք-լիպիական յարաբերութիւնների մասին, ասել է. «Մենք բոլորս էլ օսմանցի ենք»:

Վերլուծելով Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ տեղի ունեցող վերջին գործընթացները` կարող ենք սահմանել, որ Նորօսմանականութեան հռչակած թիրախների ուղղութեամբ Թուրքիան վարում է գերաշխուժ քաղաքականութիւն, սակայն այս պահին, մեր կարծիքով, թուրքական իշխանութիւններն առաւելապէս աշխատում են արաբական երկրների հասարակութիւնների վստահութիւնը շահելու ուղղութեամբ, ուստի նրանց քայլերում գերիշխում են ամբոխավարական տարրերը:

Վերջերս արաբական աշխարհում տեղի ունեցող դէպքերը (թունուզեան, եգիպտական, լիպիական) լրացուցիչ առիթ են ընձեռում Թուրքիային` միջամտելու մերձաւորարեւելեան գործընթացներին, հաւատարիմ մնալով Նորօսմանականութեան սահմանած քաղաքական առաջնահերթութիւններին: Եթէ դիտարկենք արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ երրորդ պետութիւնների հետաքրքրուածութիւնը, ապա միանշանակ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում ամենաաշխուժը Թուրքիան է: Մասնաւորապէս` եգիպտական դէպքերի ամենաթէժ պահերին թուրք բարձրաստիճան շատ գործիչներ հանդէս եկան յայտարարութիւններով, որտեղ կրկին աչքի ընկաւ Նորօսմանականութեան «ճարտարապետ» Տաւութօղլուն, որը միջնորդական յանձնառութեամբ այցելեց Մերձաւոր Արեւելք: Թուրքիայի աշխուժ շահագրգռուածութիւնը եգիպտական դէպքերով Տաւութօղլուն բացատրեց ժողովրդային ձեւով. «Եգիպտոսի կայունութիւնը մեզ համար ունի ռազմավարական նշանակութիւն, եւ պէտք չէ, որ մեր աշխուժութիւնն ընկալուի որպէս այլ պետութեան ներքին գործերին միջամտելու փորձ»: «Եգիպտոսը մեզ համար եղբայրական եւ բարեկամ երկիր է, ու այդ ամէնը հիմնուած է պատմական արմատների վրայ»: «Մենք մեր արաբ եղբայրների խնդիրները համարում ենք մերը, նրանց հոգսերը մեր հոգսերն են»: Իր հերթին, վարչապետ Էրտողանը կոչով հանդէս եկաւ` ուղղուած ե՛ւ Մուպարաքին, ե՛ւ եգիպտացի ժողովրդին, որտեղ նա նշեց նաեւ, որ Թուրքիան մտահոգուած չէ միայն իր շահերով, այլ մտածում է նաեւ հարեւան երկրների ու ժողովուրդների բարօրութեան մասին: Մուպարաքի հրաժարականից յետոյ Թուրքիայի կառավարութիւնը հանդէս եկաւ նաեւ պաշտօնական յայտարարութեամբ` կոչ անելով Եգիպտոսի ժամանակաւոր կառավարութեանը հաստատել ժողովրդավարութիւն եւ երկրի ղեկը հնարաւորինս արագ փոխանցել ժողովրդի կողմից ընտրուած իշխանութեանը: Մուպարաքի տապալումից քիչ յետոյ Եգիպտոս այցելեց նաեւ Թուրքիայի նախագահ Ապտիւլլա Կիւլը եւ կրկնեց իր երկրի կառավարութեան պաշտօնական յայտարարութեան վերոնշեալ կէտերը:

Արեւմտեան վերլուծաբանների ուշադրութիւնից եւս չի վրիպել Թուրքիայի աշխուժ քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում եւ վերլուծաբան Ճոշուա Վոքերը հեղինակաւոր «Ֆորէյն փոլիս»ի ամսագրում նշում է, որ Օսմանեան կայսրութեան անկումից յետոյ արդէն 21-րդ դարում Թուրքիան կրկին ձգտում է վերադառնալ Մերձաւոր Արեւելք եւ դառնալ տարածաշրջանային որոշիչ ուժ: Ըստ Վոքերի, Օսմանեան կայսրութեան անկումից յետոյ մինչեւ այժմ Թուրքիան արաբական աշխարհում դիւանագիտական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում այսքան աշխուժ երբեւէ չի եղել:

Այս օրերին Թուրքիան տարածաշրջանում աշխուժ աշխատանքներ է տանում նաեւ լրագրողների եւ վերլուծաբանների մակարդակով: Իրադարձութիւնների ամենաթէժ կէտերում գտնուող թուրք լրագրողները, լուրերը հաղորդելուց բացի, ուսումնասիրում եւ զանգուածային լրատուամիջոցների միջոցով փոխանցում են արաբական հասարակութիւնների տրամադրուածութիւնները Թուրքիայի նկատմամբ: Թուրքական վերլուծական շրջանակները եւս բաւական աշխուժ են, օրինակ` Թէսեւ հետազօտական հիմնադրամը վերջերս կատարել է մի ուսումնասիրութիւն, որը կրել է «Միջին Արեւելքում Թուրքիայի ընկալումները» վերնագիրը: Մասնաւորապէս` եգիպտացիների շրջանում արուած ուսումնասիրութեան արդիւնքում ի յայտ է եկել այն փաստը, որ հարցուածների 15 առ հարիւրի համար կարեւոր ու գայթակղիչ է Թուրքիայի իսլամական նկարագիրը կամ իսլամական պետութեան «թուրքական մոտելը»: Եւ պատահական չէ, որ այս օրերին յատկապէս թուրքական մամուլում շարունակ տարփողւում են Մերձաւոր Արեւելքում «թուրքական մոտելի» արատահանման մասին լուրերը: Ըստ տարածուած կարծիքի` Թուրքիան եւ, մասնաւորապէս, իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը կարողացել է յաջողութեամբ համադրել իսլամականութիւնը եւ Արեւմուտքի համար ընկալելի լինելու հանգամանքները, ուստի այդ մոտելը խիստ գրաւիչ կարող է լինել նաեւ իսլամական աշխարհի այլ երկրների համար:

Փաստօրէն, կարող ենք ասել, որ այս պահին Թուրքիայի գերաշխուժ քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում պարունակում է մի քանի բաղկացուցիչ. նախ` Թուրքիան փորձում է օգտուել արաբական աշխարհում ընդգծուած առաջնորդի բացակայութիւնից եւ լեցնել այդ բացը, երկրորդ` Թուրքիան փորձում է առաւելագոյնս օգտագործել իսլամի եւ Արեւմուտքի համար ընկալելի լինելու համադրութիւնը եւ դառնալ աշխուժ միջնորդ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այս շրջագծում խիստ ուշագրաւ են նաեւ Թուրքիայի եւ Իսրայէլի յարաբերութիւններում ստեղծուած ներկայ վիճակը. Թուրքիան մի կողմից բացայայտ եւ կոշտ քննադատում է Իսրայէլին, սակայն, միւս կողմից, լիովին չի այրում կամուրջները եւ պահպանում է իր կարեւոր խաղաքարտը, այն է` անհրաժեշտութեան դէպքում կարող է ողջ իսլամական աշխարհի անունից խօսել Իսրայէլի հետ: Այս ամէնին զուգահեռ, Թուրքիան ձգտում է ուժեղացնել տնտեսական կապերն արաբական աշխարհի հետ, եւ թուրքական տնտեսութիւնը, ընկերային ընդհանուր վիճակը եւս գայթակղիչ են դառնում արաբական երկրների համար:

Վերը բերուած օրինակները Նորօսմանականութեան տեսական դրոյթների գործնական կիրառման ակնյայտ դրսեւորումներ են, եւ աւելորդ չէ նկատել, որ այս ամէնը թուրքական իշխանութիւններն օգտագործում են ոչ միայն արտաքին քաղաքականութեան մէջ, այլեւ կանխատեսելի է դրանց լայն գործածումը ներքին քաղաքականութեան մէջ եւս: Թուրքիայի իշխող կուսակցութիւնը մի կողմից իսլամական աշխարհին ապացուցում է հաւատարմութիւնը համաիսլամական խնդիրների լուծման գործին, իսկ ներքին քաղաքականութեան մէջ ԱԲԿ-ն իր կրօնամէտ ընտրազանգուածի առջեւ իւրայատուկ քննութիւն է տալիս: Սպասելի է, որ այս ամէնն էլ աւելի ցայտուն կ՛արտայայտուի մօտեցող խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում:

Սակայն պէտք չէ կարծել, որ Թուրքիայի ձգտումները եւ յաւակնութիւններն արաբական աշխարհի հետ կապուած` միանշանակ են ընդունւում հէնց արաբական երկրներում: Օրինակ` Եգիպտոսի արտաքին գործերի նախարարութիւնը բաւական կոշտ արձագանգեց թուրքական պաշտօնեաների յայտարարութիւններին եւ յստակ նշեց, որ իր երկրի համար ընդունելի չեն ո՛չ թուրքական ԱԲԿ-ի  մոտելը, եւ ո՛չ էլ Թուրքիայի «մեծ եղբօր» յաւակնութիւնները: Արաբ վերլուծաբանները, երբեմն նաեւ հեգնանքով եւ չքողարկուած քննադատութեամբ, նշում են, թէ շուտով Մերձաւոր Արեւելքում չի մնայ գէթ մէկ խնդիր, որի լուծմանը ներգրաւուած չլինի Թուրքիան: Իսկ որոշ թուրք վերլուծաբաններ կարծում են, որ այս օրերի ոգեւորութեան ալիքի հիման վրայ վերլուծութիւններ եւ հետեւութիւններ անելն այդքան էլ ճիշդ չէ, եւ այսօր չի կարելի ասել, որ արաբական աշխարհը լիովին պատրաստ է ընդունել Թուրքիայի առաջնորդութիւնը: Այստեղ երկրորդական չէ նաեւ արաբ ժողովրդի յիշողութիւնը, որում թուրք-օսմանեան անցեալն ամենեւին էլ դրական գոյներով չի պատկերուած:

Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի գերաշխուժ քաղաքականութեան դրդապատճառների հարցում մեծ թիւով վերլուծաբաններ իրաւացիօրէն կարեւորում են Միացեալ Նահանգների հանգամանքը: Արաբական աշխարհում մինչեւ վերջերս Միացեալ Նահանգների շահերի ներկայացուցիչը համարւում էր Եգիպտոսը, սակայն վերջին իրադարձութիւններից յետոյ պարզ է դառնում, որ կարող են փոխուել նաեւ Միացեալ Նահանգներ խաղադրոյքները: Մի շարք վերլուծաբաններ նաեւ Նորօսմանականութեան գաղափարախօսութեան հետեւում տեսնում են Միացեալ Նահանգներին եւ որպէս դրա ապացոյց նշում այդ գերտէրութեան ակնկալած շահերը: Մասնաւորապէս` Մերձաւոր Արեւելքի բարդ տարածաշրջանում Միացեալ Նահանգներին առաւել ձեռնտու է քայլեր անել իր համար վստահելի մի գործընկերոջ միջոցով, որը միեւնոյն ժամանակ օտար չէ տարածաշրջանին, այլ դրա բաղկացուցիչ եւ կարեւոր մասն է կազմում: Ահա այդպիսի կապող օղակի դերի համար ամենաձեռնտու թեկնածուն հէնց Թուրքիան է, որը «սիրայօժար» առաջարկել է իր ծառայութիւնները` դրա փոխարէն ստանալով Միացեալ Նահանգների աջակցութիւնը: Միացեալ Նահանգները նաեւ բացայայտ պատգամներ է ուղարկում աշխարհին, որ Թուրքիան իր համար Մերձաւոր Արեւելքի ընդհանուր ներկայացուցիչը լինելու եւ միջնորդ դառնալու համար ընդունելի է: Մասնաւորապէս` Թուրքիան առաջին իսլամական երկիրն էր, ուր այցելեց Պարաք Օպաման Միացեալ Նահանգների նախագահ ընտրուելուց յետոյ: Եւ այսօր էլ պատահական չէ, որ արաբական երկրներում ընթացող յուզումների ժամանակ շատ յաճախ են այս հարցերի շուրջ տեղի ունենում հեռախօսազրոյցներ Օպամայի եւ Էրտողանի միջեւ, ինչը լայն տարածում է գտնում միջազգային մամուլում եւ բարձրացնում Թուրքիայի հեղինակութիւնը: Այս խաղում եւս թուրքական դիւանագիտութիւնը հանդէս է գալիս բաւական ճկուն, եւ ստեղծուած իրավիճակում Թուրքիային յաջողւում է այս պահին դառնալ եւ՛ Միացեալ Նահանգների գործընկերը, եւ՛ իսլամական աշխարհի շահերի ներկայացուցիչը: Այսինքն` գրեթէ բոլոր խաղացողների շահերը համընկել են, եւ Թուրքիան ձգտում է քաղել առաւելագոյն օգուտներ այս ամէնից: «Ուաշինկթընի նոր մերձաւորարեւելեան քաղաքականութիւնն առաւելագոյնս համապատասխանում է Մերձաւոր Արեւելքում Անգարայի յաւակնոտ ծրագրերի իրականացմանը»:

Ամփոփելով` նշենք, որ Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի գերաշխուժ քաղաքականութիւնն ուշագրաւ դրսեւորումներ ու զարգացումներ է արձանագրում, եւ կարելի է ասել, որ արտաքին քաղաքականութեան մէջ Նորօսմանականութեան սկսում է տալ առաջին պտուղները:

ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Ռ. Մելքոնեան` «Նորավանք»
ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագէտ,
ԵՊՀ արեւելագիտութեան ճիւղի փոխտնօրէն

«Կլոպուս Ազգային անվտանգութիւն», թիւ 2, 2011

Share this Article
CATEGORIES